Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մինչև ԵՄ անդամ դառնալը Լեհաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել»

«Մինչև ԵՄ անդամ դառնալը Լեհաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել»
15.06.2013 | 21:22

irates.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան ԶԴԻՍԼԱՎ ՌԱՉԻՆՍԿԻՆ:


-Պարոն դեսպան, Լեհաստանը Եվրամիությանն անդամակցում է 2004 թվականից, այս տարիների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են նկատելի Ձեր երկրում:
-Լեհաստանը Եվրամիության անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1993-ին, իսկ 2004-ի մայիսի 1-ին դարձել է ԵՄ անդամ: Տասը տարի շարունակ նախապատրաստվել ենք այդ անդամակցությանը, իսկ երբ հայտն ընդունվեց, նԼեհաստանն արդեն ԵՄ անդամության թեկնածու էր: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ձեր երկիրը պատրաստվում է դառնալ ԵՄ ասոցացված անդամ: Բանակցություններն էլ, որոնք ընթանում են Հայաստանի և ԵՄ-ի միջև, վերաբերում են ԵՄ ասոցացված անդամ դառնալուն: Այդ բանակցությունները վերաբերում են տարեվերջին Վիլնյուսում ԵՄ համաձայնագրի նախաստորագրմանը, որն էլ ինտեգրման առաջին փուլն է:
Մինչև Եվրամիության անդամ դառնալը Լեհաստանում խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք վերաբերել են մտածողությանը, արժեքային համակարգին: Լեհաստանն իր վրա էր կրում նախկին ԽՍՀՄ մտածողության, մշակութային ազդեցությունը: 1989-ի խորհրդարանական ընտրություններից հետո կոմունիստական իշխանությունը պարտվեց, ձևավորվեց առաջին ոչ կոմունսիտական իշխանությունը: 90-ականները կարելի է համարել փոփոխությունների շրջան, քանի որ տեղի ունեցավ մտածողության փոփոխություն, ձևավորվեցին ինստիտուտներ: 90-ականներին Լեհաստանում հզորացան ժողովրդավարական ինստիտուտները, կատարվեցին օրենսդրական լիակատար փոփոխություններ, որոնք նպաստում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը:
-Լեհաստանի հասարակական-քաղաքական կյանքում այսօր էլ մեծ դեր են խաղում «Սոլիդարնոստ» շարժման անդամները: Դա օգնե՞լ է լեհ հասարակությանը եվրոպական արժեքներին ինտեգրվելու հարցում:
-Եվրոպայում շատ գլոբալ փոփոխություններ սկսվել են Լեհաստանից: 1980-ականներին ձևավորվեց ժողովրդական զանգվածային շարժում՝ շնորհիվ «Սոլիդարնոստ»-ի: Այնուհետև, գիտեք, մտցվեց ռազմական դրություն:
Լեհաստանում տեղի չունեցավ հեղափոխություն, այլ՝ համաձայնություն իշխանության և հասարակության միջև: Այդտեղ իր դրական դերն ունեցավ նաև կաթոլիկ եկեղեցին: «Սոլիդարնոստ»-ը հենց դավանում էր եվրոպական արժեքները:
Ի՞նչ ենք ակնկալում մենք Եվրամիությունից: Եվրոպական արժեքները շատ ավելի ընդգրկուն են, քան՝ մշակութային կամ քաղաքակրթական պատկանելությունը: Դա նշանակում է յուրաքանչյուր անհատի ներգրավում և մասնակցություն հասարակական-քաղաքական գործընթացներում: ԵՄ-ին ինտեգրումը մենք չպետք է պատկերացնենք միայն քաղաքական ինստիտուտների ամենօրյա գործունեությամբ: Դա մի պրոցես է, որը ցույց է տալիս, թե որքանով է ժողովրդավարական նորմերի կիրառումը պարտադիր յուրաքանչյուրի համար, որքանով են մեր ներքին համոզմունքները համապատասխանում ժողովրդավարության նորմերին: Երբ այդ ճանապարհն անցնում ես, արդեն իսկ ինտեգրվում ես ԵՄ-ին:
-Դուք այն դեսպաններից եք, ով ակտիվորեն մասնակցում է Հայաստանի խնդիրներին վերաբերող քննարկումներին ու սեմինարներին, հաճախակի հնչեցնում բազմաբնույթ գնահատականներ: Հայաստանն այսօր պատրա՞ստ է ինտեգրվելու ԵՄ-ին:
-Իմ երկրի օրինակը կարող է շարժառիթ լինել Հայաստանի համար: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի ընտրությանը, որը վերաբերում է ԵՄ-ին ինտեգրվելուն: Հայաստանը պետք է նպատակասլաց կերպով ընթանա արդիականացման ուղիով, սակայն փոփոխությունների գործիքը կարող է դառնալ տնտեսության արդիականացումը: ԵՄ-ի հետ սերտ կապերն ու համագործակցությունը Հայաստանին զարգացման և եվրոպական արժեքներին ինտեգրվելու մեծ հնարավորություն կտան:
-Լեհաստանը Արևելյան գործընկերության գաղափարի նախաձեռնողներից է: Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիրներ կան ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում:
-ԵՄ-ն բոլոր երկրների հետ բանակցություններում ունի ընդհանուր չափանիշներ:
2000-ականներից սկսած, երբ Լեհաստանը դեռ չէր անդամակցել Եվրամիությանը, սակայն հորիզոնում տեսանելի էր հեռանկարը, օրակարգում արդեն կար այդ հարցը՝ ինչպես կառուցել հարաբերությունները ԵՄ ընդլայնվող հարևանների հետ: Արևելյան գործընկերությունն առանձնահատուկ սերտ հարաբերություններ է ստեղծում ԵՄ անդամ երկրների և հարևան երկրների միջև: ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում շահագրգիռ են Վրաստանն ու Մոլդովան:
Եվրոպան ձգտում է ընդլայնվել, ու Եվրոպային ինտեգրումը կապված է նոր ձևաչափերի և նոր կազմավորումների հետ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ