Թեհրանին առաջարկում են հուսալի դաշտ ստեղծել Վաշինգտոնի հետ հավանական շփումների համար

Թեհրանին առաջարկում են հուսալի դաշտ ստեղծել  Վաշինգտոնի հետ հավանական շփումների համար
21.06.2013 | 00:39

Իրանի արտաքին քաղաքականությունն իրենից ներկայացնում է մի բազմավեկտոր գործընթաց, որը նպատակամիտված է խիստ հավակնոտ խնդիրների լուծմանը, խնդիրներ, որոնք Իրանին տարածաշրջանային մեծատերության դեր են վերապահում։ Այդ խնդիրները միշտ չէ, որ իրացվում են, և, ըստ էության, չեն էլ կարող իրացվել` կապված քաղաքական, ներդրումային և տնտեսատեխնոլոգիական ռեսուրսների լիարժեք օգտագործման անհնարինության հետ։ Այնուամենայնիվ, Իրանը շարունակում է տարածաշրջանային մեծատերության ոչ պաշտոնական կարգավիճակի ձեռքբերման նպատակ հետապնդել, ձգտելով կարևոր դեր խաղալ համաշխարհային քաղաքականության մեջ։ Տարածաշրջանի առաջատար պետությունների համեմատ Իրանը պակաս ռեսուրսներ չունի, ավելին, առանձին դեպքերում շատ ավելին ունի։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի, Իրանը գտնվում է զգալի արտքաղաքական ու աշխարհատնտեսական մեկուսության մեջ, ինչն սկզբունքորեն սահմանափակում է նրա արտքաղաքական հնարավորությունները։ Իրանն արտաքին քաղաքականության հանդեպ հասարակական հայացքների ասպարեզում աչքի է ընկնում էական հակասություններով։ Իշխանության մեծ կենտրոնացածության կողքին, հատկապես արտաքին քաղաքականության ձևավորման գործում, իսլամական հանրապետության գոյության ամբողջ ընթացքում իրանական հասարակությանը բնորոշ է եղել արտաքին քաղաքականության հարցերին նվիրված լայն ու դինամիկ բանավեճը։ Ընդհանուր առմամբ, Իրանի արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքաղաքական գործընթացների հետ, մեծապես կախված է հասարակության մեջ ուժերի դասավորությունից։ Դրա հետ մեկտեղ Իրանի քաղաքական խավը արտաքին քաղաքականության ձևավորման ու իրականացման վրա ներգործության գործուն լծակներ չունի։ Քաղաքական կուսակցությունները, խորհրդարանի խմբակցությունները, հասարակական տարբեր խմբեր շատ անարդյունավետ են ազդում բարձրաստիճան ղեկավարության կողմից որոշումների ընդունման վրա։ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իրանում սկսված և 2005 թ. նախագահական ընտրությունների արդյունքում ամրակայված «նեոպահպանողական հեղափոխությունը» կանխորոշեց Իրանի մտավորականության կողմից երկրի սոցիալ-քաղաքական զարգացման ուղիների, աշխարհում նրա տեղի ու դերի պատմական որոնման նոր փուլը։ Կարելի է ենթադրել, որ իրանական քաղաքականության մեջ չափավոր հայացքների ընդլայնման օրինաչափ գործընթացը ժամանակավորապես ընդհատվել է։ Այս կապակցությամբ, իրանական «նեոպահպանողականներին» կարելի է համեմատել ամերիկյանների հետ (2001-2004), որոնց գործունեության հետ կապվում է ԱՄՆ-ի ռազմաքաղաքական նվաճողամտության սաստկացումը ինչ-որ շատ անորոշ քաղաքական-գաղափարախոսական աղյուսակի հիման վրա։ Շատ նշաններ կան այն բանի, որ ներկա «նեոպահպանողականներն» Իրանում լուսանցքային են ինչպես իրանական քաղաքական խավի պահպանողական թևի, այնպես էլ ամբողջ իրանական հասարակության առնչությամբ։ Կանգնելով ժողովրդականության կորստյան և տնտեսական քաղաքականության ձախողման վտանգի առջև, նախագահ Մ. Ահմադինեժադի կառավարող թիմը արտաքին քաղաքականության մեջ նախընտրեց արմատականության ցուցադրման ցանկության հետ կապված հայտարարությունները։ Իրականում Մ. Ահմադինեժադի քաղաքականությունը չէր առանձնանում ո՛չ արմատականությամբ, ո՛չ ագրեսիվությամբ։
Արտաքին քաղաքականության նկատմամբ հասարակական գործուն վերահսկողության բացակայության պայմաններում Իրանի արտաքին քաղաքականությունը դառնում է նվազ կանխատեսելի, հատկապես ընթացիկ հարցերում։
Տեղեկություններ կան, որ Իրանի էլիտար շրջանակներում արտաքին քաղաքականության հարցերին նվիրված կիսափակ բանավեճ է կազմակերպվել։ Ո՞րն է այդ բանավեճի իմաստը, ու ի՞նչ արդյունքներ է այն տալու։ Իրանի համար անսովոր այդ բանավեճը կազմակերպվել է կառավարության նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ցուցադրել, որ իրապես գոյություն ունեն միայն արտաքին քաղաքականության այն մոտեցումներն ու գաղափարախոսությունը, որոնք կիրառվում են կառավարության կողմից։ Բանավեճը, իրոք, ապացուցեց դա, ի հայտ բերելով ավանդական պահպանողական ուժերի լիակատար քաղաքական սնանկությունը։ Նշած գնահատականների համաձայն, այդ բանավեճում հաղթել են աջ պահպանողականները (Ռաֆսանջանիի հետևորդները), որոնք առաջարկել են քննության առնել «իսլամական շահերի», «իսլամական սկզբունքների», «իսլամական ուղիների» խնդիրներն Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Պարզվել է, որ Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքների վերաիմաստավորում նշանակում է, որ իսլամական գերակայություններ ասելով պետք է հասկանալ միայն Իրանի առավելությունները, իսլամական աշխարհում նրա աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի ապահովումը։ Այսինքն, խոսքը «Ոչ թե Իրանը իսլամական աշխարհի շահերի համար, այլ իսլամական աշխարհը` Իրանի» սկզբունքի ձևական ընդունման մասին չէ։ Դա վերջին տարիներին իրանական պետական ազգայնականության զարգացման բնական արդյունքն է, ինչը դարձել է Իրանի արտաքին քաղաքականության հիմքը։ Դրա հետ մեկտեղ, քաղաքական աշխարհի իրատես գործիչները համոզվել են, որ Իրանը նախընթաց տարիներին շատ է բարձրացրել իր արտքաղաքական հավակնությունների նշաձողը ու հիմա ի վիճակի չէ պահպանելու այդ մակարդակը, քանի որ դրա համար զգալի միջոցներ են պետք։ ՈՒստի իրատեսները չեն բացառում, նույնիսկ ընդհակառակը, այն կարծիքին են, որ «իսլամական գերակայությունները», «իսլամական հարաբերություններն» ու «իսլամական գաղափարախոսությունը» խիստ շահավետ են Իրանի արտաքին քաղաքականության համար, քանի որ որոշակի առավելություններ են ապահովում իսլամական տարածաշրջաններում։ ՈՒստի հարկ է սպասել Իրանի արտաքին քաղաքականության մեջ իսլամական գաղափարախոսության և իսլամական շարժումների ակտիվ օգտագործում, իսլամական գաղափարների ու սկզբունքների տարածում։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ու վերլուծական նյութերի համաձայն, կարելի է հետևյալ պատկերացումները կազմել արտաքին քաղաքականության մեջ Իրանի կառավարության իրական մտադրությունների մասին։
Ինչպես հայտնի է, 1979-ից հետո Իրանի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակը եղել է արտքաղաքական, տնտեսական ու տեխնոլոգիական շրջափակման հաղթահարումը, Արևմուտքի առաջատար արդյունաբերական պետությունների հետ հարաբերությունների հաստատումը կամ ամրապնդումը։ 1994-95 թթ., նախագահ Ռաֆսանջանիի օրոք, Իրանը սկսեց «արտքաղաքական ճեղքման» քաղաքականություն վարել։ Մ. Խաթամիի ընտրությունից հետո այդ քաղաքականությունն ավելի հետևողական ու համակարգային դարձավ։ Դրա հետ մեկտեղ, Մ. Խաթամին արդեն ընթանում էր Ռաֆսանջանիի հարթած ուղիով։ Իրանի մտահղացմամբ, առաջնահերթ խնդիրը Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ վստահալից, կայուն հարաբերությունների հաստատումն էր։ Դրան զուգընթաց զարգանում էին հարաբերությունները փոքր ինդուստրիալ պետությունների հետ։ Այդ ուղղության երկրորդ փուլում ենթադրվում էր վերականգնել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Այդ քաղաքականությունը զարգանում էր համեմատաբար հարթ, թեև իրանցիներն ավելի արագ ծավալման հույսեր ունեին։ Սակայն խնդիրն այն է, որ այդ պետությունների հետ հարաբերությունները տնտեսական ու աշխարհատնտեսական սահմաններից դուրս չգան։ Առնվազն Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատելու Իրանի հույսերը չարդարացան։ Նրանք Իրանին մետալուրգիայի, նավթի հետախուզման, արդյունահանման ու վերամշակման, ռազմական ու քաղաքացիական տեխնիկայի արտադրության ոլորտի կարևոր տեխնոլոգիաներ տրամադրեցին, սակայն հրթիռային տեխնիկայի լեգալ տրամադրում չեղավ։ Միայն հիմա է պարզ դառնում, որ Իրանը «արտաքին ճեղքման քաղաքականության» հենց սկզբից էլ ձգտել է տարազանել Արևմուտքի ու Արևելքի հետ հարաբերությունների սկզբունքներն ու մոտեցումները։ Իրանը ձգտում է Չինաստանի և Ռուսաստանի հետ ունենալ հարաբերությունների այլ կանոններ, այլ ոճ ու կարգ, քան Եվրոպայի պետությունների հետ։ Իրանն ակնկալում էր Ռուսաստանի ու Չինաստանի հետ զարգացնել այնպիսի հարաբերություններ, որոնք ընդունված չեն Արևմուտքում, հատկապես ռազմական տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներմուծման առումով։ Իրանցիները համարում են, որ այդ մոտեցումը որոշակի չափով հաջողվել է։ Նրանց կարծիքով, Չինաստանն ու Ռուսաստանը գնացին հարաբերությունների նման սխեմայի զարգացմանը, սակայն սահմանափակեցին դրանք։ Սահմանափակվածություն է իրանական արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում։ Եվրոպական պետությունների հետ հարաբերություններում Իրանի գլխավոր փաստարկն այն էր, որ նա պատրաստ է տարեկան ձեռք բերելու մինչև 12-14 մլրդ դոլարի բարձրտեխնոլոգիական ապրանքներ, իսկ նավթի ու գազի ոլորտում 2-3 տարվա ներդրումները կարող են կազմել 5-11 մլրդ դոլար։ Աշխարհատնտեսական և հաղորդակցական նախագծերի առումով Իրանի քաղաքականությունն ու մտադրությունները, նրա դիրքորոշումը նավթ արտահանող երկրների կազմակերպությունում, քաղաքականությունը Պաղեստինում, Աֆղանստանում և այլ տարածաշրջաններում եվրոպական պետությունների համար մեծ նշանակություն չեն ունեցել։ Ամերիկա-բրիտանական դաշնազույգից միայն Մեծ Բրիտանիան է հարաբերությունները վերականգնել Իրանի հետ և ձեռնամուխ եղել ակտիվ երկխոսության, հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները։
Իրանի մտահղացմամբ, «արտաքին ճեղքման» քաղաքականությունն իրականացվում էր աշխարհում առավել նախընտրելի դիրքերի հիման վրա ԱՄՆ-ի հետ պաշտոնական հարաբերությունների վերականգնման նկատառումով։ Իրանը ձգտում էր կարգավորել հարաբերություններն ու այդ նպատակով վերացնել իր տարածաշրջանային և ընդհանուր միջազգային դրության առավել աննպաստ պայմանները։ Ներկայումս Իրանը ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ում տեղի ունեցող գործընթացներին և ձգտում է շփումների դաշտ ստեղծել։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, բրիտանական հատուկ ծառայությունները, առանձին քաղգործիչներ, բրիտանական խորհրդարանի պատգամավորներ, բրիտանական խոշոր ընկերություններ, անգամ բրիտանական համագործակցության երկրների քաղաքական գործիչներ Իրանին առաջարկում են հուսալի և լուրջ դաշտ ստեղծել ամերիկացիների հետ հնարավոր շփումների համար` դրանց կազմակերպման և իրականացման գործում Մեծ Բրիտանիայի «մենաշնորհի» կամ գերակայության փոխարեն։
Կարելի է վստահաբար պնդել, որ Իրանը Բ. Օբամայի վարչակազմը համարում է ընդունակ վերականգնելու հարաբերությունները Իրանի հետ։ Իրանցիները կարծում են, որ Իրանի հետ հարաբերությունների վերականգնումը ամերիկյան նոր վարչակազմի առավել կարևոր խնդիրներից մեկն է, ու եթե Բ. Օբամային հաջողվի մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը վերականգնել հարաբերությունները Իրանի հետ, ապա դա մեծ աջակցություն կլինի Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիին։ Միաժամանակ, իրանական քաղաքականությունը վերջին ժամանակներս ակտիվանում էր և պայմաններ ստեղծում ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության վարչակազմի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար։ Բանն այն է, որ ամերիկացիների հետ շփումները մինչև 2001 թ. կառուցվում էին դեմոկրատական կուսակցության վարչակազմի քաղաքական նկարագրի ու արտքաղաքական գաղափարախոսության հաշվառմամբ։ Հիմա ԱՄՆ-ին և Իրանին իրական հնարավորություն է տրված գոնե մասամբ կարգավորելու հարաբերությունները, թեև ո՛չ Հ. Ռուհանին, ո՛չ նրա զինակիցները բնավ բարեփոխիչներ չեն, այլ ավելի շուտ արդիականացնողներ են, ինչպես կերևա մոտ ժամանակներս։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 7645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ