Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կառավարությունն ու ընդդիմությունը վիճում են, իսկ ժողովուրդը կոնկրետ քայլեր է սպասում

Կառավարությունն ու ընդդիմությունը վիճում են, իսկ ժողովուրդը կոնկրետ քայլեր է սպասում
23.05.2013 | 17:51

Չորս օր անընդմեջ ԱԺ-ում բուռն քննարկվում է կառավարության գործունեության նոր ծրագիրը։ Այն հատկապես քննադատվում է ընդդիմության կողմից։ ՈՒ թեև ընդդիմությունը ԱԺ-ում փոքրամասնություն չի կազմում, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը գումարենք, միևնույն է, պետք է ենթադրել, որ ծրագրին ԱԺ-ն հավանություն կտա, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է։ Իսկ ժողովրդի համար, թերևս, ամենակարևորն այն է, որ նոր ծրագիրը գործնականում դրական ազդեցություն ունենա իր կյանքի վրա։ Բոլոր դեպքերում քաղաքական ուժերից փորձեցինք ճշտել` կառավարության ծրագիրը ցանկությունների՞ հռչակագիր է, թե՞ իրատեսական, գործնական փաստաթուղթ։

ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆ (առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ընդհանուր առմամբ սա կառավարության քաղաքականության ծրագիր է։ Բացի այն, որ նշված են բարեփոխումները ըստ ուղղությունների, կարծում եմ, որ կառավարությունը նաև կընդունի խնդիրների լուծման բանաձևերը։
-Վերջին հինգ տարում կառավարության իրականացրած բարեփոխումները դրական ազդեցություն ունեցե՞լ են տնտեսական իրական հատվածի վրա։ Գործարարների պնդմամբ` խնդիրներն ավելացել են։ Ըստ Ձեզ, նոր ծրագիրը կնպաստի՞ տնտեսության աշխուժացմանը։
-Անցած տարի կառավարությանը հաջողվեց արձանագրել տնտեսական 7,5 % աճ։ Այդ աճի մեջ զգալի դեր ուներ իրականացված հարկային ճիշտ քաղաքականությունը, որի արդյունքում ստվերից դուրս բերվեցին բիզնեսի եկամուտները։ Այս ծրագրում առանձնակի կարևորված է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը, կարծում եմ, կնպաստի միջին աշխատավարձի չափը զգալիորեն բարձրացնելուն։ Խիստ կարևորում եմ ծրագրում ընդգրկված արդյունաբերության զարգացմանը միտված դրույթները։ Ի դեպ, այդ գործընթացը սկսվեց 2012-ից։ Գյուղատնտեսությունից բացի, տնտեսության աշխուժացման համար կարևոր ոլորտներից մեկը արդյունաբերությունն է, որը կարող է ապահովել 40 հազար լրացուցիչ աշխատատեղ։
-Շատ վերլուծաբանների կարծիքով, տնտեսական աճը «նկարված» է ԱՎԾ-ի կողմից։ Դուք հավատո՞ւմ եք այդ աճին։
-Տնտեսագետները, ընդհանրապես, ենթադրություններով և օդում արված կանխատեսումներով չեն զբաղվում։ ԱՎԾ-ի վերլուծություններն արվում են կոնկրետ թվերի, փաստերի և ուսումնասիրությունների ու զարգացումների հիման վրա։ Չհավատալ այդ թվերին իրավունք չունենք։ Յուրաքանչյուր տարի ներկայացված ցուցանիշներով է կառավարությունը զարգացման ծրագիր կազմում։ Իհարկե, չեմ ասում, որ տնտեսության մեջ ամեն ինչ շատ լավ է։ Իհարկե, անելիքներ դեռ շատ կան։ Կառավարությունը պետք է լինի գործարարի կողքին։ Ամենակարևորը, որ գործադիրը ոչ միայն քաղաքականություն պետք է մշակի, այլև իր քայլերով գործարարի, ինչպես նաև արտահանողի կողքին լինի, հարթելով նրա խնդիրները։
Ի դեպ, նկատեմ, որ առևտրաարդյունաբերական պալատում նախատեսում ենք հրավիրել գործարար համաժողով` ներգրավելով սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մասնավորապես շեշտը դրվելու է սպառման ցանց ունեցող գործարարների վրա, որոնք տեղում կկարողանան գյուղատնտեսության, վերամշակող ոլորտների հետ քննարկումներ իրականացնել` ապրանքները ռուսաստանյան շուկաներ արտահանելու համար։

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ (ՀՅԴ խմբակցության անդամ)
-Հիմնական հարցը հետևյալն է` ինչպես պետք է չափելի դարձնել այս փաստաթուղթ կոչվածը, որ հետագայում կառավարության առջև պատասխանատվության խնդիր դրվի։ Ի դեպ, այս հարցը երկու տարի առաջ էլ մենք բարձրացրինք, ինչը պայմանավորված է նրանով, որ իրավական փաստաթուղթը պետք է ունենա կոնկրետ արդյունքային ցուցանիշներ, որոնք չափելի և տեսանելի կլինեն ոչ միայն քաղաքացիների, այլև պառլամենտի համար, որ նա կարողանա կառավարությանը ներկայացնել պահանջներ` սահմանված ցուցանիշների կատարման վերաբերյալ։ Երկրորդ` չնայած ծրագրում նշված են երեք հիմնական մարտահրավերները` աղքատության, գործազրկության և արտագաղթի խնդիրները, սակայն կառավարությունը լիարժեքորեն չի ընկալել այս խնդիրները։
-Այսինքն, տրված չե՞ն դրանց լուծումները։
-Քանի որ կառավարությունը լիարժեքորեն չի ընկալել այդ խնդիրները, հետևաբար չի էլ կարող լուծումներ տալ։ Ընդամենը ձևական մոտեցում է ցուցաբերված և ներկայացվում է, որ դրանք կարևոր են ու լուծման կարիք ունեն։ Երրորդ. կան մի շարք լուրջ խնդիրներ, որոնք պետք է ընդգրկվեին կառավարության ծրագրում, բայց չեն ընդգրկվել։ Խոսքը ոչ միայն հարկային օրենսգրքի մասին է, որը ՓՄՁ բիզնեսը ոչնչացրեց, և, ի դեմս նոր հարկատեսակների և մյուս հարկերի փոփոխությունների, լուրջ խնդիրներ առաջացրեց հարկային դաշտում, այլև այն մասին, որ այդ խնդիրների հաղթահարումը ծրագրում ներկայացված չէ որպես հիմնահարց։ Բացի այդ, ավիացիայի ոլորտում ազգային փոխադրողն ընդհանրապես ներկայացված չէ, գնագոյացման համակարգի նկատմամբ կառավարության դիրքորոշումն ընդհանրապես չկա, էներգետիկ անվտանգության և էներգետիկ հաշվեկշռի ապահովման տեսակետից ոչինչ չկա ծրագրում։ Բացակայում է նաև երիտասարդության հիմնախնդիրների քաղաքականությունը։
-Համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ ծրագրում նախատեսված է զինծառայություն անցած երիտասարդների անվճար ուսանելը բուհում։
-Այդ դրույթը ծրագրում դրված է հետևյալ կերպ. «Առանձին դեպքերում կարող է տրվել նման արտոնություն»։ Սա խտրական մոտեցում է։ Եթե կարևորվում է ազգային բանակի և կրթության զարգացումը, ապա այս մոտեցմամբ առաջ չենք գնա։ Մի խնդիր ևս. կառավարությունը աղքատության հիմնական պատճառը դիտարկում է կրթական ցածր ցենզի մեջ։ Դա աբսուրդ է։ Իրականում խրախուսվում են ոչ թե կրթությունը և պրոֆեսիոնալիզմը, այլ կարևորվում են կապերը, քծնանքը, օլիգարխիկ համակարգը։ Սրանով է այսօր առաջնորդվում նաև երիտասարդությունը։ Աղքատության կրճատման շեշտադրումը կրթության վրա դնելը մակերեսային լուծում է։ Եթե անգամ այս ծրագրով նախատեսված դրույթները կյանքի կոչվեն, ապա դրանք շատ հեռու են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման խնդիրներից։
-Քննարկումների ժամանակ Դուք պահանջեցիք կառավարության հրաժարականը։ Չե՞ք կարծում, որ դա զուտ պոպուլիստական պահանջ է։
-Ոչ թե հրաժարական պահանջեցի, այլ երկու խնդիր դրեցի։ Նախ` ասացի, որ եթե կառավարությունն անկեղծ է, ապա պետք է պայքարի արատավորության դեմ, և մենք պատրաստ ենք օգնելու նրան այդ գործում։ Հակառակ դեպքում պետք է հրաժարական տա։ Իսկ եթե ո՛չ մեկն է անում, ո՛չ մյուսը, ուրեմն ցանկացած արտահայտություն, որ հնչեցնում է կառավարությունը ԱԺ-ում, դեմագոգիայի շարքից է։


Ճեպազրույցները` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ