Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Որկո՞ր, թե՞ երկիր (վաղամառային հեքիաթ)

Որկո՞ր, թե՞ երկիր (վաղամառային հեքիաթ)
07.06.2013 | 11:53

Ես հղկում եմ քարը
այնքան` մինչև
հայտնվում է Աստված
իմ ու քարի միջև։


«Արարչագործություն»,
Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՕՐԱՏՈՐԻԱ
(ֆելիետոնաբույր նախաճաշ)
Այս ի՜նչ կատարվեց մեզ հետ` այն էլ անկախացմամբ։ Չէ՞ որ դարերով քարից ենք հաց քամել, ու ինչպես բանաստեղծն է տեսնում, Աստված է հայտնվում մեր ու քարի միջև։ Հիմա դևն է փռվել մեր ու քարի միջև, դիվահար դևը (իմա` վարկատուները միջազգային և վայրագները ազգամիջյան), զի մենք, որքան էլ փոքր ածու, մեր որկրամոլությամբ վարար գետ ենք, երբեմն ուղղակի հրաբուխ։ Այո՛, դարերով քարից ենք հաց քամել, հիմա հացի խնդիրն է մեզ քամում, քանզի հայոց շուկան տնօրինող հանրահայտ շերխանների համար համահունչ հոմանիշ են երկիրն ու որկորը։ Իսկ մենք հնազանդ ենք և հլու, և զարզանդն է մեզ պատում, երբ գներն են պորտապար բռնում, լրբենի հրայրքով և դիվային հմայքով։ Այո՜։ Այլ որակում նրանց տալ չեմ համարձակվում, ու եթե հիշում է պատվարժան ընթերցողս, առաջին անգամ մեր գոյակերպը գոյության կռիվ դարձնողներին շերխաններ և շակալներ պատվակոչեցին այն նախամանորին, երբ հավկիթը թանկացավ այնքան, որ թվաց, թե ջայլամակիթ է։ Մի խոսքով, մեր հնազանդությունը, կարծես, պարարտ սևահող է, ուր երկիրը որկորի իմաստավորողներն իրենց նեխած հունդերն են ցանում, մենք էլ հնձում ենք նեխած հունդի պտուղները, անշուշտ, բողոքում ենք, բորբոքվում ու մորմոքվում։ Սակայն հնազանդվում ենք, հետընտրական թանկացումներին նայում-դիվոտում ենք, բայց և այնպես լիուբոլ գնումներ ենք կատարում, ասես նավաբեկություն է, և հապշտապ պիտի գոնե մեկ ամսվա սննդամթերքը պաշարենք։ Այնինչ մեկ-երկու շաբաթվա գաստրոնոմիական անհնազանդությունը փրկօղակ է երկրի համար, հավատացեք, զի միայն այս ճանապարհով է հնարավոր դարձի բերել շուկայի դարձվորներին, թող նրանց թթվասերը թլփատվի, պանիրը թող պտղակալի որդերով, և երշիկը նրանց թող որ յուր իսկությունը` արհեստական խյուսերն ու բորբոսները ի ցույց հանի։ Ես` արմատական պանրասերս և երշիկի վաղեմի բարեկամս, շուրջ մեկ ամիս է` պանրաերշիկադուլ եմ հայտարարել և լիուլի բավարարվում եմ դրանց տեսլապատկերներով։ Հետևեք ինձ և վստահ եղեք` անգամ գազի թանկացմանը հետևող գնային սանձարձակությունը չի թակի մեր դրամապանակի դուռն ու դարպասը։ Մի՞թե մենք կիսաքաղց ու մրսած, կատվակերի փլավով բավարարված և վառարանի կողքը ծվարած դավեցինք մեր ազգային երազանքին, այն էր` Արցախի ազատագրմանն ու աղետի գոտու վերականգնմանը։ Այնպես որ, մեր հանրային-գաստրոնոմիական անհնազանդությունը այսօր միակ հնարավոր հնարքն է` դիվահար դևին ծնկի բերելու։ Չմոռանանք, մինչ օրս ի խորոց սրտի ընկալեցինք բոլոր կարգախոսներն ու նշանաբանները, և եթե նրանց վերերկրային էներգիան նպատակին ծառայեր, այսօր գների լուրջ անկում պիտի որ լիներ, ներգաղթի հաղթարշավը և ՀԱԿ-ՀՀՇ քաղաքական մումիայի ինքնակամ դիակիզումը։ Բայց մեր իրականությունում մի բան է աներեր. դիվահար դևը ու նրան սպասարկող շակալախմբերը ամորձատում են պետությունը։ Այո, ցավալի է, դաժան, բայց և այնպես իրական։ Ահավասիկ, երկրի նախագահի երկրաշինական գործընթացները գրպանահատային նենգությամբ շեղվում են հունից։ Ահավասիկ, հանրապետության մայրաքաղաքի քաղաքապետարանը` մի կողմից, մյուս կողմից` երկրի մշակույթի նախարարությունը օրենքի օրհնությամբ կանխարգելում են Փակ շուկայի ապօրինի շինարարությունը, ապօրինության հեղինակը, ով օրենսդիր մարմնի մանդատավորն է, տապալում է օրենքն ու օրինականությունը։ Այո՜, կարծես իսկապես դիվահար մի արշավանք է սկսվել, և Մալթուսի տխրահռչակ դոկտրիններն են մեր իշխանախավում հարցեր դրստում։ Ի դեպ, Մալթուսը հաճախ բավականին առողջ մտքեր էր արտահայտում։ Մասնավորապես պնդում էր, որ եթե մարդն աշխարհ է գալիս, սակայն ծնողները նրան կերակրել չեն կարողանում, հասարակությունն էլ նրա կարիքը չունի, բնությունը տվյալ մարդուն հրամայում է հեռանալ։ Ինչպե՞ս, շատ դյուրին ճանապարհով. օրինակ, համաճարակների բորբոքմամբ։
Մենք հանրային պատվազուրկ համաճարակով ենք տառապում, և մեզ արդեն ոչ թե դյութում են խոստումներով, այլ ձյութում խոստմնազանցությամբ։ Եվ եթե դույզն-ինչ չափազանցություն եք ընկալում վերոնշյալում, պարզաբանեք, պաղատում եմ, ինչու հունիսին չի նվազում կաթնամթերքի սակագինը, եթե մայիսի վերջերին կաթի առատություն է և գնի անկում։ Այսպիսով, մեր միակ զենքը սակավապետությունն է, այլ խոսքով ասած` ժուժկալությունը։
Հառա՜ջ, արգո իմ ընթերցող, գաստրոնոմիական անհնազանդությամբ սասանենք դիվահար դևի դղյակը, Հրազդանով դեպի Արաքս, Արաքսով էլ դեպի Ազերբայջանի պետական կոյուղագծերը արտամղենք մեր անուշ հայրենիքը ժանգապատած շերխաններին և շակալներին։
Այսպիսով, անհնազանդության համաճարակ է հայտարարվում։ Ընդդեմ դիվահար դևի և նրա շքախմբի։
Այժմ քիչումիչ զվարճանք` մի քանի խնդրի քննարկմամբ։

ԴՈՄԻՆԱՆՏԻ ԱՐԱՏՆԵՐԸ
(պամֆլետամերձ ճաշկերույթ)
Ահավասիկ շանթեր փայլատակեցին հայոց երկնակամարում, քաղաքապետարանը հանրության դատին է ներկայացնում Հանրապետության հրապարակի հայեցակարգային բաց մրցույթը հետևյալ գերնպատակով. «Մրցույթի նպատակն է ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին, մասնավորապես հաշվի առնելով հետևյալ իրողությունները. հրապարակն իրականում վերածվել է տրանսպորտային գերծանրաբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով` Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջը` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները»։
Անշուշտ, սա Երևանի բռնախեղման հերթական արատն է, և այստեղ չկա արատավոր ոչինչ։ Սակայն ձևակերպման մեջ սպրդել է խիստ կարևոր, ես կասեի դարակազմիկ մի բան. «...Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջը` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնությունը...»։ Ե՞րբ են սիլուետներն ակտիվացել, ո՞վ է Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքներում հրահրել այս քաղաքաշինական վակխանալիան։ Ո՞վ, իշխանություններն ու կառավարությո՞ւնը, ո՞ւմ դրդմամբ, անշուշտ` դիվահար դևի։ Բայց չէ՞ որ հրապարակի շրջապատը բռնաբարողները անհայտ չեն և գոնե հարկ է նրանց այսօր ի ցույց դնել հենց Հանրապետության հրապարակում, զի երկրի պետականության և հանրապետության գոյակերպն է զոհասեղան բարձրացված, զի երկրի, պետության, հանրապետության գլխավոր հրապարակը Թորամանյան-Թամանյան հանճարապատումի արգասիքն է, ովքեր հայոց քաղաքաշինական հազարամյա կորսված արժեհամակարգը վերակերտեցին խորհրդային մայրաքաղաք Երևանում, հանձին օպերայի և ի դեմս հրապարակի։ Անշուշտ, դույզն-ինչ չկասկածելով, որ ի հայտ կգա դիվահար դևը և կայլակերպի մայր ոստանը։ Այսպիսով, նախ, հրապարակի շրջակայքն են այլակերպում, հրապարակը կորցնում է յուր մասշտաբայնությունն ու դոմինանտությունը, հետո, բնականաբար, առաջ է գալիս հրապարակի արդիականացման և քաղաքաշինական արդի գործընթացներին նրա հարմարեցման խնդիրը։ Սա լրջախոհ ահազանգ է, հրապարակը պիտի էապես բռնախեղվի, այսինքն` մի քանի հարկով վեր բարձրանա, հարմարվի քաղաքաշինական արդի գործընթացներին։ Այո՜, այստեղ ևս փնտրենք մեր հանրային հնազանդության որոմը։ Երբ Երևանում սկսվեց «կռիշաբումը», միայն ՀՆՄ «Կերպարվեստ» ամսագիրն էր յուր «Քաղաքակրտության» խորագրի ներքո ահազանգում, որ մայր ոստանի նկարագիրը աղճատվում է, իսկ ահա «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիրը երբևէ չանդրադարձավ այն ամենին, ինչը դիմազրկում էր հանրապետությունն ու մայրաքաղաքը։ Այսօր նշյալ ամսագրում նորանկախական շրջափուլի քաղաքաշինական և ճարտարապետական հաղթարշավը համարից համար փառաբանող ճարտարապետներն ու քաղաքաշինարարները հանկարծ արթնացել և ողբ ու կական են բարձրացրել։ Այո՜, հնազանդության որոմը ահարկու բան է, որ սնում է բազմաբնույթ զանցանքներ։ Բայց գրողը տանի (ու հետ չբերի), չէ՞ որ պամֆլետամերձ այս ճաշկերույթում խոստացանք զվարճանալ։ Ահավասիկ. յուրաքանչյուրս մեկական քլունգ և լինգ առած գրոհում է մայր Երևանի այլակերպումների վրա, նախ քանդում-քլնգում է մերձհրապարակային սիլուետները, հետո ձեռնաշղթաներ հագցնում ալեքսանյանների, մայրապետյանների և մյուս երևանակուլների ոտքերին, այնուհետև «ՀՀ անհայտ բացակայող» շքանշանն ենք հանձնում մայրաքաղաքի բոլոր դժնդակ արհավիրքները արմատապես արհամարհող քաղաքամոր ավագանուն։ Ինչ էլ զվարճալի է ստացվում. քլնգումներ+ձեռնաշղթաներ+ավագանի=..., դե, սովորության համաձայն` սա էլ ինքներդ գտեք։

ԵՐԿՐԻ ՈՐԿՈՐԸ
(սարկաստիկ իրիկնահաց)
Երբ Ծառուկյանը յուր տաճարը կառուցեց հաղթական աջով և խաղատունը բացեց յուր մոգական ձախով, մտավորականությունն ընդվզեց աջակողմյան յուր մտատանջանքում և ձախակողմյան յուր շորշոփով բորբոքված վազեց դեպի քաղաքն Աբովյան։ Վազեց, զի մղկուտն էր սիրտը պատել, էդ ոնց կլինի, քրիստոնեական առաքինության տաճարն ես կերտում և քարոզում ողջախոհություն և սակավապետություն, բայց զուգահեռ մոլեխաղի կենտրոն ես հիմնում և սահանկում երկրի բոլոր առաքինություններին։ Մի խոսքով, մտավորականությունը զայրացկոտ տեղ հասավ և խստակյաց սրտով դեմ առ դեմ կանգնեց արգո Գագոյին։ (Արգո Գագոյից աջ Դավթաշենի այգու Կացին Ախպերն էր` Ծաղիկը Ռուբեն)։ Մի խոսքով, մտավորականությունը տեղ հասավ և սկսեց կենաց ճառեր ներբողել ազգապահպան միաձուլմանը, և քրիստոնեական ողջախոհությունը սերտ դաշինքի մեջ է մտնում մամոնայի հետ վասն երկրի, պետության, հանրապետության բարգավաճման։ Վասն երկրի ու որկորի։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ