Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ»

«Երանի՜ այն գրողին,  ում գրականությունը  քաղաքականացված չէ»
31.05.2013 | 11:12

«Քարե երազներ», հետընտրական զարգացումներ, գրողն ու իր շրջապատը: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը արձակագիր ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԻ հետ:

-Պարոն Ջավախյան, Ձեր «Քիրվա» պատմվածքը թարգմանվել է ռուսերեն և Ադրբեջանում լայն արձագանք է գտել: Ադրբեջանական ann.az կայքում պատմվածքի մասին հոդված է զետեղված, որտեղ նշվում է, որ «Քիրվայի» հրատարակումից հետո Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ձեզ անվանել է դավաճան: Նախկին նախագահն իրո՞ք այդքան բուռն է արձագանքել Ձեր պատմվածքին:
-Չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը նման բան ասած լինի, մանավանդ որ նա հեռու է գրականությունից, մշակութային անցուդարձից: Լևոն Ջավախյանն ու նրա «Քիրվան» դժվար թե նրան հետաքրքրեն: Բայց նա «քիրվա» արտահայտության մասին խոսել է, գուցե ռուսական մամուլում կամ որևէ տեղ այդ առումով հարց են տվել, ինքն էլ պատասխանել է: Թեև չեմ կարծում:
-Մեր նախորդ զրույցը Ձեզ հետ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի շուրջ էր:
Ադրբեջանցի գրողին շտապեցինք հերոսացնել, հախուռն կերպով թարգմանել ու հրատարակել նրա աղմկահարույց վեպը: Իսկ բոլորովին վերջերս նախիջևանագետ Արգամ Այվազյանը կոչ արեց չափավորել ոգևորությունը, ըստ նրա` գրողն իր վեպում կեղծել է փաստերը` նպատակ ունենալով ազնվացնելու իր երկիրն ու իր ժողովրդին: Ավելին, ոմանք պնդում են, թե հալածանքները գրողի նկատմամբ արհեստական են: Չե՞ք կարծում, որ երկու դեպքում էլ մոտեցումը ծայրահեղական է:
-Ընդհանրապես, ինձ համար այս դարաշրջանում մարդկանց հերոսացնելը վատ բան է, ճիշտը արժանապատիվ քաղաքացիական հասարակարգ ստեղծելն է:
Մակեդոնացիների, չապաևների և այլոց ժամանակներն անցել են: Յուրաքանչյուր հերոսի անվան տակ կա պրոպագանդա, քարոզ։ Այդ քարոզը Հունան Ավետիսյանին դեպի մահ էր տանում, Մատրոսովին` մահ, Սաֆարովին` քնած մարդուն սպանելու: Լյուդովիկոս 14-րդը Եվրոպայում բացարձակ միապետ էր, նա ասում էր` պետությունը ես եմ, ասում էր նաև` ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ: Կոպիտ է հնչում, բայց մարդու մահից հետո ամեն ինչ վերանում է: Եթե որևէ հասարակարգ միտված է մարդու կյանքը վերցնելու` հանուն լավ ապագայի, դա խաբեություն է:
Հիմա ի՞նչ են ուզում Այլիսլիից: Ես անձամբ չեմ հերոսացնում նրան: Այլիսլին հումանիստ է, որ քարոզից զերծ` իր կարծիքն է ասում երկու ժողովուրդների մասին, հատկապես իր ժողովրդի, և ամաչում է, ուզում է խայտառակությունից փրկել իր ազգը: Այլիսլին այդպես է գրում, Արգամ Այվազյանը կարո՞ղ է ավելի լավ գրել, թող գրի: Ես ադրբեջանցի գրողին գրած նամակում ասել եմ` օրհնվի այն ժողովուրդը, որ Այլիսլիի նման զավակ է ծնել: Ականջովս է ընկել, որ Արգամ Այվազյանը վրդովվել է իմ այս խոսքերից: Իսկ ինչո՞ւ չօրհնվի, ո՞վ է ասում, որ կան վատ ժողովուրդներ:
Ինչ վերաբերում է փաստերը խեղաթյուրելուն, գեղարվեստական ստեղծագործությունը երևակայության արդյունք է, կարող է հնարանք լինել: Մարդը գեղարվեստ է ստեղծել, արդյունքում էլ հումանիստական գաղափարներ է արտահայտել, հիմա պատմաբանի կամ դատավորի դերում կանգնենք ու քննե՞նք: Նման գործ գրելով` նա իր քաղաքացիական պարտքն է կատարել ու, չեմ կարծում, թե գրել է մեր մտավորականներին այդպես հուզելու համար կամ հերոսանալու:
-Ձեր «Հերոսի մահը» էսսեում ասում եք. «Հերոսը բարբարոսական դարաշրջանի ծնունդ է, որն այդպես էլ մահացավ` քսանմեկերորդ դար չթևակոխած»: Լավ, իսկ ի՞նչ ունենք փոխարենն այսօր` արդյո՞ք առողջ քաղաքացիներ, առողջ հասարակարգ:
-Երբ ապրում ես խաղաղության մեջ` առանց խաղաղության, երբ ապրում ես կոռումպացված հասարակարգում, երբ մարդու խիղճը, ընտրական ձայները, ամեն ինչ փողով են գնվում, երբ ալան-թալանի պայմաններում մարդիկ քաղցած են, իմ ասածները բարի ցանկություններ են մնում:
-Աբովյանում բացվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին, ու գաղտնիք չէ, որ նորաստեղծ եկեղեցին չի ընկալվում որպես ճարտարապետական կամ հոգևոր արժեք, ընդհակառակը, քաղաքական ու ապաքաղաքական եռուզեռի առիթ է տալիս: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Երանի ես կարողանայի հասնել այնպիսի պարզության, որին հասել է Ջիվանին իր երգերում: «Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՜ աշեցեք», ասում է Ջիվանին:
Ժամանակները կրկնվում են, էլի նույնն է` թշվառություն, տառապանք, գործազրկություն, և եկեղեցիներ են կառուցվում: Ո՞Ւմ հոգիներն են փրկում: Իրե՞նց: Թող մի տեղ առանձնանան, աղոթեն` փրկվեն: Այդ եկեղեցիները, չեմ կարծում, թե ժողովրդին անհրաժեշտ են: Եկեղեցականներն էլ սերտաճել են իշխանությունների հետ, դարձել են իշխանությունների դամքաշը, նրանք ալան-թալան են անում, սրանք էլ դամ են քաշում: Փոխանակ ժողովրդի կողքին կանգնեն:
-Մի ձեռքով կառուցում, մյուսով քանդում են: Փակ շուկայի մասին անվերջ խոսվում է, իսկ արդյունքը զրոյական է: ՈՒ սա միակ օրինակը չէ: Օրը ցերեկով քանդում-կառուցում են, վերևներում ասում են` մենք տեղյալ չենք: Ինչպե՞ս կբնորոշեք մեր քաղաքի այս խճանկարը:
-Մարդու հավատը, խիղճը գնալով դառնում է շահը, ոչ միայն սովորական շահը, այլև շահնշահը: Իսկ որտեղ շահն է խոսում, այնտեղ մոռանում են և՛ ճարտապետական հուշարձանները, և՛ պատմական անցյալը, և՛ նախնիների ժառանգած սրբությունները: Արժեքները ոտնատակ են տալիս, որովհետև նրանք առաջնորդվում են իրենց միակ թագավորով` շահնշահով:
-Ձեր գործերում մեզ ծանոթ իրականությունն ենք տեսնում, իրական կերպարների: Գրականությունը պետք է արտացոլի իրականությո՞ւնը, թե՞ օգնի փոքր-ինչ կտրվելու ժամանակից ու առօրյա հոգսերից: Ի՞նչ խնդիր է լուծում գրողը:
-Ես չեմ կարողանում ստել ո՛չ կյանքում, ո՛չ գեղարվեստում: Երանի՜ այն գրողին, ում գրականությունը քաղաքականացված չէ: Ո՜չ երանի ինձ, որովհետև իմ գրականությունը քաղաքականացված է: Դա լավ օրից չէ, կյանքը քաղաքականացված է, ես ակամա տուրք եմ տալիս կյանքին: Դա իմ հոգու արտացոլանքն է:
Հովհաննես Մելքոնյանն ինձ ասում էր` Լևոն, գրականությունն ընդհանրապես ստի վրա է հենված, ես էլ եմ մեկ-մեկ ստում, իսկ դու միջից սուտը հանում ես: Դա ինքնաբերաբեր է լինում, ես ընտրում եմ իմ հոգևոր հագուստը, ինչը ամենևին էլ չի նշանակում, թե լավ գրականությունը պիտի անկեղծ լինի: Դժբախտաբար, կան մարդիկ, որ այդպիսին չեն ու այդ զգեստն արհեստականորեն իրենց վրա են հարմարեցնում:
Հետո էլ, գրողի տեղն ու դերը կյանքում, հասարակական-քաղաքական գործունեության մեջ ճիշտ չեն բաշխվում: Թվում է, գրողն այն մարդն է, որ իր ուսերին պիտի պահի կյանքի ողջ ծանրությունը, ժողովրդին ճանապարհ տա, մարգարե լինի և այլն: Ժամանակին Թումանյանը, Րաֆֆին այդ դերը ստանձնել են, որովհետև պետություն չենք ունեցել, իսկ հիմա կան մարդիկ, որ դրա համար աշխատավարձ են ստանում: Թող աշխատեն: Գրողի դերը, իմ կարծիքով, այն է, որ մարդկանց համար ստեղծագործություններ գրի, որ մարդու պարապությունը զարդարի, այնպես, ինչպես Բեթհովենն է զարդարել, Մոցարտը, Տոլստոյը: Հիմա սերիալներն են ազատ ժամանակը լցնում, այն ժամանակ Տոլստոյն ու Դոստոևսկին էին այդ դերը խաղում: Մարդկանց պարապությունը լցվում էր, դեռ մի բան էլ հոգևոր վերելք էին ապրում: Բայց հիմա սերիալով ո՞ւր պիտի գնաս:
Գրելն ինձ համար պարապ ժամանակի խաղալիք է, ես կոչված եմ իմ ընթերցողի պարապը լցնելու և մեծ նկրտումներ չեմ տեսնում` որպես գրողի, բայց եթե կամա-ակամա մի բան տալիս եմ նրանց հոգևոր գանձարանին, ուրեմն… ապրի Լևոնը:
-«Մեր սրճարանում այս էլ քանի տարի հաշտ ու խաղաղ ապրում է կյանքը` միտքն ու խոսքը, լուրջն ու անլուրջը, գիտունն ու անգետը, իմանալին ու անիմանալին… չգտնելով, սակայն, իրենց տեղը, կշիռն ու զորությունը լայն ու ընդարձակ աշխարհում»: «Տիեզերքի հաշվապահը» պատմվածքից են այս տողերը: Խոսքը «Վերնիսաժ» կոչվող սրճարանի մասին է, որ արվեստագետների յուրատեսակ հավաքատեղի է: Պարոն Ջավախյան, Ձեր պատմվածքի փոքրիկ սրճարանում ապրում է կյանքը, իսկ հակառակ զգացողություն չե՞ք ունենում, որ կաթվածահար է եղել կյանքը քաղաքում:
-Մի քանի նման սրճարաններ են եղել, որ, այսպես կոչված, ազատության, չնվաճված տարածքներ էին` «Պապլավոկը», «Սկվազնյաչոկը», «Դիմակը»: «Վերնիսաժի» տերը Կետիկյանն է, մի լավ տղա, ազատամարտիկ, որ մտավորականներին տեսնելիս ուրախանում է և այնքան էլ չի տխրում, որ նրանց ձեռքի փողը քիչ է: Հիմա այնտեղ են հավաքվում:
Ինչ վերաբերում է Ձեր ասածին, ո՞նց չեմ զգում: Մեկ էլ տեսնում ես` մարդը մերկանում է իր հարազատներից, իր մտերիմներից ու դեպի միայնություն է գնում: Հոռետեսության այդ պահերին մտածում եմ` «Ես ես չեմ, ես կրիա եմ», ինքս իմ մեջ եմ քաշվում: Դուրսն ինչ ուզում է լինի, ես ինձ զրահով պաշտպանում եմ, ներփակվում եմ միայնության մեջ, որ կարողանամ տանել այդ ամենը: Ես մի մարդ եմ, որ ինքս ինձ չեմ հերիքել, անընդհատ մարդ եմ փնտրել, մարդաշատ տեղեր եմ գնացել` «Դեպի լայն հրապարակներն ու կրկեսները բաց», բայց հիմա դարձ է կատարվում ինքս դեպի իմ ներսը: Կյանքի թշվառությունը, շրջապատի դավաճանությունն այնքան են ճնշում, որ ակամայից պատսպարվում եմ զրահի մեջ: Հետո էլ կրիայի նման գլուխս հանում եմ` նայելու, ապրելու, մեկ-մեկ էլ գրելու համար:
-Ինչ կասեք հետընտրական զարգացումների մասին. ավելի շատ` հոգո՞ւ, թե՞ հացի սով է սպասում մեր ժողովրդին:
-Նախագահական ընտրության ժամանակ ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, դեռ հարցազրույցի ժամանակ ասացի` ինչքան էլ ինձ ասեն` 30 արծաթով ծախվեցի, այնուամենայնիվ, ձայնս տալիս եմ իրեն: Չեմ համարում, թե մեծ սխալ եմ արել, իրավիճակն այնպես էր, որ մտածում էի` ինձ մեկ սուտն ավելի է հերիք, քան մի քանի ստերը: Ընդդիմությունից հիասթափված` ես իմ ձայնը տվեցի Սերժ Սարգսյանին, գնահատելով նրա անցած ուղին, փորձը, հաշվի առնելով նաև այն, որ պետությունը, ժողովուրդը, ի վերջո, որբի գլուխ չէ, որ ով ուզի վրան դալլաքություն սովորի: Հիմա ուզում եմ դառը խոսքեր ասել: Ոչ ոք չէր սպասում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 500 հազար ձայն կտանի, դա «մեսիջ» էր, որ հասարակության մեջ կուտակվել են հարցեր, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Բայց այդ «մեսիջին» Սերժ Սարգսյանն ականջալուր չեղավ, դեռ ավելին` մի նոր մշակույթ ձևավորվեց. ձայները փողով են գնում:
Ժամանակին ճիզվիտները մարդկանց ինդուլգենցիա էին վաճառում` իբրև մեղքերի թողության վկայագիր: Հիմա հակառակն է, ձայն են առնում, նոր մեղք գործում:
Սա սարսափելի է: Ժողովրդին դեգրադացնում են, փչացնում:
Ես մտածում էի, որ ընտրությունից հետո ծրագրային փոփոխություններ կլինեն: Բայց ի՞նչ ստացվեց, պարզվեց, որ այս երկրի զարգացմանը խանգարում էր միայն սպորտի և երիտասարդության նախարարը: «Հարկային հանրապետությունը» շարունակում է լինել այնպիսին, ինչպիսին կա: Ամբողջովին քերում են ժողովրդի միսն ու արյունը, արդեն փղոսկրի սպիտակությամբ ոսկրին են հասել, էլ քերելու բան չկա, անընդհատ հարկեր, հարկեր: Էլ չեմ ասում` խորամանկ աղվեսի նման սպասեցին հենց ընտրությունը վերջացավ, նոր համարձակվեցին ասել գազի գինը բարձրանում է, և ոչ միայն գազի:
Գիտե՞ք, վերնիսաժում եմ աշխատում, մի երիտասարդ կա, ասում է` իմ մասին հոդված գրի, որ ինձ վտարեն այս երկրից, ուշքն ու միտքը այս երկրից գնալն է: Հետո մնում-մնում ասում է` ոչ, սա Ռիո դը Ժանեյրո չէ, այսինքն` երազանքների երկիրն ու քաղաքը չեն: Մեկն էլ կողքից ասում է` սա իսկի Երևանը չէ, ուր մնաց Ռիո դը Ժանեյրո լինի: Մեկ ուրիշն էլ ասում է` ի՞նչ Երևան, սա իսկական Համզաչիման է, Բոզի գեղ:
Մեր երկիրը, մեր քաղաքը, մեր հրաշք աշխարհը ինչ են դարձրել: Թող սթափվեն, փոփոխություններ անեն, որ այս երկրի, ժողովրդի վրա ինչ բարդվել է` թոթափվի, թե չէ էս պետությունից միայն սփյուռքի նախարարությունն է մնալու:
Թերթում կարդում եմ ու սարսափում, մարդիկ ոտքով են գնում երկրից: Ես չեմ գնալու, ես սխալ եմ համարում գնալը: Ո՞Ւմ եք թողնում երկիրը:
-«Եթե պարտվենք այդ պատերազմում, ապա պիտի կռվենք ապրելու համար, միայն ապրելու համար»: Ձեր այս խոսքերը ինչպե՞ս կբացատրեք:
-Իմ կարծիքով` մարդու կյանքն Աստծու տված պարգևն է: Կարող էիր չծնվել, չէ՞, եթե ծնվել ու ապրում ես, դա արդեն իսկ երջանկություն է: Բայց պետությունը պետք է ամեն կերպ ապահովի այդ կյանքը, քեզ պաշտպանի նրանցից, ովքեր խաթարում են այդ կյանքը: Բայց դուրս է գալիս այնպես, ինչպես լինում է. ոչ թե օգնում են, այլ հենց իրենք են խաթարում կյանքդ:
Ես կյանքն իմ պատմվածքներից մեկում համեմատում եմ մի բաժակ ջրի հետ, որը, սակայն, չեմ համարձակվում միանգամից խմել-պարպել: Այդպես օլիգարխներն են անում, ես կում-կում եմ խմում, որ մանրամասն ապրեմ, վայելեմ այդ կյանքը: Իշխանավորները թող հարամ չանեն այդ կյանքը, թող այդ մի բաժակ ջրի մեջ նամարդություն չխառնեն:
-Ի՞նչ կասեք Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Բանաստեղծ Աշոտ Խաչատրյանը (հիմա Մոսկվայում է ապրում) իմ վերջին գիրքը կարդացել էր, հավանել ու ասաց` Լևոն, դու ամեն ինչ արել ես որպես գրող երևելի լինելու համար, քեզ մնում է արձակ մեծ գործ գրել, դու գնդակը դրել ես 11-ի վրա, ընդամենը պիտի գաս այդ 11- մետրանոցից հարվածես ու քո գոլը ազդարարես: Այն ժամանակ` 5-6 տարի առաջ, պատրաստ չէի: Իմ տղան 10 տարի անընդմեջ Հայաստանի չեմպիոն է եղել, աշխարհի արագավազ հայն է եղել 100 մետր վազքից: Ինձ թվում էր, իմ տեղն էլ, որպես գրողի, կարճ տարածությունն է` նովելներ, կարճ պատմվածքներ գրելը: Բայց ուժ գտա, արդեն իսկ մի ընդարձակ գործ եմ գրում: Ինձ թվում է, ես կխփեմ կյանքում իմ գոլը:

Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ