«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Խառնվածքով Էդուարդ Թումասյանը բնավ առաջնորդ չէ, մի տեսակ վախվորած է, քանզի տակը պոչ ունի»

«Խառնվածքով Էդուարդ Թումասյանը բնավ առաջնորդ չէ, մի տեսակ վախվորած է, քանզի տակը պոչ ունի»
14.06.2013 | 00:07

Հայաստանի արհմիութենական կյանքը կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ինչ-ինչ համաձայնագրեր է ստորագրել, մայիսի 1-ին էլ արհմիութենականները երթ կազմակերպեցին։ Այսօր մեր զրուցակիցն է ՀՀ ֆիզկուլտուրայի, սպորտի և տուրիզմի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ ԿԱՌԼԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։

-Հանրապետությունում անհանգիստ իրավիճակ է` գազի սակագնի բարձրացման և դրա ոչ այնքան ուրախ հետևանքների առնչությամբ։
-Գազի սակագնի բարձրացման պատճառով, ցավոք, բարձրանում են ծառայությունների և ապրանքների գները, երբեմն նաև արհեստականորեն։ Սա մեր իրականությունն է, ինչին ոչ թե պիտի հարմարվենք, այլ պետք է փորձենք այն ավելի տանելի, մարդավայել դարձնել։ Օրեր առաջ Կառավարական տան առջև մի հաղթանդամ տղամարդ էր պառկած և հարց էր բարձրացնում` ո՞ւր են արհմիությունները։ Առօրս, այո, արհմիություններն անմասն են աշխատավորության սոցիալ-տնտեսական շահերի պաշտպանությունից, միաժամանակ գործատուները զանգվածային հակաարհմիութենական գործունեություն են ծավալում։ Վերջին տվյալներով` արհմիությունների անդամների 50 %-ը կրճատվել է։ Այս ամենը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարության, մասնավորապես Էդուարդ Թումասյանի ակնհայտ անգործության հետևանք է։
-Վերջերս կոնֆեդերացիան կարծես աշխուժացել է, ինչ-ինչ համաձայնագրեր է կնքում, ընդ որում` համաձայնագրում որպես կողմ է հանդես գալիս ՕԵԿ-ը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի դեմքով։ Իսկ ՕԵԿ-ը հայտնի է իր բազում սոցիալ-տնտեսական բնույթի օրենսդրական նախաձեռնություններով։
-Սա, իհարկե, գովելի նախաձեռնություն է, սակայն ինչո՞ւ է կոնֆեդերացիան որոշիչ հարցերում իջել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը։ Արհմիությունները պիտի նախ ցանկացած սոցիալ-տնտեսական խնդրի հնչեղությունն ապահովեն։ Անհրաժեշտ են զանգվածային միջոցառումներ, հիմնավոր բանակցություններ երկրի կառավարության և իշխանությունների հետ։ Այսինքն, արհմիությունը կամուրջ է, միջնորդ և հաշտարար կառավարության, իշխանության թևերի և աշխատավորության միջև։ Այդ կամուրջն այրված է։ Նախկինում, երբ կոնֆեդերացիայի նախագահն էր Մարտին Հարությունյանը, մենք տարին մի քանի անգամ հանդիպում էինք կառավարության հետ, սոցիալական հարցեր էինք բարձրացնում։ Երջանկահիշատակ Մարտին Հարությունյանը զանգահարում էր հանրապետության վարչապետերին և հրավիրում կոնֆեդերացիա` խորհրդակցության, գալիս էին առանց այլևայլության, մեզ հյուրընկալվել են Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանն ու Անդրանիկ Մարգարյանը։ Նրանք իրենք էին առաջարկում խնդիրներ առաջադրել, օգնել իրենց` լուծելու օրապահանջ բազմաթիվ հարցեր։
-Բարի, այսօր կոնֆեդերացիան ինչո՞վ է զբաղված։
-Կոնֆեդերացիան կազմված է 24 ճյուղային կոմիտեներից, ոմանք, անկեղծ լինեմ, գոյություն են քարշ տալիս, ոմանք բավականին գործունյա են և փորձում են իրավիճակը շտկել, պահը վաղուց է հասունացել։
-Նախորդ մեր զրույցում նշեցիք, որ ՌԴ արհմիության ղեկավարներ Շմակովն ու Շչերբակովը պարբերաբար արժանանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունելությանը և նշանակալից խնդիրներ լուծում։ Գուցե մեր կոնֆեդերացիան կապվի ռուսական կողմի հետ, փորձի գազի սակագնի հետ կապված ազդել թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմի վրա։
-Համաձայն եմ, առավել ևս, որ Շչերբակովն ու Շմակովը հաճախ են Հայաստան գալիս և շահագրգռված են Հայաստանի բարօրությամբ։ Մենք բազմիցս շահագրգիռ խոսակցություններ ենք ունեցել նրանց հետ։ Սակայն, ինչպես ամենուր, այս հարցում էլ Հայաստանի կոնֆեդերացիայի ղեկավարը խուսանավում է, դա նրա գլխավոր գործն է։ Առհասարակ մեծ է կոնֆեդերացիայի նախագահի ու ղեկավարության դերը, չէ՞ որ 24 ճյուղային կազմակերպություններ համաձայնություն են կնքել, միավորվել են կոնֆեդերացիայում, որպեսզի նա բարձրացնի աշխատավորության շահերը պաշտպանող հարցեր, և ոչ թե յուրաքանչյուր արհմիություն հանդես գա իր լոկալ խնդիրներով։
-Մեր նախորդ զրույցում պնդում էիք, որ կոնֆեդերացիայի նախագահը մեկ օր առաջ պիտի հրաժարական տա։ Ամիսներ են անցել, շատ ջրեր են հոսել, այսօ՞ր էլ նույն կարծիքին եք։
-Ավելի քան, Էդուարդ Թումասյանը, ըստ էության, լուծարում է Հայաստանի արհմիության աշխատանքը, գուցե թե ակամա, սակայն խիստ հետևողականորեն հեղինակազրկում է մեզ բոլորիս։ 2009-ին նա սեմինար է հրավիրում, ժամանում են միջազգային կազմակերպությունների առաջնորդները` Հոլանդիայից, Բելգիայից և այլ երկրներից։ Քննարկման ժամանակ հարց բարձրացրի, որ ժամանակին աշխատանքի ճիշտ կազմակերպումը հայերից են սովորել, բայց դուք եկել և այդ ամենը մե՞զ եք ուսուցանում, ինչո՞ւ եք եկել։ Ասացին` Էդուարդ Թումասյանի հրավերով ենք եկել։ Վերջինս էլ սեմինարում առաջարկեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հանրապետության մարզերում և քաղաքներում ունենա իր ներկայացուցչությունները։ Սա անհեթեթ միտք է, աշխարհում նման բան գոյություն չունի, և այս ճանապարհով նա դարձյալ կամենում է տարրալուծել կոնֆեդերացիայի գործունեությունը։
-Լավ, կոնֆեդերացիայի վերնախավը լռում է, դուք` ճյուղային կազմակերպություններդ, ինչո՞ւ եք միանում նրանց «լռության դավադրությանը»։
-Բնավ չենք միանում։ Ահա 11 ճյուղային կազմակերպություններով դեռևս մայիսի 17-ին դիմել ենք կոնֆեդերացիայի ղեկավարությանը` ակցիա կազմակերպելու, պաշտպանելու աշխատավորության շահերը սոցիալական ցնցումներից, արձագանքելու գազի սակագնի բարձրացմանը, ի վերջո, երկրի ղեկավարությանը հասցնելու անզորությունից խեղդվող հասարակության բողոքը։
-Նախորդ անգամ ասացիք, որ կոնֆեդերացիայի նախագահը յուրաքանչյուր հինգշաբթի մասնակցում է կառավարության նիստերին։ Մասնակցում է ու լռում։
-Նա միշտ արդարանում է, որ իրեն չեն լսում, կներեք, լսողին ասող է պետք, կառավարությունն ու իշխանությունները եղունգ նայելով չեն կռահելու, թե ինչ խնդիրներ ունի արհմիությունը։ Առավել ևս, որ գործող վարչապետը մարդկանց ունկնդրելու առանձնահատուկ կուլտուրա, համբերություն ունի։ ՀՀ կառավարության, կոնֆեդերացիայի և գործատուների միության միջև 2009-ին եռակողմ պայմանագիր է ստորագրվել, ներեցեք անհամեստությանս համար, իմ նախաձեռնությամբ։ Սակայն մինչ օրս պայմանագրի հոդվածներին անդրադարձ չի եղել։ Նման պայմանագրեր կնքվում են բոլոր այն երկրներում, ուր արհմիությունները գործուն են։ Մեզ մոտ այն վավերացվել է և հանդարտ ննջում է կոնֆեդերացիայի չհրկիզվող պահարանում։
Այժմ ճյուղային մասնաճյուղերի միաբանմամբ փորձում ենք նախագահության նիստ հրավիրել և քննարկել գազի սակագնի հարցը։ Մենք առաջարկում ենք առաջիկա նիստն անցկացնել ԶԼՄ-ների մասնակցությամբ, որպեսզի հասարակության համար տեսանելի լինի կոնֆեդերացիայի աշխատանքը։ Այնինչ լռություն է կոնֆեդերացիայում և, բնականաբար, ինձ համար որքան էլ ցավալի, այնուամենայնիվ, հասկանալի են ժողովրդի բողոքները հանրապետության արհմիություններից։ Ամենուրեք նույն հարցն է` ո՞ւր են արհմիությունները, կա՞ն, թե՞ չկան։
-Ես միանում եմ նրանց. կա՞ք, եթե ոչ, ապա ինչո՞ւ։
-Այնպիսին է իրավիճակը, որ կոնֆեդերացիայի նախագահը հաշվետու չէ մեզ, կոնֆեդերացիան կազմավորող անդամ-կազմակերպություններին։ Սա անառողջ, վտանգավոր երևույթ է։ Կանոնադրությամբ կոնֆեդերացիայի ղեկավարությունը հաշվետու է անդամ-կազմակերպություններին, ճյուղային կոմիտեներն էլ իրենց անդամ-արհմիութենականներին։ Իր խառնվածքով Էդուարդ Թումասյանը բնավ առաջնորդ չէ, բացի դրանից, մի տեսակ վախվորած է, քանզի, ինչպես ժողովուրդն է ասում` տակը պոչ ունի, մինչ օրս հարյուրից ավելի առողջարաններ, հանգստյան տներ, օժանդակ կառույցներ և տուրիստական հանգրվաններ, անհասկանալի հանգամանքներում օտարվել ու փոշիացվել են։ Այսօր դաժան է իրականությունը. Հայաստանի արհմիությունները գույք չունեն։ Մեր գույքը մեր գրասենյակներն են, դա էլ են փորձում յուրացնել, ի մասնավորի` միաձուլելով առանձին ճյուղային կոմիտեներ։ Նման կոնֆեդերացիան բացարձակապես անզոր է պայքարելու օլիգարխիայի դեմ, ստիպելու նրանց իրենց յուրաքանչյուր ձեռնարկությունում ձևավորել արհմիություն, իրապես պայքարել աշխատավորության շահերի պաշտպանության դիրքերում։ Ի դեպ, քաղաքակիրթ այլ երկրներում օլիգարխիան է ձգտում համագործակցել արհմիությունների հետ։ Իսկ Հայաստանում ինչո՞ւ պիտի մեծահարուստ խավը նման քայլի գնա, ի վերջո, ի՞նչ է նրանց համար արհմիություն կոչվածը, Հանրապետության հրապարակի փառահեղ շենքի անփառունակ վաճառքն է նրանց հայտնի և մեկ էլ արջաքուն մտած արհմիությունները։
-Նախագահության նիստերում ի՞նչ հարցեր եք քննարկում։
-Երկու հարց է տանջում կոնֆեդերացիայի ղեկապետերին` օտարումները և պարգևատրումները։
-Նման անգործության մատնված կոնֆեդերացիան ո՞ւմ և ինչի՞ համար է պարգևատրում, բրեժնևիզմը ձեզ մոտ դեռ արթո՞ւն է։
-Միանգամայն, պարգևատրում են արհմիութենական գույքի օտարումը հաջողությամբ իրականացնողներին, կոնֆեդերացիայում գործում է «Օտարման, օգտագործման և պաշտպանման հանձնաժողովը», որը հաջողությամբ օտարում է արհմիութենական ունեցվածքը, սակայն խոհեմաբար «մոռանում է» օգտագործման և պաշտպանման մասին։
-Լավ, կոնֆեդերացիայի նախագահն ու նրա համախոհները շարունակում են անտերության մատնել արհմիութենական գործունեությունը հանրապետությունում։ Ձեր քայլերը։
-Կոնֆեդերացիան կոլեգիալ մարմին է, և ճյուղային այն կոմիտեները, որոնք «թաքնված են ման գալիս», պիտի արթնանան, քանզի ինչպես երբեք, արհմիությունները կարևոր են հանրապետության կյանքում։ Ցավոք, որոշ արհմիութենական ճյուղային կազմակերպություններ հաշտվել են այս անհեռանկար իրավիճակի հետ և կամա-ակամա դարձել են կոնֆեդերացիայի ղեկավարության կամակատարները։ Այնինչ ես առաջարկել եմ հետևել քաղաքակիրթ երկրների օրինակներին, ուր արհմիութենական ճյուղային կազմակերպությունները ճյուղային նախարարությունների կոլեգիայի անդամ են։ Ի դեպ, ՀՀ վարչապետը նման հանձնարարական է տվել, որ արհմիությունների ղեկավարներն ընդգրկվեն նախարարությունների կոլեգիաներում, հրավիրվեն խորհրդակցությունների, իրենց ձայնը բարձրացնեն։ Վարչապետն ասաց, որ ուշագրավ միտք է, և թող կոնֆեդերացիայի նախագահը իրեն գրություն ուղարկի։ Նախագահության հերթական նիստում վարչապետի առաջարկը փոխանցեցի հարգարժան Էդուարդ Թումասյանին, նա հրաժարվեց գրություն ուղարկելուց կառավարություն, էլ ի՞նչ ասեմ։

Հարցազրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ