Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոչ պաշտոնական իրադարձության պաշտոնական հետևանքները

Ոչ պաշտոնական իրադարձության պաշտոնական հետևանքները
31.05.2013 | 00:02

Տարին կիսվեց: Համարյա: Վաղվանից սկսվում է օրացուցային ամառը, և, ուրեմն, մի քիչ կհանգստանանք քաղաքականությունից: Գուցե և ոչ: Չնայած գազի սակագնի բարձրացմանը և համապատասխանաբար առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների սպասվող թանկացմանը, Հայաստանի ժողովուրդը հանգիստ շարունակում է բարգավաճել գնաճի, գործազրկության, արտագաղթի, կարկուտի ու մյուս «հաճույքների» մեջ հարմարավետ տեղավորված: Ինչպես և Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո վաստակած հանգստի անցավ` առաջին հանրապետության տոնի առիթով: Թվարկված իրադարձությունները բավականին կարևոր ու ծանրակշիռ էին, որպես այդպիսին տևական ու մանրակրկիտ լուսաբանվելու համար, առավել ևս, որ «գազային» քննարկումները չեն ավարտվել, այնուամենայնիվ, անցնող շաբաթվա քննարկման թեմա, համարյա թագաժառանգ Չառլզի Հայաստան այցին հավասար, դարձավ Բիշքեկում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի չմասնակցությունը:
Արվում էին համարյա հեղափոխական ու կիսահեղափոխական, հակահեղափոխական եզրակացություններ Հայաստանի ու Հայաստանի նախագահի արտաքին քաղաքականության փոփոխության, համարյա շրջադարձի ու այդ շրջադարձի հետևանքների մասին: Գուցե այդ ամենը ճիշտ է ու այդպես է, բայց ոչ այս պահից, ոչ այդ հիմքերով: Բիշքեկի ոչ պաշտոնական գագաթնաժողովին չէր մասնակցում և Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց հազիվ թե դա նշանակում է Բելառուսի արտաքին (կան ներքին) քաղաքականության դույզ-ինչ փոփոխություն: Շատ ավելի ճիշտ կլիներ պարզել, թե ինչ հարցեր էին քննարկվում Բիշքեկում, և որքանով էին այդ հարցերը վերաբերում Հայաստանին: ՀԱՊԿ-ը` ՀԱՊԿ, բայց միանգամայն ակնհայտ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներն ունեն տարբեր շահեր և պաշտպանում են այդ շահերը գլոբալացված աշխարհում նաև այլ կազմակերպությունների շրջանակներում: Բիշքեկում քննարկվում էին 2014 թ. Աֆղանստանից միջազգային խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ազգային շահերի պաշտպանության հարցերը: Ոչ պաշտոնական գագաթնաժողովը սկսելով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանց դիվանագիտական սեթևեթանքների հայտարարեց, որ պետք է ուշադիր հետևել իրավիճակին և համատեղ քայլեր մշակել` ապահովելու ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունը: Նշվեց, որ իրավիճակն Աֆղանստանում հարուցում է Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների լուրջ տագնապը, քանի որ արևմտյան զինված ուժերը շոշափելի արդյունքների չեն հասել, ահաբեկչական ու արմատական խմբավորումները, ընդհակառակը, ավելի ակտիվացրել են իրենց գործողությունները: Կրեմլը կանխատեսում է, որ Աֆղանստանում շարունակվելու են էքստրեմիստական տրամադրությունները, մեծանալու է թմրանյութերի արտադրությունը: Փորձագետները չեն բացառում երկրում քաղաքացիական պատերազմը և Աֆղանստանի բաժանումը էթնիկ սկզբունքով, ավելին` ռեալ է համարվում զինված ներխուժումը Կենտրոնական Ասիա: Այդ առումով ռիսկի խմբում առաջին պետությունն ՈՒզբեկստանն է, որ կասեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին: Վլադիմիր Պուտինը նախքան գագաթնաժողովն էր հայտարարել, որ միջազգային ահաբեկչական խմբերը չեն թաքցնում իրենց ծրագրերը` անկայունություն ու խառնակություն արտահանել Աֆղանստանի հարևան պետություններ, ինչը հարկադրում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի անդամներին ամրապնդել պաշտպանունակությունը: «Մեր կազմակերպությունը նշանակալից դեր է խաղում իր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման գործում: Դրան են ուղղված մեր քաղաքական ու ռազմական կառույցները: Նախ և առաջ` անհապաղ արձագանքման հավաքական ուժերը և խաղաղարար ուժերը: ՀԱՊԿ-ում պարբերաբար անցկացվում են նարկոթրաֆիկի, անլեգալ միգրացիայի, տեղեկատվական ոլորտի հանցագործությունների դեմ պայքարի միջոցառումներ ու համատեղ զորավարժություններ: Այս տարի անհապաղ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները կկայանան Բելառուսում, իսկ խաղաղարար ուժերը կկատարելագործվեն Ռուսաստանում:

Ռազմատեխնիկական համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում ամրապնդվում է արտաքին քաղաքական կոորդինացիայի հետևողական աշխատանքով, որի մանրամասները մենք քննարկում ենք մշտապես»,- հայտարարել է Բիշքեկում ՌԴ նախագահը:
Բիշքեկում Վլադիմիր Պուտինն առանձնազրույցներ է ունեցել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպումների հենքում երկու երկրների հակասական հայտարարություններն ու գործողություններն են եղել: Բնականաբար, թե՛ երկկողմ հանդիպումները, թե՛ գագաթնաժողովը անցել են փակ ձևաչափով: Հավարտ գագաթնաժողովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է աշխատանքները, նշելով, որ քննարկվող հարցերը վերաբերել են 2014 թ. Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զինված ուժերի դուրսբերումից հետո իրավիճակի հնարավոր զարգացումներին ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և բացասական հետևանքների առավելագույն նվազեցմանը, քննարկվել է նաև պետական սահմանների ամրապնդման և անհապաղ արձագանքման հավաքական ուժերի ժամանակակից զինտեխնիկայով ապահովման թեման: Նիկոլայ Բորդյուժան ասել է նաև, որ գագաթնաժողովն անդրադարձել է Ռուսաստան-Ղազախստան-Ղրղզստան-Տաջիկստան երկաթուղու կառուցման հնարավորությանը, պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին` ճշտելու երկաթուղու տնտեսական նպատակահարմարությունը և շինարարության ֆինանսավորման հարցերը: Որտե՞ղ է Հայաստանի ուղղակի շահերի պաշտպանության անհրաժեշտությունը գագաթնաժողովում, որ պահանջեր Սերժ Սարգսյանի ներկայությունը: Անուղղակի շահեր, իհարկե, կան, որովհետև աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Աֆղանստանը, իհարկե, այն երկիրն է, որտեղ խաչաձևվում են և՛ տարածաշրջանի, և՛ գերտերությունների շահերը: Բայց այս ամենը բավականաչափ տեսական է: Հարցն ավելի խորքային է` ի վերջո, ի՞նչ կարգավիճակ ունեն ՀԱՊԿ անհապաղ արձագանքման հավաքական ուժերը, ո՞ր դեպքերում են գործադրվելու: Այս հարցը Հայաստանի համար իրավ կարևոր է, նկատի ունենալով Ադրբեջանի հակվածությունը ռազմական ուժի գործադրմանը: Միջամտելո՞ւ է ՀԱՊԿ-ը, ինչպե՞ս, ի՞նչ կարգավիճակով և ի՞նչ պայմաններով հայ-ադրբեջանական ռազմական կոնֆլիկտի դեպքում, թե՞ գտնվելու են պատրվակներ ու պատճառաբանություններ, ասենք` ՀԱՊԿ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս մասնակցել ազգամիջյան հակամարտություններին, անդամ երկրի ¥երկրների¤ ներքին գործերին և այլն, և այլն: Բայց այս հարցերը Բիշքեկում չէ, որ պատասխանվելու էին: Այնպես որ, Մեծ Բրիտանիայի գահաժառանգին նախապատվությունը տալը և Բիշքեկի գագաթնաժողովին չմասնակցելը բոլորովին չեն նշանակում հերթական քայլը դեպի Արևմուտք և հերթական դեմարշը Ռուսաստանի հանդեպ:
Բիշքեկին հետևեց առավել կարևոր իրադարձություն` մայիսի 29-ին Եվրասիական միության բարձրագույն խորհրդի նիստը Աստանայում, որի ավարտից հետո ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց. «Մաքսային միությանը» ՈՒկրաինայի մասնակցության մասին հուշագիրը կստորագրի վարչապետ Նիկոլայ Ազարովը Մինսկում ԱՊՀ երկրների վարչապետների վեհաժողովի ժամանակ»: Նախատեսվում է, որ Կիևն անդամակցելու է Մաքսային միությանը իբրև դիտորդ: Դիտորդի կարգավիճակ ստացավ նաև Ղրղզստանը:
Իսկ այս իրադարձություններին նախորդել էին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները ստատուս քվոյի այլևս անընդունելի լինելու մասին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը «Независимая газета»-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ու հայտարարությունը, թե մինչև տարեվերջ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կարող են հանդիպել։ Ապա նաև ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի այցը տարածաշրջան, հանդիպումներն ու քննարկումները Բաքվում, որոնց բոլորի առանցքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն էր: Նոր իրավիճակ չի արձանագրվել, բոլորն ասել են այն, ինչ ասում են արդեն քանի տարի: Թերևս մեկ բացառությամբ` «Независимая газета»-ն հրապարակեց ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածը, որտեղ ասվում էր, թե Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հաստատել է, որ «Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող 6 հիմնարար սկզբունքները»։ Իսկ Բաքուն, կասկածելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անկեղծությանը, ճշտել է, որ «հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի բռնազավթված տարածքներում հայկական զորքերի տեղաբաշխումն է»: Հիշեցնեմ «6 հիմնարար սկզբունքները»` Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններն Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելը, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ և անվտանգության ու ինքնակառավարման երաշխիքներ տրամադրելը, ներքին տեղահանվածների և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքն ապահովելը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջանցք բացելը, հետագայում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը որոշելը, որը հիմնված կլինի իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման սկզբունքի վրա, անվտանգության միջազգային երաշխիքները: Հասկանալի է, որ նախագահական ընտրություններից առաջ Բաքուն պետք է հավուր պատշաճի ակտիվանա և փորձի ռազմական մկաններ խաղարկել դիվանագիտական սեղանների շուրջ: Հասկանալի է, որ ռուսական լրատվամիջոցներն էլ քարոզչական պատերազմին իրենց հնարավորություններն են տրամադրելու: Նաև քարոզիչներին, որ գան Հայաստան ու ասեն` եթե Հայաստանը չդավաճանի Ղարաբաղին, Ղարաբաղում վտանգավոր ոչինչ չի լինի, որ Կրեմլը չի կարող Երևանի գլխի վրայով Ստեփանակերտ ճանաչել, որ ժամանակակից աշխարհում էլ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, բայց` երրորդ Հռոմ, որի մայրաքաղաքը Մոսկվան է: Այնուհանդերձ, քաղաքականությունը գործընթաց է, որտեղ ամեն քայլ փոխպայմանավորված է, գործընթաց, որի մի քանի քայլն առանձնացնելն ու գնահատելը ոչ միայն խելամիտ չէ, այլև կարող է գործընթացի հակառակ պատկերը ստեղծել:
Գազի սակագնի բարձրացումը քաղաքականության փոփոխություն է վկայում, թե ինչ ուղղությամբ իրադարձությունները կզարգանան, կերևա աշնանը, խոր աշնանը` Եվրամիության հետ փոխհարաբերությունների նոր որակի ու մակարդակի արձանագրմամբ կամ այդ արձանագրումից հրաժարվելով, ավելի ճիշտ` հետաձգելով: Առայժմ միայն ակնհայտ է, որ Ռուսաստանից հաճախանալու են քարոզչական ագրեսիայի փաստերը, որոնց նպատակը մեկն է` «Ոչ` բոլորին, այո` Ռուսաստանին» մտայնության հաստատումը, բայց մենք արդեն սովորել ենք «այո» ասելով «ոչ» անելը, «ոչ» ասելով` «այո» անելն ու ամեն ինչից «անտեղյակ» ժպտալը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ամբողջ շաբաթ անձրև էր գալիս: Այս փաստը մղում է եզրակացնելու, որ հաջորդ շաբաթ իմաստ ունի խորացված կամ ասոցիացված անդամների շրջանակներում բարձրամակարդակ քննարկում կազմակերպել, հավարտ որի հուշագիր, ապա նաև շրջանակային համաձայնագիր ստորագրել` ո՞ւմ դեմ են գալիս անձրևները Հայաստանում, ո՞ւմ շահերն են պաշտպանում անձրևները տարածաշրջանում, աշխարհատնտեսական ու աշխարհաքաղաքական ի՞նչ հետևանքներ ունեն անձրևներն աշխարհում կտրվածքով: Հիշեցնեմ, որ անձրևի տակ կարելի է ընկալել ա) որևէ հարևանի, բ) որևէ գերտերության, գ) ներքին մարտահրավերը, դ) արտաքին մարտահրավերը, ե) «ֆինանսատնտեսական ճգնաժամը, զ) մոլորակի գլոբալ տաքացումը կամ սառեցումը, է) անձրևը:

Դիտվել է՝ 2053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ