Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քիչ բանով կարելի է զարմացնել արքայազն Չառլզին. երիտասարդական նվագախումբը դրանցից մեկն է

Քիչ բանով կարելի է զարմացնել արքայազն Չառլզին. երիտասարդական նվագախումբը դրանցից մեկն է
03.06.2013 | 18:07

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ։
-Պարոն Սմբատյան, երիտասարդական նվագախումբը՝ Ձեր ղեկավարությամբ, մայիսի 29-ին հանդես եկավ համերգային ծրագրով, որին ներկա էր ՈՒելսի արքայազն Չառլզը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ հենց երիտասարդական նվագախումբն ընտրվեց այդ պատասխանատու համերգին ելույթ ունենալու համար։
-Նախ՝ կազմակերպիչները, առաջարկելով ելույթ ունենալ արքայազնի առջև, տեղյակ էին երիտասարդական նվագախմբի որակին։ Ընտրությունը կանգ չէր առնի երիտասարդական նվագախմբի վրա, եթե այն չհամապատասխաներ պահանջվող բարձր մակարդակին։ Բացի այդ, արքայազնն ինքն ասաց, որ շատ տպավորված էր համերգով և երիտասարդ երաժիշտների պրոֆեսիոնալիզմով։ Մենք ներկայացանք բազմաժանր ձևաչափով, ինչը նկատել էր նաև արքայազնը և բարձր գնահատել։ Արքայազնը եկել էր հարուստ պատմություն, ավանդույթներ ունեցող երկիր, և հատկանշական է, որ հենց երիտասարդները հանդես եկան նրա առջև, ինչը խոսում է մեր երկրի ապագայի մասին։ Երբ նա իմացավ երիտասարդական նվագախմբի երաժիշտների միջին տարիքի մասին, խիստ զարմացավ։ ՈՒզում եմ նշել նաև համերգին ելույթ ունեցած մենակատարներին. մենք ունենք աշխարհահռչակ փայլուն մենակատարների կազմ, ովքեր նույնպես մեծ տպավորություն գործեցին արքայազնի վրա։
-Երիտասարդական նվագախումբն այսօր, թերևս, Հայաստանում ամենաակտիվ նվագախումբն է. նրա նվագակցությամբ են անցնում տեղական ամենապատասխանատու համերգները, երիտասարդականին է վստահվում նաև բարձրաստիճան հյուրերի առջև հանդես գալու պատիվը։ Բնականաբար, դա ծանր աշխատանքի արդյունք է։ Ըստ Ձեզ՝ դա հաղթանա՞կ է։
-Իհարկե, հաճելի է, ու կարելի է համարել հաղթանակ, երբ համերգից հետո ստանում ես բարձր արձագանքներ Հայաստանի լավագույն երաժիշտներից, երբ արքայազն Չառլզն է ասում, որ կցանկանար, որպեսզի Մեծ Բրիտանիայում էլ լիներ նման որակի երիտասարդական նվագախումբ։ Այն դեպքում, երբ Միացյալ Թագավորությունն ունի ֆենոմենալ բարձր մակարդակի նվագախմբեր։ Ինքը՝ արքայազն Չառլզը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի ու Լոնդոնի Philharmonia Orchestra-ի պատվավոր նախագահն է։ Եվ երբ նման մարդն է այդպիսի կարծիք հայտնում, նշանակում է՝ երիտասարդական նվագախումբն ընդունված է։ Այդ ամենն ինձ ներշնչում է ուժ, վստահություն, եռանդ՝ հետագա աշխատանքների ու հաղթանակների համար։ Մեզ համար մեծ պատիվ էր հանդես գալ արքայական ընտանիքի անդամի առջև, դա երիտասարդական նվագախմբի պատմության մեջ ամենակարևոր համերգներից մեկն էր։
-Ի դեպ, մեկ այլ պատասխանատու ծրագրի մասին։ Հունիսի 6-ին նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, նույն օրը մեկնարկում է նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Երիտասարդականը մրցույթի պաշտոնական նվագախումբն է։ Ի՞նչ սպասելիքներ ունեք Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթից։
-Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացմանը հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը, ով կնվագի Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը։ Ակնկալիքը նեղմասնագիտական է, բայց շատ կարևոր։ Աշխարհի տարբեր ծայրերից երաժիշտները գալիս են Հայաստան մրցելու՝ ընդունելով մեր օրենքները, կատարելով մեր կոմպոզիտորի գործերը։ Ես հպարտ եմ, և մենք բացճակատ կարող ենք ասել, որ մեր մրցույթն օբյեկտիվ է։ Այն ունի պրոֆեսիոնալ ժյուրի, հետաքրքիր ձևաչափ, մասնակիցների լայն աշխարհագրություն, ինչը խոսում է հայկական և համաշխարհային շուկայում նրա մեծ դերի մասին։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսօր կազմակերպվում է միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ։


Զրուցեց Անահիտ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2135

Մեկնաբանություններ