Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքով պետք է ամրագրվի արժանապատիվ գումար

«Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքով պետք է ամրագրվի արժանապատիվ գումար
19.06.2013 | 16:14

Երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի հեղինակած «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի առաջնային նպատակն է օրենքով սահմանել «երկրապահ» և «երկրապահ կամավորական» հասկացությունները, ինչպես նաև այն կարգը, որի համաձայն, համապատասխան մարդկանց պետք է տրվի երկրապահ կամավորականի կարգավիճակ:

Օրենքի նախագծի վերաբերյալ մեր հարցերին պատասխանում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Օրենքը շատ դրական լուծումներ է փորձում գտնել: Բոլոր այն կռված տղաները, ովքեր ժամանակին կանոնավոր բանակի մեջ չեն մտել, «երկրապահ» ձևակերպման մեջ չեն տեղավորվում և չեն օգտվում սոցիալական վճարներից: Կա նախկինում կռված մոտ երկու հազար մարդ: Նրանք, ովքեր դուրս են մնացել այդ սոցիալական օգնության ֆոնդերից, հնարավորություն կունենան օգտվելու այդ ձևակերպումից հետո: Եվ սա այն հազվադեպ հանդիպող դեպքերից է, երբ ԱԺ-ն միաձայն կողմ է քվեարկել այդ օրինագծի ընդունմանը:
-Դուք ուշացած չե՞ք համարում այս օրենքի քննարկումը: Նախորդ գումարումների խորհրդարաններում էլ երկրապահ պատգամավորները քանիցս հանդես են եկել ազատամարտիկներին սոցիալական ապահովության երաշխիքներ տրամադրելու նախաձեռնություններով, որոնք հաջողությամբ չեն պսակվել:
-Միգուցե շատ ուշացած է, բայց չի կարելի ավելի ուշացնել:
-Տեսակետ է հնչել, որ հարուստ գեներալները վերջապես սկսեցին մտածել սոցիալապես անապահով և կարիքի մեջ գտնվող ազատամարտիկների մասին: Կարծիքներ են հնչել, որ ընդամենը խորհրդանշական գումար է տրամադրվելու ազատամարտիկներին:
-Ես դեռ չգիտեմ, թե որքան գումար պետք է տրամադրվի, դա դեռ ամրագրված չէ: Բայց սա արդեն մեկ քայլ առաջ է, որին չպետք է դեմ լինել: Նրանք կռվել են, պայքարել, պաշտպանել մեր երկիրը, և, եթե խորհրդանշական գումար ամրագրվի, դա կլինի անիմաստ: Ի՞նչ է նշանակում խորհրդանշական գումար տրամադրելն այն դեպքում, երբ մարդիկ արյուն են թափել, հիմա ունեն ընտանիք պահելու խնդիր, ծայրահեղ անապահով վիճակում են:
-Վերջին շրջանում ազատամարտիկները սոցիալական բողոքի մի քանի ակցիա անցկացրին` ահազանգելով իրենց սոցիալական անապահով վիճակի մասին: Չե՞ք կարծում, որ այդ ակցիաները նպաստեցին, որ այս քառօրյայում հապճեպ քննարկվի այդ օրինագիծը:
-Դա ևս նպաստեց: Ես, իհարկե, չգիտեմ, երբվանից էին աշխատում այդ օրինագծի ուղղությամբ: Չեմ բացառում, որ այդ տղաների համառության արդյունքում ԱԺ-ն փորձում է օրենքով լուծումներ տալ: Իսկ եթե փորձեն սահմանափակվել չնչին գումար տրամադրելով երկրապահներին, ապա դա հարված կլինի նրանց արժանապատվությանը: Ես կարծում եմ, որ սոցիալական հարցերի նախարարությունը ստիպված կլինի փոփոխություններ մտցնել օրենքում: Այն ժամանակ էլ մենք մեր վերաբերմունքը կարտահայտենք և դեմ կլինենք, եթե սահմանափակվի խորհրդանշական գումար ամրագրելով:
Եթե մեր ազատամարտիկներն այսօր սոցիալական ծանր վիճակում են, իսկ մեր երկիրն էլ կանգնած է պատերազմի վտանգի առաջ, ապա չենք կարողանալու հավաքագրել երիտասարդների, եթե նրանք անհոգ և անտարբեր վերաբերմունք են տեսնում պետության կողմից: Ես կարծում եմ, որ սա նաև դաստիարակչական նշանակություն կարող է ունենալ, եթե օրենքով ամրագրվի արժանապատիվ գումար:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1821

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ