Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պետք է անցկացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»

«Պետք է անցկացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ»
05.06.2013 | 13:04

Օրեր առաջ վիճաբանության հետևանքով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորված և ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանի դեպքը հիշեցրեց մեկ տարի առաջ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բժիշկ, սպա Վահե Ավետյանի սպանությունը: Ինչպես այն ժամանակ, այս օրերին էլ խոսվում է հնարավոր ներհամակարգային ճգնաժամի մասին:
Թեմայի շուրջ irates.am-ի հարցերին պատասխանում է ԱԱԾ նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության նախկին անդամ, գրող ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա ներկայացրեց հետևյալ առաջարկը:
-Խաղաղ պայմաններում, միջադեպի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել հրամանատար Արտակ Բուդաղյանը: Գորիսի դեպքը ցույց է տալիս, որ Սյունիքում նման մարզպետին պաշտոնում թողնելը հանցագործություն է: Իսկ բանակում ծագած խնդիրները լուծելու համար մենք կարող ենք գնալ տրորված արահետով: Պետք է ԱԱԾ-ում բացվի այն բաժինը, որը բանակում հետևում է ներքին անցուդարձին: Թեև կա հակահետախուզության բաժին, բայց այդ բաժինը լուծում է այլ խնդիրներ: Այդ բաժինը կլինի ԱԱԾ-ի ներքո և չի ենթարկվի պաշտպանության նախարարին:
-Իսկ ինչու՞ չպետք է ենթարկվի պաշտպանության նախարարին:
-Ես Սեյրան Օհանյանին շատ եմ քննադատել, բայց երբ այսօր նայում եմ ներկայիս կառավարության կազմին, Սեյրան Օհանյանը չի մտնում վատագույն եռյակի կամ տասնյակի մեջ: Նա ունի լավ կենսագրություն: Սակայն, որպեսզի ապահովագրված լինի մեր երիտասարդների կյանքը, չունենանք անմեղ զոհեր, պետք է թույլ տալ, որ ԱԱԾ-ն բանակում անցկացնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ:
-Իսկ ի՞նչ նկատի ունեք՝օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ասելով:
-Բանակում այդ միջոցառումները պետք է անցկացնել, որպեսզի կանխվեն սպանություններն ու բռնությունները: Իսկ դրա համար բանակը պետք է ձերբազատվի «գողականներից»:
-Երբեմն հնչում են պոպուլիստական կոչեր, որ պետք է բանակում կազմակերպել վերադասի ջարդ: Ի՞նչ կարող է այն տալ մեզ:
-Հիմա անցյալ դարի իննսունական թվականները չեն:Մենք ունենք սպաներ, որոնք ավարտել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանը: Կադրերի բանկն ապահովված է: Բացի հատուկ բաժին բացելուց, ես կարծում եմ, պետք է մտածենք նաև գաղափարական աշխատանքի մասին: Պետք է նկարահանել հայրենասիրական մոտիվներով ֆիլմեր, մտածել, թե ինչ գրականություն է լույս տեսնում Հայաստանում և ինչպես է հասնում զինվորին: Երբ այդ աշխատանքները կատարվեն, կարծում եմ, բանակում տիրող մթնոլորտն էլ կփոխվի:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ