Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նրանց իրենց տեղը ցույց տալու ժամանակն է

Նրանց իրենց տեղը  ցույց տալու ժամանակն է
04.06.2013 | 01:20

Օլիգարխների թեման հայաստանյան իրականության ամենացավալի և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է: Բազմիցս ենք անդրադարձել այն հարցին, որ օլիգարխիկ հասարակությունը չի կարող զարգացող ապագա ունենալ, քանզի ձևավորվող կապիտալը հոսում է մի քանի մարդկանց և նրանց շրջապատի գրպանը` հասարակությանը զրկելով գործարար հարաբերությունները զարգացնելու և առողջ մրցակցություն ստեղծելու հնարավորությունից: Ֆինանսատնտեսական գործոնից բացի, հայկական օլիգարխիան վաղուց արդեն փչացնում է բարոյահոգեբանական մթնոլորտը` կուտակած կապիտալի միջոցով տիրանալով պետական ու քաղաքական պաշտոններին և գործելով օրենքի տառից ու տրամաբանությունից դուրս պայմաններում: Ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ օլիգարխիկ դասակարգը պետություն է պետության մեջ` իր ֆինանսական համակարգով, խաղի չգրված, բայց հստակ կանոններով ու հավակնություններով:
Հենց բարոյահոգեբանական պղտորված իրավիճակը, այլ կերպ ասած` գաղջ մթնոլորտը պատճառ է հանդիսանում բազմաթիվ արատավոր երևույթների, ինչի հետևանքով էլ կաղում են հասարակության զարգացումը, տնտեսական աճն ու ավելանում արտագաղթի միտումները: Ի դեպ, արտագաղթի տրամադրություններ ունեցող զանգվածի մեջ գործում է պարզ հոգեբանություն, այն է` «ես երբեք չեմ կարող արդար կամ անարդար քրտինքով ձեռք բերել այն, ինչին տիրացել է արտոնյալ խավը` օլիգարխիան, ուստի ավելի լավ է արտագաղթեմ և նոր կյանք կառուցեմ այլ երկրներում, որտեղի բիրդան աղաները աչքիս առաջ չեն հարստացել»: Ինչպես ասում են` ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան մեզ թվում է առաջին հայացքից, և հենց այս հոգեբանությունն է ստիպում բազմաթիվ քաղաքացիների բռնելու արտագաղթի ճանապարհը: Բացի դրանից, օլիգարխների ներկայիս կարգավիճակի պահպանման դեպքում դժվար է տնտեսության զարգացում ապահովել: Այս ոլորտում մթնոլորտը ևս «գաղջվում է», քանզի գործարարությամբ զբաղվելու հավակնություններ ունեցողներից շատերը նույնիսկ չեն էլ սկսում գործը, քանզի համոզված են, որ չեն դիմանալու ամենակարող օլիգարխների հետ մրցակցությանը:
Անշուշտ, հայկական օլիգարխիայի մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն ժամանակն է օլիգարխներից ազատվելու, ավելի շուտ` նրանց իրենց տեղը ցույց տալու, ամենակարողությունից զրկելու և արդյունավետ ծրագրեր-քննարկումներ սկսելու: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ և որոշակիորեն կանխատեսել, թե ինչի կբերի օլիգարխների ներկայիս կարգավիճակի պահպանումը, որն է դրա վտանգը, և ինչպիսի առաջնային քայլեր պետք է ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Ստացվում է, որ օլիգարխիան, որը վաղուց արդեն վերածվել է դասակարգի, կարող է իր դիրքերը զիջել միայն «դասակարգային պայքարի» միջոցով, սակայն այս մոտեցումը լի է բազմաթիվ վտանգներով: Որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ օլիգարխների «կուլակաթափությունից» հետո առաջ չեն գալու նոր օլիգարխներ, եթե, իհարկե, հնարավոր չլինի խնդրին մոտենալ համակարգային լուծումների տրամաբանությամբ: Այստեղ մեծ է պետական ապարատի դերակատարությունը, քանզի պետությունն է հասարակական հարաբերությունները կարգավորող միակ գերագույն ինստիտուտը, և այդ լիազորությունները պետք է մեծացվեն ու հասարակության կողմից աջակցություն վայելեն: Հենց պետության ուսերին է ընկած լինելու օլիգարխների դեմ պայքարի գլխավոր ծանրությունը, և հենց պետությունն է լուծելու այս խնդիրը:

(շարունակելի)


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1307

Մեկնաբանություններ