Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օլիգարխի համար կարևորը փողն է ու դրա քանակը

Օլիգարխի համար կարևորը փողն է ու դրա քանակը
11.06.2013 | 00:37

Հայաստանում օլիգարխիկ դասակարգի ձևավորման ընթացքը զգալիորեն տարբերվում է այլ երկրների նույն գործընթացներից: Նույնիսկ հետխորհրդային տարածաշրջանի երկրների օլիգարխներն իրենց ինտելեկտուալ մակարդակով, ձգտումներով և կենցաղավարությամբ տարբերվում են հայաստանյան օլիգարխներից, որոնք աչքի չեն ընկնում ո՛չ ինտելեկտուալ կարողություններով, ո՛չ կրթվածությամբ, գիտելիքներով ու մակարդակով, ո՛չ էլ իրենց հանրօգուտ մղումներով: Փողն աստվածացնող հայաստանյան այս խավը, ի տարբերություն այլ երկրների օլիգարխների, փորձում է ինքնահաստատվել ի հաշիվ պետության ու հասարակության, և նույնիսկ շահագրգռված է պետականության թուլացմամբ:
Խնդիրն այն է, որ հայաստանյան օլիգարխիան կապիտալի կուտակման և ինքնահաստատման դաշտը տեսնում է միայն ու միայն երկրի ներսում, ուստի և շահագրգռված չէ, որ պետությունը լինի ուժեղ և կազմակերպված, ճիշտ հակառակը. օլիգարխների պատկերացումներով պետությունը պիտի լինի թույլ, պետական իշխանության ներկայացուցիչները` փալաս, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի իրականացնել պետության տնտեսական կարևորագույն գործառույթներից մեկը` ազգային եկամտի վերաբաշխումը: Երբ 18-րդ դարում հայ գործարարները Հնդկաստանում իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում, «շատ պատահաբար» Հնդկաստանում հայտնվեց անգլիական «Արևելահնդկական ընկերությունը», հայտնվեց պետության աջակցությամբ` բրիտանական բանակի սվինների ավանգարդով, և տեղի հայ օլիգարխներն իշխաններից վերածվեցին հալածյալ համբալների:
Հետո արդեն Շահամիր Շահամիրյանն ու «Մադրասի խմբակի» անդամները պետք է փորձեին ռուսական ու վրացական արքունիքներում պետականություն մուրալ, որպեսզի կարողանան պետության աջակցությամբ լուծել իրենց հարցերը: Անշուշտ, ժամանակակից հայաստանյան օլիգարխիան ծանոթ չէ այս պատմությանը և չի գիտակցում, որ գալու է այն պահը, երբ իրենց կողմից թուլացված, քացու տակ գցված ու փալասացված պետություն են ներխուժելու արտասահմանյան կապիտալի ներկայացուցիչները, իսկ իրենք վերածվելու են օտար կապիտալին սպասարկող լաքեյների կամ էլ, լավագույն դեպքում, արտագաղթելու են ճիշտ այնպես, ինչպես այսօր արտագաղթեցնում են ուրիշներին:
Հայաստանյան օլիգարխիան այդպես էլ չհասկացավ, որ պետականության հզորացումից կարող է լուրջ օգուտներ քաղել: Բրիտանական օրինակով հայկական հզոր պետականությունը կարող էր արտասահմանյան շուկաներ նվաճել, օգնել տեղի գործարարներին իրենց արտադրությունն արտահանելու միջազգային շուկաներ և շահավետ գործարքների հեռանկարներ ստեղծել: Բաց ոչ, ինչո՞ւ անդարդ գլուխը դնել ցավի տակ, եթե հնարավոր է առանց հավելյալ բարդույթների փող աշխատել հենց տեղում` փալաս դարձած պետականության պայմաններում ստեղծելով համակարգ համակարգի մեջ և դրանով հնարավորություն ընձեռելով էժան ապրանք ներկրել և թանկով վերավաճառել ու դրանից միլիոններ աշխատել: Իսկ տեղական մրցակցության հարցն էլ լուծված է: Կուտակած կապիտալը թույլ է տալիս մասնակցել քաղաքական գործընթացներին, եթե այդպիսիք, իհարկե, Հայաստանում ընթանում են: Կուսակցություններում ունենալով կարևոր մարդիկ և առանձին` մասնագիտացված սպասարկու կուսակցություններ, հայաստանյան օլիգարխիան պահպանում է իր արտոնյալ կարգավիճակն ու շարունակում ոտի տակ տալ պետությունը` թքելով և՛ հասարակության, և՛ պետականության ապագայի վրա: Օլիգարխի համար կարևորը փողն է ու դրա քանակը:
(շարունակելի)


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ