Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Զինվորի համար քաղաքական հայացքները պետք է լինեն երկրորդական»

«Զինվորի համար  քաղաքական հայացքները  պետք է լինեն երկրորդական»
31.05.2013 | 10:51

Մայիսին մենք նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 95-ամյակը, Շուշիի ազատագրումը, Հայրենական պատերազմում տարած հաղթանակը:
Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռեկտորի օգնական ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է այն դասերը, որ մենք պետք է քաղենք առաջին հանրապետության սխալները չկրկնելու համար:

«Առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք, բայց իրականացվեց հայ ժողովրդի 5,5-դարյա երազանքը` ունենալ անկախ պետականություն, անկախ ազգային բանակ: Այսօր` 95 տարի անց, մենք պետք է վերագնահատենք մեր պատմությունը, ինչը խիստ կարևոր է երրորդ հանրապետության համար: Մենք պետք է ոչ միայն վերագնահատենք պատմությունը, այլև ուսումնասիրենք այն բացերը, թերությունները, որոնք թույլ տվեցինք 20-րդ դարասկզբին, որոնք, ինչու չէ, եղան նաև առաջին հանրապետության կործանման և տարածքային մեծ կորուստների պատճառ: Մենք այսօր պետք է զուգահեռներ տանենք առաջին հանրապետության և այսօրվա Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականության համատեքստում: 95 տարում, իհարկե, մեծ փոփոխություններ են եղել արտաքին հարաբերություններում, բայց հարևանների հետ փոխհարաբերություններում փոփոխություններ գրեթե չկան: Լարված, չկարգավորված հարաբերությունները շարունակվում են Թուրքիայի Հանրապետության հետ: Տարածքային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, տնտեսական չլուծված հարցեր` Վրաստանի հետ: Այսինքն, զուգահեռներ տանելով` տեսնում ենք, որ 20-րդ դարասկզբին առկա արտաքին քաղաքական ասպարեզում խնդիրները գրեթե նույնն են նաև այսօր: Շատ կարևոր է պատմությունից դասեր քաղելը, և այն սխալները, որ թույլ ենք տվել 1918-20 թվականներին, թույլ չտանք այսօր, որպեսզի չունենանք կորուստներ ու հետագայում չփորձենք մեղավորներ փնտրել»,- ասում է Գևորգ Մելքոնյանը:
Պատմաբանը նկատում է, որ ինչպես առաջին, այնպես էլ երրորդ հանրապետությունները ձևավորվեցին հաղթանակների վրա: Այս երկու փաստերը վկայում են, որ մեր ժողովուրդը պետք է ապավինի միայն սեփական ուժերին, և միայն հաղթանակներն են պետականության ստեղծման ու պահպանման գրավականը. «Ի տարբերություն առաջին հանրապետության, որ իր արտաքին հարաբերությունների վեկտորը, ցավոք, հիմնականում կենտրոնացրել էր միայն Անտանտի պետությունների շուրջ և կարծես, ավելի շատ տանում էր հակաբոլշևիկյան գիծ, ինչը կործանարար եղավ և տարածքային խնդիրների պատճառ դարձավ, այսօրվա մեր հանրապետությունը, բարեբախտաբար, կարողանում է շատ լավ հարաբերություններ պահպանել և՛ եվրոպական երկրների, և՛ ԱՄՆ-ի, և՛ իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Այս առումով, կարծես, որոշակի դասեր քաղել ենք պատմությունից և հասկանում ենք, որ բացարձակ միակողմանի քաղաքականությունն անթույլատրելի է»:
Առաջին հանրապետության կործանման պատճառների մասին տարբեր տեսակետներ են առաջ քաշվում: «Ոմանք ասում են` առաջին հանրապետությունն ի սկզբանե դատապարտված էր կործանման, քանի որ միջազգային իրավիճակն այլ էր, բոլշևիկյան Ռուսաստանն այլ խնդիր էր դրել Կովկասում: Ոմանք էլ կարծում են, որ եթե ճիշտ քաղաքականություն վարվեր, նման կորուստներ չէինք ունենա, ինչին էլ հակված եմ ես: Այո, Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի էր, որովհետև մենք չէինք կարող դիմագրավել բոլշևիկյան Ռուսաստանին, բայց կարող էինք ճիշտ կողմնորոշման դեպքում, ինչպես դա արեց Ադրբեջանը, չունենալ տարածքային կորուստներ: Ինչո՞ւ Հայաստանն այդքան թույլ գտնվեց 1920 թ. թուրք-հայկական պատերազմում, սրա մասին շատ քիչ ենք խոսում, բայց պետք է բացենք փակագծերը: Ո՞րն էր պատճառը, որ 1918 թ. կիսամաշ հագուստներով, վատ զինված, կիսասոված բանակը կարողացավ հաղթանակներ տանել Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Սարդարապատում, բայց նույն բանակը, որի դրությունը համեմատաբար լավ էր, որն անգլիացիների կողմից ստացել էր զենք-զինամթերք, հագուստ, 1920 թ. կրեց խայտառակ պարտություններ, և առանց որևէ կրակոցի թշնամուն զիջեցինք Կարսը, որտեղից էլ սկսվեց պարտությունների շարանը: Ի տարբերություն 1918-ի` 1920 թ. հայոց ազգային բանակը գտնվում էր բարոյալքված վիճակում: 1919-20 թթ. քաղաքական գործընթացները ներթափանցել էին ազգային բանակ, որտեղ զինվորները սկսել էին խաղալ բոլշևիկ-մենշևիկ-դաշնակցական, ինչն անթույլատրելի է: 1920 թ. քաղաքական հայացքների, քաղաքական տարաձայնությունների պատճառով հայոց ազգային բանակը սկսեց կրել խայտառակ պարտություններ: Դա մենք տեսնում ենք նաև խորհրդային ֆիլմերում. «Նվագախմբի տղաները» դրա ապացույցն է: Այս ամենից մենք պետք է դասեր քաղենք: Ցավոք, մեր օրերում նկատում ենք, որ որոշ ուժեր ցանկանում են բանակը ներգրավել քաղաքական գործընթացներում, բանակում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել քաղաքական ենթատեքստում: Մենք դա պետք է թույլ չտանք, որպեսզի բանակը լինի է՛լ ավելի ամուր: Զինվորի համար քաղաքական հայացքները պետք է լինեն երկրորդական: Զինվորը երբեք չպետք է ունենա կուսակցական մտածողություն և պետք է հասկանա, որ առաջին գծում կանգնած` ինքը պաշտպանում է և՛ պահպանողականներին, և՛ լիբերալներին, և՛ ամբողջ ժողովրդին: Սա է առաջին հանրապետության ամենամեծ խորհուրդը, որին մենք պետք է հետևենք: Մեր պետության անվտանգության ամենամեծ երաշխիքը մեր ազգային բանակն է»,- եզրահանգում է Գևորգ Մելքոնյանը:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1965

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ