Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վերահսկիչ պալատը գնալու է մինչև վերջ

Վերահսկիչ պալատը  գնալու է մինչև վերջ
04.06.2013 | 01:37

Բոլորն են նախանձով անցել դեպ Թիֆլիս տանող մայրուղով. «Հայաստանում նման ճանապարհներ չունենք։ Հույս կար, որ «Հյուսիս-Հարավն» այդ «մշակույթը» նաև Հայաստան կբերի: «Հյուսիս-Հարավը» ահռելի մեծ ներդրում է Հայաստանի համար: Հսկայական այդ ներդրմամբ Հայաստանը կդառնա ոչ միայն տրանզիտ «դրախտավայր», այլև ճանապարհաշինական մշակույթը մեզանում իր հետևից կտանի բոլոր մնացած մշակույթները»:
Սակայն, ինչպես հասկացանք ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի շաբաթ օրվա ասուլիսից, մեզանում, ինչպես միշտ, ուզել են լավ, ստացվել է ավելի վատ: Չնայած ՎՊ նախագահին լսելիս նույնիսկ կարծիք ձևավորվեց, որ չեն էլ ուզել լավ, այլ ուզել են վատ, որովհետև ՎՊ-ի` խախտումներ հայտնաբերելուց, տնօրենին գործից ազատելուց հետո անգամ վիճակը չի շտկվել: Էս էլ դեռ ոչինչ: Եթե կարելի է այդպես ասել. պարզվում է` ջրահեռացման փոխարեն ծրագիրը ջրագոյացում է «առաջացրել». համենայն դեպս ՎՊ-ն դա է արձանագրել:
Գլուխը քարը: Եթե կարելի է սա էլ այդպես ասել, որովհետև, ինչպես պարզվում է` մեզանում ոչ միայն «ինչպես միշտ» չեն ցանկանում նորմալ աշխատել, էլ ո՜ւր մնաց մշակույթ ձևավորել, որովհետև, դե` ճանապարհ է, իր համար, կա, մենք էլ սովոր ենք անհարմարությունների, դժվարության, գաղթի: Ճանապարհ է, և անվտանգությանը վերաբերում է այնքանով, որքանով, ու որ բյուջեին տված վնասներն այս պարագայում նույնպես «ջրափոսվում» են` մի ուրիշ կարգի, էդ էլ, մեղմ ասած, դեռ վերջը չէ: Քանզի բեթարի բեթարը կա. երբ տարրական անվտանգության կանոնները չեն ապահովվում: Ինչպես ներկայացրեց ՎՊ նախագահը, Աշտարակի կամուրջը կառուցվել է շիննորմերի բավականին «էքստրիմ» խախտումներով. օգտագործվել է անորակ բետոն, որն էլ հոսել է կողապատերից։
Սա արդեն Շվեյկ է: Շվեյկ, որին ոչ միայն ոչինչ չէին տալիս ուտելու, այլև օրը մի քանի անգամ հոգնա էին անում: Փաստորեն, մեզանում ոչ միայն պետբյուջեն են «լափում», այլև կամուրջներն են ոտ առնում, սահում: Կամ` դեռ կսահեն: Հետևանքների համար ո՞վ է պատասխանելու: Պատասխանատուները մնացած մահկանացուներիս հետ դեռ կհասցնեն մի քանի անգամ էլ անցնել սողացող ցեմենտի վրայով, մինչև մի գեղեցիկ օր կամուրջը փուլ կգա։
Իսկ մինչ այդ, ՎՊ-ն «Հյուսիս-Հարավի» առնչությամբ շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդի նիստում բավականին օպտիմալ որոշում է կայացրել. առաջարկել կառավարությանը միջոցներ ձեռնարկել մեկամսյա ժամկետում շտկելու իրավիճակը, իսկ եթե ոչ, լուծարել պայմանագիրը և հայտարարել նոր մրցույթ։
Նորմալ է, սպասենք:
Վերահսկիչ պալատը նաև առաջարկում է 19 տոկոսով կրճատել շինարարական նախահաշիվներում գործող տոկոսների չափը։ Արդյունքում այս տարվա համար նախատեսված 197 միլիարդ դրամից, ըստ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի, 35 մլրդ-ը կտնտեսվի։

Այս առաջարկը տարիուկես նախարարությունից նախարարություն է անցել ու կրկին Վերահսկիչ պալատ վերադարձել։ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ իրենք վճռական են տրամադրված փոփոխություններն անցկացնելու հարցում։
Կլինե՞ն փոփոխություններ, մասնավորապես գնումների «ցանցում»: «ՀՀ նախագահը հստակ գիտի, թե ինչ է կատարվում, բոլոր թվերը պարբերաբար տեղեկացվում են մեր, նաև այլ օղակների կողմից, ինչպես նաև ներկայացվում են գործող մեխանիզմները և կոռուպցիոն ռիսկերը։ Խնդիրը «ներկայացված» թվերը իրական շուկայական գներին մոտեցնելն է,- ասաց Իշխան Զաքարյանը։- Նախորդ տարիներին շատ աղաղակող բացահայտումներ ենք արել, շատ պարզ հասարակությանը տեղյակ ենք պահել տնտեսության մեջ եղած բոլոր արատավոր երևույթների մասին։ Համարձակ մտել ենք նաև այս դաշտ և համարձակ շտկելու ենք նաև այս դաշտը։ Այստեղ ևս առկա են ստվերային գումարներ, «ատկատներ» կոչված երևույթը, ինչը մենք կտրականապես մերժում ենք։ Վերահսկիչ պալատը գնալու է մինչև վերջ»:
Պայքար-պայքար մինչև վերջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ