Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Ցուցադրեք իմ կնճիռները. դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա»

«Ցուցադրեք իմ կնճիռները.  դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա»
07.06.2013 | 00:28

Հարցազրույց «Իրատես de facto» թերթի քաղաքական մեկնաբան ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

-Լրագրողն այն էր, ինչ դու պետք է դառնայի՞ր:
-Չէ՜: Ինձ միշտ կես քայլը չի հերիքել, որ դառնամ գրող, բանաստեղծ, պարուհի, հոգևորական, կին, մայր… Հիմա այդ ամենից մի քիչ-մի քիչ է: Լրագրությունն ինձ հնարավորություն տվեց այդ բոլորը համատեղել մի կետում: Ես քանդեցի լրագրողի տաբուները այդով: Եղա գրող, եղա բանաստեղծ, եղա մայր… իսկ ամենավերջում հատուցեցի այդ ամենի դիմաց` դառնալով քաղաքական վերլուծաբան:
-Փոշմանե՞լ ես:
-Չէ, շնորհակալ եմ. ճամփին էնքան լավ բաներ եղան` թափված արցունքների կողքին էնքան լուսավոր մարդկանց հանդիպեցի: Մնացածն անկարևոր է. կարևորի մասին էլ ասել է Աննա Մանյանին` «Ցուցադրեք իմ կնճիռները. դրանք անչափ թանկ են նստել ինձ վրա»:
-Տիկին Դավթյան..
-Կարմեն` բոլորի համար, և միշտ` Կարմեն:
-Եվ այնուհանդերձ, լրագրողական ձեր սերունդն այլևս և գրեթե ասպարեզում չէ. նրանք կամ թողել են լրագրությունը, կամ պաշտոնների են: Դու քեզ ծեր ու շատակեր չե՞ս զգում` այսքան երկար «քալելով բեմին վրա»:
-Մենք այն ենք, ինչ մտածում ենք: Երբեմն` հա, երբ հայտնվում եմ լրագրողական միջավայրում, ուր աղջկերքը խայտառակ երիտասարդ են, խոր շունչ եմ քաշում ու առաջ անցնում: Բայց դե` կարևորը մտածողության տեսակն է. եթե այն կենդանի է, կապ չունեն բեմն էլ, քելքն էլ:
-Շա՞տ ես քայլել:
-Շա՜տ: Յոթ թերթով սեղան եմ նստել: Մեկը մեկից գունեղ, հետաքրքիր, շրխկան` «ՀՀ», «Օրրան», «Չորրորդ», «Ժամանակ», «Իրավունք», «Հրապարակ», և ինչպես տեսնում եք` «Իրատես de facto»: Ամենաթանկը ՀՀ-ն էր. թույլ տուր ասեմ` ես բախտավոր աստղի տակ ծնված լրագրող եմ. խմբագիրը, որի հետ սկսեցի իմ ճամփան` մարդեղության, տողի դողի, պետության զգացողության անափ տեսակ էր: Խոսքը Այդինի մասին է: Այդինն արդեն չկա. նա տեղափոխվեց երկինք։ Երևի հոգնել էր, նուրբ էր կառուցված, լիքը սեր կար մեջը մարդու հանդեպ. էդ տեսակն աշխարհին վատ է հարմարվում, շուտ է մեռնում… Թե ես ինչի եմ էսքան ապրել… Հա, լավերը շուտ են գնում, ու Այդինը հավատարիմ մնաց թե՛ իր Հրանտին, թե՛ իր տեսակին ու շուտ գնաց. հիմա երկնքից մեզ է նայում: Օդի մեջ է դեռ նրա բույրը: Այդ բույրով է հագեցած նաև մեր «Իրատեսը». ոչ միայն, որ ճակատագրի բերումով այնտեղ հայտնվեցին մեր «էրեխեքը», այլ իր ու հար նույն մարդեղենությամբ, հոգևոր շնչով, սիրո դաշտերը պահելու` այսօր արդեն անհավատալի նույնականությամբ, բայց արդեն Փիրուզով:
-Էդպես ես ասում, որովհետև լրանում է «Իրատես de facto»-ի հինգ տարի՞ն:
-Էդպես եմ ասում, որովհետև էս թերթը անում է էն, ինչ չպիտի աներ: ՈՒմ է պետք վերլուծական, հոգևոր, արժեհամակարգային խտությամբ ինտելեկտուալ այս հազարէջանոց «սևեռումը», երբ շուկան թակել, մտել է ամենուր, ուր թերթերն ունեն շատ քիչ աշխատողներ, ուր թերթերը բնականոն ձևով վերածվել են բիզնեսի, ուր քաղաքականություն մտնելու լրագրողական մեծ «ապրոբացիաներ» են տեղի ունենում, էս թերթն ահա` դրել, չոբան-բայաթի է կանչում մարդու մասին, երկրի մասին, տարածաշրջանի մասին, հոգևորի մասին` Վանու Չամբար շան հանգով` ցավի նյարդը կենդանի պահելով, ներսից իր, դրսից այլոց աչքը հանելով. որովհետև այստեղ ու դեռ մարդիկ աշխատում են, որովհետև չեն կարող չգրել, որովհետև շուկայից չեն հասկանում, ստանում «այլոցից ու այլուրեքից» հարվածներ ու հավատում, որ իրենց լռության մեջ մեծ սեր կա, որ պետք է փոխի նաև դիմացինին, չեն պատասխանում իրենց հարվածողներին, խաչ հանողներին, որովհետև այս թերթում հասկանում են, որ վերջիններս չգիտեն, թե ինչ են անում:

-Լավ-լավ-լավ. հալածյալ մի ձևացեք` ձեզ էլ գիտենք, աշխարհն ու ԲՀԿ-ն, ու էլի մի քանիսը տնքում են ձեր իսկ «հարվածներից»: Հա, ի դեպ, գոնե դուք համարվում եք Սերժ Սարգսյանամետ. թույլատրելի՞ է լրագրողին այդպիսի բան:
-Սարգսյանամետ չէ, սարգսյանագետ է: Ասեմ նաև` քոչարյանագետ ու լևոնագետ եմ: «Վաղ» Տեր-Պետրոսյանն ինձ անչափ հարազատ է. «ուշ» Տեր-Պետրոսյանի հետ ոչ մի ընդհանրություն չառաջացավ` ոչ թե որ «սերժագետ» էի, այլ որ ես այդպես էլ չհասկացա կամ չընդունեցի նրա պայքարի շարժառիթները, որովհետև երբ 2008-ին նա վերադարձավ, առաջին ողջունողներից մեկը ես էի: Որովհետև կարծում էի` եկել է ջարդի տաբուն` նախագահական ինստիտուտի մերժումը, որը կար տասը տարի: Եկել է, որպես իմաստուն այր, որպես խորագետ քաղաքական գործիչ, որ օգնի երկրի հետագա կայացմանը: Եկել է քաղաքագիտական ու քաղաքական դարձնելու մեր անտիքաղաքական-կենցաղային օրը, եկել է վերացնելու այն չարությունը, այն ոչ հոգևոր մթնոլորտը, որի մեջ հայտնվել էինք իրենից հետո, եկել է լրացնելու գիրք կարդալու, գիրք սիրելու մեր կորսված ժամանակը… այլ բանի ականատեսը եղա: Ողբերգականորեն շատ ծանր տարա դա: Հիմա դու ինձ հարցնում ես Սերժ Սարգսյանից… Հարցնում ես շատ ցավալի օր. ես այսօր տեղեկացա, որ նա առանձնապես հակված չէ հրաժարված տեսնելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Եթե կուզես անկեղծ, ապա ես այն մարդկանց թվում եմ, որոնք հավատում են այս երկրին, որոնք ոչ մի դեպքում, Աստված մի արասցե ¥ասում են` մի ասա` երբեք¤, չեն գնա էս երկրից. իմ ոտքերը ֆիզիկական շարունակություն ունեն էս հողի հետ. ամեն տարի Ջերմուկում` Ձախ ափից Աջ ափ ես գնում եմ ոտաբոբիկ. ոտքերս հողի հետ այնպիսի մի ախպերիկությո՜ւն ունեն, այնպե՜ս են զգում հողը: Աշխարհում ամենասիրելի վայրը իմ պապոնց գերեզմանն է` իմոնց Հանգիստները. ուր արդեն մեկ դար ոչ մեկին չեն տանում հանգստի` թաղելու. իմոնք կարմիր մամուռ են դառել այնտեղ, իմոնց քարերը խրվել են հողի մեջ, ու ես մոտավորապես եմ իմոնց գերեզմանները գտնում. հիմա` երևի էս պահին էնտեղ արածում են կանաչ-մամուռ հորթերը, քամին շարժում է անմոռուկների հիմար գլուխները… Գիտես, գյուղից ահագին բարձր, գրեթե անճանապարհ այդ գերեզմանոցում ես մատուռ եմ կառուցել` Պողոս-Պետրոսի մատուռ, որ իմ անհավատ գյուղացիները գնան, մոմ վառեն այնտեղ. մայրս Մեծ եղեռնից փրկվածների սերնդից էր` Թերջանից, ծնված Մայկոպ, հարս էր գնացել էդ գյուղը, չէր հարմարվում: «Ըսըո՜նք ինչըխ անհավատ են», տնքում էր մայրս անվերջ, ու մի մոմ վառելու տեղ չէր գտնում` էս մեծ աշխարհում. նրանց ցեղն ահավոր հավատացյալ էր: Ես երազ տեսա. ինձ երազում ասվեց` վերակառուցիր գյուղի եկեղեցին: Ապշել էի, զարթնեցի, ասի` Տեր, բայց ես ո՞վ եմ, որ եկեղեցին վերանորոգեմ, ասի` Տեր, իմ ուժերից վեր է, վերցրու դա ինձնից: Մի քանի օր հետո նորից երազ տեսա. կառուցիր այստեղ մատուռ` ասվեց, ու ցույց տրվեց տեղը: Սրտովս էր: Գնացինք ցեղով` էրեխեքով, «կոշը» բերինք, որ քանդենք, կառուցենք: Էս իմ գյուղացիները եկել-նստոտել են վերևում, ամենավերևում էլ գյուղապետն է` մեր ազգից, նստել. նախանձ-նախանձ նայում է` «Արշակի թոռը էկեր ա վեսկի յա խանըմ գերեզմըններիցը. ասեր են վեր վեսկի կա ընտեղ». ուշի ուշով նայում են` ոնց է «կոշը» փորում, որ ոսկին հանենք` իրենք անմիջապես իմանան, անմասն չմնան: Փորեցինք-փորեցինք, տակից… դուրս եկավ` խորան, հետո` կողապատերը, մնացինք ապշանք-զարմանքի մեջ… Հետո գյուղերի մեծերին հալուհարցմունք արինք, իրենք, թե` բա էստեղ` տասնութերորդ դարում եղել է Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրը` կից դպրոցով: «Ալբալը» հուշարձանների վարչությունից եկան, արգելեցին շինարարությունը. հո չե՞ս բացատրի, որ, այ վարչություն ջան, ախր հարցը մի քիչ այլ է: Գնացի Գյուրջյանի մոտ, էն ժամանակ ինքն էր վարչության պետը. չհամոզեցի, ասաց` պատմական հուշարձան է, թույլ չենք տալիս վրան բան կառուցեք: Տանջվում եմ. ես գիտեմ, որ իմ Աստվածը վերցնում է չդրածը, դնում` չվերցրածը, ու որ հանձնարարել է, պետք է անես, որովհետև ինքը սկսել է, կվերջացնի էլ: Տանջվում եմ: Էլի երազ տեսա. ասվեց` մի քիչ ներքևում կառուցիր մատուռը. հետո ցույց տվեց, թե ինչպես են էս հին եկեղեցու ջրերը գալիս-մտնում իմ կառուցելիք մատուռի հիմքերի մեջ: Կառուցեցինք: Հիմա մատուռը կա: ՈՒյծ գյուղում: Սիսիանի: Իմոնց գերեզմանների գլխին: Արդեն տասը տարի: Ո՜Ւր գնամ` «ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ»:
-Շա՜տ նման էր քեզ. փայլուն ձևով շրջանցեցիր հարցի պատասխանը. միամիտ մարդ չկա. չես շեղելու հարցից. ասում են` սերժամետ ես:
-«Так держать!»: Պատասխանում եմ. ես լավ եմ հասկանում, թե էս երկրում «где зимуют раки». բոլորի նման ես ևս շատ լավ գիտեմ, որ պետք է երկրում շատ բան փոխել: Ես մտածում եմ, նաև` ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը ուզում է ինչ-որ բան փոխել էս երկրում: Ես ընդունում եմ, որ մեր երկրում ցավերը բազում են, հոգսերը` անափ, ձեռնարկվող քայլերը` անբավարար: Ես տեսնում եմ նաև, որ գոնե արտքաղաքական ֆրոնտում` Ղարաբաղ, վեկտորալ բալանս, հարևանների հետ հարաբերություններ, մեծ կորուստներ չունենք. երբեմն էլ կարծում եմ, որ բավականին խելամիտ արտքաղաքական պասաժներ են արվում մերոնց կողմից: Խոստովանենք` Հայաստանն այսօր գտնվում է բարդագույն վիճակում, և ով էլ լիներ երկրի ղեկին` մարտահրավերների պակաս չէր լինելու. առայժմ մեր նավը կարողանում է շրջանցել խութերը. այս առումով ես Սերժ Սարգսյանի արտքաղաքական կուրսի կողմնակիցն եմ: Իսկ այ ի՜նչ վերաբերում է ներքաղաքականին, թույլ տվեք` «ձեր դոշին լացել», կամ միանգամից անցնել Պրուստին, հուսամ` դու քեզ չես դավաճանի, և ինձ նույնպես պրուստյան հարցեր կտաս` ինձ այսօր չներքաշելով ներքաղաքական Բերմուդի մեջ, ի վերջո, հարցազրույցը տոնական է:
-Լա՛վ, հույսը ամոթով չի թողնում, անցանք Պրուստին. ինչո՞ւ քեզ չեն սիրում:
-Համոզվա՞ծ ես: Ես այդ կարծիքին չեմ, նույնիսկ Պետրոսն ու Նաիրան` Զոհրաբյան, կարծում եմ` իրիկունները, երբ Անդրանիկի ասածով, իրենց գլուխը դնում են բարձին, թաքուն` մի քանի վայրկյան մտածում են իմ մասին ու հասկանում են, որ սիրո՜ւմ են էդ անիծվածին` ինձ: Զի ես ներքին չարություն չունեմ, իսկ դա ներքին մարդու բովանդակային խորքում, կարծում եմ, այդպիսի բաներ նրանց խորքում ևս կան, այլ էմոցիաներ է առաջացնում:
-Իսկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյա՞նը. դու նրանց ինչո՞ւ չես սիրում:
-Սերը քաղաքական կատեգորիա չէ, մի քաղաքականացրու։ Համ էլ Պրուստը Ծառուկյանի ու Հովիկի մասին հարցեր չունի:
-Երբ կանգնես Աստծո առաջ, ի՞նչ ես ասելու Նրան:
-Պիտի որ ասեմ. «Տե՜ր, դու գիտես, թե ինչպես եմ ես քայլել Քո առաջ: Տե՜ր, ես կարողացա ընդամենն այսքանն անել, մնացյալում լրացրու իմ անկարողությունը Քո ողորմության համեմատ, Տեր իմ»:
-Ի՞նչ կուզես` Ինքն ասի քեզ:
-Թող Ինքն ինձ ասի` անպիտան ծառա, դու կարողացար քո տունն ու քո սերունդը մի քայլ առաջ տանել, կես քայլ մոտեցնել ինձ` ինձ հետ կնքած սիրո քո ուխտում:


Ինքնահարցազրույցը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ