Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չուղարկված նամակ մամոնայի հայ զավակներին

Չուղարկված նամակ  մամոնայի հայ զավակներին
07.06.2013 | 11:46

(սկիզբը` այստեղ)

Բ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՆԱՅԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Շատ է խոսվում Ազգային ժողովում ձեռնարկատերերի ներկայության մասին:
Երբ ռուսական կայսրության Պետական դումայի առաջին գումարման կազմում տարբեր նահանգներից ընտրվեց յոթ հայ պատգամավոր (ընդ որում` միայն մեկն էր կալվածատեր), մեր ժողովրդի մեջ տարածվեց այսպիսի ասացվածք. «Դուման դմակ է, և դու էլ՝ դանակ, թլաշէ ու թլաշէ»: ՀՀ Ազգային ժողովի ձեռնարկատեր-պատգամավորն ի՞նչ է ուզում «թլաշել». ոչինչ, արդեն «թլաշել» է: Պատճառն այլ է: Փողը մշտապես իշխանության է ձգտում: Դրամատերը՝ թափանցելով իշխանական մարմին և ձեռք բերելով անձեռնմխելիություն, հաղթահարում է հոգեբանական բարդույթ՝ իրեն պատկերացնելով այս աշխարհի հզոր:
18 տարի Թիֆլիսի դումայի պատգամավոր Ա. Մանթաշյանցի հուղարկավորության ժամանակ Բենիկ վարդապետն այսպիսի խոսքեր արտասանեց. «Հայ վաճառականներ, դուք հայ ազգի վաստակաւոր ձեռքն էք, նրա հաստատութիւններին սնունդ մատակարարող աշխատաւորը, նրա կենդանի գանձն էք ու գանձարան, հետեւաբար նրանց վրայ հսկելու, կարգադրելու, կարգի բերելու բարոյական իրաւատէրը։ Մի՛ լռէք, մի՛ հեռանաք հայ վաճառականի աւանդական ճանապարհից, մի՛ մերժէք ձեր պարտքերն առ հայրենիք, մի՛ հրաժարուէք ձեր իրաւունքներից` ազգային գործերի ղեկը ձեր ձեռքից վար թողնելով»։
Չեմ կարծում, թե Ազգային ժողովի բիզնեսմեններն այս տողերը կարդացել են, բայց ակնհայտ է, որ ենթագիտակցորեն կենսագործում են ասվածի ձեռնտու մասը: Հրաժարվելով հայ ազգի վաստակաբեր ձեռք, նրա կառույցները սնող, պահող աշխատավոր լինելուց՝ չեն հրաժարվում ազգին հսկելու, կարգադրելու, կարգի բերելու իրավատիրությունից: Հեռանալով հայ վաճառականի ավանդական ճանապարհից, մերժելով իրենց պարտքերն առ հայրենիք՝ չեն հրաժարվում ազգային գործերի ղեկը ձեռքից վար թողնելուց:
Սակայն Ազգային ժողովում ձեռնարկատերերի առկայությունից առավել վտանգավոր երևույթ կա. դա մամոնայի զավակների ձեռամբ պետական պաշտոնյաներին ոսկե հորթով գայթակղելն է: Նա, ով պիտի ծառայի հասարակ մարդուն, պաշտպանի նրա շահը, սրա-նրա բիզնեսի մեջ փայատեր դառնալով կամ հիմնելով սեփական կոծկված բիզնեսը՝ ինքն է դարձել կեղեքող: Արդյունքում՝ իշխանության վարկաբեկում, բնակչության մեծամասնության անվստահություն իշխանության հանդեպ:
Այսպիսի իրավիճակի իսկական դրդապատճառն այն է, որ մամոնայի զավակները հայրենիք ու հայրենասիրություն չունեն, նրանց համար պետությունը աշխարհագրական-արտադրական տարածք է, որտեղ իրենք փող են գռփում: Զարմանալի պարադոքս կա. մամոնայի զավակներին խաղաղություն է պետք, որովհետև պատերազմի դեպքում առաջինը և ամենից ավելի իրենք են տուժելու, սակայն, մյուս կողմից, հարկախույս են լինում՝ բանակ պահելու բեռը թողնելով աղքատների ու կիսաղքատների ուսերին:
Չեմ կարող պատմական զուգահեռներ չանցկացնել: Վաճառական Պետրոս դի Սարգիս Գիլանենցը 20 տարի առևտրով էր զբաղվում Ամստերդամում և վիթխարի հարստություն էր դիզել: Երբ Պյոտր I-ն սկսեց պարսկական արշավանքը, նա 1723 թ. թողեց իր եվրոպական կուշտ ու ապահով կյանքը, եկավ Ռեշտ, կազմավորեց ու սեփական միջոցներով պահեց Հայկական էսկադրոն՝ 80-հոգանոց այրուձի, ու զենքը ձեռքին կռվեց: Մեկ տարվա ընթացքում էսկադրոնի պահպանման ծախսերը հոգալով` կորցրեց ամբողջ հարստությունը և ինքն էլ զոհվեց մարտադաշտում:
Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը Գիլանենցին այսպես որակեց. «Միակ իսկական զինվորը հայ կապիտալի պատմության ամայի դաշտում»: Սակայն պատմաբանն իրավացի չէր, այլ զինվորներ էլ կային:
Կովկասյան 2-րդ բանակային կորպուսի Տվերի դրագունյան գնդի կոռնետ Գուրգեն Դավթի Ավան-Յուզբաշյանը՝ ականավոր նավթարդյունաբերողի որդին, զոհվեց 1916-ին:
Հովսեփ Մկրտչի Խունունցը՝ Թիֆլիսի ամենահեղինակավոր անձանցից մեկը, Ներսիսյան ճեմարանի տեսուչը, քաղաքային դումայի պատգամավորը, զենքը ձեռքին կռվեց թուրքերի դեմ, իսկ նրա եղբորորդի Գուրգեն Մնացականի Խունունցը վիրավորվեց Ղարսում։
Գրիգոր Գերասիմի Թումայանը՝ Բաքվի նշանավոր նավթարդյունաբերողի որդին, ռուս-ավստրիական ռազմաճակատից վերադարձավ Կովկասյան ռազմաճակատ և ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց Ս. Գեորգիի խաչով։
Պողոս Մարկոսի Դոլուխանյանը՝ Թիֆլիսի ֆինանսատնտեսական խոշոր գործչի որդին, քաղաքային դումայի պատգամավորը, մինչ պատերազմը զբաղվում էր ստեղծագործ աշխատանքով՝ երաժշտական քննադատ էր ու Թիֆլիսի երաժշտական ընկերության վարչության անդամ։ Բայց արհավիրքի պահին զենք վերցրեց ու կռվեց թուրքերի դեմ։
1915 թ. ապրիլի 14-ին Խոջիվանքի գերեզմանատանը հողին հանձնվեց երիտասարդ պորուչիկ Արտաշես Մովսեսի Վարդանյանի դին։ Նա որդին էր Թիֆլիսի հայտնի տպարանատիրոջ, մասնակցել էր ռուս-ճապոնական պատերազմին, ապա Համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրից կռվել Կովկասյան ռազմաճակատում, պարգևատրվել Ս. Գեորգիի ոսկե սրով ու շքանշաններով։
Զաքարե Դավթի Մամուլյանը՝ հոլիվուդյան հռչակավոր կինոռեժիսոր Ռուբենի հայրը, Թիֆլիսի փոխադարձ վարկի 2-րդ ընկերության տնօրենն էր, քաղաքային դումայի պատգամավոր ու ԿՀԲԸ խորհրդի անդամ։ Պատերազմի սկզբից նա թողեց անհոգ կյանքը և զենք վերցրեց: Սարիղամիշում թուրքական 9-րդ ու 10-րդ կորպուսների ոչնչացման գործում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվեց մի քանի շքանշաններով։
1918 թ. Բուլղարիայում կային սրճարանների ու խանութների սեփականատեր քեմախեցիներ, ովքեր թողեցին իրենց բարեկեցիկ կյանքը, եկան Կովկասյան ռազմաճակատ ու կռվեցին:
Այս բոլոր ունևոր մարդկանց միակ բաղձանքն ամեն գնով ազգը պաշտպանելն էր: Եվ եթե օրհասի ժամին հարուստի զավակը, հասարակական դիրք ու կշիռ ունեցողն էր զենք վերցնում, ապա անտրտունջ, արդարության զգացումը սրտակուտակած՝ ռազմի դաշտ էր գնում նաև ունեզուրկը: Դա յուրատեսակ հավասարություն էր, արյան գույնի տարբերություն չկար:
Իսկ այսօ՞ր: Ի՞նչ տարբերություն, այսօր էլ չհայտարարված պատերազմի մեջ ենք ազերիի ու թուրքի հետ: Լսած կա՞ք, որ հայ-ադրբեջանական շփման գծի առաջապահ դիրքերում ծառայի մամոնայի զավակի զավակը կամ նրանց կամակատար պաշտոնյայի որդին: Սրանք իրենց սերվածքների գրպանները լցնում են փողով ու նրանց տեղավորում «լավ», ապահով տեղերում: Այսինքն, քաղաքացիական կյանքի անարդարությունը, սոցիալական անհավասարությունը տեղափոխում են բանակ, ախտահարում այն ու վտանգում մեր պետության գոյության երաշխիքը:
Մամոնայի զավակները հայրենազուրկ արարածներ են, սրանց համար պետություն գոյություն չունի:
Դեռևս իր արդարացի գնահատականը չստացած ազգային խոշոր գործիչ Բախշի Իշխանյանը 1914 թ. գրում էր. «Նրանք (վրացի ազգայնամոլները- Խ.Դ.) մեծ ատեստացիա են տալիս հայկական բուրժուազիային, վերագրելով հայ ազգային-քաղաքական գիտակցության բարձր աստիճան, վճռականություն և կազմակերպված կամք: Ո՜հ, որչա՛փ մեծ պատիվ է այդ մի դասակարգի հասցեին, որը չունի նրան վերագրվածների ստվերն անգամ»:
Ստալինն ասում էր. «Շուկան առաջին դպրոցն է, որտեղ բուրժուազիան նացիոնալիզմ է սովորում»:
Այսինքն, նացիոնալիզմից՝ հայրենապաշտությունից, ազգասիրությունից զուրկ մամոնայի զավակներ անցյալում էլ կային, բայց կար և հակակշիռ՝ բոլոր նրանք, ում թվարկեցի քիչ վերևում: Այսօր չկա այդ հակակշիռը:

Բ ԵՆԹԱԳԼԽԻ ՀԱՎԵԼՎԱԾ
Համեմատություն Ալեքսանդր Մանթաշյանցի և Գագիկ Ծառուկյանի միջև: Երբ ստեպ-ստեպ հնչում էին հրապարակային հարցադրումներ, թե ո՞վ կարող է դառնալ մեր օրերի Մանթաշյանց և ակնհայտորեն ակնարկում Ծառուկյանին, մտքումս քմծիծաղ էի տալիս ու լուրջ չէի վերաբերվում: Բայց երբ Ծառուկյանը հավատացյալ ժողովրդին հանձնեց նույնանուն եկեղեցի, ինչպիսին 1904 թ. Փարիզում կառուցել էր Մանթաշյանցը, և կինոռեժիսոր Վ. Չալդրանյանը եթերով ուղղակի զուգահեռ անցկացրեց, համբերությանս բաժակը լցվեց: Ինձ թվաց, թե նարցիսիզմի ճոճացանցում նիրհող կինոմարդի համեմատությունից Մանթաշյանցն իր չունեցած գերեզմանում շրջվեց:
Դե ինչ, եթե կա նման մտայնություն, ուրեմն հարկ է համեմատությունը վերլուծել:
Մանթաշյանցին` բոլոր ժամանակների ամենախոշոր հայ բարերարին, գնահատելը դյուրին է, նա վախճանվել է 102 տարի առաջ: Ծառուկյանի պարագայում դա անելը նույնպես դժվար չէ, որովհետև մեր աչքի առաջ է:
Նախ, Մանթաշյանցը ծայրաստիճանի համեստ էր, պարգևատրվել էր ընդամենը երկու շքանշանով` Ռուսաստանի նավթարդյունաբերությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար` Ս. Աննայի 2-րդ աստիճանով, և Փարիզում Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին կառուցելու համար` Պատվո լեգեոնի Սպայի խաչով: Ծառուկյանը, ըստ իս, իր պարգևների ճշգրիտ թվաքանակը չգիտե, պարգևասիրությունը նրա էության բաղադրյալն է: Ընդ որում, պարգևաբաշխությունը յուրատեսակ, բայց զազրելի բիզնես է. դրանում թրծված առավել «աչքաբացները» Ծառուկյանից փող են վերցնում, մի մասով փակում պարգևի ինքնարժեքը, մյուս մասը` գրպանում:
Մանթաշյանցը բարեգործությանն առաջին անգամ առնչվեց 24 տարեկանում. 1869 թ. նա գտնվում էր Մանչեստրում և այնտեղից հորը մանուֆակտուրա առաքում: Երբ տեղի 30 հայ վաճառականները դրամահավաք կազմակերպեցին Սբ. Երրորդություն եկեղեցին կառուցելու համար, պոլսեցի Գաբամաճյանը հատկացրեց 1200 ֆունտ սթեռլինգ, իսկ Մանթաշյանցը` ընդամենը 5 ֆունտ. այդքան էր ի վիճակի տալու: Բայց այդ առաջին առնչությունն անեղծ ազգասիրության հետ մտավ նրա արյան գնդիկների մեջ և ուղեկցեց մինչ ի մահ, 45 տարի շարունակ: Վերածվեց սրտի ու խղճի ուղեկցորդի:
Ծառուկյանի բարեգործական ակցիաների մեջ սրտի ու խղճի փոխարեն գործում է հաշվարկը, ջրի երեսին է քաղաքական հեռագնա նպատակների հաշվապահական դավթարը: Եթե Մանթաշյանցը բարեգործություն էր անում սուսուփուս, ավելին` մի մասը գաղտնի կամ այլոց անվամբ, և ինձնից պահանջվեց ավելի քան 10 տարի նրա բարերարության մի ոչ լրիվ ցանկ կազմելու համար, ապա Ծառուկյանի յուրաքանչյուր ակցիա տիվ ու գիշեր տարփողում են նրա ֆինանսավորած լրատվամիջոցները:
Սակայն կա առավել էական տարբերություն:
Մանթաշյանցը քաղաքականությամբ չէր զբաղվում, ընդհակառակը` դրանից ամեն կերպ խույս էր տալիս, որովհետև տեսնում ու պարզորոշ հասկանում էր, որ փողն ու քաղաքականությունը, կապիտալիստ և միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյա լինելը միանգամայն տարբեր, անհամատեղելի երևույթներ են: Նրա համար գոյություն ուներ հայ մարդ, և կուսակցական պատկանելությունը որևէ դեր չէր կատարում: Նրա կառույցներում աշխատում էին ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող ազգակիցներ, ֆինանսապես աջակցում էր հնչակ Սև Սանդրոյին, դաշնակցական Հովհ. Թումանյանին, բայց տեղյակ մարդկանց խստորեն պատվիրում էր այդ փաստերը ջրի երես չհանել: Երկյուղ ուներ ցարական իշխանությունից, որը, առանց հաշվի առնելու քսակի պարունակությունը, հաշվեհարդար էր տեսնում ցանկացածի հետ, ում դույզն-ինչ կասկածում էր քաղաքական ընդդիմադիր գործունեության մեջ (միայն 1917 թ. Փետրվարյան հեղափոխության շնորհիվ բանտարկությունից ազատվեցին Թիֆլիսի վաճառականական ատյանի, բորսայական կոմիտեի նախագահ Ա. Միլյանցը և Ռուսաստանով մեկ հայտնի կաշվի ու թաղիքի գործարանատեր Գ. Ադելխանյանը. ընդ որում` երկուսն էլ քաղաքային դումայի պատգամավորներ էին):
Ծառուկյանը հիմնել ու ղեկավարում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հանուն ինչի՞: Կուսակցության` հատվածականության, հատվածապաշտության, մարդկանց մի զանգվածին մյուսի դեմ հանելու միջոցով քաղաքական պայքար են մղում իշխանության հասնելու համար, այնինչ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, թե իրեն պաշտոն պետք չէ: Ո՞ր պաշտոնը…
Եթե պաշտոն չի ուզում, ուրեմն թող քաղաքականությամբ չզբաղվի: Եթե մեր օրերի Մանթաշյանց է ուզում դառնալ, թող լքի իր կուսակցությունը, իր ծնած-սնած կուսակիցներին, պրոֆեսիոնալ հեղափոխականներին:
Եվ վերջինը: Մանթաշյանցի կարողությունը հետմահու գնահատվում էր 22-30 մլն ռուբլի: Դա վաստակել էր տառապալից տքնանքով, արդար քրտինքով, բազում փորձություններ հաղթահարելով: Նրա բացառիկ նվաճումների գրավականը իր ժողովրդին անհուն նվիրվածությունն էր:
Եթե որևէ մեկը կապացուցի, որ Ծառուկյանն իր բազմամիլիոն ունեցվածքը վաստակել է տառապալից տքնանքով, արդար քրտինքով, պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրելու:


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ