Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայաստանը երբեք չի եղել ու չի լինելու այսամետ կամ այնամետ»

«Հայաստանը երբեք չի եղել ու  չի լինելու այսամետ կամ այնամետ»
04.06.2013 | 01:24

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

-Կառավարության ծրագիրն ընդունվեց, կյանքը շարունակվում է, ինչպե՞ս ենք ապրելու` առաջվա նմա՞ն:
-Կառավարության ծրագրի բուռն քննարկումը ԱԺ լիագումար նիստում անսպասելի չէր: Բնական է, որ բոլոր քաղաքական ուժերն էլ ասելիք ունեին, որովհետև հարցը շատ կարևոր էր: Պասիվ դիտորդի դերում հայտնվել կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշանակում է ընդհանրապես պասիվ դիտորդի դերում ապրել: Ընդդիմադիր խմբակցություններն ակտիվ մասնակցեցին քննարկմանը, անսպասելի ու զարմանալի չէր նրանց հնչեցրած քննադատությունը: Բայց խորհրդարանի դահլիճը բոլորովին միտինգի վայր չէ, խորհրդարանի դահլիճում միտինգներ անելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Խորհրդարանում պետք է լինի առողջ և շահագրգիռ քննարկում: Բարեբախտաբար, մեր ընդդիմադիր մի քանի գործընկերներ հենց այդպիսի քննարկում էին առաջարկում և անում էին գործնական առաջարկներ: Ի պատիվ կառավարության` նշեմ` տրամաբանական բոլոր առաջարկներն ընդունեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև եթե կառավարության ծրագիրը չհաջողվի, դա կլինի ոչ միայն իշխանության, այլև հասարակության պարտությունը, որովհետև այս ծրագրից է կախված, թե հետագա հինգ տարիներին ինչ զարգացում ենք ունենալու:
-Եվ ի՞նչ զարգացում ենք ունենալու` թվերի՞, թե՞ իրականության մեջ:
-Ես կարծում եմ` կառավարության ծրագիրը իրատեսական է ու գործելու է իրականության մեջ, ներառելով բոլոր հիմնական խնդիրները, որոնք հուզում են մեզնից յուրաքանչյուրին: Կառավարությունը հանրապետության նախագահի հրահանգը կատարելով և նրա նախընտրական խոստմանը հավատարիմ` հանձն է առել 100000 աշխատատեղ ստեղծել` այնպիսի աշխատավարձով, որ մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել, ոչ թե գոյատևել: Հունիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի ոչ թե 35000 դրամ, այլ` 45000, սա նույնպես պետք է գնահատել: Աստիճանաբար կլինեն նոր բարձրացումներ ևս:
-Կարծում եք, որ 10000 դրամը գնաճի պայմաններում հարցի լուծո՞ւմ է:
-Բոլորովին չեմ կարծում, որ դա բավական է, բայց համոզված եմ, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում մենք քայլ առ քայլ ավելի կբարձրացնենք նվազագույն աշխատավարձը: Ցավոք, արտագաղթը դեռ շարունակվում է, մարդիկ գնում են` և սոցիալ-տնտեսական, և բարոյահոգեբանական հիմքեր ունենալով: Կա և աշխատատեղերի պակաս, և ստացած աշխատավարձի չհերիքելու խնդիր, կա և այն խաբուսիկ պատկերացումը, թե այնտեղ, որտեղ մենք չկանք, կյանքը լավ է: Սա ամենացավոտ խնդիրն է բոլորիս համար: Մի դիտարկում ունեմ, որ գուցե վիճելի է: Երկու տարուց լրանում է Ցեղասպանության 100-ամյակը: Ցեղասպանությունից 100 տարի հեռու լինելով` մենք չպիտի մոռանանք, որ 100 տարի առաջ ենք սկսել սփռվել աշխարհով մեկ: 100 տարի առաջ մարդիկ հեռանում էին իրենց ծննդավայրից, որպեսզի փրկվեն մահից, չմոռանանք մեր միլիոնավոր հայրենակիցների անմեղ արյունը, չմոռանանք, որ արյուն հեղվել է ոչ միայն 1915 թվականին, այլև 1915-ից առաջ ու հետո: Այսօր հաճախ եմ լսում, թե մենք գաղթականի հոգեբանություն ունենք: Առաջին հայացքից` շատ վիրավորական է, բայց երբ ինքդ քեզ հետ մենակ ես մնում, զգում ես, որ այդ իրողության մեջ ճշմարտության ցավալի հատիկ կա: Բնավ այն կարծիքին չեմ, թե այսօր ամեն ինչ իդեալական է և մարդիկ դա չեն տեսնում: Ամեն ինչ իդեալական չէ, և այսօր իշխանությունը շատ լուրջ անելիք ունի, բայց նաև հույս ունեմ, որ մարդիկ իրենց առօրյայում արագ կտեսնեն արվածի արդյունքը և այլևս չեն հեռանա: Սա շատ մտահոգիչ խնդիր է: Եվ նախագահի նախընտրական ծրագրի, և կառավարության ծրագրի կատարմամբ, հուսով եմ` նաև մեծ ու փոքր բոլոր պաշտոնյաների աշխատանքով պիտի այդ պահը մոտեցնենք: Պահը, երբ մարդիկ այլևս հայրենիքից չեն հեռանա, երբ կհավատան իրենց վաղվա օրվան ու չեն գնա այնտեղ, որտեղ իրենք չկան, ու որտեղ կյանքը թվում է ավելի լավը:
-Ընտրություններից առաջ ու հետո քաղաքական դաշտը սովորաբար վերադասավորվում է: Ձեր կարծիքով` վերադասավորումն առկա՞ փաստ է, թե՞ հեռանկար է:
-Ամեն ինչ շարժման մեջ է` և բնության մեջ, և հասարակության, ոչինչ հավերժական չէ, ու ոչինչ անշարժ չէ: Քաղաքականության մեջ` առաջին հերթին: Ես կարծում եմ, որ մենք դեռ նոր զարգացումներ կունենանք: Եվ լավ է, որ կունենանք, որովհետև մշտապես անփոփոխ վիճակները գիտեք` ինչ են նշանակում և ուր են տանում: Հուսով եմ, որ ի վերջո կունենանք ուժեղ ընդդիմություն, որ չունեինք երեկ ու այսօր չունենք: Ընդդիմություն լինելը բոլորովին այն չէ, երբ ավելի բարձր ես բղավում, ավելի հուզիչ ու պաթետիկ ես խոսում, ավելի շատ ես խոսքդ համեմում հայհոյախառն արտահայտություններով: Ընդդիմությունն այսօր ինքն իր մեջ շատ լուրջ խնդիրներ ունի: Ցավոք, այս դաշտում ամեն ինչ գերանձնավորված է, և ամեն գործողություն դիտարկվում է աբիժնիկի հոգեբանությամբ: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ դա շատ ակնհայտ էր, ուղղակի զավեշտ է, երբ ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը կապույտ եզրաշերտով ափսեի վրա պետք է տրվի իրեն: Որևէ իշխանություն որևէ երկրում երբևէ ինքնակամ չի հանձնել իր իշխանությունը, դա անտրամաբանական է, իշխանությունն ընտրությունների արդյունքում` ժողովրդի վստահության քվեն ստանալով կամ կարողանում են, կամ չեն կարողանում վերցնել: Եթե չեն կարողանում, բոլորովին չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դիտարկել սևի ու սպիտակի տրամաբանության մեջ, իբր` իշխանություն վերցնել չկարողացածները ճիշտ են ու սպիտակ են, իշխանությունը չտվածները սև են և սխալ: Բոլորովին այդպես չէ: Քանի դեռ մեր քաղաքական ուժերի մտածողության մեջ այս բանաձևը գործում է` մենք ուզում ենք վերցնել, դուք իշխանությունը մեզ չեք տալիս, ոչինչ չի փոխվելու:
-Ցանկացած կուսակցության կայացման համար, բացի գաղափարներից, պետք են ֆինանսներ` տարածքային կառույցների ձևավորման ու գործունեության, սեփական ծրագրերի ու նպատակների հայտնիացման, այդ ծրագրերի կատարման քայլերի ձեռնարկման համար: Չե՞ք կարծում, որ բազմակուսակցական համակարգի կայացման, ուժեղ ընդդիմության, որի կարիքն այդքան զգում է իշխանությունը, ձևավորման համար այդ խնդիրը պետք է լուծվի:
-Գործող օրենքները լրամշակման կարիք են ունենում պարբերաբար, որովհետև կյանքը փոխվում է, ու նոր պահանջներ են առաջադրվում, այդ թվում նաև` կուսակցությունների մասին օրենքը: Համաձայն եմ նաև, որ շատ դեպքերում ֆինանսները բազում հարցեր են լուծում, բայց բոլորովին համաձայն չեմ, որ բազմակուսակցական համակարգի չկայացման պատճառը հենց ֆինանսական է: Պատճառները շատ ավելի խորքային են: Մենք այսօր ունենք, ինչ ունենք և պետք է իրատեսորեն գնահատենք իրավիճակը ու վերջ տանք այն ապարդյուն հռետորաբանությանը, որ մեր չունեցածի պատճառն ուրիշի ունեցածն է: Մեզ հեղափոխություն է պետք նախ և առաջ մեր գիտակցության մեջ, քանի դեռ մեր գլուխներում հեղափոխություն չի եղել, ոչինչ էլ չի փոխվելու:
-Անցյալ շաբաթ Հայաստանը իր հերթական տոներից մեկն էր նշում: Ձեր կարծիքով` պետական տոնացույցում նշված օրերի բուն գիտակցությունն ունե՞նք, թե՞ իներցիան է գործում:
-Հուսով եմ` ունենք: Հակառակ դեպքում` շատ տխուր կլինի: Կոնկրետ Առաջին հանրապետության օրը այն տոնն է, որ սեպտեմբերի 21-ի հետ մեր տոների տոնը պիտի լինի: Ի վերջո` այսօրվա հանրապետությունը առաջին հանրապետության արգասիքն է: Իսկ պետական տոնացույցի օրերի գիտակցությունը մասն է մեր ընդհանրական գիտակցության, ընդհանրական պատկերացումների ու ցանկությունների: Այն, ինչ մենք տոնում ենք կամ չենք տոնում, մասն է մեր ազգային անձնագրի, մեր ազգային նույնականացման, նաև հեռանկարի: Որևէ ժողովրդի տոնացույց նրա ինքնակենսագրությունն է` հավելած ինտեգրման մակարդակը միջազգային կյանքին:
-Ձեր գնահատականով` Հայաստանը, ի վերջո, եվրոպակա՞ն, թե՞ ռուսական կողմնորոշումն է ընտրելու:
-Եկեք դուրս գանք այդ կարծրատիպից` ռուսակա՞ն, թե՞ եվրոպական կողմնորոշում: Հայաստանն ընտրում է հայաստանյան կողմնորոշում` դուր է գալիս կամ դուր չի գալիս Ռուսաստանին կամ Եվրոպային: Հայաստանն ուժեղ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ հայաստանյան կողմնորոշում ունի: Որ օրը Հայաստանը նժարը թեքեց Ռուսաստանի կամ Եվրոպայի կողմը, պարտված է: Բարեբախտաբար, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր հենց այդ տրամաբանությամբ էլ առաջնորդվում է: Մեզնից լավ որևէ մեկը մեր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային խնդիրները չգիտի, մեզնից լավ ոչ մեկը մեր շահերը չգիտի: Ընդհանրապես այս կամ այն կողմին պետք չէ ռևերանսներ անել և պետք չէ բոլորովին, որ այս կամ այն կողմը գա այստեղ ու իր «խոսնակների» շուրթերով ինչ-որ մեսիջներ հաղորդի: Հայաստանի պետությունը, Հայաստանի իշխանությունը շատ լավ գիտի` որն է իր շահը, ինչպես պետք է առաջնորդվի այս վտանգավոր տարածաշրջանում ապրելու համար: Ես չեմ ասում` գոյատևել, որովհետև գոյատևելն արդեն մեր ճակատագիրը չէ, եթե մեր պատմության ինչ-որ հատվածներում հարկադրված ենք եղել գոյատևել, այսօր մենք զարգացման ճանապարհին ենք: Մեր կողմնորոշումը դա է` թող Եվրոպան ու Ռուսաստանն իրար հետ որոշեն, թե իրենց շահերը ինչպես համադրեն կամ հակադրեն, մենք չենք այդ վայրը: Մեր երկրի անվտանգությունը պարտադրում է նորմալ գործընկերային հարաբերություններ ունենալ և եվրոպական կառույցների ու պետությունների, և Ռուսաստանի հետ: Օրերս առիթ ունեցա կարդալու մի արտառոց «գուշակություն», որ եթե Հայաստանը չդավաճանի, Ղարաբաղին ոչինչ չի սպառնում: Առնվազն տարօրինակ էր դա լսել Ռուսաստանը ներկայացնող հայ քաղաքագետից: Ով-ով, բայց պատմությունը ցույց է տվել, որ Ղարաբաղի խնդրով միակ շահագրգիռն ու սրտացավը Հայաստանն է, որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ոտնահարել Ղարաբաղի շահը, անկախությունն ու ինքնորոշման իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` դուր գա, կամ չգա եվրոպամետներին ու ռուսամետներին: Եթե Հայաստանը չլիներ Ղարաբաղի կողքին, այսօր չէինք ունենա ինքնորոշված ԼՂՀ: Հայաստանի անկախության և Ղարաբաղի անվտանգության խնդիրները քննարկումից դուրս են և որևէ աշխարհաքաղաքական շահի ենթակա չեն: Հայաստանը երբեք չի եղել ու չի լինելու այսամետ ու այնամետ, Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և պարտավոր է լինել հայաստանամետ:
-Գլոբալացված աշխարհում որևէ պետություն չի կարող ինքնաբավ ապրել, առավել ևս Հայաստանը, որ իր տնտեսական վիճակից ելնելով արտաքին ներդրումների ու օգնության անհրաժեշտությունն ունի:
-Բնականաբար, մենք նորմալ գործընկերություն ունենք և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ, այսօրվա աշխարհի օրինաչափությունները, այսօրվա իրականությունը հաշվի չառնել չենք կարող, մենք ընդամենն ասում ենք` մենք հարգում ենք ձեզ, համագործակցում ենք, ձեր ռազմավարական գործընկերն ենք, եվրոպական արժեհամակարգի կրողն ենք, գնում ենք միջազգայնորեն ընդունված արժեհամակարգի ճանապարհով, բայց մեր ազգային շահը մեզ համար գերակա է, և դուք պարտավոր եք հարգել մեզ ու մեր գործընկերությունը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ