Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե մարդիկ փողոցում են, նշանակում է լուրջ պրոբլեմներ կան»

«Եթե մարդիկ փողոցում են, նշանակում է լուրջ պրոբլեմներ կան»
20.06.2013 | 16:53

Երեկ Բուլղարիայի խորհրդարանը չեղյալ է համարել Դելյան Պեևսկուն Ազգային անվտանգության պետական ծառայության պետ նշանակելու մասին որոշումը, որը հունիսի 14-ին պատճառ էր դարձել Բուլղարիայի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցերի: «Պեևսկին շատ վիճելի անձնավորություն է Բուլղարիայի հասարակության համար»,-irates.am-ի հետ զրույցում ասաց բուլղարացի լրագրող Ժակլին Յաչևան:
Բուլղարիայի Սոֆիա, Վառնա, Պլովդիվ, Բուրգաս և այլ քաղաքներում տեղի ունեցող ցույցերը սկսվել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված կոչերից հետո, երբ խորհրդարանն ընդունել է Պեևսկուն երկրի ազգային անվտանգությունը վստահելու որոշումը: «Իշխանության գալով` նոր կառավարությունը ժողովրդին խոստացավ պաշտոններ տալ միայն հարուստ փորձառությամբ պրոֆեսիոնալների: Պեևսկին պրոֆեսիոնալ չէ, նա և իր մայրը մի շարք թերթերի սեփականատերեր են, և սա նաև այդ իմաստով շատ վտանգավոր որոշում էր: Նա կարող էր վերահսկողության տակ պահել մամուլը»,-ասաց Ժակլին Յաչևան: Վերջինիս խոսքով` այժմ բողոքի ցույցերն ուղղված են նոր ձևավորված կառավարության դեմ, ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը. «Պարզվեց, որ սա նորից օլիգարխիայի կառավարությունն է: Նրանք շարունակում են մարդկանց հետևում խաղեր խաղալ, սակայն այլևս չի կարող այսպես շարունակվել: Մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը և համակարգային փոփոխություններ: Բուլղարիայում յուրաքանչյուր երրորդ մարդը վերջին տարիների ընթացքում կորցրել է իր աշխատանքը և գործազուրկ է: Շատ բարձր տոկոս են կազմում մի քանի ամիս աշխատավարձ չստացողները, աշխատողների ավելի քան 50 տոկոսը 3-6 ամիս աշխատավարձ չեն ստանում: Նրանք թե´ մասնավոր, թե´ պետական ձեռնարկությունների աշխատողներ են: Պետական ձեռնարկությունները, իհարկե, բավականին քիչ են: Մարդիկ պահանջում են ոչ թե ժամանակավոր, այլ մշտական աշխատանք, սարսափելի զայրացած են, և չի բացառվում, որ մի քանի ամիս հետո նոր ընտրություններ լինեն»: Շատ բուլղարացիներ արտագաղթում են, քանի որ, մեր զրուցակցի հավաստմամբ, փորձառություն ունեցող մասնագետները, ինչպես նաև երիտասարդներն իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն գտնում, մեկնում են արտասահման` իրենց կրթական ցենզից շատ ավելի ցածրակարգ աշխատանք կատարելու: «Եթե մարդիկ փողոցում են, նշանակում է լուրջ պրոբլեմներ կան: Հասարակական կազմակերպությունները ներկայացուցիչ չունեն խորհրդարանում, տարիներ շարունակ շատ վտանգավոր պրոցեսներ են տեղի ունենում բնապահպանության և այլ ոլորտներում»,- ասաց Յաչևան:
Թեև Բուլղարիան բազմազգ պետություն է, սակայն խորհրդարանում ներկայացված են միայն բուլղարացիներն ու թուրքերը: Վերջիններս ամենուր են, ինչը նույնպես հասարակության վրդովմունքի առիթ է հանդիսանում: «Իրավունքի և ազատության շարժում» կուսակցությունում, որը իշխանության ղեկին է սոցիալիստների հետ, կան թուրքեր, ովքեր, ըստ մեր զրուցակցի, խառնվում են երկրի քաղաքականությանը: Այս մասին բուլղարացի լրագրողն ասաց. «Այստեղ կան հայեր, հույներ, հրեաներ, ռումինացիներ, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, բայց երկիրը երբեք նրանց հետ պրոբլեմներ չի ունեցել»:
Հավելենք, որ Բուլղարիայի կառավարությունը որևէ կարգի ճնշում չի գործադրել հունիսի 14-ից փողոց դուրս եկած ցուցարարների վրա, ոստիկանությունը միայն հսկում է ցուցարարների անվտանգությունը: Վարչապետը ընդունել է ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ցույցերի փաստացի կազմակերպիչերն են, և նրանց հետ քննարկել ցուցարարների պահանջները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1690

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ