Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Որևէ մեկը որևէ մեկի համար հենց այնպես ներդրում չի անում»

«Որևէ մեկը որևէ մեկի համար  հենց այնպես ներդրում չի անում»
21.06.2013 | 00:49

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը, թե իր շքեղ առանձնատունը ներդրումներով է կառուցել, անգամ իշխանության ներկայացուցիչները, մեղմ ասած, քմծիծաղով ընդունեցին: Առնվազն տարօրինակ էր խոշոր չարաշահումներ, թալան բացահայտող չինովնիկի այս հայտարարությունը: Այս առնչությամբ տարբեր խմբակցությունների պատգամավորներից փորձեցինք ճշտել` նրանցից գոնե մեկի առանձնատունը մի «բարի» ներդրող չի՞ կառուցել:

«ՈՐՈՇԵԼ ԵՔ ԷՍՕՐ ԻՆՁ ՁԵՌ ԱՌՆԵ՞Լ»

ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
(ԲՀԿ խմբակցության անդամ)
-Եղե՞լ է, որ անշարժ գույք ձեռք բերելու կամ առանձնատուն կառուցելու համար որևէ մեկը Ձեզ համար ներդրում անի:
-Որոշել եք էսօր ինձ ձեռ առնե՞լ:
-Ոչ, ամենևին:
-Ո՞նց կարա ըտենց բան լինի:
-Գուցե նման «պատվի» արժանանալու համար առնվազն պիտի ՎՊ-ի նախագա՞հ լինել:
-Չգիտեմ, ինձ համար ոչ մեկը ներդրում չի արել: Ոչ միայն տուն չեն կառուցել, այլև չեն վերանորոգել:
-ՎՊ-ի նախագահի այդ հայտարարությունը նորմա՞լ եք համարում:
-Ամեն ինչ հնարավոր ա: Մարդ կա իր շներին, կատուներին միլիարդ ա նվիրում: Եթե կատուներին ու շներին նվիրում են, կարող ա մի մարդ էլ իր փողերով ինչ-որ մեկի համար տուն ա գնում կամ «Բենթլի»:

«ԷԴ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՏԵՂԸ ԱՍԵՔ»

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
(«Ժառանգություն» խմբակցության ղեկավար)
-Որևէ կարողություն ձեռք բերելու համար որևէ մեկը Ձեզ օգնե՞լ է ներդրումով:
-Իհարկե, բնականաբար, ես եմ այդ ներդրողը եղել և միայն ես:
-Փաստորեն, ՎՊ-ի նախագահի հայտարարությունն այդքան էլ նորմալ չեք համարում:
-Այդ մասին միայն ասվեց, դա պիտի բացվեր, ինչ ասել է ներդրում: Ինձ համար դա պարզ չդարձավ: Դրա համար ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց: Եթե ասվեր` ով է ներդրել ու ինչ սկզբունքներով, կարելի էր հասկանալ:
-Ինչպե՞ս հասկանալ բարձրաստիճան պաշտոնյային, որը մյուսների չարաշահումներն ու գումարների յուրացումներն է բացահայտում, ու հանկարծ պարզվում է, որ նրա բավականին շքեղ առանձնատունը կառուցել է ներդրողը:
-Այդ հայտարարությունից հետո որոշ պատգամավորներ կատակում էին, թե ասեք էդ ներդրողների տեղը, գուցե մեզ համար էլ ներդրում անեն: Սա` հումորի դաշտից, իսկ եթե լուրջ, եթե ասվել էր ներդրման մասին, պիտի ասվեր նաև ինչ պայմաններով է ներդրում արվել: Կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց ձեռնպահ կմնամ:


«ԱՇԽԱՏԱՆՔՈՎԴ ՉԵ՞Ս ՍԱՐՔՈՒՄ ՏՈՒՆԴ»

ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

(ՀՀԿ խմբակցության անդամ)
-Եղե՞լ է մեկը, որ տուն գնելու կամ կառուցելու նպատակով ներդրում արած լինի Ձեզ համար:
-Ոչ, երբեք: Ներդրո՞ւմ:
-Այո:
-Չէ:
-Չինովնիկը կարո՞ղ է իր տունը ներդրումով կառուցել:
-Ճիշտն ասած, չգիտեմ` ինչ հայտարարության մասին է խոսքը, դրա համար էլ չեմ պատկերացնում` ինչպե՞ս է հնարավոր ներդրումով տուն կառուցել: Աշխատանքովդ չե՞ս սարքում քո տունը: Քո ծառը դու չե՞ս տնկում: Ներդրումով կարելի է նախագծեր կյանքի կոչել, դպրոց կառուցել, մշակույթի տուն, ինչ-որ մեկի առողջությունը վերականգնել:
-ՎՊ-ի նախագահը հայտարարել էր, որ իր առանձնատունը ներդրումներով է կառուցել: Սա «խելքին» մո՞տ է:
-Ես գիտեմ, որ իրենք շատ երկար ժամանակ ապրել են սարսափելի անհարմարավետ բնակարանում` մեծ ընտանիքով: Գիտեմ, որովհետև առիթ եմ ունեցել խոսելու ընտանիքի անդամի հետ, և ուրախ եմ, որ տուն ունեն:

«ԻՄ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐԵԼ»

ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
-Առանձնատուն կառուցելու կամ այլ ունեցվածք ձեռք բերելու նպատակով Ձեզ համար ներդրում երբևէ արվե՞լ է:
-Ոչ, իմ բախտը չի բերել:
-Դրա համար բախտ պետք չէ, ՎՊ նախագահ լինել է պետք:
-(Ծիծաղում է- Ռ.Խ.): Այդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ՎՊ-ի ղեկավարին, թե ինչ պայմաններով են իրեն աջակցել կամ ներդրում արել:
-Ներդրումով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն կառուցել:
-Եթե ինձ համար լիներ, ես էլ նման տուն կկառուցեի:

«ՆԵՐԴՐՈՒՄ ԱՐԵԼ ԵՄ»

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆ
(ՀՀԿ խմբակցության անդամ)
-Ձեզ համար ինչ-որ մեկը ներդրում արե՞լ է:
-Իմ կյանքում չի եղել:
-Իսկ Դուք ինչ-որ մեկի համար ներդրում արե՞լ եք, որ, ասենք, առանձնատուն կառուցի:
-Շատ վաղուց անձամբ ներդրում արել եմ, օգնել եմ իմ ընկերոջը, որ իր տունը կառուցի:
-Չլինի՞ ՎՊ-ի նախագահն է Ձեր ընկերը:
-Չէ, չէ:
-Այսինքն, հնարավո՞ր է չինովնիկի տունը ներդրումով կառուցել:
-Ի՞նչ պատասխանեմ ես էդ հարցին: Ինքը, իր շրջապատը, ընկերները, կարող է էնպիսի հարազատներ, ընկերներ ունի, որ օգնել են էդ տունը կառուցել:

«ՁՐԻ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
(ՀԱԿ խմբակցության քարտուղար)
-Ընդդիմադիր քաղաքական գործիչ եք, Ձեզ որևէ մեկն առաջարկե՞լ է «ներդրումով» անձնական խնդիրներ լուծել, առանձնատուն կառուցել:
-Երբեք (ծիծաղում է- Ռ.Խ.): Անգամ նվեր չի եղել: Ես ոչ նվեր տալ եմ սիրում, ոչ ընդունել: Որևէ մեկը որևէ մեկի համար հենց այնպես ներդրում չի անում: Չկա այդպիսի բան: Ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Այլ դեպքում ձրի լինել չի կարող:
-Չարաշահումներ, յուրացումներ բացահայտող ՎՊ-ի ղեկավարի մոտ փաստորեն «ձրի լինում է»:
-Այդ մասին չգիտեմ, բայց վարչապետի հետ կապված, երբ ասում է, որ ինչ-որ մեկն իր անունից հաշիվներ է բացել, զարմանում եմ, թե ինչու իմ անունից էլ ընկերություն չեն բացում, գումար փոխանցում:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ