Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ցանկացած կրկնություն, հատկապես միջազգային հարթակներում, վերածվում է ֆարսի

Ցանկացած կրկնություն, հատկապես  միջազգային հարթակներում, վերածվում է ֆարսի
14.06.2013 | 00:27

Միացյալ Նահանգները նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում։ Անդրադառնանք, մասնավորապես, մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների մոտեցումներին ու դրանց տարբերություններին։
Բ. Քլինթոնի վարչակազմը խիստ ինտեգրված էր ԱՄՆ-ի հրեական շրջանակներին, բավական մեծ թվով հրեաների պաշտոններ էր տվել առանցքային գերատեսչություններում ու կառույցներում և պարտավորեցնող քաղաքական-գաղափարախոսական հարաբերություններ ուներ Իսրայելի ձախ հայացքների տեր կառավարության և վերնախավի հետ։ Հրեական ազդեցությունը զգալի նշանակություն ուներ դեմոկրատական կուսակցության կառավարման շրջանում ԱՄՆ-ի մոտեցումների ու արտքաղաքական գաղափարախոսության ձևավորման հարցում։ ԱՄՆ-ի ներքին քաղաքականության մեջ ևս սոցիալական լայն ծրագրերը, սոցիալական բարեփոխումները կատարվում էին հրեական շրջանակների ազդեցությամբ։ Լիբանանում, ինչպես ամբողջ Մերձավոր Արևելքում, հակված էին մեծ նշանակություն չտալու այն հանգամանքին, որ Ջ. Բուշի վարչակազմը մի քիչ հեռու էր հրեական շրջանակներից։ Առհասարակ համարվում է, որ Իսրայելի առնչությամբ ԱՄՆ-ը շարունակում է ռազմավարական գործընկերության իր երկարամյա քաղաքականությունը։ Դրա հետ մեկտեղ, արաբական և իսրայելական քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները նշում են Մերձավոր Արևելքում Բ. Օբամայի վարչակազմի մոտեցումներում եղած ոչ այնքան հասկանալի սկզբունքային փոփոխությունները։ Ըստ երևույթին, տարածաշրջանում շատ ուժեղ են մտածողության և իրադարձությունների վերլուծության իներցիոն գործոնները։ Այստեղ գերիշխում են ամերիկյան քաղաքականության հնարավոր հեռանկարներին առնչվող որոշ պատկերացումներ։ Արաբական և մյուս մուսուլմանական պետությունները շարունակում են հույսեր կապել Բ. Օբամայի քաղաքականության հետ, բայց ԱՄՆ-ի ներկա վարչակազմը շատ հիշեցնում է Բ. Քլինթոնի թիմը։ Փորձենք ընդհանրացնել ու գնահատել այդ դիրքորոշումները և ներկայացնել մեր հայացքները խնդրի առնչությամբ։
Մերձավորարևելյան հակամարտության կարգավորման հարցում Բ. Քլինթոնի վարչակազմը վարում էր «խոր մանևրի» քաղաքականություն և, ըստ էության, քաղաքական կարգավորման ու անվտանգության երաշխավորի դեր էր ստանձնել։ Դա Իսրայելի համար խաղաղ գոյակցության, անվտանգության, տարածաշրջանի պետությունների հետ համագործակցության հնարավորություններ էր ենթադրում։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարության մեջ շեշտը դրվում էր լիակատար, համապարփակ և վերջնական կարգավորման վրա։ ԱՄՆ-ը պետք է խոշոր միջոցներ ծախսեր կարգավորման վրա. ինչպես հաղորդում էին տարածաշրջանի լրատվամիջոցները, Սիրիան ԱՄՆ-ից պահանջում էր 40 մլրդ դոլար, Իսրայելը` 70 մլրդ, Պաղեստինը` 30 մլրդ, այսինքն, 10-12 տարվա ընթացքում ընդամենը մոտ 140 մլրդ դոլար։
Կարգավորման գործի ձախողման հետևանքով ԱՄՆ-ում վերաիմաստավորվեցին ոչ միայն տարածաշրջանի իրողությունները, կարգավորման օբյեկտիվ հնարավորությունները, այլև, ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի իրական արտքաղաքական հնարավորությունները։ Բ. Քլինթոնի վարչակազմի կառավարման վերջին շրջանում դեմոկրատական կուսակցության շրջանակներում ի հայտ եկավ այն բանի գիտակցումը, որ ԱՄՆ-ի քաղաքական հնարավորությունները սահմանափակ են, և մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործին ԱՄՆ-ի մասնակցությունը հեռանկար չունի։ Ավելին, կարգավորման գործի հետագա զարգացումն արտքաղաքական վնաս է պատճառում ԱՄՆ-ին, և ոչ միայն անմիջականորեն Մերձավոր Արևելքում, այլև ուրիշ տարածաշրջաններում։ Կարգավորման ձախողումը հանգեցրեց նաև ներքաղաքական պայքարում դեմոկրատական կուսակցության զգալի կորուստների։ ՈՒստի Բ. Քլինթոնի վարչակազմը 2000 թ. ամերիկյան նախագահական ընտրություններից առաջ, փաստորեն, ընդունեց Մերձավոր Արևելքում իր քաղաքականության պարտությունը, կանխելով այն հետևությունները, որ հանրապետական կուսակցությունը կարող էր անել քարոզչության ոլորտում։ Չնայած Եվրոպայի հանդեպ վերահսկողության առումով ԱՄՆ-ի ունեցած զգալի հաջողություններին, որոնք ձեռք էին բերվել Կոսովոյի գործողության արդյունքում, այդ հակամարտությունն ինքնըստինքյան բացասական հետևանքներ ունեցավ դեմոկրատների ներքաղաքական վարկանիշի համար։ Այս կապակցությամբ, մերձավորարևելյան հարցի կարգավորումը «քամվում» էր մինչև վերջ, քանի որ հենց այդ երկարամյա հակամարտությունն է զգալի ազդեցություն գործում ԱՄՆ-ի հասարակական կարծիքի վրա։
Մերձավորարևելյան կարգավորումն ի հայտ է բերել հետևյալ իրողությունները.
. ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավորությունների սահմանափակությունը, հատկապես տարածաշրջանային հակամարտություններում,
. դեմոկրատական կուսակցության գաղափարականացված մոտեցումների ու մոդելների անընդունելիությունը,
. Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատրաստակամությունը` ընդունելու կարգավորման պայմանները, թեև մի շարք պայմաններ անընդունելի են արաբական պետությունների համար, որոնք Երուսաղեմը համարում են համաիսլամական, համաարաբական սեփականություն,
. մերձավորարևելյան հակամարտության վերաճումն ազգայնականից աշխարհաքաղաքականի` տարածաշրջանի ոչ արաբական պետությունների` Թուրքիայի և Իրանի ներգրավմամբ, ինչպես նաև պաղեստինյան խնդրի հետ քրդական գործոնի ավելի մեծ զուգակցությամբ,
. այդ հակամարտության իսլամական բաղկացուցիչ մասի ակտիվացումն ու իսլամական արմատականության նոր ալիքի ձևավորումը,
. միջարաբական և իսլամական համախմբման գործընթացի սկիզբը` Իրանի ու Սաուդյան Արաբիայի պայմանավորվածությունները, Սիրիայի ու Իրաքի, Եգիպտոսի ու Իրաքի, Իրաքի ու Սաուդյան Արաբիայի, Հորդանանի ու Սիրիայի և անգամ Քուվեյթի ու Իրաքի մերձեցումը,
. Եվրոպական ընկերակցության, Ֆրանսիայի ու Գերմանիայի ակտիվացումն այդ տարածաշրջանում, կարգավորման գործի առնչությամբ Եվրամիության ակնկալվող նախաձեռնությունները,
. Իսրայելում համեմատաբար անհաշտ կառավարության իշխանության գալը,
. իսրայելական պետության ու հասարակության հիմքերի սասանումը, հասարակական ու պետական ճգնաժամի խորացումը,
. պաղեստինյան խնդրի անլուծելիության իրական պատճառների բացահայտումը, որոնք թելադրված են ոչ թե իսրայելա-պաղեստինյան հակասություններով, այլ արաբական առաջատար պետությունների և Իրանի նպատակներով ու մտադրություններով։
Ըստ էության, այս բոլոր գործոնները, չնայած իրենց սահմանափակությանը, ազդեցության անավարտությանն ու հարաբերականությանը, ներկայացնում են ստեղծված իրավիճակի հակաամերիկյան վեկտորը։
2001-2007 թթ. հանրապետական վարչակազմի քաղաքականությունն արտացոլում էր նախագահ Ջ. Բուշի հոր մոտեցումները, ով մեծ ազդեցություն է թողել ԱՄՆ-ի ներկա քաղաքականության վրա։ Ավագ Ջ. Բուշը տարածաշրջանային հակամարտություններին նվազագույն միջամտության քաղաքականության հետևորդ էր, եթե դրանք անմիջականորեն չէին սպառնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Ավագ Ջ. Բուշի վարչակազմը հակամարտության կողմերին հնարավորություն էր տալիս ինքնուրույն առաջարկություններ մշակելու կարգավորման վերաբերյալ և ինքնուրույն ջանքեր գործադրելու դրանց իրագործման ուղղությամբ։ Հարկ է նշել, որ հանրապետական վարչակազմը ոչ պակաս գաղափարականացված արտաքին քաղաքականություն էր վարում, քան նախորդ դեմոկրատականը։ Հանրապետական վարչակազմի արտաքին քաղաքականության գաղափարական գերակայությունն ԱՄՆ-ի ազգային շահերի, ամերիկյան ընկերությունների շահերի և ԱՄՆ-ի կենսագործունեության աղբյուրների անվտանգության պահպանումն էր։ Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը մարդու իրավունքների սկզբունքների և արտաքին քաղաքականության ունիվերսալ արժեքների նշանակությունը նվազագույնի հասցնելն էր։
2000-2007 թթ. ԱՄՆ-ը կարգավորման բուն ընթացքում մոտեցումներ ու սկզբունքներ չի մշակել։ Վաշինգտոնը մեծ շահագրգռություն չի ցուցաբերել կարգավորման ընթացքի հարցում, մեծ նշանակություն չի տվել դրան, քանի որ այն համարում էր մոտ ժամանակների համար անհեռանկարային և մերձավորարևելյան այլ հակամարտության հնարավոր նախերգանք։ Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած գաղափարախոսները համարում էին, որ մերձավորարևելյան հակամարտությունն ընդհանուր տարածաշրջանային լարվածության տարրերից մեկն է միայն։ Փորձագետների կարծիքով, պաղեստինյան խնդիրը սոսկ սառեցնում և սքողում է մյուս ոչ պակաս լուրջ հակասություններն ու քողարկված լարվածության օջախներն այդ տարածաշրջանում։ Այդ հակամարտության կարգավորումը կհանգեցնի այլ հակամարտությունների ծագման կամ ուժեղացման։ Խնդրի նման ընկալման դեպքում դժվար է ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում «հավերժական խաղաղության» հասնելու ուղղությամբ, ինչպես դրան ձգտում էր Բ. Քլինթոնի վարչակազմը։ Հարկ է նշել ևս մեկ խիստ կարևոր հանգամանք հանրապետական կուսակցության գաղափարախոսության մեջ։ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղգործիչներն ու գաղափարախոսներն այդ տարածաշրջանի երկրների ժողովրդավարացում չեն նախատեսում։ Նրանք արաբական երկրների, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի, Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների ժողովրդավարացման գաղափարը համարում են շատ վտանգավոր, քանի որ դա կարող է հանգեցնել քաոսի, հասարակության և պետությունների փլուզման։ Սրան անհնար է չհամաձայնել։ Իսրայելի աջերը ևս երկյուղում են արաբական աշխարհի ժողովրդավարացումից, հատկապես «ճակատամերձ» պետությունների, քանի որ դա կարող է Իսրայելից խլել տարածաշրջանի միակ ժողովրդավարական պետության առավելությունը։
Սակայն չի կարելի պնդել, թե Ջ. Բուշի վարչակազմը ոչ մի մտադրություն ու սկզբունք չուներ կարգավորման համար։ Նշաններ կան, որ ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն չի դրսևորում կարգավորման բուն գործընթացի նկատմամբ։ Ջ. Բուշը բավական ցուցադրաբար վերացրեց պետական դեպարտամենտի` Մերձավոր Արևելքի և մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որը նախորդ վարչակազմում զբաղեցնում էր Դենիս Ռոսսը։ Այսինքն, ԱՄՆ-ը ջանում էր սահմանափակել իր մասնակցությունը հակամարտությունների օջախներում։ Հետաքրքիր է, որ պետքարտուղար Քոլին Փաուելի առաջին այցը Մերձավոր Արևելք 2001 թ. սկզբին, փաստորեն, կապված չէր մերձավորարևելյան կարգավորման որևէ կոնկրետ խնդրի հետ։ Այցի ընթացքում Ք. Փաուելի հիմնական անելիքը Իրաքից արաբական պետությունները հեռու պահելն էր։ Ընդհանուր առմամբ, արաբական ուղղությամբ բավական անորոշ վիճակ էր ստեղծվել, և ամերիկացիները հակված չէին արմատական որոշումներ ընդունելու` մինչև միջարաբական մերձեցման հետ կապված բոլոր խնդիրների հստակեցումը։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը ձգտում է քաղաքականության իրաքյան ուղղությունը կտրել մերձավորարևելյան կարգավորման գործից։ Ի տարբերություն Բ. Քլինթոնի վարչակազմի, որը շեշտը դնում էր մերձավորարևելյան հակամարտության համընդհանուր և համապարփակ կարգավորման վրա, զուգահեռաբար լուծելով նաև տարածաշրջանի մյուս, փոխկապակցված խնդիրները, հանրապետականները ձգտում են մեկուսացնել հակամարտությունների օջախներն ու այդ խնդիրները լուծել առանձին-առանձին։ ԱՄՆ-ն իր համար պարզել էր, որ արաբական առաջատար պետությունները իր, Իսրայելի ու Եվրոպայի հետ երկխոսելիս ակտիվորեն օգտագործում են մերձավորարևելյան հակամարտության բոլոր հանգույցները և դա անում են ավելի ու ավելի արդյունավետորեն։ Դրա համար էլ Ջ. Բուշի վարչակազմը վարում էր «մեկուսացման», «արգելակման», «սառեցման», «տեղայնացման» քաղաքականություն և աշխատում էր մերձավորարևելյան հակամարտության գերակայության նվազեցման ուղղությամբ։ ՈՒստի մերձավորարևելյան կարգավորման գործում ԱՄՆ-ի համար աննպաստ «արաբական» գործոնի կողքին կան նաև այլ, տարբեր աստիճանի աննպաստ գործոններ։ Պետք է ասել, որ այս կամ այն խնդրի նշանակությունն «արհեստականորեն» նվազեցնելու փորձերը հատուկ են եղել Ջ. Բուշի վարչակազմին, որտեղ այդ գաղափարի կրողը անվտանգության հարցերի գծով նախագահի խորհրդական, այնուհետև պետքարտուղար Ք. Ռայսն էր։ Արդյունքում, մերձավորարևելյան հակամարտության կարգավորման առնչությամբ թե՛ Բ. Քլինթոնի, թե՛ Ջ. Բուշի քաղաքականությունը չհանգեցրեց անգամ մասնակի կարգավորման, և է՛լ ավելի խորացրեց հակամարտությունը, ինչը և հանգեցրեց սեպտեմբերի 11-ի ողբերգությանը։
Հատկանշական է, որ մերձավորարևելյան խնդրի կարգավորման գործում տեղ գտած ձախողումների ֆոնին 2001 թ. ԱՄՆ-ը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ` անդրկովկասյան երկու հանրապետությունների նախագահներին և տարբեր փորձագետների ու գործիչների հավաքելով Քի-Վեսթում։ Անհնար է չնկատել, որ այդ նախաձեռնությունը պայմանավորված էր ՌՀՍ-1-ի խնդիրների կապակցությամբ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ձգտմամբ, բայց, այսպես թե այնպես, ամերիկացիներն ուզում էին իրենց ակտիվում գրանցել նաև տարածաշրջանային (թող որ տեղային) հակամարտություններից մեկի կարգավորումը։ Ներկայումս, մերձավորարևելյան հակամարտության կարգավորման ուղիների լիակատար անհասկանալիության, պատշաճ պլանի բացակայության պայմաններում, ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում նույն այդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կարելի՞ է, արդյոք, զուգահեռներ անցկացնել Բ. Քլինթոնի և Բ. Օբամայի վարչակազմերի մոտեցումների ու ոճի միջև։ Իհարկե, ցանկացած կրկնություն, հատկապես միջազգային հարթակներում, վերածվում է ֆարսի, սակայն, այսպես թե այնպես, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցի ակտիվացումը շատ է հիշեցնում Բ. Քլինթոնի մոտեցումները։ Սա պետք էր սպասել, և այս առումով Հայաստանում արդեն հասկացել են, թե որքան էր Ջ. Բուշի քաղաքականությունը համապատասխանում հայ ազգային շահերին։ Հարկ է նաև նկատի ունենալ, որ ամերիկյան և ցանկացած այլ նախագծով հակամարտությունների կարգավորման յուրաքանչյուր փուլ հանգեցնում է լարվածության և պատերազմի վերսկսման վտանգի մեծացմանը։ Արդեն այժմ ակնհայտ է դարձել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը հանգեցրին Թուրքիայի և Հայաստանի միջև լարվածության աճին միայն։
Ջ. Բուշի թիմը, գոնե, աշխատում էր ավելորդ խնդիրներ չստեղծել, եթե դրանք առաջնային չէին ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տեսակետից։ Ջ. Բուշը աշխատում էր չմիջամտել հակամարտություններին, եթե դրանք անմիջական առնչություն չունեին ԱՄՆ-ի անվտանգությանը։ Բ. Օբամայի վարչակազմը ձևացնում է, որ ունի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ներդաշնակ և իմաստալից ծրագրեր, սակայն, օրինակ, ժամանակին Հ. Քլինթոնի հայտարարությունը Վրաստանի խնդրի առթիվ, ոչ մի աղերս չուներ դրա լուծման իրական հնարավորությունների ու մտադրությունների հետ։
Հիմա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար շատ վտանգավոր ժամանակներ են, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանային լարվածության ինքնաբերական աճի և հակամարտությունների կառավարման լծակների կորստյան, որոնք մինչև հիմա հաջողվել է հսկողության տակ պահել։ Չնայած այն բանին, որ Բ. Օբամայի վարչակազմն ու դեմոկրատական կուսակցությունը բավական սերտորեն կապված են եվրոպական շրջանակների և ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների հետ, ներկայումս նախագահի թիմում կասկածներ չկան այն առնչությամբ, որ ԱՄՆ-ի և արաբական պետությունների ու իսլամական աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ ուղին պաղեստինյան պետության ստեղծումն է։ Ընդ որում, Իսրայելի քաղաքական դասում եղած քաղաքական-գաղափարախոսական խմբերից ոչ մեկը չի պատկերացնում առայժմ, թե ինչ կերպ հակազդեն ԱՄՆ-ի այդ դիրքորոշմանը և էապես արգելակեն պաղեստինյան պետության ստեղծումը։ Երևի առավել իրատեսական միջոցը դառնա Վաշինգտոնի վարչակազմի շրջափոխությունը, բայց դա բնավ էլ ակնհայտ ուղի չէ, նկատի առնելով, որ հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ում ժողովրդականություն չի վայելում, չունի համազգային նշանակության առաջնորդ, և, բացի այդ, հասկանալի էլ չէ, թե ենթադրվող հանրապետական վարչակազմն ինչ վերաբերմունք կունենա իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ։ Իսրայելի համար մտահոգիչ է նաև այն, որ ազդեցիկ և ավելի լայն հրեական շրջանակներն ավելի ու ավելի են պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտության համոզմունքին հակվում, քանի որ դա այդ շրջանակների համար կապահովի քաղաքական հարմարավետություն և ամերիկյան հասարակության մեջ որոշ խնդիրների լուծում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 15551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ