«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Աշխատում եմ մեղվի նման բոլորից օգուտ քաղել»

«Աշխատում եմ մեղվի նման  բոլորից օգուտ քաղել»
11.06.2013 | 00:13

-Ո՞վ է Մեհրուժան Բաբաջանյանը նրանց համար, ովքեր նրան չեն ճանաչում։
-Մեղավոր մի մարդ, ով հավատում է Աստծուն։
-Դուք ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով հավատի եկաք։
-Պահը եկել է և պիտի հակիրճ ներկայացնեմ անցյալս։ Մի ժամանակ խիստ աշխարհիկ մեկն էի։ Ավարտելով պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը` աշխատանքի անցա առևտրի ոլորտում, հասա բաժնի վարիչի աստիճանի։ Սակայն ներքուստ զգում էի, որ այդ ճանապարհը փակուղի է տանում։
-Այսինքն` մամոնայի դաշտում էիք դրսևորվում։ Դժվարանում եմ Ձեզ պատկերացնել առևտրի բնագավառի աշխատողի կերպարում։
-Ոչ միայն մամոնայի, այլև մեղքի դաշտում էի, քանզի առևտուրը գրեթե անպակաս է մեղքից։
-Այսօր շատերն են հավատի եկել։
-Ցավոք, հաճախ դա արտահայտվում է եկեղեցի հաճախելով և մատաղ անելով։ Ես էլ էի այդպիսին։ Հավատացյալը պիտի գիտակցի, թե որն է փրկության ճանապարհը, աֆրիկական շատ ցեղեր անկեղծորեն հավատում են, որ Աստված կա։ Սակայն անտեղյակ են փրկության ճանապարհին։ Ես էլ ապրում էի Աստծու հետ, չիմանալով նրա ծրագրի մասին առ իմ փրկությունը։
-Առևտրի բնագավառում կամա-ակամա խախտել կամ շրջանցե՞լ եք օրենքն ու օրինականությունը։ Նման պահերին ի՞նչ էիք զգում։
-Կարծես պատերազմում էի խղճիս դեմ, երբ մենակ էի մնում խղճիս հետ, լսում էի նրա ձայնը։ Մի դեպք եմ հիշում։ Խմբով ստուգման գնացինք։ Այսպիսի որոգայթ կար։ Մեկին ուղարկում էինք «կոնտրոլ» գնման, քաջ իմանալով, որ վաճառողը գնի մեջ խաբելու է։ Մի երիտասարդի ուղարկեցինք շամպայն գնելու, գնեց երկու շիշ շամպայն, մանրը վերադարձվեց երկու ռուբլի պակաս, դա լուրջ խախտում էր, մի քանի կոպեկի համար էին մարդուն դատում։ Վաճառողուհուն նախ ես մոտեցա, երիտասարդ կինը հղի էր, մոտ ծննդաբերմանը։ Մտածեցի, որ ծանր հետևանք կունենա մեր բացահայտումը։ Ասացի, որ երիտասարդի 3 ռուբլին փոխարինի 5-ով, որպեսզի խախտումը կոծկվի, այսինքն` ինքս խախտման գնացի, խախտեցի պետական օրենքը հանուն խղճի օրենքի։ Վաճառողուհին, իհարկե, փորձեց «լավությանս» տակից դուրս գալ, ասացի, որ ինձ առաջարկվող գումարով թող մոմ գնի և վառի եկեղեցում և աշխատի անսուրբ բաներից հեռու մնալ, մանավանդ հղիության շրջանում։ Տերն ինձ ահա նման դիպվածներով դարձի բերեց դեպի իր ճշմարիտ խոսքը։
-Հայտնի է, որ աշխատել եք Երուսաղեմում։
-Այո, 1999-ին Երուսաղեմ հրավիրվեցի, պատրիարքը տեղյակ էր, որ գիտակ եմ հոգևոր խոսքին, սուրբ հայրերի մասին էի գրում, առաջարկեցին դասավանդել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վարժարանում։ Առհասարակ, Երուսաղեմում հզոր ազգապրեցնող արմատներ ունենք, ժամանակին յոթանասուն վանք ենք ունեցել, յուրաքանչյուր հայոց նախարարական տուն իր վանքն է կառուցել Երուսաղեմում, այժմ ոչ մեկը չկա։
-Այսօր ի՞նչ է կատարվում աշխարհում և աշխարհի մաս Հայաստանում, Երկիր մոլորակը խառնակությունների մեջ է, մարդիկ` տագնապի։
-Կատարվում է Աստծո մարգարեությունը, չէ՞ որ ասված է` Իր գալստից առաջ հզոր երկրաշարժեր և ալեկոծություններ պիտի լինեն, ազգերն ազգերի վրա պիտի ելնեն, մահտարաժամեր պիտի լինեն, այսօր գերեզմանատներում շատ են կյանքից վաղաժամ հեռացածները, սա է մահը տարաժամ, մարդկությունն ավելի ու ավելի է սուզվում հեթանոսական խավարի մեջ։ Եվ առավելապես քրիստոնյա ազգերը, արդեն 12 երկիր է ընդունել միասեռականության մասին օրենքը, տասը դրանցից քրիստոնյա ազգերն են։
-Ի՞նչ են նախաձեռնում մեր հոգևոր հայրերը։
-Երբ ձնագունդը փոքր է, նրա ընթացքը հնարավոր է կանխել, բայց երբ այն թափ է առնում, անհնար է ընթացքը բեկել, մեղքի հեղեղը մարդկանց կորստյան է տանում։
-Չափազանց մռայլ, հուսահատեցնող բան ասացիք։ Չկա՞ փրկության որևէ ճանապարհ։
-Աստված Պողոս առաքյալի բերանով արդեն ասել է Տիմոթեոսին. «Ահա պիտի գան վերջին ժամանակները, որոնք չար պիտի լինեն»։
-Դառնանք մեր տառապած և փառապանծ հայրենիքին. մեր կռապաշտությունը օր օրի ավելի համակարգված է դառնում, ամենուր ինչ-որ կեղծ հերոսների կուռքացում է, փողի վայրագ մուտք ու ելք։ Վերջերս, անկեղծ լինեմ, պետականության կորստյան վտանգ եմ զգում։ Ի՞նչ անենք։
-Աստվածաշնչում առկա է ազգերի և անհատների փրկության ծրագիրը, եթե հաղորդ լինենք Աստծո խոսքին։ Բայց ոչ իշխանավորն է այսօր հաղորդ Աստծո խոսքին, միայն հոգևոր դասի նվիրյալ սպասավորների քանակն էլ սակավ է, և անհնար է դառնում հորձանուտին դիմակայելը։ Գուցե տարօրինակ թվա, բայց իմ հոդվածներում շարունակ կրկնում եմ. ինչպես ջրհեղեղով մաքրվեց ապականված աշխարհը, երկրորդ անգամ պիտի մաքրվի հրով, ես դա անվանել եմ հրհեղեղ։ Եղավ ջրհեղեղ, կլինի նաև հրհեղեղ։
-Դրա ժամը, իհարկե, անհայտ է։
-Իհարկե, բայց նախանշաններն են փաստում, որ դա չափազանց մոտ է, և հենց մեր սերունդը պիտի դրա միջով անցնի։
Կրակը պիտի մաքրի մեր մեղքերը։
-Շատերի համար սպասված բան էր թերթում հոգևոր բնույթի նյութերի մշտակայունությունը։ Գլխավորապես ի՞նչ է մատուցվում ընթերցողներին։
-Շատերը փնտրում էին, սակայն չէին գտնում, ես փորձում եմ օգնել նրանց, մանավանդ, որ առաքելական եկեղեցու զավակներ ենք, սակայն շատերը մեզնից անտեղյակ են սրբերի վարքին, նրանց նվիրված տոնական օրերին ու դրանց խորհրդին: «Իրատես de facto»-ն» թույլ է տալիս այդ բացը լրացնել, զի մեր ազգը ապրել և այսօր էլ ապրում է սբ. Խաչի, բոլոր սրբերի և սբ. Աստվածածնի բարեխոսությամբ` այս խառնակ օրերում։ Զուգահեռաբար աշխատում ենք ընթերցողին ցույց տալ սբ. Պատարագի և սբ. Հաղորդության կարևորությունը, քանի որ առանց դրանց և ոչ մի քրիստոնյա չի կարող հաղթությամբ ավարտել իր հավատի ընթացքը։
-Ձեր հոգևոր ուղին զուգահեռվեց թերթի ուղուն։ Ի՞նչ է ընձեռում թերթն ամենօրյա լրատվական irates.am կայքէջով ընթերցողին, բավարարվա՞ծ է նա։
-Մտահղացումը հոգևոր նյութերի պարբերական զետեղմամբ արդարացված է, մեր ընթերցողները չէ՞ որ, քաղաքացիական, սոցիալական և այլ իրավունքներից զատ, հոգևոր իրավունքի իրավատերն են։ «Իրատես de facto»-ն համապատասխանում է իր անվանը, քանի որ բնավ չի շղարշում իրականությունը, յուրաքանչյուր բան, մեծ կամ փոքր, դիտարկում է իրատեսորեն։ Ընթերցողը, կարծում եմ, բավարարված է, քանզի հնարավորություն ունի ազգի ներկա վիճակը դիտելու և տեսնելու նաև հոգևոր տեսանկյունից։
-Բնականաբար, արձագանքներ կան Ձեր հրապարակումներին։ Այդ մասին։
-Բազմաթիվ են արձագանքները, մանավանդ մեր սրբերի տոնակատարությունների և նրանց վարքաբանության վերաբերյալ։ Այսպես, «Իրատես de facto»-ի ընթերցողն առաջիններից էր, որ տեղեկացավ` քրիստոնյա աշխարհին քաջ հայտնի սբ. Գևորգը ազգությամբ հայորդի էր։ Այս ուշագրավ փաստը հայտնաբերել եմ Հայաստանի ազգային գրադարանում պեղումներ կատարելիս։ Նաև հիշատակել ենք մեր հարազատ ննջեցյալների հոգու հանգստության համար օգտակար աղոթական նրբությունների մասին և այլն։
-Այնուամենայնիվ, դժվար չէ՞ ճանապարհ հարթել մի լրատվամիջոցում, ուր և՛ քաղաքական (նաև աշխարհաքաղաքական) հիմնարար վերլուծություններ են, և՛ մարզական, և՛ մշակութային ոչ պակաս հիմնարար լուսաբանումներ, նաև երգիծանք։
-Քանի որ մարդը բաղկացած է հոգի, շունչ (բանականություն) և մարմին եռամիասնությունից, ապա «Իրատես de facto»-ն ինչ-որ չափով ապահովում է բանականը և մարմնական կարիքներին է բավարարում տալիս։ Սակայն, ի տարբերություն այլ թերթերի, բավարար սնունդ է ապահովում նաև հոգևոր ոլորտի համար։ Այսինքն` ամեն բան ներդաշն է, և ես բնավ դժվարություն չունեմ։
-Ո՞ր հեղինակի նյութերն եք մշտապես ընթերցում, որի՞ն եք անտեսում։ Տեսնում եք, Ձեր ոլորտը հարգելով, անուններ չեմ տալիս։
-Աշխատում եմ մեղվի նման բոլորից օգուտ քաղել։
-Այսինքն` նաև ինձնից։ Զգացված եմ։

Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ