Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քաղաքական բացառիկ տգիտությունը միշտ էլ հայության գերեզմանափորն է եղել»

«Քաղաքական բացառիկ տգիտությունը միշտ էլ հայության գերեզմանափորն է եղել»
27.05.2013 | 16:06

Irates.am-ի հարցազրույցը ՀԱԿ դաշինքի նախկին անդամ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Աբգարյան, գազի գինը բարձրացրին, որին կհետևի հոսանքի և, ընդհանրապես, գների բարձրացումը, իսկ ընդդիմությունը ոչինչ չարեց, որևէ քայլ, որն ուղղված կլիներ գների բարձրացման դեմ: Ինչպե՞ս հասկանալ, ընդդիմությանը չի՞ հետաքրքրում այս պրոբլեմը:
-Ինձ համար ևս անհասկանալի է, չնայած ես չեմ կարող դա չկապել ընդդիմադիր ուժերի ընտրական անհաջողությունների հետ: Չեմ կարծում, թե նրանց չեն հետաքրքրում հասարակական զգալի արձագանք ու պոտենցիալ ունեցող այդ խնդիրները: Կարծում եմ, որ ընդդիմության պարագայում երևան եկավ մի քանի ճակատամարտերում անհաջողություններ կրած զորքերի հոգեբանական գործոնը՝ մարտունակության կտրուկ թուլացումը, որն էլ ստիպողական դադարի կարիք է առաջացնում: Բայց իրադրության զարգացումներն արդեն թելադրում են ընդդիմադիր ուժերին՝ վերակազմավորվել հնարավորինս արագացված թափով և շտապ վերականգնել գործնական ակտիվությունը: Կարծում եմ՝ ո՛չ ուշ, քան այս աշնանը, կսկսվի իշխանության ճգնաժամը:
-Իրենց ընդդիմություն համարող մի քանի ուժեր կան: Հնարավո՞ր է տարբերակել նրանց ըստ ընդդիմադիր գործունեության: Ասենք` ռադիկալ ընդդիմադիր, երբեմն-երբեմն ընդդիմադիր, փափուկ ընդդիմադիր, իմիտացիոն ընդդիմադիր:
-Դա ակնհայտ է: Այսօր Հայաստանում արմատական ընդդիմությունը ներկայացնում է, առաջին հերթին, ՀԱԿ-ը, ինչպես նաև նախկինում ՀՀՇ-ն տարբեր պատճառներով լքած նախկին հհշականների առայժմ քաղաքական համեստ ուժեր ներկայացնող կազմավորումները: Առաջիկա ամիսներին, ավելի հավանական է աշնան սկզբին, ներկա իրադրության շարունակման պարագայում, կարծում եմ, այս ուժերը պարտադրված են լինելու հանդիպումներ սկսել ընդդիմադիր ջանքերը համախմբելու պայմանների վերաբերյալ: Չեմ բացառում նաև նոր, ավելի լայն դաշինքի կազմավորման հնարավորությունը, քան ՀԱԿ նախորդ դաշինքն էր: Դա կարող է իրականանալ, եթե նախնական համաձայնություն ձեռք բերվի ոչ ավելի քան չորս կարևորագույն հարցերի շուրջ` ա) անցումը պայքարի մարտավարական ավելի կոշտ մեթոդների, բ) պայքարի ընթացքում որևէ օտար ուժի հետ համագործակցության բացառումը և ապավինումը բացառապես ժողովրդական զանգվածին, գ) անօրինական իշխանության տապալումը, դ) նոր ընտրություների անցկացման արդարության և թափանցիկության ապահովման վերաբերյալ փոխադարձ պարտավորությունների ստանձնումը: Այսպիսի համագործակցության դեպքում մնացած բոլոր հարցերի կարգավորման ու լուծման բանալի են դառնում ընտրությունների արդյունքները և ավելորդ՝ «Բա նախապես չիմանա՞նք, թե ուր ենք տանում երկիրը» հարցը: Ինչ վերաբերում է այլ կուսակցություններին, ապա նրանց` երբեմն-երբեմն, կամ մասամբ, կամ իմիտացիոն ընդդիմությամբ հղիանալը իշխանության հետ տարաբնույթ խաղերի գնալու հետևանք է, որի գլխավոր ցուցիչը դառնում է մի նոր ԱԽՔ-ի ծնվելն ու բացահայտվելը: ՀՅԴ-ին համարում եմ ընդդիմադիր ուժ, բայց ինձ համար միանշանակ է, որ այն երբեք, հատկապես ՀԱԿ-ի հետ, իշխանափոխության չի գնա: Մոսկվան թույլ չի տա:
-Գների բարձրացման առնչությամբ կանխատեսումներ կան, թե սա կհանգեցնի սոցիալական ընդվզման: Դուք ի՞նչ եք կարծում, կլինի՞ սոցիալական բունտ Հայաստանում և եթե լինի, ինչի՞ կհասցնի այն:
-Այսօր Հայաստանում արդեն կուտակված և կուտակվող բազմաբնույթ սուր հարցերը, երկար ժամանակ մնալով առանց լուծումների, անտարակույս, մի օր պիտի պայթեն, կամ էլ հայերը պիտի վերջնականապես ընդունեն, որ սեփական պետություն ունենալու ընդունակությունից զուրկ են: Ես թերահավատ եմ հայաստանյան ազդեցիկ սոցիալական բունտի նկատմամբ ոչ միայն այն պատճառով, որ հայերը դրա շրջանցման այլընտրանքին՝ արտագաղթին են նախապատվությունը տալիս, այլև հաշվի առնելով հայ իրականության մեջ դրա քիչ թե շատ լուրջ նախադեպերի բացակայությունը: Բայց և առկա է մեկ այլ հանգամանք` այսօր Հայաստանում արագորեն ընդլայնվում է այն ընտանիքների թիվը, որոնք հնարավորության դեպքում անմիջապես կլքեն երկիրը, բայց դրա հնարավորությունը չունեն բազմաբնույթ պատճառներով, որոնցից գլխավորը իրենց ունեցվացքի իրացման անհնարինությունն ու արտագաղթելու համար համապատասխան գումարի բացակայությունն է: Կարծում եմ, ներկա վիճակում էլ ընդդիմությունը պարտավոր է տեր կանգնել բորբոքի զգալի լիցքեր պարունակող սոցիալական ընդվզման տեղական օջախներին և դրանք ուղղորդել դեպի իշխանության ճգնաժամի խորացման ոլորտ:
-Նախորդ հարցերիս հետ կապված` այնպիսի տպավորություն է, թե ընդդիմադիր ուժերը սպասում են՝ երբ պիտի ժողովուրդն ընդվզի, որ իրենք միանան կամ չմիանան ժողովրդին: Այսինքն, որևէ քաղաքական աշխատանք ընդդիմադիր ուժերը, մեծ հաշվով, չեն կատարում հասարակության հետ, այդ շփումները սկսվում ու ավարտվում են միայն նախընտրական ժամանակահատվածում:
- Ասվածին ավելացնեմ, որ երկրի ներքին և արտաքին իրադրությունը ներկայումս էլ ավելի արագացող թափով է փոխվում, քան երբևէ եղել է նախորդ որևէ ընտրություններից հետո: Ի դեպ, ասեմ, որ չեմ հասկանում այն նպատակը, որը հետապնդում է ոչ իշխանական մի շրջանակ՝ ընդդիմության որևէ անհաջողությունից հետո նրան արժանացնելով անզուսպ քննադատության: Բացի այն, որ սա քաղաքականություն է, որտեղ ապահովագիր ոչ ոք չի ունենում, պետք է հաշվի առնել, որ հայաստանյան ընդդիմությունն ընկրկում է միայն իշխանության ուժի, բռնության և զոռբայական կեղծիքի մեքենաների առջև, այսինքն՝ բացահայտ բռի անօրինականության առջև: Այսպիսի իրադրությունում փոխանակ ընդդիմությանը հուսադրելու և քաջալերելու, որ նա շտկի իր մեջքը, սկսվում են քինախնդիր, չարախինդ ու թունավոր ծակոցները, որոնք մարդկանց մեջ հուսալքություն և կասկածամտություն են սերմանում և կամա-ակամա թուլացնում ժողովրդական ընդվզման ալիքը:
-ՀԱԿ-ը հույսը դրել էր, թե ՀՀԿ-ն ընտրություններից հետո կկատարի իր խոստումը Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Հարցը դրվեց քվեարկության և չընդունվեց: ՀԱ՞Կ-ն էր միամիտ, թե՞ ՀՀԿ-ն էր խորամանկ:
-Կարծում եմ՝ ո՛չ ՀԱԿ-ն էր այնքան «միամիտ», որ Մարտի 1-ի պատասխանատու կուսակցությունից աջակցություն ակնկալեր նրա արյունոտ մեղքերի բացահայտման համար խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում, ո՛չ էլ ՀՀԿ-ն էր այնքան «խորամանկ», որ կարողանար «ցրել» ՀԱԿ-ի այդ առաջարկությունը մեկ այլ՝ կեղծ, բայց քիչ թե շատ «համոզիչ հնարքով», քան իր մեծամասնական կացնի «փաստարկն» էր: Այստեղ շահողը եղավ ՀԱԿ-ը, որը ՀՀԿ-ին ստիպեց ևս մեկ անգամ հանրությանը ցուցադրել իր «գող՝ սիրտը դող» վարքագիծը:
-Ի դեպ, ընդդիմությունը կարծես առանձնապես տեղից չի շարժվում նաև Ղարաբաղի հարցի հետ կապված: Ընդդիմության դիրքորոշումը մեկ –երկու հպանցիկ հարցազրույցից այն կողմ չի անցում: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, որ ընդդիմության ձայնը միշտ ավելի թույլ է հնչում, մինչդեռ հակառակը պիտի լիներ:
-Շատ տարողունակ հարց է և հակիրճ պատասխանը անհամոզիչ կլինի՝ առաջ բերելով բազմաթիվ նոր հարցադրումներ: Միայն ասեմ, որ համաշխարհային ժամանակակից իրողությունների մեջ ղարաբաղյան հարցի քաղաքական ոչ համարժեք պատկերացումներից բխող հաշվարկները և դրանց վրա հիմնված համոզմունքային կարծրատիպերը` մի կողմից, ավանդական կանխակալություններն ու սեփական ակտիվության ու նախաձեռնողականության քամահրելիությունը` մյուս կողմից, դժբախտաբար, չեն շրջանցում նաև ընդդիմադիր ուժերին:
-Ընդհանրապես ասվում է, որ եթե չես հաղթում, ապա նրանից չէ, որ հակառակորդդ է ուժեղ, այլ նրանից է, որ դու ես թույլ: Որո՞նք են ընդդիմության թույլ տեղերը, սխալները իշխանության դեմ պաքարում:
-Հիմնականում իշխանությամբ զրահապատված չլինելն ու զենք կրելու և օգտագործելու իրավունքի բացակայությունը, որոնցից զուրկ է օրինապաշտ ընդդիմությունը: Չէ՞ որ մարտի 1-ին իշխանությունը հենց դրանցով կարողացավ փրկել իրեն անխուսափելի պարտությունից: Ընդդիմությունը գործ ունի օրենքով պաշտպանված ծանր հանցագործների հետ, որոնց համար իշխանական դիրքերը զիջելը հավասարազոր է ինքնասպանության: Ընդդիմության գործունեությունը քննարկելիս պետք է պարտադիր հաշվի առնել, որ ընդդիմությունը և իշխանությունը տարբեր դիրքերից են պայքարում միմյանց դեմ: Ընդդիմությունը քաղաքական պայքարի դաշտում է գործում, իսկ նրա հակառակորդը՝ քրեական դաշտում: Բայց նույնիսկ սա չի կարող հիմք ծառայել պնդելու, թե իշխանության դիրքերն անսասան են: Արագ իշխանափոխության հարցի արժեքն այսօր էլ հայ ժողովրդի համար մնում է ճակատագրական: Հարյուր տարում հայերը երկու պատմական հնարավորություն ունեցան սեփական պետություն ստեղծելու և արժանապատիվ ժողովուրդ դառնալու համար: Բայց մեր «ազգային» վերնախավը, հավատարիմ իր ավանդական մոլորությանը, արդեն երկրորդ անգամ մսխում է այդ հնարավորությունը և գերադասում ուրիշների թևի տակ անվտանգ ու ապահով ոչնչանալու ուղին: Այս ուղին ապրել ուզող ժողովրդի ուղի չէ, դա հենց մեր պատմությամբ է բազմիցս ապացուցվել: Ոչ մի այլ ժողովրդի վերնախավ այսպիսի խաղ չի խաղացել իր ժողովրդի գլխին:
-Ընդդիմադիր դաշտում երկար ժամանակ թեթև տեղավորվել էր ԲՀԿ-ն, և առիթի դեպքում որոշ ԲՀԿ-ականներ հայտարարում էին, թե ԲՀԿ-ն նույնպես ընդդիմադիր է: Վերջերս Ծառուկյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել և ավելի ուշ` ԲՀԿ-ն այլընտրանք է: Ըստ Ձեզ` ինչ կուսակցություն է ԲՀԿ-ն և ինչպես հասկանալ ասված այլընտրանքը:
-Միշտ էլ վստահ եմ եղել, որ ԲՀԿ-ն իշխող կլանի գոյության պարագայում, եթե նույնիսկ իսկապես ցանկանա էլ, երբեք չի կարողանա լքել այդ նույն կլանը, էլ ուր մնաց թե նրա դեմ դուրս գա: Ծառուկյանը միշտ էլ ճիշտ է ասել, որ իր ԲՀԿ-ն ընդդիմություն լինել չի կարող: Դրա միանշանակ բացառված լինելը մի ավելորդ անգամ ապացուցվեց անցյալ նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, որից հետո արդեն ակնհայտ էր, որ Ծառուկյանն իր վրա է վերցրել Արթուր Բաղդասարյանի 2008-ի դերը: Ծառուկյանը ճիշտ է ասել նաև, որ ԲՀԿ-ն այլընտրանքային ուժ է: Այն ստեղծվել է որպես ընդդիմության այլընտրանք, բայց ոչ երբեք իշխանութան: Կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ինչ նպատակներով ստեղծվել էր, հաջողությամբ կատարեց իր գործը և՛ 2008-ին, և՛ 2013-ին: Ծառուկյանի ապագայի համար ճիշտ ժամանակն է, որ նա իր ԲՀԿ-ի հետ լքի քաղաքականությունը, որովհետև հետագա գործունեության շարունակության դեպքում վստահաբար կարելի է պնդել, որ ինքն ու իր կուսակցությունը ստիպված կլինեն ՀՀԿ-ականների հետ պատասխանատվություն ստանձնել հայ ժողովրդի անկախ պետականությունը կորստյան մատնելու գործում: Քաղաքական բացառիկ տգիտությունը, ուրիշի գործիք դառնալու պատրաստակամությունը, անափ շահամոլությունը և սնապարծ ինքնավստահությունը միշտ էլ հայության գերեզմանափորն են եղել:
-Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր, և ինչ է մեզ սպասվում առաջիկա հինգ տարիներին` մինչև հաջորդ նախագահական ընտրություններ:
-Իշխողների դեմ երկրում գլորվող ատելության ձնագունդն արդեն հսկայական չափերի է հասել: Հուսալքություն է երևում քիչ թե շատ բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաների մեջ՝ ի դեմս յուրայինների նկատմամբ Սերժ Սարգսյանի և իր նեղ շրջապատի «քցողական» վերաբերմունքի: Ըստ էության, իշխանությունները հոգևարքի մեջ են, դա երևում է նրանց ոչ մի զգուշավորություն հանդես չբերող, բացահայտ թալանին ուղղված անօրինական գործունեության կտրուկ ակտիվացումից: Վստահ եմ, որ 2018 թվին նախագահական ընտրություններ կլինեն միայն այն դեպքում, եթե իշխանափոխությունն այս տարի իրականացվի: Չեմ բացառում նաև պալատական հեղաշրջման հնարավորությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ