«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Ինձ շատ է ուրախացնում «Կարֆուր» ֆրանսիական ընկերությունը Հայաստանում տեսնելու հեռանկարը»

«Ինձ շատ է ուրախացնում «Կարֆուր» ֆրանսիական ընկերությունը Հայաստանում տեսնելու հեռանկարը»
20.06.2013 | 18:56

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան ԱՆՐԻ ՌԵՆՈՅԻ հարցազրույցը irates.am-ին


- Պարոն դեսպան, առաջիկայում կան ակնկալիքներ, որ Հայաստանը նախաստորագրելու է Եվրամիության ասոցացման համաձայնագիրը: Հայաստանն այսօր համապատասխանո՞ւմ է այն չափանիշներին, որոնք պահանջվում են ԵՄ ասոցացված անդամ լինելու համար:
-Ակնկալվում է, որ այս տարվա նոյեմբերին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը կնախաստորագրի Եվրամիության հետ ասոցացման, այդ թվում նաև` վերջինիս բաղադրիչ հանդիսացող խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերը։ Այսպիսով, Հայաստանը կթևակոխի Եվրոպայի հետ սերտացման ուղու կարևոր մի փուլ, որի համար Ֆրանսիան շատ ուրախ է։ Հայաստանը կարողացավ ստեղծել կառույցներ, որոնք թույլ կտան նրան վճռականությամբ և արհեստավարժությամբ իրականացնել այդ ձեռնարկումը, որպես այդ գործընթացին նախորդած բանակցությունների «հաճելի անակնկալ»։ Խնդիրն այսուհետ այդ համաձայնագիրը կենսագործելն է։ Ես վստահ եմ, որ Հայաստանը կկարողանա պատասխանել այդ մարտահրավերին։
-Եթե Հայաստանը նախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը, ակնկալվում է, որ առաջիկայում պետք է ընդունի նաև եվրոպական օրենսդրությունը: Արդյոք դա բավարա՞ր պայման է, որպեսզի մեր երկրի տնտեսությունը ազատականացվի, ջարդվեն մենաշնորհները:
- Հայաստանը պետք է լիարժեք օգտվի Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից։ Ազգային օրենսդրության համապատասխանեցումը, ինչպես նաև համաձայնագրին համահունչ կանոնների և չափորոշիչների ընդունումը զգալիորեն կօժանդակեն երկրի տնտեսության արդիականցմանը` մոտեցնելով եվրոպական ստանդարտներին։ Հայաստանի տնտեսությունը շահեկան պիտի լինի մրցակցային տեսանկյունից, ուժեղացնի իր ներկայությունը եվրոպական շուկայում և ավելի գրավիչ դառնա արտասահմանյան ներդրումների առումով։ Հայաստանը պիտի օգտագործի այս առիթը։
-Վերջին շրջանում ֆրանսիական «Կարֆուր» ընկերության` Հայաստան մուտք գործելու մասին եղան մեծ թվով հրապարակումներ: Ըստ Ձեր տեղեկությունների` ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի իշխանությունների և ֆրանսիական կողմի միջև, ե՞րբ «Կարֆուրը» մուտք կգործի Հայաստան:
-Ինձ շատ է ուրախացնում, Վրաստանից հետո, «Կարֆուր» ֆրանսիական ընկերությունը մոտ ապագայում Հայաստանում տեսնելու հեռանկարը։ Հուսով եմ, որ այն կառարկայանա, հենց որ դա հնարավոր լինի։ Տեղյակ եմ ծրագրին ցուցաբերած հայկական իշխանությունների օժանդակության մասին, մասնավորապես վարչապետի կողմից Ազգային ժողովում, որի համար կարող եմ միայն գոհունակությունս հայտնել։ Ինչպես տարիներ առաջ «Օրանժի» մուտքը բջջային հեռախոսակապի ոլորտ, այնպես էլ «Կարֆուրը» Հայաստանում կնպաստի մրցակցության խթանմանը հենց հայ սպառողի շահերի դիտակետից։ Սա զգալի օժանդակություն կլինի Հայաստանի շուկայական տնտեսության զարգացման համար այն ժամանակ, երբ երկիրը խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիր է ստորագրելու Եվրամիության հետ։
-Վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր. «Ռուսաստանի համար ստատուս քվոն անընդունելի է, քանի որ մեր հարևանների, բարեկամների միջև երկարատև և բարդ հակամարտություն է, իսկ կայունությունը և խաղաղությունը Կովկասում մեզ համար արտաքին քաղաքական գերակայություններից են»: Հաշվի առնելով, որ Ֆրանսիան ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, ո՞րը կլինի Ֆրանսիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Դո՞ւք էլ եք կարծում, որ ստատուս քվոն առաջին հերթին անընդունելի է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում ապրողների համար:
-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մեծ ութնյակի` դեռ Դովիլի գագաթնաժողովում կոչ էին արել Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել արդեն քսան տարի պահպանվող «անընդունելի status quo»-ից և հորդորել նրանց գտնելու ԼՂ կարգավորման բանակցային լուծում` Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Նախագահներ Օլանդը, Օբաման և Պուտինը նույն հայտարարությամբ նորից հանդես եկան Մեծ ութնյակի Լոհ-Էրնի վերջերս կայացած գագաթնաժողովում։ Այս ուղղությամբ են անդադար աշխատում Մինսկի խմբի համանախագահները, ուսումնասիրելով բանակցային բոլոր ճանապարհները, որոնք կհանգեցնեն համաձայնագրի, որն իրավասու կլինեն ստորագրելու Հայաստանը և Ադրբեջանը։ Այս նպատակով է, որ անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Փարիզում կայացան երեք հանդիպումներ համանախագահների և երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։
-Հայաստանից այսօր քիչ երիտասարդներ չեն մեկնում Ֆրանսիա` ուսանելու: Ըստ Ձեզ` բավարա՞ր են այսօր հայ-ֆրանսիական գիտակրթական, մշակութային փոխառնչությունները։
-Կրթական, մշակութային, գիտական համագործակցությունը Հայաստանի նկատմամբ Ֆրանսիայի որդեգրած քաղաքականության մեծ գերակայությունն է։ Նման հանձնառության վկա, Հայաստանում ֆրանսիական համալսարանն այդ համագործակցության առաջատարն է։ Նշանակալի է նաև այն իրողությունը, որ Ֆրանսիան երկրորդ երկիրն է իր բուհերում սովորող ավելի քան 900 հայ օտարերկրյա ուսանողներով։ Նրանցից շատերը, թեկնածուական թեզերը պաշտպանելու նպատակով իրենց ուսումնառությունը շարունակում են ֆրանսիական բուհերում։ Ֆրանսիան սատարում է հայ ուսանողների ծրագրերին Ֆրանսիայում և Հայաստանում` այս տարի նախատեսելով 165 կրթաթոշակ։ Մենք ցանկանում ենք խրախուսել հատկապես Ֆրանսիայի գիտական, տեխնիկական և տնտեսական բուհերում մասնագիտացում ստանալ ցանկացող հայ ուսանողությանը, որի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևոր նշանակություն է ստանում։ ՈՒսանողության շարժականությանը նպաստելու համար է, որ դեսպանությունն աշխատում է մանկապարտեզից մինչև բուհ ֆրանսերեն ուսուցանվող կրթական մի ընդգրկուն շղթա ստեղծելու ուղղությամբ։


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ