Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս

Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս
04.06.2013 | 01:26

Իրադրությունը գնալով ավելի է նմանվում նախորդ դարասկզբին: Տարածաշրջանը եռում է, ինչպես երբեք: Ընդ որում, խոսքը ոչ միայն Լիբանանում հայտնված իսրայելական ինքնաթիռներին, Սիրիայում «Հըզբոլլահի» ու պետական զորքերի համատեղ ակցիաներին, այլև Թուրքիայի կենտրոնում տեղի ունեցող «արաբական գարնանն» է վերաբերում, որի «ակունքների» մասին դեռ շատ բան հայտնի չէ: Իսկ հայտնի չէ, որովհետև շահառուներն անչափ շատ են` «Հըզբոլլահ», «Ալ Քաիդա», Սիրիա, Իրան, քրդեր, Իսրայել, ԱՄՆ, Ռուսաստան: Դասական իմաստով` Թուրքիան այն տարածքն է, ուր կարող են լավագույնս պայթել բոլոր դետոնատորները, օդ թռցնելով Թուրքիան, սակայն նույն նախորդ դարասկիզբը լավագույն դիդակտիկան է, որպեսզի բոլորին հասկանալի դառնա` ինչպես և ինչի շուրջ են պայմանավորվում կողմերը մեծ մարտից առաջ: Եվ` ում հաշվին:
Այս ամենում մեզ համար մի լավ բան կա: Մենք այս դարասկզբին ունենք պետություն: Փխրուն, թույլ, բոլորի կողմից քաշքշվող, այդ թվում և` ներքին «հայրենասերներից» ու «հաբռգածներից», այնուհանդերձ, պետականություն: Փոքր-ինչ ծիծաղելի կլինի «մորալ» կարդալը ազգային ընդհանուր մարմնի վրա և ասել` սա մեր վերջին շանսն է պետականությունը պահպանելու, գուրգուրելու, ամեն ինչ նրա զոհասեղանին դնելու. պրագմատիկ մոտեցումները դա բացառում են:
Մնում է երկու ելք: Աղոթք: Առաջին հերթին: Գրագետ հաշվարկ` երկրորդ:
Կարողանո՞ւմ են մեզանում դա անել: Ասենք անկեղծ. գոնե մինչև հիմա` գերան հարցերում` Ղարաբաղ, արտաքին քաղաքական վեկտորներ, կորուստներ չունենք: ՈՒրեմն` կարողանում են: Բայց «էքստրիմն» այլ ռեժիմ է թելադրում: «Էքստրիմը» կոնկրետ դեպքում Հայաստանի վեկտորալ կողմնորոշումն է. Սերժ Սարգսյանը չի գնում Պուտինի հետ հանդիպման, ասում-խոսում է ոչ ավելի, ոչ պակաս Չառլզի հետ: «Մի ժամ» հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը գնում է Մինսկ, «ասում-խոսում» Մեդվեդևի հետ, բա թե` հստակ է մեզանում Մաքսայինի «մոնենտը», պետք է տեխնիկական հարցերը դիտարկել: Ասել է` Մաքսայինի կողմ ենք մի ուրիշ ձև: Առաջին հայացքից: Բառածածկույթը հետ տանելով «հայտնաբերում» ենք.
ա¤ Նախ` կա հստակ դերաբաշխում հայաստանյան խաղացողների միջև: Սերժ Սարգսյանը, որն ավանդաբար Ռուսիո ջատագով, ռուսական շինելից հասկացող, վերջիններիցս ընդունված տեսակ է, փորձում է ծածկել արևմտյան վեկտորը: Ինչն էլ նրան հնարավորություն է տալիս ավելի անկաշկանդ լինելու երկուսի հարցում էլ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն էլ ավանդաբար համարվում է արևմտյան պասաժ, Իշտոյանին է հանդիպում, Ռայսին, Բայդենին, մի խումբ կոսմոնավտների, սրընթաց մխրճվել է ռուսական տարածք, որտեղ էլ ինքն է մանևրի ազատ դաշտ ապահովում:
Խոստովանանք. գրագետ է կառուցված: Որովհետև ամեն րոպե կարող են խաղն ու տեղերը փոխել, միմյանց ասածները վերաշարադրել, վերաձևակերպել. Սերժը` Տիգրանի, Տիգրանը` Սերժի, ու առաջ գնալ:
բ¤ Ըստ ամենայնի, ներքին շերտերում ևս կա պայմանավորվածություն` մաքսիմում Ռուսաստանի, մինիմում` Արևմուտքի հետ. Հայաստանը երկու գործընթացներին էլ ինտեգրվում է «step by step» կոնֆիգուրացիայով: Ասել է` փուլային տարբերակով: ԵՄ ասոցիացման պայմանագի՞ր. «փլիզ», նախաստորագրում ենք` ստորագրման մեծ հավատով: Մաքսային միությո՞ւն. «պրոշե», դիտորդ, հետո հավատում ենք, որ աբխազական երկաթուղին կբացվի, ատոմակայանը «կկառուցենք», մենք էլ սրընթաց կհայտնվենք ձեր գրկում… ներեցեք, մենք պատահաբար ձեր գրկո՞ւմ չենք` իրիկունից առավոտ, առավոտից մինչև ժամը յոթը… մի ժամ ենք էլի ԵՄ-ի հետ թրև գալիս:
Հետո… կերևա: Ըստ տարածաշրջանային դասավորության: ՈՒր, հավատանք, ոչ թե վառոդի տակառը կպայթի, այլ խաղացողները միմյանց հետ լեզու կգտնեն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ