Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)

Փտած համակարգի «լազաթը» (տրագիֆարս)
14.06.2013 | 11:54

Այս տաք ապուրի մեջ
Այսքան լեռ են փրթել,
ՈՒտում են բերանի ֆռթֆռթոցով,
Պարում են կաթսայի շուրջ...
«Քոչարի», Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԲԱՆ ՇԴ
(իրազեկում-նախավարժանք)
ՇԴ-ի (Շերխանների դաշինք) մամլո հաղորդագրությունը։
«Հռչակավոր Լիցկային անգութ շանսատակման հանձնված «Սյունիք» ՍՊԸ-ում, ինչպես գիտեք, գնդակահարվեց բանակի գնդապետը։ Այս նախանձախնդիր «սխրանքով» Լիցկան յուր ախպերական թաթը մեկնեց ընդամենը մայոր խորտակած Նեմեցին։ Այսպիսով, անիրավական կարգն ու սահմանադրական սամումը մեր նորանկախ պետությունում բնավ վտանգված չեն»։ ՇԴ-ն նաև վստահեցնում է, որ «սպասվում են նոր ձեռքսեղմումներ։ Այսպես, միանգամայն հնարավոր է, որ վասն հայրենյաց մարտնչած ու դրա դիմաց եղ ու բրինձ մռնչացող նախկին ազատամարտիկները քավության բուժարար նպատակով հայտնվեն Սոմալիի քաղաքամայր Մոգադիշոյի սոցապծառայության բարեգութական ճաշարանում` անկոչ հյուրի կարգավիճակով»։
Մի՞թե սա մեր վառ իրականությունը չէ։ ՈՒ մի՞թե նաև սթափվելու ահազանգ չէ։ Այո՜, պետական անվտանգությունն է վտանգված, զի սեփականացվել ու խեղվում են լեռները, լճերը, հանքերը և, ահավասիկ, բանը հասավ բանակին։ Այո, պետականության խորհրդանիշ են մնում ա) տրոլեյբուսն ու մետրոն, բ) Կարապի լիճն ու Առնոյի գրանիտե դաշնամուրը և գ) Մատենադարանն ու մանկական խաղահրապարակները։ Անհապաղ սեփականաշնորհենք սրանք ևս և քայլենք առաջ, մենք` կքանիստ քայլով, ՇԴ-ականները` հաղթական վարգով։
Մի խոսքով` պահն է նախաճաշի, ՇԴ սեղանին են ելակը, ավելուկը և ցախավելի լիկյորը։ Անո՜ւշ։

ԱՂԵՐՍ ԱՌ ՓԱՐԱՎՈՆ
(բացահայտում-ճաշկերույթ)
«Կենտրոն» հեռուստաալիքը փառաբանում է յուր սնուցողին, արգո Գագո, տիար Ծառուկյանին։ Սա բնական է, խիստ բարոյական, զի վաղեմի իմաստնություն է. չեն կծում կերակրող ձեռքը։ Բայց «Կենտրոնում» մի այլ իմաստնություն են մոռացել. կերակրող ձեռքը կարող է ձանձրանալ և զորեղ մի աքացիով իր փեշից կտրել հացկատակներին։ Անշուշտ, արգո Գագոյի փառաբանմամբ (ինքնամոռաց հոխորտանքով) նախ աչքի առջև են քաղկառույցի շեփորներն ու թմբուկները, հեռուստաալիքն ընդամենը ապահովում է նրանց ծուղրուղուն։ Բայց, արգո Գագո, քեզ հայտնի է, անշուշտ, մեկ այլ իմաստնություն. իսկական սերն ու նվիրումը ջրի երես են ելնում, երբ փառաբանման սուբյեկտը սկում է։ Ինչպես որ արժե գոնե մեկ-երկու եռամսյակ չսնուցել քաղշեփորներին և պարզել նրանց ծուղրուղուների չափն ու կշիռը։
Օրեր առաջ հնչած բարձրավոլտ ծուղրուղուն ցնցեց երկինքն ու լացացրեց երկիրը։ Ստուգապես հայտնի է, որ այն պատճառ հանդիսացավ հորդառատ կարկտի` Գվատեմալայում, և ճագարասպան համաճարակի` Համզաչիմանում, «Կենտրոնի» «Էպիկենտրոն» լրատվականը յուր նախաբանում հանրահռչակում էր «Փարավոն» համամոլորակային զվարճակենտրոնի համն ու հոտը։ Րոպեներ անց լրատվականի կիզակետում մի ընտանիքի հոգեխռով ասքն էր. ընտանիքի հայրը զոհվել էր ավիավթարից և նրանց սպառնում էր փողոցում հայտնվելու աղետալի վերջաբանը։ Բայց, կներեք, հոր խերի՞ էր հեռուստաալիքը ներխուժել տառապյալ այս ընտանիքը։ Հարկավ` ոչ։ Եվ, ահավասիկ, ընտանիքը նախ աղերսագիր է հղում առ արգո Գագո։ Աղերսագիրն ընդունված է, ցնծա, երկինք, պար բռնիր, երկիր, ընտանիքին հայտնվում է խոսնակ Իվետան և ավետում է խրոխտ` ձեր աղերսն ընդունված է. ահավասիկ սույն ծրարը գթության` ի գիտություն ոմանց բթության։ (Ոմանց թվում, կռահեցիք, նաև ես եմ)։ Տիկին Իվետան ավետում է ավելին` աղերսագիրը ենթադրում է համակարգված օգնություն, նվաստիս ենթադրմամբ` բնակարան եռասենյակ։ Այո՜, սակայն մի՞թե այս բարեգթությունը հոգնա չէ մեր պետական արժանապատվությանը, չէ՞ որ աջը պիտի անտեղյակ լինի, թե ինչ է ձեռնարկում ձախը։ Բայց այս պարագայում էական էր դիմումաձևը` աղերս։ Ինչպես է մեկնաբանում աղերսը բացատրական բառարանը` «աղերս, աղաչանք, պաղատանք»։ Իսկ աղերսագիրը, հասկանալի է` աղերսական դիմումն է, խնդրագիրը։ Այո՜, մեզ էլ մնում է մի բան. աղերսներ հղել Երկնավորին` դարձի բերելու նորհայկական այս փարավոններին։ Ամեն։

ՀԱՇԻՇԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
(ճաշկերույթի ավարտը)
Հաշիշը (ըստ ճաշակի նաև մարիխուանան, պլանը և այլն) մեր հանրային, ազգային և, առհասարակ, պետականամետ կերակրացանկում գրանցված չէ։ Բայց հրամցվում է մեզ` մերթ կատաղի մանանեխի, մերթ տանջահար բանջարի, մեկ-մեկ էլ` խենթավուն խիարի տեսքով։ Եվ անարդյունք մնում։ Զի ստի ոտքերը կարճ են և անհնար է կարճափեշ բարոյականությամբ պետականաշեն բարձունքներ նվաճել։ Սակայն ի՞նչ հաշիշի մասին է խոսքը (այն էլ քաղաքական ենթատեքստով), բացականչում են բոսորամիտ ընթերցողներս։ Հուշեմ, հիշեք սույն հաշիշի հաշվեհարդարը։ ՀՀՇ-ն, հենց որ խոփը քարին քսվեց, սկսեց հանրային լուսաբանումը. այն է` պետականության վերականգնումը դարի խնդիր է, ահավասիկ երկու դարում է ԱՄՆ-ը դարձել երկիր, Եվրոպան էլ «խելքի է եկել» դարձյալ երկու-երեք դար անց։ Խաբեությունը պարզվեց չորս-հինգ շաբաթ անց, մեզ մոլորեցնում էին, զի մոլեգնել և մասնատում էին պետականությունը։ ՈՒ մինչ օրս սույն հաշիշը մեզ մատուցվում է, ինչպես փորկապ ընկած հոգեբուժարանի հիվանդին է քսուք տրվում` սնկային հիվանդության դեմ։ Այսպիսով, մեր պետականության կայացումը պատմական անհերքելի փաստ է։ Նույնքան էլ անհերքելի է պետականության չկայացման եղելությունը, զի այդ որտեղ է գրված, թե զանգվածային տնտեսական շորթումները, քաղաքական ոլորտը ճշգրտող մոլեխաղն ու ՇԴ-ի գերիշխանությունը անկախության պարտադիր ուղեկիցներն են։
Հաշիշի ազդեցությունը զգալի է և դեռ զգացնելու է, զի ժողովուրդն օր օրի կորցնում է պետականության զգացողությունը, և եթե հասարակական գերբևեռացումն ու ամոթալի արտագաղթն են անկախ-պետականության հիմնասյուները, ապա, վստահաբար, անհրաժեշտ է հանրաքվե։ Ինչո՞ւ, շատ պարզ, զի բանը բանից վաղուց է անցել, և եթե Արցախի իրական հերոսամարտում պարտված Ազերբայջանը գազի այլընտրանք է մեզ դեմ տալիս, բուն թյուրքական շողոքորթությամբ ակնարկելով Արցախի խնդրում էական նահանջ, մի՞թե պարզ չէ, որ ինչ-ինչ ուժեր փորձում են պետականազրկել։
Մոսկվայի օլիմպիադան փառաբանող երգում խուտուտ էին տալիս կարմիր մարզիկներին` պքպ ՏՊՌվ ՐօՉՏՍ, պքպ ՏՊվՈ տՏտօՑՍՈ։ Ահավասիկ, մեկ էլ ռուսական արջը յուր առավելապաշտական խումարի մեջ մտաբերում է սույն տողը և գազի «սուկա-գինը» կրկնապատկում։ Այսինքն` պարտադրում է մեջքով դառնալ իրեն, դեմքով Ազերբայջան-Թուրքիա համադաշնությանը։ Անե՞ծք է, անկասկած։ Եվ հանրաքվեն պիտի մի հարցի պատասխան տա. ՀՀ բնակեցնողների որ մասն է համոզված, որ ո՛չ, սա վստահաբար անհնար է։ Մենք, հավատացեք, կթակենք Ազերբայջանի դուռը, այլընտրանքի կատարյալ բացակայության պատճառով, զի, պարզվեց, որ Իրանից սպասվող էներգետիկ փրկօղակները շա՜տ վաղուց ռուսական արջի գրկում են, և մեզ էլ ի՞նչ է մնում գրավ դնել` ռուսական բորբոսնած բարեհաճությունը շահելու։
Լավ, մի թեթև զվարճանանք. ահա թե ինչ է գրել ճիշտ 13 տարի առաջ ընտրյալ պոետ և ուշագրավ երգիծող Հովհաննեսը Գրիգորյանը. «...Երբ Ռուսաստանը կտրականապես հրաժարվեց 10 մլն դոլար պարտքի դիմաց վերցնել կոշկակար Գերասի կրպակը, և այլևս ոչինչ չունենալով հանձնելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ստիպված են մոտ օրերս հարձակվել Թուրքիայի վրա, գրավել Կարսի տարածքում գտնվող մսի կոմբինատն ու «Լազաթ» հյուրանոցը` «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով մեր բարեկամ պետությանը հանձնելու համար»։

Վերջերս ակամա արձանացա, հավատացեք, բազկաթոռում բազմած։ Քաղաքական մի դիմահարման ժամանակ արևմտյան վարկային արժեքների թունդ ջատագով Բագրատը Ասատրյան ամենայն լրջությամբ լուսաբանում էր խորհրդային արդյունաբերական համակարգի ոչնչացման իրենց առաքելությունը. այն խորհրդային էր, հետևապես մերը չէր, հակոտնյա էր անկախ պետականության կերտման գաղափարահենքին։ Մասնավորապես, տիար Բագրատը համոզված էր, որ «Նաիրիտի» նման հսկայի տրոհումը մեր նորանկախության տնտեսական նվաճումն էր։ Այսպիսով` հանրաքվե, պարզելու նախ` ուր հասանք, հետո` ինչպես հասանք և վերջապես` մի՞թե պատվաբեր է Աբու Հասանի մաշիկների բախտին արժանանալը անկախանալով։

ՄԱՆԿՈՒՐՏԱՑՄԱՆ ՍԿԻԶԲՆ ՈՒ ՎԵՐՋԸ
(վերջաբան-քնաբեր)
Ահավասիկ, ինչ է լուսաբանում հարգարժան Ռազմիկ Զոհրաբյանն իր վերջին հարցազրույցներից մեկում. «...Ընդդիմադիրները պահանջում են, թե եկեք համակարգը մի կողմ դնենք, նորը ստեղծենք։ Այդպես չի լինում, եթե համակարգը քանդեցիր, պետությունն էլ հետն է քանդվում»։ Այո, բայց չէ՞ որ հենց այս համակարգի ազգափրկիչ խանդավառության արդյունքում են պետականաքանդ գործերը հրապարակ իջնում, զորօրինակ, համակարգի փտախտը հիմնավորող արատները` սկսած «Մազութի գործից» վերջացրած երկրի շերխանացմամբ` վասն Լիցկայի, Նեմեցի, Փարավոնի և այլոց։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ