Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԲՀԿ-ն` կատվի ու մսի արանքում

ԲՀԿ-ն` կատվի ու մսի արանքում
23.05.2013 | 16:59

Մի պատմություն կա կատվի ու մսի մասին: Մեկը մի կիլոգրամ միս է տուն բերում, դնում հարևանի ու իր սահմանի բաժանարար պատին, մինչև հարևանի հետ «կկիսվեր» շուկայի վերջին լուրերով: Էդ զրույցի պահին մեկ էլ մսատերը նկատում է, որ միսը չկա: Հարևանների միջև կռիվ է ըկնում: Սա ասում է` կատուդ միսս կերել է, հետ տուր միսս, նա էլ թե` իմ կատուն միս չի ուտում: Վերջը կատվին կշեռքին են դնում: Կատուն կշռում է ուղիղ մեկ կիլոգրամ: Կատվի տերն ասում է` թե էս քո միսն է, բա իմ կատո՞ւն ուր է, թե սա իմ կատուն է, բա քո մի՞սն ուր է:
Հիմա` այսօր Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը` 76 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները , իսկ քվեարկությունից առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Հուրիխանյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ծրագրին: Ըստ ԱԺ պաշտոնական կայքէջի` խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվային պատկերը հետևյալն է. ՀՀԿ` 70, ԲՀԿ` 36, ՀԱԿ` 7, ՕԵԿ`6 ՀՅԴ`5, Ժառանգություն`4 և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 3 պատգամավոր: ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները միասին ունեն 16 պատգամավոր, եթե սրան էլ գումարենք «Ժառանգությունից» դուրս եկած Խաչիկ Քոքոբելյանին, քանի որ ենթադրվում է, որ նա նույնպես դեմ է քվեարկել, ապա 40 դեմ ձայներից հանելով 17 կստանանք 23: ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների ընդհանուր թիվը համապատասխանում է կողմ քվեարկածների թվին, և ուրեմն ստացվում է, որ ԲՀԿ 36 պատգամավորներից 13-ը պարզապես չեն քվեարկել: Իսկ ովքեր են ԲՀԿ այդ պատգամավորները: Կարելի է ենթադրել` այն պատգամավորներն են, ովքեր միջանցքներում իրենց ՀՀԿ գործընկերներին շշնջացել են, թե բա` ո՞նց կլինի, որ դեմ քվեարկենք, ավելի լավ է բացակայենք նիստից: Սրանք այն պատգամավորներն են, որոնց համար իրենց բիզնես- մտահոգություններն առաջին տեղում են և ովքեր միշտ դժգոհ են ԲՀԿ առաջնորդի ընդդիմադիր խաղերից: Նրանք այն ԲՀԿ-ականներն են, որ ամեն պահի կարող են դուրս գալ կուսակցությունից ու համալրել ՀՀԿ շարքերը: Իհարկե, ԲՀԿ խոսափողները չեն զլանա այս փաստը իբրև ընդդիմադիրի կամ արդեն այլընտրանքի ապացույց հասարակության աչքը խոթել առաջիկա ՏԻՄ ընտրություններում, թե` բա գիտե՞ք, մենք դեմ ենք քվեարկել կառավարության ծրագրին: Բայց կատվի ու մսի պատմությունը խիստ տեղին է այս պարագայում. եթե ԲՀԿ-ի բոլոր 36 պատգամավորները դեմ են քվեարկել ծրագրին, ապա ու՞ր մնացին ընդդիմադիր 17 պատգամավորները: Ստացվում է`ԲՀԿ-ն ոչ միսն է, ոչ էլ կատու՞ն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ