Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ապրիլի 7-ն ինքնին սիմվոլիկ է որպես Ավետման օր

Ապրիլի 7-ն ինքնին սիմվոլիկ է  որպես Ավետման օր
10.04.2012 | 00:00

ՄԵՆՔ` ԼՈՒՅՍԻ ՊԵՍ...

Որ քարոզարշավներում որպես քաղտեխնոլոգիա կիրառվել են նաև տրանսային փոխկապակցությունները, հարցրեք նեյրոլինգվիստիկ-հոգեխանգարիչ ՀԱԿ-ին:

2012 թիվը բեկումնային է փոփոխվող աշխարհի, փոփոխվող հարցերի առումով: Այդ թվից տիեզերքում գիտակցությունը վերածվում է ենթագիտակցության` սիմվոլիկան դարձնելով խաղի միակ թելադրիչ:

Հլը նայեք. անցած տարի Զատիկն ու Եղեռնի օրը հայոց մեջ «կպան» իրար: Էս անգամ Ավետման օրը, Զատիկը և, այո՜, քարոզարշավի մեկնարկը «կպան» իրար:

Հարկավորը պետք է մատուցել ՕԵԿ-ի «քրմերին»` այդ օրը «որսալու», կուսակցությունն ու հանրությանը ոտքի հանելու, սիմվոլիկ այդ ընթացքը «սեփականացնելու», սույն էներգետիկան ՕԵԿ-ի ակտիվում գրանցելու համար: Եվ այն էլ այնպիսի նուրբ քաղտեխնոլոգիայով, ինչպիսին միտինգն է: Չմոռանանք` միտինգը գիտակցության վերակազմակերպման ամենանուրբ «շտեմարանն» է, որով հանրության ենթագիտակցությունում թողնվում է քսանհինգերորդ կադրը, ինչն էլ անտեսանելի աշխատում է ողջ քարոզարշավի ընթացքում:

Չնայած առաջին հայացքից թվում էր` մի քիչ խելագարություն է այդ օրով «երևալ» ընտրողին: Հետո էլ` միտինգավոր ժողովուրդ «հավաքելն» այդ օրով կրկնակի «դըժար» է: Բայց ասելիք կար, ընդ որում, նույնքան սիմվոլիկ, նույնքան մեխային (գաղտնիք չէ` ով առաջինը ինֆորմացիան սփռեց, շահողն ինքն է լինում):

«Օրինացը» «սփռեց» միտինգում. «ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է. մենք չենք մասնակցել ո՛չ արյան, ո՛չ թալանի, ո՛չ կողոպուտի. սա չենք ասում այլոց մասին. ասում ենք մեր մասին»:

Հասկացա՞ք: Թե՞ փակագծերը բացենք: Շատ կարճ. սիմվոլիկ առումով ընտրողի ենթագիտակցության մեջ «աշխատելու» են բոլոր այն պատկերները, որոնք եզրութավորվել են քարոզարշավի նախաշեմին, որոնք կապ ունեն ինչպես լույսի, այնպես էլ «մնացածի» հետ. արյա՞ն (27-ի՞, թե՞ մարտի 1-ի), թալանի՞ էլ (այն «ո՞վ նայեց լիսածակից»` Օսկանյանին շատ մտերիմ, որի մասին ասվում է` չորս միլիարդ դոլար «տնտեսական աճ» ունի սեփական գրպանում` Հայաստանից «վերցված», Տանզանիաներում մսխվող):

Կողոպո՞ւտն էլ հիշեցիք: Եվ ուրեմն`

«ՓՈՂՈՎ ԳՆՎԱԾ ՔՎԵՆ ԿՈՐԱԾ Է»

Այսպիսով, ՕԵԿ-ի քարոզարշավը մեկնարկեց: Արդեն իսկ հասկանալի է` այն կրելու է «նոն ստոպ» ռեժիմ: Դաշտը վերցնելու այս մարտավարությունն ՕԵԿ-ը գրեթե միշտ է կիրառել, ու դա թերևս, նրա հաղթանակների առաջին գրավականն է: Սիմվոլիկ անտեսանելի և տեսանելի պասաժները գումարած: Նոր պասաժի բավականին հետաքրքիր կիրառումն ՕԵԿ-ի 2012-ի «մուտքում»` քարոզարշավն ու ծրագրի պրեզենտացիան սկսել աղոթքով:

Սա ինքնին հետաքրքիր է վերջերս եվրոպական ընտանիքին անդամակցած ՕԵԿ-ի պարագայում ոչ միայն ազգային արմատներին վերադառնալու, այլև համամարդկային մշակութաբանության տեսանկյունից:

Բայց հերթով: Այսպիսով, ՕԵԿ-ի միտինգը կայացավ: Խիստ բազմամարդ միտինգում բավականին հետաքրքիր ֆորմատ էր կիրառվել. հարթակում էր կուսակցության համամասնական ցուցակի ողջ «անձնակազմը». նրանց տրված էր մեկ նախադասությամբ վիբրացնելու «ամենազավետնին», ինչն էլ իր հերթին բնութագրում էր «համամասնվածների» ազդեցության դիապազոնը:

Արթուր Բաղդասարյանը եկավ և ասաց. «ՕԵԿ-ը հաղթելու է. ես ողջունում եմ այստեղ հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր միացել են մեզ, մեր տեսակին, մեր պայքարին: Մենք ուզում ենք, որ գալիք ընտրություններում հաղթի արդարությունը: ՕԵԿ-ի թիկունքում շուրջ 200 մայր օրենք կա հեղինակած, և առաջիկա քարոզչական ժամանակահատվածում մենք ներկայացնելու ենք մեր կատարած այդ բոլոր աշխատանքները»:

Հեղինե Բիշարյանն իր ամպլուայի մեջ էր. նա շնորհավորեց բոլոր կանանց` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ և ասաց. «Կուսակցության շարքերում բազմահազար կանայք կան, ովքեր հավատում են ՕԵԿ-ին: Մենք պետք է աջակցենք ՕԵԿ-ին, որպեսզի ազատամարտիկ մայրը չմտահոգվի իր զավակի անվտանգության մասին, որպեսզի թոշակառու պապիկը չմտածի իր թոռնիկների ապագայի մասին»:

Հարթակին կանգնած սև ակնոցներով Արմեն Երիցյանն ուղղակի հմայիչ էր` մի ուրիշ ձև. նա ՕԵԿ-ում բացվում է բոլորովին այլ իմիջով (հանաք բան չէ, ՕԵԿ-ում մարդուն վստահել են Կոտայքի մարզը, իսկ Կոտայքի մարզը «նուրբ» գործ է ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ «ապրում» է նրա երբեմնի ենթակա օպերլիազորներից մեկը, այլև որ Վովա Գասպար-յանը հզոր «մախով» Կոտայքը միացնում է Հայաստան աշխարհին):

Իսկ գյուղնախարար Սերգեյ Կարապետյանի ուղղակի մանկական անմիջականությունը գերող է մշտապես. սիրելի ու զգայական, հետևողական իր օրթոդոքսությամբ` հողը, ծառերը, ինչպես նաև մեզ` ամենամեղսունակ խավին` լրագրողներիս, օրհնել տալու:

Իսկ մեր գործընկեր Դավիթ Կարապետյանի հետ, որպես ընտրող (օրհնվելուց հետո) համաձայն ենք բոլոր առումներով. «Էս երկրի թիվ մեկ խնդիրը զարգացում ապահովելն է. քաղաքական համակարգում հարկավոր է սերնդափոխություն, որպեսզի ասպարեզ գան երիտասարդներ, ովքեր կկարողանան պատասխանատվություն կրել էս երկրի համար»:

Կարծում եք` մոռացա՞նք փողի ու գնված քվեի մասին: Չհավատա՛ք: Ապրիլի ութին «Արմենիա-Մարիոթում» էլ տեղի ունեցավ ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի պրեզենտացիան, ուր գնված քվեի մասին կոդավորումն ունեցավ հետևյալ շարունակությունը` փող չունենալն ամենևին չի նշանակում, որ մարդ այս հայրենիքում անելիք չունի:

Այդ փողը հայրենիք չունի, իսկ ՕԵԿ-ը հայրենիք է կերտում` օրենքի երկիր, ուր չեն լինելու օլիգարխներ, թալանչիներ, կողոպտիչներ:

«Երկու անգամ անցել եմ ամբողջ երկրով, այս ծրագիրն այն հիմքն է, որով հնարավոր է լուծել այն մտահոգությունները, որոնք ունի մեր ժողովուրդը,- ասաց Արթուր Բաղդասարյանը` ներկայացնելով ՕԵԿ-ի ծրագրի «նոու-հաուները»` գրեթե բոլոր ոլորտներին առնչվող։- Բարեփոխումները հիմնականում սոցիալական ուղղվածության են լինելու. 25 տարով վարկերի տրամադրում, ավանդների շարունակվող վերադարձ, ընդունելության քննությունների և ստուգարքների վերացում, անվճար կրթության ծավալների մեծացում, մինչև 12 տարեկանների անվճար բուժօգնություն, արդարադատության տների ստեղծում, օրենսդրության ապաքրեականացում, որովհետև` «Բանտից բացի, կան այլ պատժի ձևեր ևս»:

Չէ, մենք հո չե՞նք ասում` այս մտքերում նույնպես շատ լուրջ սիմվոլիկա ու կոդեր կան: Հը՛-ը:

Ծրագիրն էինք ներկայացնում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ