Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Հռոմի Պա՜պն է գալիս

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ. Հռոմի Պա՜պն է գալիս
11.06.2013 | 14:49

Ավետիքը չալկին անելով, շունչը բերանին գոլ անելով, քթքթալով շտապում է գյուղամեջ, որ իր բաժին քարին նստի, քարը գոլացնի, պարապ-սարապ դարձած ընկերների հետ շարունակի հերվա աշնան և երեկվա կիսատ զրույցը, բայց ինքը լավ էլ գլխի է, որ էսօր զրույցի նոր թեմա է բացվելու։ Օրենքով առաջինն ինքն էր գյուղամեջ հասնելու, բայց մտածելու բան կար։ Տնով մտածեցին, լավ մտածեցին, ինքն էլ ասաց` թող ընկնի էգուց-էլօրին, բայց գալօրին թող չհասնի։ ՈՒշանալու պատճառն էն է, որ պատճառավոր հարսը խտոր է ընկել, ազատվել, մի լավ տղա է բերել։ Արդեն տանն են։ Հասկանում է` լավ խաբարը հիմա գյուղամեջ է հասել, հասել է իր հընգորտանցը, դե, բնական է, նրանք էլ մաղարիչ են ուզելու։ Ավետիքը հասավ, շունչը տեղը բերեց, մտիկ արեց ընկերներին ու իր բարի օրը բաց թողեց.

-Հլա մի բարի օր ձեզ։
-Մի բարի օր էլ քեզ, հլա երկու բարի օր էլ, Ավետիք ջան։ Օրը ճաշ դառավ, էդ ինչի՞ ես ուշանում։ Կա-չկա, էստեղ մի բան կա։
-Մասլահաթի գործ է բացվել։ Լավ պատճառ կա։ Տնով մտածում էինք։
-Պատճառը շուտ է տեղ հասել։ Աչքալիս ե՞րբ ենք անում։ Դու դա ասա։
-Էգուց էստեղ, քառասուն օրն անցնի` տանը։ Վախեցող չկա։
-Տղա է, չէ՞։ Էսօրվա գործը ինչի՞ ենք էգուցվան թողնում։
-Դե, հիմա ժամանակն էնպես է անցնում, որ էգուցն էսօր է դառնում, էսօրը դառնում է էգուց։ Տարին օրվա նման խրտնած ձի է դառել, մեր տակից փախչում է։
-Էսօր, էգուց, էսօ՞ր, թե՞ էգուց։ Այտա, էսօր վայ թե կանք, էգուց կլինե՞նք, չենք լինի... Էսօր եկեք էգուցվա մեր գործը լավ ցրցամ տանք։
-Այտա, ապրելուց խոսենք։ Մարդ է ծնվել։ Ավետիք, դու էն ասա, անունդ տվե՞լ ես թոռանդ։ Ավետիք, իսկական պապական-հայկական անուն է։ Մեր գեղի անուն է, ձեր ցեղի անուն է։
-Անունս ես վաղուց էի տվել, համա էսօր իմ ասածին քացի տվի ու... -Ավետիքը խնդմնդալով ծիծաղեց ու... -Ապրեն երեխեքս, խոսքիցս դուրս չեկան, ասին` մեծի խոսքը պիտի հարգեն։ Երեխեք են, ինձ նման մտածեցին` էս երեխան պապի դրած անունով ավելի լավ կապրի կյանքում, քան պապի անունով։
-Հլա մի ասա, իմանանք, էդ ինչ անուն ես մոգոնել, որ քո անունից պիտի լավ լինի։ Ոչ մի անուն քո անունից լավ չի լինի։ Դու հաց-մացի մասին մտածիր, մի լավ քեֆ պիտի անենք։ Անունն ասա։
-Անունը... - Ձգեց, ձգմգեց Ավետիքը... -Դե, ձեզ մատաղ, ոնց ասեմ, որ հասկանաք։ Էնպիսի անուն է, որ իմ անվանը հեշտ ու հանգիստ կզոռի, կծալի...
-Դու մենակ ասա։ Դեռ ընդունակ ենք լավ բանը հասկանալու։ Ասա...
-Անունը դրել ենք... Հը, հը, հը... Հենց ես եմ դրել... Հը...
-Այտա, հըն անուն չի լինի, հըհըն որն է, բան գիտես, բան ասա, բան հասկանանք։ Դրածդ անունն ասա։
-Անունը ես իմ լեզու-բերանով դրել եմ... Հը, հը, հը, հա`, լեզվիս եկավ, Հռոմ, հա Հռոմ։
-Ի՞նչ... Հռո՞մ... Այտա, անունը մեր աշխարհից կտրել էր, որ... Հռոմ, չէ, չէ, մի պոզեր... Հռոմ... Ես աչքալուսանքին չեմ մասնակցի։ Հայի անունը կտրել էր։ Հռոմ...
-Հռոմ, հա, հենց Հռոմ... Այ, հասարակ օրինակ եմ բերում։ Դուք էստեղ նստած կլինեք, կասեք` էս մարդը էսօր ինչի՞ է ուշանում։ Այ, ես կերևամ, առաջվա պես չեք ասի` հրեն, Ավետիքի գլուխն երևաց, գալիս է։ Կասեք` Հռոմի պապը գալիս է։ Տեղներիցդ վեր կթռչեք ու... Կյանքը փոխվել է։ Հռոմս ոչ միայն մեր տանը, այլ մեր գյուղին, մեր ժողովրդին շատ օգուտներ կբերի... Դե, գնացեք, որտեղ ձերն ասեք, էնտեղ էլ իմն ասեք։ Թոռանս անունը Հռոմ է, ես էլ Հռոմի պապն եմ։ Էգուց էլ խմելու ենք Հռոմի պապի կենացը։ Հռոմ, այո, Հռոմ, գյուղը լցրել ենք Վալոդներով ու Ֆրունզեներով, Լենդրոշներով ու Իլյիչներով, Մելսերով ու Թելմաններով...
-Համոզեցիր, Ավետիք ջան, թող երկար ումբրարև լինի Հռոմին էլ, նրա պապին էլ... Հռոմիկ կասենք, մինչև... Դե, վեր կենանք, էգուց մեծ գործաբանի ենք...
Հռոմ... Հռոմ... Հռոմի պա՜պն է գալիս։

Դիտվել է՝ 149440

Մեկնաբանություններ