Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Աշխարհի հետ մենք պիտի խոսենք իր խաղի կանոններով»

«Աշխարհի հետ մենք պիտի  խոսենք իր խաղի կանոններով»
07.06.2013 | 00:19

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով` ի՞նչ է այսօր կատարվում Թուրքիայում, ներիշխանակա՞ն, ներկուսակցակա՞ն տարաձայնություններ են, թե՞ ավելի խորքային հարցեր են բարձրացվում:
-Թուրքիայի Հանրապետություն կոչվող վարչական տարածքում, որ ուղիղ 90 տարեկան է, իր պատմության մեջ առաջին անգամ նախահեղափոխական վիճակ է ստեղծվել, որ պիտի տանի հեղափոխության` հասարակության հեղափոխության: Կատարվողը քաղաքացիական ինքնաբուխ շարժում է, չունի որևէ կազմակերպիչ, չունի թիկունքում կանգնած որևէ քաղաքական ուժ: Հատկապես ակտիվ են երիտասարդները և կանայք, որ ոտքի են ելել ասելու` հերիք է կեղծիքը, սուտը, որ մեզ պատմում եք: Այս ամբողջը սկսվեց շատ պատահական, բոլորի համար անսպասելի տեղում: Կոստանդնուպոլսում, նախկինում Բերա էր անունը, կա մեծ, հայկական թաղամաս, որ Պոլսի սիրտն է: Թաքսիմ գեզի պարկը 900000 քառակուսի մետր տարածք ունի, որ մեր հայոց սուրբ Հակոբ գերեզմանատունն է եղել:
-Փաստորեն, հայոց հողո՞ւմ է սկսվել այս պատմությունը:
-Պատմությունը սկսվել է 1540-ական թթ.: Սուլթան Սուլեյման Փառահեղը, ում կինն ուկրաինուհի էր, Թուրքիայի պատմության մեջ մտել է իբրև ամենաարևմտամետ և հզոր տիրակալներից մեկը, որ մինչև Վիեննա է հասցրել կայսրության սահմանները: Գերմանացիները, ում տարածքները Սուլեյմանը գրավում էր, որոշել են նրան սպանել` թունավորելով և, բնականաբար, պիտի դիմեին սուլթանի խոհարարին, որ վանեցի հայ էր` Մանուկ Գարասեֆերյանը: Խոհարարը մերժում է գերմանացիներին` չդավաճանելով սուլթանին: Սուլեյմանը, իմանալով իր խոհարարի հավատարմության մասին, ասում է` ուզում եմ քեզ պարգևատրել, ինչ ասես` քոնն է: Մանուկ Գարասեֆերյանը սուլթանին ասում է` հայկական համայնքը գերեզմանատեղի չունի, պիտի խնդրեի, եթե հնարավոր է, գերեզմանատեղի հատկացնեիք: Ահավասիկ սուլթանը հայերին է հատկացնում այս ամբողջ տարածքը` 900000 քառակուսի մետր, որ այսօր Թաքսիմ հրապարակն է: Պոլսո այդ ժամանակվա պատրիարքը գերեզմանատունն անվանում է սուրբ Հակոբի անունով: Այդ անունով էլ գոյություն է ունեցել մինչև 1938 թվականը:
-Նույնիսկ 1915 թվականի՞ն է մնացել հայկական գերեզմանատուն:
-Պատմությունը շատ հետաքրքիր է, մի քանի անգամ ոտնձգություններ են եղել` հայոց հողերը խլելու նպատակով: Որպեսզի լավ պատկերացնեք Թաքսիմի դերը, հիշեք մեր Ազատության հրապարակը: Թաքսիմը ճիշտ մեր Ազատության հրապարակն է` թե՛ իմաստով, թե՛ բովանդակությամբ, թե՛ տարածքով, այդտեղ են բոլոր ցույցերը կատարվել միշտ, այդտեղ են տապալել սուլթան Աբդուլ Համիդին երիտթուրքերը, այդ ժամանակաշրջանի հայկական ցույցերն էլ Թաքսիմում էին: 1872 թ. սուլթան Աբդուլ Ազիզի ժամանակ Պոլսո քաղաքապետը դիմում է նրան, որ պետք է մեծացնել Թաքսիմի կողքին գտնվող Հարբիե զորանոցը ի հաշիվ հայկական գերեզմանոցի: Սուլթանը, երբ իմանում է, որ Սուլեյման Փառահեղի ֆերմանով հայկական համայնքին տրված հողերի մասին է խոսքը, մերժում է` ասելով. «Ես` սուլթանս, մի ուրիշ սուլթանի հրամանի վրայից չեմ անցնի»: Երբ 1908 թ. իշխանության են գալիս երիտթուրքերը, 1912 թ. կրկին տարածքը խլելու փորձ են անում, չի ստացվում: Բայց պատրվակ են դարձնում ճանապարհի կառուցումը ու եզրից մի 10 տոկոս վերցնում են` հայկական համայնքին յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց վճարելով: Հարգելով ննջեցյալների հիշատակը` նոր տեղում շիրիմները սարքում են ու գերեզմանատունը պարսպապատում են իրենց ծախսերով: 1919 թ. Կ. Պոլսում մտավորականները ցեղասպանության հիշատակման կոմիտե են հիմնում և որոշում են հուշարձան կանգնեցնել: Սուրբ Հակոբ գերեզմանատան մուտքի մոտ Հայկական Ցեղասպանության հիշատակին նվիրված աշխարհում առաջին հուշարձանն է կանգնեցվում: Մինչև 1924 թ.` հինգ տարի, հայությունը Պոլսում ծաղկեպսակներով, ծաղիկներով խնկարկում էր անմեղ զոհերի հիշատակը:
-Հիմա հուշարձանը կա՞:
-1924 թ. Մուստաֆա Քեմալի օրոք հուշարձանն անհետանում է, առայսօր այդ պատմությունն առեղծվածային է: Սպիտակ մարմարյա մեծ կոթող է եղել, արձանախումբ: Ոմանք ասում են` չեն կոտրել, տեղափոխել են, բայց հայ, թուրք, օտար հետազոտողներն առայսօր հետքերը չեն գտնում: Մեր օրերում ճիշտ հուշարձանի տեղում սկսվեց այս հեղափոխական շարժումը: Կիթառներով չորս երիտասարդներ դուրս եկան հրապարակ 500 տարի հայկական գերեզմանոցում գոյություն ունեցած ծառերը պաշտպանելու: Էրդողանի կառավարությունը որոշել էր այդտեղ իսլամական զորանոց ու առևտրի կենտրոն կառուցել: Երբ բուլդոզերը եկավ հողը քանդելու, Թուրքիայի Ազգային մեջլիսի պատգամավոր Սըրը Սուրեյա Ընդերը, որ հայամետ կեցվածք ունի, ընտրվել է Պոլսի 2-րդ ընտրատեղամասից, որտեղ հայերը շատ են, կանգնեց շերեփի առաջ: Եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, այդ տարածքից նա էր ընտրվելու պատգամավոր, լավ իմանալով այդ հանգամանքը, Ընդերը հայամետ կեցվածք ունի:
-Ո՞ր կուսակցությունն է նա ներկայացնում:
-«Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը, որ 36 պատգամավոր ունի 451 անդամ ունեցող Մեջլիսում: Չորս պատգամավորներ, այդ թվում` Սըրը Սուրեյա Ընդերը, կուսակցության ցուցակով չեն անցել, այլ Մեջլիսում են խմբակցությանն անդամակցել: Մինչև 2015 թ. նրանք փորձելու են Մեջլիսում հայկական ցեղասպանությունն ընդունելու, դատապարտելու և փոխհատուցելու հարցով քննարկումներ սկսել: Սըրը Սուրեյա Ընդերը բուլդոզերի առաջ է կանգնում մայիսի 31-ին ու լինելով անձեռնմխելի` թույլ չի տալիս քանդել, ասելով, որ այդ հողը սրբատեղի է, հայոց գերեզմանատեղին, հերիք չէ հեկտարներով հողը խլեցիք ու խլեցիք, գերեզմաններն էլ հանգիստ չեք թողնում: Որևէ թուրքի գերեզման պղծվի, ի՞նչ կանեք: Այդ ելույթի վրա բնակչությունը սկսում է հավաքվել, արդեն հունիսի 1-ի երեկոյան 200000-ից ավելի երիտասարդներ են հավաքվում միայն Թաքսիմ հրապարակում: Անակնկալի եկած` ոստիկանությունը բիրտ ուժ է օգտագործում ցուցարարների դեմ: Վիրավորները, նրանց հետ էլ Սըրը Սուրեյա Ընդերը, հիվանդանոց են տեղափոխվում, երիտասարդները ծեծվում են, ձերբակալություններ են լինում: Կ. Պոլսի դեպքերին հաջորդում է Անկարայի ցույցը: Ոստիկանությունը դիմում է ոչ իրավաչափ գործողությունների և օգտագործում է իսկական փամփուշտներ ցուցարարների դեմ: Անկարայում առաջին զոհն է լինում` չորունցի մի տղա, ում հուղարկավորության ժամանակ կրակը սկսում է բոցավառվել` Իզմիր, Ադանա, Անթալիա, Դերսիմ: Այս քաղաքներում ժողովուրդը մինչև 200000-ով փողոց է դուրս գալիս` վարչապետ Էրդողանի հրաժարականի պահանջով:
-Էրդողանը դեռ երկու օր առաջ ժխտում էր ցույցերի տարածումը, ասում էր, որ մի քանի հոգի ըմբոստացել է մայրաքաղաքում և խնդիրն արդեն փակված է:
-Մի քանի օր առաջ Էրդողանը Մարոկկոյում էր, և թագավորը նրան չընդունեց` պատճառաբանելով իրավիճակը Թուրքիայում, իսկ արաբ երիտասարդները նրա դեմ ցույց էին անում: Թունիսում նրա հետ հրաժարվեցին հանդիպելուց արաբական գարունը բերած կուսակցությունների ղեկավարները: Էրդողանն իրեն դրել է Սուլեյման Փառահեղի տեղը և աջուձախ ճոճում է թուրը, որ ամեն ինչ իր ցանկացածով պետք է լինի: Նույնիսկ իր կուսակցության մեջ ինքը չընկալվող անձնավորություն է: Նախագահ Աբդուլլահ Գյուլը շատ ավելի մեղմ, հասուն, ցանկացած հարց քննարկելու միջոցով լուծման բերող մարդ է: Հենց նա հանդիպեց ցուցարարներին ու պատգամավորներին և խոստացավ ամեն ինչ անել ցուցարարների պահանջը կատարելու, արյունահեղությունը դադարեցնելու համար ¥արդեն չորրորդ զոհը կա, երեք հոգի էլ շատ ծանր վիճակում հիվանդանոցում է¤։ Գյուլը շատ լուրջ հայտարարություն արեց` ասելով. «Ես չեմ հասկանում, եթե մարդը բողոք ունի, որտե՞ղ պիտի արտահայտի, եթե ոչ փողոցում, դա ժողովրդավարության չափորոշիչն է»:
-Փոխվարչապետ Բյուլենտ Առինչն էլ ընդունել է, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել և ներողություն է խնդրել:
-Բայց շատ ուշացած` ջինը շշից դուրս էր եկել:
-Այնուամենայնիվ, եթե այդքան մեծ շարժում է սկսվել, պատճառը ծառերի պաշտպանությո՞ւնն է միայն, թե՞ կան ավելի կենսական հարցեր:
-Խնդիրը սոցիալական է: Շարժումը սկսել է երիտասարդությունը, որ ազգաբնակչության կեսն է Թուրքիայում: Նրանք ասում են` մենք, որ ուսանում ենք, դիպլոմ ենք ստանում, անգործ ենք մնում, ինչպե՞ս պիտի ամուսնանանք, տունուտեղ դառնանք, ապրենք: Դուք ասում եք` Թուրքիան տնտեսապես հզորանում է, այդ հեքիաթները ո՞ւմ եք պատմում, մարդիկ իրականում շատ վատ վիճակում են: Որ երկրում մի փոքրիկ գործ ենք գտնում, թողնում-գնում ենք: Եվրոպայում 5-6-միլիոնանոց թուրքական համայնք կա, Ռուսաստան, ՈՒկրաինա, Թուրքմենստան, Ղրղզստան` թուրքերը լցվել են: Տնտեսական աճ, հզոր Թուրքիա` հեքիաթ է:
-Բայց այդ «հեքիաթն» ամբողջ աշխարհը գիտի ու ընդունում է:
-Թուրքիայում շատ ուժեղ օլիգարխիա կա, Էրդողանը միլիարդատեր է, որ հարստացել է ժողովրդի հաշվին, ամենամեծ տնտեսական սուբյեկտները երկրում իր հարազատներն են: Ժողովրդի մի քանի տոկոսը ապրում է շատ բարեկեցիկ, մնացածը ծայր աստիճանի աղքատության մեջ է` օրվա հացը հազիվ հայթայթող: ԱՄՆ-ի այդքան օգնությունները, Եվրոպայի մեծ-մեծ նախագծերը, աշխարհագրական նման դիրքը, բայց Թուրքիան այդքան խեղճուկրակ վիճակում` երիտասարդությունը չի հասկանում այդ վիճակը: Ինտերնետի դարում ենք` երիտասարդները շատ լավ տեսնում են աշխարհն ինչպես է ապրում: Իրականում այս ամբողջ շարժման հենքը սոցիալական է` բնակչության մի մեծ շերտի դժգոհությունը իր կյանքից:
-Ո՞վ է այդ սոցիալական դժգոհությունը ձևակերպում ու ղեկավարում:
-Շարժումն այնքան ինքնաբուխ սկսվեց, որ չունի առաջնորդ, որևէ քաղաքական ուժ չկա, որ ստանձնի առաջնորդությունը: Սըրը Սուրեյա Ընդերը ասում էր, որ դա շատ լավ է, որևէ կազմակերպություն չպիտի երիտասարդներին թելադրի` ինչ անել, ինչպես, երբ, որտեղ, ինչու, թող իրենք որոշեն` ինչ ու ինչպիսի Թուրքիա են ուզում: Պոլսում միայն նոր-նոր փորձեր են արվում կազմկոմիտե ստեղծելու: Իզմիրում, Անկարայում, Ադանայում, Անթալիայում, Դերսիմում, Անտիոքում, մի քանի այլ քաղաքներում ևս շատ լուրջ բախումներ կան ոստիկանական ուժերի հետ: Մի քանի ժամ դադար են առնում, հետո սկսում են ծեծուջարդը, ձերբակալությունները: Էրդողանն այնքան է վախվորած, որ իր թիկնազորը 10000 մարդ է: Սա պաշտոնական տվյալ է: Մի քանի ամիս առաջ իսլամական մի կազմակերպություն առաջարկում էր նրան սրբացնել: 2014-ին Թուրքիայում նախագահական ընտրություններ են, և Էրդողանը նախագահի շատ լուրջ թեկնածու էր:
-Այս իրադարձությունները նվազեցնում են Էրդողանի նախագահական շանսերն ու մեծացնում Աբդուլլահ Գյուլի՞նը:
-Բոլոր հարցումներով Էրդողանն առաջին տեղում էր, հիմա հարցումները ցույց են տալիս, որ 10-րդ տեղում էլ չէ: Բնակչությունը պահանջում է նրա հրաժարականը և նոր կառավարության ձևավորումը: Մինչև դա չլինի, այս շարժումը չի մարելու: Թուրքիային թեժ ամառ են խոստանում: Բնականաբար, այս իրավիճակում տարբեր հասարակական ու քաղաքական կազմակերպություններ ժողովներ են անում` քննարկելու ստեղծված վիճակը, որ հասկանան` ինչ անել, ուր գնալ: Ցավոք, «Արդարություն և զարգացում» իշխանական կուսակցությունը քաղաքական դաշտում այլընտրանք չունի, լինելով իսլամական կազմակերպություն` հասարակությունը տանում է դեպի իսլամացում:
-Այսինքն` պայքարը իսլամիստական ուժերի ու քեմալականների միջև՞ է` դեպի կրոնապետությո՞ւն, թե՞ դեպի աշխարհիկ պետություն: Ո՞Ւր է գնալու Թուրքիան:
-Հարյուր տոկոսով` դեպի աշխարհիկ պետություն: Հետքայլ դեպի իսլամիկ երկիր այլևս հնարավոր չէ: Երբ կշեռքի երկու նժարներին ես դնում աշխարհիկն ու կրոնականը, պարզ երևում է` մարդու զարգացումը, ժողովրդավարությունը, համամարդկային արժեքները աշխարհիկ մարդու անելիքն են, իսլամը դոգմա է` Մուհամեդն ասել է, ու` վերջ:
-Աշխարհիկ պետության հաղթանակի համար բավարար ուժեր կա՞ն Թուրքիայում:
-Փողոցը աշխարհիկների ձեռքում է, և փողոցը շատ կարևոր է: Այլընտրանքային քաղաքական ուժերը ընտրությունների ժամանակ չունեն այդ վստահությունը, բայց փողոցն իրենց ձեռքում է:
-Ի՞նչ վերաբերմունք ունի բանակը, որ նախկին տասնամյակներում մի քանի հեղաշրջում է արել երկրում:
-Բանակը հիմա բացակա է: Իր իշխանության ժամանակամիջոցում Էրդողանը նաև լավ քայլեր է արել: Նա գործնականում չեզոքացրել է բանակի ներգործությունը, գեներալները հիմա տնից դուրս չեն գալիս: Նրանց ընկերները բանտում են «Էրգենեկոնի» հայտնի գործով, և դամոկլյան սուրն իրենց գլխին էլ կախված է: Մեջտեղում ներքին զորքերն են` ոստիկանությունը: Բանակը միայն Դերսիմում, որտեղ կես միլիոն զազա կա, միջամտեց, որովհետև ոստիկանության ուժերը չէին հերիքում: Բանակի չեզոքացումը շատ կարևոր էր, Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ: Թուրքիայում ընտրություններում երբեք կեղծիքներ չեն եղել, նորմալ ընտրվել են և ունենալով իշխանություն` Էրդողանը բազում լավ քայլեր է արել երկրի առջև ծառացած հարցերը լուծելու ուղղությամբ: Պարզապես փառասիրությունը նրան այնքան մոլորեցրեց, որ ինքն իրեն համարեց արդեն տարածաշրջանում հարցեր լուծող, միջինարևելյան նոր առանցքի ձևավորման մասնակից, քրդական հարցեր լուծող` թուրքերին ու քրդերին հաշտեցնելով նրանց Իրանի ու Սիրիայի դեմ օգտագործելու նպատակով: Այս ամենից հետո Էրդողանն այնպիսի հարված ստացավ, որ երբեք չէր սպասի: Բայց սա իր վերջին մեկ տարում վարած քաղաքականության հետևանքն է` նրա քայլերը կրոնապետության հաստատման էին տանում, նրա հեղինակությունը աստիճանաբար անկում էր ապրում:
-Շատ լավ, բայց եթե Էրդողանը նախագահ դառնալու խնդիր ունի, փոփոխված սահմանադրությամբ էլ նախագահի լիազորությունները մեծացել են, ընտրություններից մեկ տարի առաջ վարկանիշը վտանգելը խելամի՞տ է:
-Մարդը կտրում է ծառի ճյուղը, որին նստած է: Հանգիստ 50-60 տոկոս կարող էր ստանալ, քաղաքական դաշտում մրցակից չունենալով:
-Թուրքական ընդդիմությունը մրցակից չէ՞:
-«Գորշ գայլեր» ֆաշիստական կուսակցությունը, «Ազգային շարժում» կուսակցությունը և ժողովրդահանրապետական կուսակցությունը միասին 30 տոկոս էլ չեն կազմում ազգաբնակչության քվեն ստանալիս:
-Արտաքին աշխարհն ի՞նչ վերաբերմունք ունեցավ Թաքսիմի իրադարձություններին:
-Ամենազարմանալին ԱՄՆ-ի դիրքորոշումն էր: Էրդողանը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում էր: Այս իրադարձությունները ԱՄՆ-ն էլ չէր կանխատեսել և առաջին երեք օրը լռելուց հետո երրորդ օրը խիստ քննադատեց, թե չի կարելի խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառել, և հիմա արդեն շատ լավ հասկանում է, որ որպես իր քաղաքականությունն իրականացնողի` Էրդողանի վրա խաչ պիտի քաշել:
-Այսինքն` աջ թե ահյակ` Աբդուլլահ Գյուլը շահո՞ւմ է:
-Սկուտեղի վրա շոկոլադը նրան մատուցվեց: Հանգիստ, հանդարտ, մարդկային, իսլամ դավանող, բայց իսլամի մեջ մարդկային արժեքային համակարգն ընդունող Գյուլը և դիմացը` լրիվ հակապատկեր Էրդողանը: Գյուլը կարող է նախագահի թեկնածու առաջադրվել, կարող է նույն կուսակցության հիմքի վրա նոր ուժ ձևավորել` շատ ավելի ճկուն ու արևմտամետ:
-2014-ին ընտրված նախագահի առաջ, ի թիվս այդ հարցերի, Հայոց ցեղասպանության խնդիրն է լինելու և Ցեղասպանության 100-ամյակի նկատմամբ պետական-պաշտոնական դիրքորոշման ճշտումը:
-Հայկական հարցը Թուրքիայի 90 տարվա պետության համար 1 խնդիրն է: Ներկա երիտասարդությունն ասում է` մեզ ստել են, երբ հիմա իմանում ենք, որ այս շենքը կառուցողը հայ է, այս կամրջի ճարտարապետը հայ է, այն ճանապարհը հայն է կառուցել, այս տունը հույնինն է, որ ամբողջ քաղաքակրթությունը իրենցն է, իսկ իրենք վերացել են, այլևս չենք ուզում մեզ պատմվող հեքիաթը լսել, ուզում ենք առերեսվել մեր պատմության հետ` ո՞վ ենք, որտեղի՞ց ենք եկել, ո՞ւր ենք գնում: Այսօր իսլամ դավանող, գլխաշորը գլխին թրքուհին հարցնում է` եթե մեկը գար ու ոտնակոխ աներ իմ պապերի գերեզմանը, ես ի՞նչ կզգայի: Ես համոզված եմ, որ 2015 թ. առիթ է, որ Թուրքիան, որ ուզում է աշխարհին քաղաքակիրթ երևալ, նոր իշխանություն ունենալ, պիտի 100 տարի հետո իր պատմության հետ առերեսվի: Չի կարող այսպես ստելով ու ամբողջ աշխարհին դեմ գնալով շարունակել: Այսօրվա մտավորականների շարժումը, որ ուզում է իր պատմության հետ առերեսվել, պիտի վերականգնի Ցեղասպանության առաջին հուշարձանը Թաքսիմի հրապարակում: Դա ամբողջ աշխարհին ցույց կտա, որ իրենք հաշտվում են իրենց պատմության հետ: Եթե 1919-1923 թթ., հինգ տարի հուշարձանը եղել է Թաքսիմում, եթե 1919 թ. երիտթուրքերին թուրքական ռազմական դատարանը մահվան է դատապարտել, ինչո՞ւ 100 տարի անց չի կարող այդ կերպարով հանդես գալ աշխարհում:
-Դուք հավատում եք, որ Թուրքիան կարող է ընդունել ցեղասպանությո՞ւնը:
-Թուրքիան վաղուց կընդուներ ու ներողություն կխնդրեր հայերից ու Հայաստանից, եթե չլիներ փոխհատուցման հարցը:
-Այդ պատճառով էլ նրանք առաջինը բարձրացնում են Կարսի պայմանագրի ընդունման ու պետական սահմանի ճանաչման հարցը:
-Քանի որ ցեղասպանությունը ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայով ճանաչված է իբրև անժամկետ հանցագործություն մարդկության դեմ, ոչ թե ինչ-որ կոնկրետ ժողովրդի, ուստի այդ հանցագործությունները ներում չունեն: Զղջումը Թուրքիայի, թուրք հասարակության կողմից իր հետ պիտի բերի դատապարտում և փոխհատուցում: Այս երկու հարցն է խրտնեցնում իրենց:
-Հիմա ո՞րն է Հայաստանի Հանրապետության խնդիրը, մենք մեզ համար ձևակերպե՞լ ենք ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության մեր մասը` ի՞նչ ենք ուզում և ի՞նչ ենք անում: Թուրքիան ներողություն խնդրեց, ընդունելու ենք ու հարևանությո՞ւն ենք անելու, թե՞ պահանջելու ենք նյութական, ֆինանսական փոխհատուցում, հողային խնդիր ենք դնելու: Մենք ի վիճակի՞ ենք Թուրքիային պահանջներ ներկայացնել ու պաշտպանել մեր պահանջատիրությունը:
-Եկեք Հայաստանի Հանրապետության փոխարեն ընդունենք հայությանը: Ես Արգենտինայում եմ ապրում, մորաքրոջս տղան` ՈՒրուգվայում, զարմիկս` մեկ այլ տեղ, և բոլորս ցեղասպանության պատճառով ենք աշխարհով մեկ սփռվել: Ես պիտի Խարբերդում ապրեի, Էրզրումում, Մուշում, Վանում, ու իմ տանը իմ չապրելու պատճառը մի պետություն է, որ իր բանակով բռնազավթել է իմ հողն ու ասում է` ես եմ տերը: Խնդիրը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն է, այլ հայությանն է: Բովանդակ աշխարհում տարածված 10 ու ավելի միլիոն հայերինը: Հայաստանը որպես պետական միավոր շատ քիչ անելիք ունի: Իրավական տեսակետից էլ որևէ հայտ ներկայացնելու համար պետության կարիքը չկա, անհատ, հասարակական, քաղաքական կազմակերպությունն իրավունք ունի այս հարցը բարձրացնելու: Օրինակ, զազաները 1938 թ. Դերսիմի ջարդերի առիթով հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և հայցն ընդունվել է: Ի՞նչ կարող է անել հայը, որ չի անում: Նաև` Հայաստանի Հանրապետությունը, որի բնակչության մեծ մասի հայրենիքը Արևմտյան Հայաստանն է: 2004-2005 թթ. 18 սեմինար ու զեկուցում եմ կազմակերպել այդ հարցով, որ նաև Ձեր հարցի պատասխանն է: Ես ասում էի` փաստաթղթերով հորս պատկանող հողերում այսօր նավթ է դուրս գալիս, ինչ-որ քուրդ է նստած և օգտագործում է իմ ունեցվածքը: Սըրը Սուրեյա Ընդերը հայկական քվեներով պատգամավոր է ընտրվում, ինչո՞ւ ես չպիտի ընտրվեմ: Ես` Հացպանյան Սարգիսս, Ֆրանսիայի քաղաքացի: Որովհետև Թուրքիայի Հանրապետության քաղաքացի չեմ, չունեմ ընտրելու ու ընտրվելու իրավունք: Մեր պապերը, Օսմանյան կայսրության քաղաքացի հանդիսանալով, կատարել են կառավարության տեղահանության հրամանը, սպանվեցին, ցեղասպանության ենթարկվեցին, բայց նրանցից ոչ մեկը իր քաղաքացիությունից չհրաժարվեց: Օսմանյան կայսրության իրավահաջորդը հանդիսացող Թուրքիայի Հանրապետությունը նրանց քաղաքացիությունից չի զրկել, ուստի նրանց դեպքում «քաղաքացիություն» կատեգորիան մնացել է օդում: Ինչո՞ւ այսօր Լոս Անջելեսում կամ Լիբանանում, Կանադայում կամ Հայաստանում ապրող հայը չպիտի Թուրքիայի քաղաքացի դառնա և իր ունեցվածքի լիիրավ տերը: Եթե հայերը քաղաքացիության հարցը բարձրացնեին, Թուրքիան առարկելու ոչինչ չէր ունենալու:
-Դուք համարում եք, որ Թուրքիան կամավոր կհրաժարվի՞ կողոպտածից:
-Թուրքիան ստիպված է բովանդակ աշխարհի հայությանը քաղաքացիություն տալու: Հունիսի 8-ին Կ. Պոլսում սեմինար է կազմակերպվում հայերի կացության իրավունքների վերականգնման խնդիրներով: Կազմակերպողը թուրք, քուրդ, ասորի, չերքեզ ազգություններին պատկանող տարբեր կազմակերպություններ են: Մենք ուզում ենք, որ հայերի քաղաքացիությունը ճանաչվի իբրև առաջին քայլ ցեղասպանության ընդունման ճանապարհին: Իբրև վտարանդի` ես ուզում եմ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր դառնալ, ոչ թե ինձ ներկայացնի մի քուրդ կամ թուրք: Եվրամիությունը մի քանի տարի առաջ հարցը շատ հստակ ձևակերպել է` հայապատկան յուրաքանչյուր կալվածք, որ խլվել է հայ ազգաբնակչությունից, պետք է վերադարձվի տերերին: Թուրքիան ընդունել է պայմանը և կատարում է` Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումը Աղթամարում, Սուրբ Կիրակոս եկեղեցու բացումը Դիարբեքիրում, տարբեր համայնքներում քայլեր են արվում այս ուղղությամբ` ցույց տալու համար, որ Եվրամիության անդամակցության պահանջները կատարում են: Միայն Կ. Պոլսում հայությունից բռնազավթված կալվածքների 20 տոկոսը վերադարձվել է դատարանների որոշումներով, ընթացքի մեջ այլ գործեր են: Քանի որ ԵՄ-ն հարցը շատ հստակ ձևակերպել է, ինձ պատկանող կալվածքը ես ինչ կանեմ` վարձով կտամ, շենք կկառուցեմ, կվաճառեմ, կնվիրեմ, իմ խնդիրն է:
-Ձեր խնդիրն է, բայց որպեսզի այդ խնդիրը լուծվի, նախ պետք է տեր լինեք Ձեր ունեցածին:
-Ընդամենը մարտին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը, որ նաև պետական նախարար է, լրատվամիջոցների բարձրացրած քաղաքացիության հարցին ի պատասխան ասաց` ձեր հարցը ես շատ լավ ընկալում եմ, այո, այսօր իր բնօրրանում չապրող հայությունը այս հողից է, այդ գյուղերը, այդ հողերը, այդ տները հայությանն են պատկանել: Թուրքիան զարգանում է, հասարակությունն առաջ է գնում, ժողովրդավարական արժեքները կամաց-կամաց ընկալվում են, մենք պատրաստ ենք 500-600000 հայ ընդունել, կազմակերպել նրանց վերադարձը Խարբերդ, Էրզրում, Վան, Դիարբեքիր, որտեղից հեռացել են, թող վերադառնան ու ապրեն: Թուրքիայի կառավարությունը պատրաստ է կազմակերպել նրանց վերադարձը և ապահովել անվտանգությունը, քանի որ հասարակությունների միջև կա պատմական վիհը, որևէ մեկը չի կարող գալ ու հանգիստ ապրել Ահմեդի, Մուստաֆայի, Հասանի հետ: Իշխանական կուսակցության Անկարայի պատասխանատուն ասում է` ես ճանաչում եմ 1915 թ. Ցեղասպանությունը և խոնարհվում եմ անմեղ զոհերի առաջ: Սրանք ռեալ փոփոխություններ են:
-Ահմեդը, Մուստաֆան, Հասանը այդ փոփոխություններին պատրա՞ստ են:
-Իսկ հայությունը պատրա՞ստ է: եթե Թուրքիան իմանա, որ նյութական փոխհատուցումով հարցը լուծվելու է, հայերի պահանջից տասն անգամ ավելին կտա, որ այդ հարցը երկրի ու տարածաշրջանի հարց չդառնա: Գանք Հայաստանի Հանրապետությանը` մենք ունենք ազատագրված Արցախ, որը ճանաչված չէ, Հայաստան, որտեղից արտագաղթ կա, մենք փոքր պետական միավոր ենք, որը տնտեսական ուժ չի ներկայացնում, բացի մեր աշխարհագրական դիրքից` Ռուսաստան-Իրան-Հնդկաստան-Չինաստան առանցքի վրա լինելուց, դրական ուրիշ ոչինչ չունենք: ԱՄՆ-ը իր գլոբալացման քաղաքականությամբ շատ հստակ առաջարկում է աշխարհի վերաձևման քաղաքականություն, այդ ծրագրերի մեջ Հայաստանը չկա իբրև ուժեղ պետություն, կա իսլամական պետությունների հզորացում, կա հզոր Թուրքիա: Նույն այդ ԱՄՆ-ը, մեկ միլիոնից ավելի հայ համայնք ունենալով իբրև իր երկրի քաղաքացի, չի կարող անտեսել հայ ազգի շահերը, Հայաստանի պետական միավորի շահերը: Աշխարհի ցանկացած հայ Հայաստան պետության դեսպանն է` այդ ընտանիքի անդամն է` չլինելով նույնիսկ քաղաքացի: Աշխարհում ուրիշ Հայաստան չկա, և բոլոր հայերը դա շատ լավ հասկանում են: Կունենա՞նք ուրիշ Հայաստան` մեզնից է կախված: Մեր տխուր պատմությունից մենք միշտ տեսել ենք, որ աշխարհի հզորները մեզ անտեսել են, միշտ իրենց խաղերի տակ ենք մնացել: Մենք այնքան ճիշտ պիտի գնահատենք իրերի ընթացքը, որ իրենց ծրագրերի մեջ մեզ չանտեսեն:
-Ձեր նշած իրավիճակով` ի՞նչ կռվաններ ունենք այդ ծրագրերի վրա ներգործելու:
-Թուրքիայում այսօր ստեղծված վիճակը երկար տարիների աշխատանքի արդյունք է, մտավորականները գրեթե 15 տարի աշխատում են վերացնել տաբուն հայկական հարցից, որպեսզի հարցը քննարկվի և լուծումներ գտնվեն: Այս գիրքը, որ հիմա իմ ձեռքին է, կոչվում է «Ապրիլի 11-ի հուշարձան» ¥ապրիլի 24-ը հին տոմարով¤, տպագրվել է անցյալ տարի, Թուրքիայում և ներկայացնում է մեր 761 մտավորականների եռալեզու կենսագրությունը, որ զոհ գնացին ցեղասպանությանը: Հրատարակել է մի սքանչելի մարդ` Ռակըբ Զարաքօղլին, իսկ այս գիրքը «Բերկե» հրատարակչության հայերին նվիրված գրքերի ցուցակն է: 1976 թ. մարդը հայերին ու Հայկական հարցին վերաբերող այսքան գիրք է հրատարակել թուրքերեն: Այս ամբողջը կարդացող նոր սերունդ կա Թուրքիայում, որ ուզում է իմանալ իր պատմությունը, որ չի համարում, թե պիտի պաշտպանի երիտթուրքերին: Այդ սերունդը լուրջ աշխատանք է կատարում 1915-ի Ցեղասպանության ճանաչման համար: Թուրք, քուրդ, զազա մտավորականներ` շուրջ 1000 մարդ, պատրաստ են պատմական ճշմարտությունը բացահայտող աշխատանքներ կատարել և իրենց առաքելությունն են համարում Ցեղասպանության 100-ամյակի նշման հանձնաժողով ստեղծել Թուրքիայում:
-Նրանք այդքան գնահատում են հայերի՞ն:
-Նրանք գնահատում են իրենց զավակներին և չեն ուզում, որ իրենց զավակները կրեն ցեղասպանի արատը, և ասում են` դուք մեզ համար փրկօղակ եք, դուք պիտի օգնեք, որ մենք ազատվենք այդ խարանից: Եթե նրանք կարողանում են հարցին իրենց շահերի տեսանկյունից նայել, մենք ինչո՞ւ չպիտի կարողանանք: Մենք պատմության մեջ առաջին անգամ մեր «թշնամի» թուրքի մեջ պիտի դաշնակից տեսնենք և այդ հանգամանքը լավագույնս օգտագործենք: Մենք պիտի հասկանանք, որ «Թուրքը մնում է թուրք» մտայնությունը փոխվում է: Դժբախտաբար, մեր երկրում նման սերունդ չկա, ինչ-որ մարդիկ իրենց բդեշխի տեղ դրած` երկիրն ուտում են, բնակչությունը հեռանում է, մի քանի մարդու ձեռքում են բոլոր հարցերի լուծումները: 22 ամիս է մնացել մինչև Ցեղասպանության 100-ամյակը: Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքը, որ ստեղծվել է հայերի, հույների հայրենազրկմամբ և ժողովուրդների ցեղասպանության հետևանքով, այդ պետության 50-60 տարվա տնտեսական կապիտալը հայերից և հույներից խլված տնտեսական կապիտալն է: Դա ասում են թուրք տնտեսագետները: Այժմ Թուրքիայի պետական ունեցվածքի 40 տոկոսը հայապատկան է, իսկ շրջանառու միջոցների 35 տոկոսից ավելին հայերին է պատկանում: Եթե միայն Թաքսիմ հրապարակի նյութական արժեքը վերադարձվի, բարոյականն ու պատմականը մի կողմ թողնենք, ՀՀ պետական բյուջեից 10 անգամ ավելի գումար է: Երկու հարց կա, որ Թուրքիան չի կարող շրջանցել` մոլորակի վրա ապրող հայության քաղաքացիության շնորհման հարցը և նրանց պատմական հայրենիք վերադարձի ապահովման հարցը: Մինչև 2015 թ. այս հարցերը շատ հստակ պիտի ձևակերպվեն:
-Նման նախադեպեր աշխարհում կա՞ն:
-Եվրամիությունը շատ հստակ Վրաստանի առաջ դրել է մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը: Հարց` ի՞նչ կապ ունի Ստալինի արածը ներկա Վրաստանի հետ: Ի՞նչ կապ ունի Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիայի հետ: Ինչպես է Եվրոպան Վրաստանին պարտադրում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ աքսորված մեսխեթների վերադարձը իրենց պապենական հողեր, որ պետությունը հոգա բոլոր ծախսերը, տուն-տեղ ապահովի, աշխատանք, իսկ հայերը, որ 10000 տարուց ավելի ապրել են իրենց հողում, չպիտի վերադառնան: Սա նշանակում է, որ սփյուռքահայերը պետք է այնքան ակտիվանան, որ բարձրացնեն այս հարցերը բոլոր ատյաններում: Աշխարհի հետ մենք պիտի խոսենք իր խաղի կանոններով: Ինչքան պահանջատիրության մեր ձգտումները հստակ ձևակերպվում են, այնքան ավելանում է թուրքերի թիվը, որ պատրաստ են իրենց պատմության հետ առերեսվել: Մենք պիտի այդ մարդկանց հետ աշխատենք: Նրանք միայն Թուրքիայում չեն, ամեն տեղ են` գրող, հրապարակախոս, նկարիչ, բանաստեղծ, կինոռեժիսոր, դերասան, համալսարանական-ակադեմիական շրջանակներ: Մենք թողել ենք այս մարդկանց ու մանկապարտեզի խաղերի մեջ ենք. մենք ասում ենք` դուք մեզ սպանել եք, իրենք ասում են` չենք սպանել: Հայաստանը պետք է աջակցի այս աշխատանքների իրագործմանը, ոչ թե ինքը հանդես գա իբրև պահանջատեր:


Զրույցը վարեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ