Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անցյալի ու ներկայի դասերը

Անցյալի ու ներկայի դասերը
30.05.2013 | 23:33

Հինգերորդ դասարանում սովորող Դավիթը սիրում է «հաղթանակ» նկարել: Առաջին հանրապետության տոնի առթիվ նա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի նախասրահում իր նման փոքրիկների հետ նկարում էր: Ներսում նկարում էին, իսկ օպերայի բակում պարում, ինչին մի պահ ակնդրեց և ունկնդրեց մշակույթի նախարարը: Նախարարները, մարզպետները և պաշտոնյաներն էլ շտապում էին տոնական համերգին: Շուտ էր եկել մարզպետների «դասը»` խելոք, մի մարդու նման (պաշտոնում մնալ-չմնալու հարցը դեռ առջևում է): Ի դեպ, մարզպետներին մի լավ հրճվանք պարգևեց համերգի հատկապես այն հատվածը, երբ ելույթ էր ունենում մանկական երգչախումբը: Բեմի ներքևում կանգնած կին խմբավարը և՛ «չափ» էր տալիս, և՛ կիսաձայն երգում երեխաների հետ: Այս տեսարանը շատ էր ոգևորել մարզպետներին, ու նրանց գերակշիռ հատվածը և՛ զարմացած, և՛ ծիծաղը մի կերպ զսպած հետևում էր նրա ձեռքի և բերանի շարժումներին: Համարյա թե` «էս ի՞նչ է անում» դեմքի արտահայտությամբ:
Տոնական համերգին ներկա էին նաև դեսպաններ իրենց կանանց հետ: ՈՒշացումով, բայց ոչ ուշացած (ամերիկացի դիվանագետները երբեք չեն ուշանում) դահլիճ մտավ ԱՄՆ-ի դեսպանը` յուր տիկնոջ հետ: Արագ «կողմնորոշվեց» ու գտավ իրենց տեղը: Ընդդիմությունից հրավերն ընդունել էր միայն ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը, իսկ ԲՀԿ-ից «երևում» էր միայն Միքայել Մելքումյանը: Դաշնակցականների կառավարությունից, խառնեցի, խմբակցությունից մարդ չկար: Ներկա էին նաև մտավորականներ, արվեստի գործիչներ:
Տոնին առնչվող որոշ հարցեր ուղղեցի ներկաներից մի քանիսին:

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ
(քաղծառայության խորհրդի
նախագահ)
-Ձեզ համար Մայիսի 28-ը ի՞նչ խորհուրդ ունի:
-Սա մեր ժողովրդի, ազգի պատմության, ցավոք, բացառիկ օրերից է, որի խորհուրդն անգնահատելի ու աննկարագրելի է: Հայաստանի, որպես պետություն ունենալու, վերջին հնարավորությունն է եղել, որը մեր պապերը մեզ հերոսաբար ժառանգել են, մնում է մենք էլ տեր կանգնենք դրան:
-Ի՞նչ դասեր պիտի քաղել առաջին հանրապետությունից:
-Պետք է միշտ սթափ լինենք, չպետք է իրականությունից կտրվենք և չպետք է մոռանանք, թե մեր պատմությունը ինչպիսի մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցրել: Ցավոք, դրանք կարող են նաև առաջիկայում լինել: Առաջին դասը հետևյալն է` լինել ազնիվ, արդար պետություն, ունենալ առողջ հասարակություն և հարգենք ու սիրենք միմյանց:
-Ձեր նշած չափորոշիչներին այսօրվա իշխանությունը որքա՞ն է մոտ:
-Ցավոք, դրանից դեռ հեռու ենք, քանի որ, ըստ ամենայնի, չենք գիտակցում դրա կարիքն ու անհրաժեշտությունը:

ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ
(առողջապահության նախարար)
-Գործող իշխանությունն ի՞նչ դասեր պիտի քաղի առաջին հանրապետությունից:
-Մենք մեր ուժերով պետք է մեր անկախությունը կերտենք ու պահպանենք: Մեր միասնությամբ, համախմբմամբ, ուժեղ կեցվածքով և արժանավայել ապրելակերպով: Առաջին դասը սա է նշանակում` կանգնեցին, կյանքի, մահու կռիվ տվեցին` պահելով մեր երկիրը: Այսօր ևս պետք է նմանատիպ վարք դրսևորենք, որովհետև շրջապատված ենք այնպիսի թշնամիներով, որ յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք համախմբման և արժանի հակահարված տալուն: Պայքարով են պետություն կառուցում: Ե՛վ ներսում, և՛ դրսում մենք պետք է պայքարենք:
-Դուք, որպես այս կառավարության ներկայացուցիչ, կարծում եք` իշխանությունը դասեր քաղե՞լ է մեր պատմության այդ էջից:
-Իհարկե, բառերիս վկայությունն են առաջին հերթին երկրի նախագահի բազմիցս հնչեցրած համախմբման կոչերը: Սակայն միաժամանակ պիտի ընդգծել, որ շատ անելիքներ ունենք: Դա միայն ասելով չէ, նաև գործելով է: Եթե վաղը, մյուս օրը բոլորս տեսնենք, որ արդյունք ունենք, ուրեմն կասենք, որ արժանի հետևություններ ենք արել և՛ պատմությունից, և՛ այսօրվա իրավիճակից:

ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆ
(նկարիչների միության նախագահ)
-Որպես մտավորական, Մայիսի 28-ը ի՞նչ է հուշում Ձեզ:
-Սա շատ ոգևորիչ օր է: Այսօր հասկանում ենք, որ հայ ազգը շատ բաների կարող է հասնել: Պատկերացնո՞ւմ եք` ցեղասպանություն վերապրած ժողովուրդն այսպիսի համառություն ունենա և հաղթի հսկայաքանակ թշնամուն: Սա պատմական մեծ իրողություն և պատմական ուսանելի օրինակ է մեր ազգի համար: Սա ցույց տվեց, որ եթե ազգը միակուռ է, ապա ամեն ինչի կարող է հասնել:
-Երրորդ պետությունը այս «դասը» լավ «սերտե՞լ» է:
-Մեկ-մեկ նկատում եմ, որ դասեր քաղել է, մեկ-մեկ` հասկանում, որ ոչ: Որն է ավելին, ես դեռ չեմ հասկացել: Դասեր, անշուշտ, պիտի քաղել:
-Որ հատկությունն է մեզ ամենաշատը խանգարում:
-Եթե մի բառով ասեմ` միասնականության բացակայությունը: ՈՒրիշ ոչինչ:

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ
(Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր)
-Ո՞րն է Մայիսի 28-ի խորհուրդը:
-Ազգային ինքնագիտակցությունը, որ չի կարելի մորթվելով քոչել: Կռվելով պիտի հայրենիք պաշտպանել: Սա առաջին անգամ էր, որ Սարդարապատը կանգնեց: Այս գենետիկ գիտակցությունը մեզ օգնեց հետագայում` ղարաբաղյան պատերազմում: Մեր ազգի ամենանշանավոր տոներից մեկն է:
-Գործող իշխանությունն անցյալից դասեր քաղե՞լ է:
-Իմ տպավորությամբ` այո:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
(ՀԱԿ խմբակցության անդամ)
-Հաշվի առնելով, որ մեզանում մշտապես ընդդիմադիրները չեն ընդունում իշխանության հրավերը, զարմանալի է Ձեզ այստեղ տեսնելը:
-Բոլորը հրավիրված էին, բայց երևի մենակ ես եմ ճիշտ համարել ու համերգին եկել, սակայն չեմ էլ դատապարտում մյուսների չգալը:
-Իսկ ինչո՞ւ եք վրդովված:
-Հրավիրատոմսում ուղիղ նշված է 19:15, սակայն կես ժամ է անցել, իսկ համերգը չի սկսվել: Մենք մեզ բարեկիրթ մարդ ենք համարում և ճիշտ ժամին եկել ենք: Ի՞նչ է նշանակում` իշխանությունը մտածում է, որ մինչև 20:00-ն հազիվ հավաքվեն, իսկ իրենք էլ 20:15 հազիվ գան: Վերջին հաշվով մենք էլ պատգամավոր ենք, գոնե մեզ տեղյակ պահեին, որ տոնական համերգը սկսվում է 20:00-ին: Գուցե և չգայի:
-Միայն Դուք չեք այդքան վաղ եկել, մարզպետները, նախարարներն էլ են շուտ ժամանել:
-Սա բարեկրթության պակաս է իշխանության կողմից, շատ են թերագնահատում մեզ` չհասկանալով, որ մենք բոլոր հարցերում շատ կարգապահ ենք: Միգուցե իրենց մարզպետների վրա կասկածում են: Բայց մենք, որպես ընդդիմություն, եթե գալիս ենք, գալիս ենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում:
-Ի դեպ, որքան կռահեցի` Ձեզ հատկացված տեղից ևս դժգոհ եք:
-Այո, առաջին շարքերում են նստեցրել, ամենաաղմկոտ տեղը: Իսկ կառավարության կազմը նստած է հինգերորդ-վեցերորդ շարքերում: Թող իմանան, որ մենք էլ գիտենք` որտեղ է լավ նստել:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հ. Գ.- «Հաղթանակ» կամ «պարտություն» թեմայով նկարող փոքրիկներին ասվել էր, որ եթե համերգին ներկա հյուրերը հավանեն նրանց նկարները, կնվիրեն, իսկ եթե` ոչ, ստիպված կլինեն իրենց հետ տուն տանել: Դավիթը հաստատ ստիպված չէր լինի իր հետ տանել նկարը:

Դիտվել է՝ 3188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ