Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ազգային գաղափարը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն

Ազգային  գաղափարը որպես օբյեկտիվ անհրաժեշտություն
21.06.2013 | 00:58

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

Ի՞նչ է ազգային գաղափարը կամ ազգային գաղափարախոսությունը, ո՞րն է նրա դերը ազգի զարգացման համար, արդյո՞ք բոլոր ազգերն ունեն կամ պետք է ունենան ազգային գաղափար, կարո՞ղ է ազգը զարգանալ կամ ինչպե՞ս կարող է զարգանալ առանց ազգային գաղափարի ու գաղափարախոսության: Այս և նմանատիպ հարցերի քննարկումը մեր արագընթաց ժամանակների հրամայականն է: Աշխարհաքաղաքական ներկայիս գլոբալ զարգացումներում, եթե ազգը չունի այս հարցերի պատասխանը, ուրեմն նա դատապարտված է գործիք դառնալու այլ ազգերի կամ պետությունների ձեռքին, նրանց սեփական խնդիրները լուծելու գործընթացներում:
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր անհատ մարդու համար հասարակության մեջ իր գենետիկ ունակություններին ու հնարավորություններին համապատասխան որոշակի տեղ զբաղեցնելու համար գործունեության ծրագիր ունենալն անհրաժեշտություն է: Ծրագիր ունենալու հարցը առավել քան կարևոր է մի ամբողջ ազգի համար: Եթե ազգը չի գիտակցում կամ չի պատկերացնում իր տեղը տվյալ քաղաքակրթության զարգացումներում, չունի իր հեռավոր ապագայի տեսլականը, եթե ազգը չունի պատմական զարգացման ծրագիր, որը նախատեսված է հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների համար, որն անվանում են ազգային գաղափար, ապա նա վաղ թե ուշ «կտարրալուծվի» պատմության հորձանուտում: Ազգային գաղափարի ծրագիրն իրականացնելու համար ազգն օժտված է լինում համապատասխան գենետիկական հատկանիշներով, հոգեկերտվածքով, մտակեցվածքով, որոշակի էներգիական պաշարով: Պետական կառույցների դերը տվյալ պատմական ժամանակահատվածում այդ գաղափարի իրականացման համար ազգային գաղափարախոսության ստեղծումն է, որի իրականացնողը ազգի կրթական համակարգն է: Այդ գործընթացը սկսվում է ընտանիքից, մանկապարտեզից, շարունակվում է դպրոցում ու բուհում: Այս հարցի ճիշտ ու նախանձախնդիր կազմակերպումն ապահովում է սերնդի մեջ ազգային արժանապատվության և համաշխարհային հանրության մեջ սեփական ազգի կարևորության գիտակցության ձևավորումը: Ազգային գաղափարներով դաստիարակված սերունդը չի կարող օտարամոլ լինել, չի ընդօրինակի այլ ազգերի, չի լքի իր հայրենիքը, կհասկանա, որ ինքը յուրահատուկ ազգ է, որ ինքը քաղաքակրթություն ստեղծող ազգ է, որ ժամանակակից համաշխարհային զարգացումներում ասելիք ունի, որ դրա ներուժը իր ազգային գենոֆոնդում է, մեզնից յուրաքանչյուրի գենոտիպում: Ցավալիորեն, օտարները դա հասկացել են դեռ դարեր առաջ, իսկ մենք` դեռ ոչ: Օտար նվաճողները որպես ավար մեր երկրից տարել են ոչ միայն ոսկի ու արծաթ, այլև մեր գեները, արարելու հնարավորություն տվող գեները: Տարել են մեր հարս ու աղջիկներին, մեր երեխաներին, դավանափոխ անելով նրանց, հարստացնելով իրենց գենոֆոնդը: Որոշ հարևան ազգեր էլ ուղղակի ազգանվանափոխել են հայերին, այդ կերպ թալանելով մեր գենոֆոնդը և հարստացնելով իրենցը: Մի փոքր նյութից շեղվելով` անտեղի չեմ համարում հավելել նաև, որ պարսիկներն ասում էին. «Նրա համար ենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, 1997, էջ 225):
Ազգը չի կարող որոշակի ու շարունակական զարգացում ունենալ առանց ազգային գաղափարի: Իրեն հարգող ազգը, որն իրեն տեսնում է պատմական զարգացումների մեջ և կարծում է, որ ասելիք ունի տվյալ քաղաքակրթության մեջ, չի կարող առաջընթաց ունենալ առանց ազգային գաղափարի: Ազգային գաղափարն է, որի շուրջը հավաքվում է ազգի մտածող շերտը, սնվում է նրանից, հոգեպես ամրապնդվում և լծվում է ազգաշեն գործունեության: Ազգային գաղափարն է, որից սնվում և ուժեղանում է ազգային ոգին: «Ազգային գաղափարն է, որ ժողովուրդը դարձնում է ազգ, …ազգային ոգին է, որ կռում է ազգերի ճակատագիրը…»,- գրում է Գարեգին Նժդեհը: Մեծ փիլիսոփան համոզված էր, որ հզոր ազգային ոգի ունեցող ազգը բարձրացնում է իր մակարդակը, նոր որակ է ձեռք բերում, դառնում է ցեղ, որը ոգու շնորհիվ անպարտելի է դառնում: Այս գաղափարն է իր մեջ ամփոփում նրա դավանած ցեղակրոն ուսմունքը: Համոզված կարելի է ասել, ու այդ ցեղի ոգին էր, որ հաղթեց ղարաբաղյան կռվում: Սակայն հիմա` 20 տարի անց, ցեղ դառնալու համար նախ նորից պետք է վերադառնանք ազգային գաղափարի խնդրին, վերագտնելու համար մեր ազգային ուրույն դիմագիծը:
Ազգային գաղափարը ցանկացած ազգի համար օբյեկտիվ անհրաժեշտություն է: Ինչո՞ւ: Փորձենք բացատրել բնական, կամ ավելի ճիշտ է ասել, կենսաբանության օրենքներով, քանի որ մարդկային հասարակությունը կենդանի օրգանիզմ է, կենդանի ֆունկցիոնալ համակարգ է:
Ի՞նչ է ֆունկցիոնալ համակարգը: Դա տարբեր բաղադրատարրերից կազմված ստորակարգությունների (հիերարխիկ) համակարգ է, որը կոչված է իրականացնելու որոշակի ֆունկցիա: Այդ համակարգի բնականոն գործունեությունը պայմանավորված է նրա բաղադրատարրերի ներդաշնակ գուծունեությամբ: Օրինակ, օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը առանձին վերցրած մեկ ամբողջական ֆունկցիոնալ համակարգ է, կազմված է տարբեր տարրերից (թաղանթ, ցիտոպլազմա, կորիզ և այլն), որոնց փոխհամաձայնեցված գործունեության շնորհիվ բջիջն իրականացնում է այս կամ այն ֆունկցիան: Մկանային բջիջներն ապահովում են մկանների կծկումը, նյարդային բջիջները` գրգիռների փոխադրումը, երիկամի բջիջները` արյան զտումը և այլն: Միանման բջիջները միավորվելով առաջացնում են ավելի բարդ ֆունկցիոնալ համակարգեր` գլխուղեղ, որն իրականացում է մարդու մտածողությունը, թոքեր, որոնք շնչառության ֆունկցիան են իրականացնում, երիկամներ, որոնք արտաթորության համակարգի մաս են կազմում և այլն: Այս ֆունկցիոնալ համակարգերը միավորվելով առաջացնում են ավելի բարդ համակարգ, ո՞րն է մարդը:
Միևնույն ծագում ունեցող և գենետիկական միևնույն տեղեկույթ (ինֆորմացիա) կրող մարդկանց խումբն էլ միավորվում է ավելի բարձր ֆունկցիոնալ համակարգի մեջ, որը կոչվում է ազգ: Երկրագնդի բոլոր ազգերն էլ միավորված են մարդկային հասարակություն կոչվող բարդ ֆունկցիոնալ համակարգի մեջ, որն իրականացնում է իր ֆունկցիան, այն է` զարգացնել ժամանակակից քաղաքակրթությունը: Այդ համակարգում, ինչպես մարդու օրգանիզմում, ամեն ինչ պետք է լինի կանոնակարգված և փոխհամաձայնեցված: Այսինքն, ինչպես մարդու օրգանիզմում յուրաքանչյուր օրգան կամ օրգան-համակարգ ունի իր որոշակի տեղը և ֆունկցիան, այնպես էլ, հոլոգրաֆիկ սկզբունքով, մարդկություն կոչվող հսկա օրգանիզմում յուրաքանչյուր ազգ` մեծ, թե փոքր, ունի իր տեղը` իր բնօրրանը, և իր ֆունկցիան` պատմական առաքելությունը: Այդ իմաստով, չի կարելի թերագնահատել այս կամ այն ազգի դերը քաղաքակրթական գործընթացներում, քանի որ յուրաքանչյուր ազգ կատարում է իր ֆիզիկական, մտավոր, հոգևոր հնարավորություններին համապատասխան որոշակի դեր, ինչը կանխորոշված է գենետիկորեն: Այդ գործառույթն իրականացնելու համար ազգն օժտված է որոշակի ժառանգական հատկանիշներով, որոնք ծածկագրված են նրա գենոֆոնդում, ամրագրված են նրա ավանդազրույցներում, էպոսում, արտացոլված են նրա պատմության էջերում: Այսինքն, յուրաքանչյուր ազգի վերապահված է կատարելու որոշակի դեր: Գիտակցո՞ւմ է նա, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է: Այդ գաղափարից զուրկ, այսինքն` ի վերուստ իրեն վերապահված տիեզերական ծրագիրը չիրականացնող, կամ դրանից շեղված ազգերը ժամանակին լքում են պատմության ասպարեզը: ՈՒստի շատ կարևոր է, որ ազգը գիտակցի և իր գործողություններում առաջնորդվի ազգային գաղափարով: «Ճանաչի՛ր ինքդ քեզ» սոկրատեսյան հայտնի բանաձևն առավել քան կարևոր է ազգի համար, որպեսզի նա հասկանա, թե ինչի համար է ինքը կոչված, ինչ դեր է իրեն վերապահված պատմության թատերաբեմում: Եթե մարդը չգիտի իր ազգի պատմությունը, չի ճանաչում իր ազգի մեծերին, ովքեր կերտել են այդ պատմությունը, չի կարող հասկանալ իր ազգի առաքելությունը, գնահատել նրա դերն ու նշանակությունը, արժևորել նրա ներդրումը քաղաքակրթության զարգացման գործընթացներում: Եթե մարդն իր ազգային մշակույթի կրողը չէ, ապա չի կարող հասկանալ իր ազգի առանձնահատկությունները, այսինքն` այն ամենը, ինչը նրան դարձնում է անկրկնելի, առանձնացնում է մյուս ժողովուրդներից ու ազգերից:
Իսկ ո՞րն է հայի պատմական առաքելությունը, ո՞րն է նրա պատմական դերը տիեզերական գործընթացների հոլովույթում: Այդ հարցին ստույգ կպատասխանեն երևի պատմաբանները, սակայն շատ թե քիչ մտածող մարդն անմիջապես կպատասխանի, որ հաստատ քանդելը, ավերելը, ուրիշինը զավթելը չէ: Շատ թե քիչ պատմություն իմացողն էլ կհաստատի, որ հայի գործը ստեղծել, արարելն է: Իսկ ավելի խոր մտածողները կպնդեն, որ հայի առաքելությունը ամեն ինչում առաջինը լինելն է, Աստծո Լույսը մարդկանց հասցնելը:
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Բորիս Մոյշեզոնը իր «ԸՐՎպվՏՌՊօ - ՈՐՌրՑՏՍՐՈՑՌÿ ՊՐպՉվՏրՑՌ» ընդարձակ հոդվածում ¥Ջ-ս «ծՈՐՏՊ Ռ ջպՎսÿ», ԼպՐցրՈսՌՎ), 1-3, 1984-1985, Ջ-ս «ծՏռ», ԾՏրՍՉՈ, 19, 1996) մանրամասն քննարկելով ու վերլուծելով մարդկության զարգացման պատմության ընթացքում «արմենոիդ» ռասայի կատարած առանցքային դերակատարությունը, ընդգծում է ի վերուստ նրանց վերապահված առաքելությունը. «Արմենոիդների համակողմանի (ունիվերսալ), կրկնվող առանձնահատկությունը, որը բացահայտվում է անցյալի ուսումնասիրությունից` սկսած նեոլիթից, այն է, որ նրանք անփոփոխ գտնվել են մարդկային ցեղի կայացման գլխավոր իրադարձությունների կենտրոնում: Մարդը կլինի Աստծո պատկերով և նմանությամբ, ազատությամբ օժտված և չարն ու բարին տարբերելու ունակությա՞մբ, թե՞ կդառնա նյութական աշխարհի մաս կազմող միայն կայուն կենսաբանական մեխանիզմ: Մի խոսքով` մարդը կենդանի՞ կլինի, թե՞ մեռած: Դա է հենց այն հիմնախնդիրը, որը հազարավոր տարիներ առաջ արմենոիդները դրել են Երկրագնդի մարդկության առջև»: Հեղինակն իր հոդվածում հաճախ «արմենոիդը» փոխարինում է «հայեր»-ով, ընդգծելով հայերին վերապահված պատմական առաքելությունը: Իսկ այս աշխարհի «ուժեղներին» դա խանգարում է իրենց «գլոբալացման» ծրագրերն իրականացնելիս: Այդ պատճառով էլ այդ ազգին ամեն կերպ պետք է շեղել իր գաղափարից, քայքայելով նրա կրթական համակարգը, ջնջելով նրա պատմական հիշողությունը, պարտադրելով օտար մշակութային ու կրոնական չարժեքներ: Դրան է ուղղված նաև մարդաբանության մեջ «արմենոիդ ռասա» եզրույթը «առաջավոր ասիական ռասա»-ով փոխարինելը: Եթե «արմենոիդ» ռասան ունի որոշակի հասցեատեր` հայեր, ապա «առաջավոր ասիական ռասային» պատկանելու հավակնություններ այժմ ունեն այս տարածաշրջանի համարյա բոլոր ազգերը:
Ազգերը պատմության թատերաբեմից հեռանում են, երբ ավարտում են իրենց պատմական առաքելությունը, կամ շեղվում են դրանից, երբ սպառվում է նրանց բաժին կենսական էներգիան: Այդ էներգիան հայ ժողովրդի մեջ իր բարձրակետին հասավ Ղարաբաղյան շարժման ժամանակ, մարդկանց ներարկելով ազգային արժանապատվության վեհ զգացում: Այդ ուժը հային հնարավորություն տվեց սասանելու խորհրդային հուժկու մեքենայի հիմքերը, որը, ի վերջո, փլվեց: Խորհրդային երկրի մյուս ժողովուրդները հիացմունքով էին խոսում հայի համարձակության մասին, ոմանք էլ` խանդով, որ հայերն էին առաջինը: Այդ ուժը ազգային ինքնագիտակցությունը դուրս բերեց դարավոր թմբիրից: Դա ազգին ընծայված հզոր տիեզերական էներգիա էր, որից պետք է ծնվեր հայկական հրաշքը: Ավա՜ղ, դա տեղի չունեցավ: Ժողովուրդը պատրաստ էր զրկանքներ կրելու և կրեց, դիմանալով մութ ու ցուրտ տարիներին, հանուն անկախ ու ազատ, ապագա հզոր Հայաստանի: Սակայն այդ նպատակին հասնելու ուղիները և համախմբող գաղափարը չտեսնելով, ժողովուրդը հիասթափվեց, հուսահատվեց: Որոշ ապակառուցողական ուժեր շատ լավ հասկանում էին ազգային գաղափարի համախմբող ուժը և մարդկանց ապակողմնորոշելու համար ազգային գաղափարը հայտարարեցին կեղծ կատեգորիա: Դեռ ավելին, մարդկանց փորձեցին համոզել, որ հայը սովորական ազգ է, բոլոր ազգերի նման, որ պատմությանն ասելու առանձնապես նոր բան չունի: Դա ազգային ինքնագիտակցությանը հասցված թերևս ամենամեծ հարվածն էր:
Այդ հարվածից հետո վերագտած էներգիան, այժմ ազգային գաղափարի իրականացումն ուղղորդելու փոխարեն, մենք զուր վատնում ենք աշխարհին ապացուցելու համար, որ մենք լավն ենք, իսկ մեր հարևանները` վատը, որ մեզ ենթարկել են ցեղասպանության, որ մեզ շրջափակել են: Իսկ դա ազգին մղում է տասնամյակներ հետ, նորից պարտադրելով խեղճ գաղթականի հոգեբանություն: Ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին ամբողջ հայությունը Հայաստանում և սփյուռքում ջղաձգվում է, սպասելով, թե այս աշխարհի «հզորները» վերջապես կասե՞ն այդ չարաբաստիկ բառը, թե՞ ոչ: Այսինքն, որքան էլ ցավալի է, ցեղասպանության բարդույթը դարձել է մեր ազգային գաղափարը, որը սակայն չի համախմբում ազգին, այլապես մարդիկ չէին լքի իրենց պատմական հողը: Մարդիկ հեռանում են իրենց երկրից, հայտարարելով` «երկիրը երկիր չէ» կամ, «այս երկրում ապագա չկա»: Իսկ այդ մտայնության պատճառը ազգային գաղափարի բացակայությունն է, որը հանգեցնում է ապագայի տեսլականի բացակայությանը և նպաստում երկրի հայաթափմանը: Ապագայի նկատմամբ հավատի բացակայության պարագայում ազգը նման է ծովում հայտնված նավի, իսկ փոքր ազգը` մակույկի, որը ոչ ղեկ ունի, ոչ էլ գոնե հեռվում փարոս է տեսնում: Կողքից սլացող հսկա նավերի նույնիսկ թեթևակի շարժումից ենթարկվում է ալեբախումների, որից հոգնած` ուղևորները ձգտում են օր առաջ լքել մակույկը: Այդպիսի ազգին հեշտ է պարտադրել կատարելու այս կամ այն ծրագիրը, որքան էլ դա հակասի նրա կենսական շահերին:
Նույնիսկ ոչ շատ խոր դիտարկումը ցույց է տալիս, որ ազգի մենթալիտետ կոչվածը ազգի գենոտիպում ժառանգականորեն ամրագրված կենսաբանական հասկացություն չէ, այլ ազգային ավանդույթների, ժողովրդական բանահյուսության, ազգային գրականության, կրոնի, ազգային մշակույթի միջոցով ազգին ներարկվող հոգեբանական կատեգորիա է, որի հնարքներին լավ տիրապետելով, կարելի է ազգին ներշնչել այս կամ այն հոգեվիճակը, որն էլ ժամանակի ընթացքում կարող է դառնալ ազգային առանձնահատկություն: Խորհրդային դպրոցական (խորհրդային ժողովուրդների գլոբալացման գործընթացում) ծրագրեր կազմողները վարժ տիրապետում էին այդ հոգեբանական տեխնոլոգիաներին, կազմելով և ազգային դպրոցներին պարտադրելով իրենց տարբերակները: Նրանց նպատակն էր լվանալ խորհրդային ազգերի ուղեղները և ստեղծել նոր «ազգ», որը դավաներ կոմունիզմի գաղափարախոսությունը: Ռուսական դպրոցներում աշակերտները կարդում, սովորում էին համաշխարհային մեծության ռուս դասականների՝ Տոլստոյի, Տուրգենևի, Դոստոևսկու վեպերը, որտեղ հիմնականում ներկայացված էր ռուս ազնվականությունը, նրանց նիստուկացը, մեծ ազգի գաղափարախոսությունը: Ռուսաց պատմությունը ուսուցանում էր հզոր պետության աշխարհակալ նկրտումները, բոլոր պատերազմներում հաղթող ռուս ժողովրդին ու աշխարհի բոլոր ժամանակների հզորների մեջ իրենց բարձր դիրքը հաստատող ռուս տիրակալներին: Այդ արժեքներով դաստիարակվող ռուսական դպրոցի հայ երեխան, կամա թե ակամա, իրեն համարում էր այդ քաղաքակրթության մաս և դրա կրողը: (Ցավով պետք նշել, որ այդ նույն համախտանիշով տառապում է նաև ներկայումս Հայաստանում գործող օտարալեզու բուհերի ուսանողների մեծ մասը): Այդ ամենին գումարվում էին նաև ռուսաց լեզվի իմացությունն ու համաշխարհային գրականության մեծերին ու գիտական հայտնագործություններին ինքնուրույն ծանոթանալու հնարավորությունը: Բայց ցավոք, այդ դպրոցների ուսումնական ծրագրերում նվազագույնի էին հասցված հայկական մշակույթն ու հայ գրականությունը, և երեխաներն անհաղորդ էին մնում սեփական ազգի պատմությանն ու լեզվական հարստություններին:
Իսկ ինչպիսի՞ն էր վիճակը հայկական դպրոցներում: Պատմության ու գրականության առարկաների ծրագրերից բացառված էին հայ ժողովրդի անցյալին վերաբերող շատ թե քիչ հերոսական դրվագները, որոնք կարող էին դույզն-ինչ ազգային արժանապատվության զգացում ներշնչել: Դեռ ավելին, արվել էր ամեն ինչ սերնդին նույնիսկ մարդկային արժանապատվության զգացումից զրկելու համար: Աշակերտները դաստիարակվում էին (հազար ներողություն եմ խնդրում մեծն Թումանյանից) խեղճուկրակ գիքորների, նեսոների, լոռեցի Սաքոյի, դժվարություններից փախչող առաքյալների ու Նոյի ագռավի, իր իրավունքների և սիրո համար պայքարելու մասին անգամ չմտածող Անուշի ու Մարոյի օրինակով, որոնք դրությունից դուրս գալու միակ ելքը տեսնում էին ժայռից ցած նետվելու մեջ: Գրականության ծրագրերից բացակա էին արևմտահայ այն հեղինակները, որոնք խոսում էին ազգային արժանապատվությունից ու ազատագրական պայքարի կոչ էին հնչեցնում: Բացառություն էր, թերևս, Դանիել Վարուժանը, էն էլ «Հացին երգն» էր երգում: Իսկ հայոց պատմությունը, Տիգրան Մեծի, Լևոն Մեծագործի, Անդրանիկի, Դրոյի, Նժդեհի օրինակով ցույց տալու փոխարեն, մեզ տեղեկացնում էր, որ հայ թագավորներն օտարազգի էին, որ հայոց թագաժառանգները հզոր տերություններում պատանդ էին, որ հայ նախարարները դավաճաններ էին: Եվ այդ դպրոցի շրջանավարտը կյանք էր մտնում փոքր ու խեղճ ազգի զավակի հոգեբանությամբ և այն համոզմամբ, որ մենք «էս աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից»:
Դատելով Խորհրդային Հայաստանում ռուսական դպրոցների առատությունից, ցավով կարելի է արձանագրել, թե քանի՜-քանի Չարենց, Իսահակյան, Սևակ ու Սահյան կորցրեց հայ ժողովուրդը: Դրա փոխարեն մեր երիտասարդները հարստացրին օտար մշակույթները, համալսարաններն ու գիտությունը: Ռուսական կրթություն ունեցողների մեծ մասը հայ մշակույթի կրող չէ դասական իմաստով (դա չեն ժխտում նաև իրենք), նրանց հայրենասիրությունն էլ երբեք ազգայնականության չի հասնի (նորից որոշ բացառություններով): Մինչդեռ այդ վերջիններից է սնվում ու հզորանում ազգային ոգին, որն էլ իր հերթին ազգը պահում-պահպանում է և առավել զորանալով, ազգը դարձնում է ցեղ:
Ասում ենք, թե «մենք մեզ ոչ մեկից չե՛նք գերադասում»: Եվ շա՛տ իզուր: Ժամանակը ցույց է տվել, որ մենք դրա իրավունքը վաղուց ձեռք ենք բերել: Նոր սերնդին պետք է ա՛յդ ոգով դաստիարակել, որ նա ոչ թե դատարկ բառերով հպարտանա իր ազգի անցյալով, այլ դառնա այդ անցյալի արժեքների իրական կրողը: Այդ դեպքում նա չի ձգտի գնալ օտարալեզու դպրոց, իսկ արտասահմանում ուսանելուց հետո անպայման կվերադառնա հայրենիք: ՈՒշացել ենք, շատ ենք ուշացել, ավելի քան քսան տարի: Սակայն, ինչպես ասում են` «Լավ է ուշ, քան երբեք»: Պետք է լրջորեն խորհենք ազգային գաղափարի շուրջ, փորձելով գտնել այն ուղենիշը, որով պետք է ազգը առաջնորդվի: Առանց այդ ուղենիշի դեռ երկար կդեգերենք: Իսկ այդ ուղենիշը տանում է դպրոց:
Դպրոցական ծրագրերը պետք է կազմվեն ազգային գաղափարի շուրջ, պատասխանելով այն հարցին, թե ովքեր ենք մենք՝ հայերս, ի՞նչ դեր ենք կատարել պատմության հոլովույթում, ո՞րն է հայի դերը հիմա, ներկայիս համաշխարհային իրականության մեջ, ունե՞նք ասելիք, թե՞ հին, հոգնած, մաշված գենոֆոնդով ժողովուրդ ենք, ինչպես ոմանք մեզ փորձում են համոզել: Եթե արդեն սպառված ազգ ենք մեզ համարում, ուրեմն կարող ենք բավարարվել ներկայիս հնարավորություններով, քանի որ մեր կրթական համակարգի զարգացման վեկտորը դա է ցույց տալիս. մի կերպ մնալ ջրի երեսին: Իսկ եթե ազգովին պարզենք, որ դեռ ասելիք ունենք, ուրեմն անհապաղ լրջորեն պետք զբաղվենք սերնդի կրթության խնդրով և անպայման ազգային գաղափարի հենքի վրա:
Անհրաժեշտ է լրջորեն վերանայել դասագրքերը: Դասագրքաշինությունը բիզնեսի ոլորտից պետք է տեղափոխվի ազգային գաղափարի ոլորտ, այդ խնդրում ընդգրկելով ազգային մտածողություն ունեցող, ազգային մշակույթը կրող, ազգի ներկայով ու ապագայով մտահոգված, նախանձախնդիր, մտածող մարդկանց: Պետք չէ հեծանիվներ հայտնագործել ազգային բնագիտական դասագրքեր գրելով, դրանց համար «մրցույթներ» հայտարարելով, դրամաշնորհներ շահելով: Այդ դասագրքերը վաղուց գրված են (դեռևս խորհրդային տարիներին), ժամանակի փորձությանը դիմացել են` ապացուցելով իրենց կենսունակությունը: Մնում է դրանք հարստացնել գիտության նորագույն տվյալներով և այդ ասպարեզներում հայազգի գիտնականների ներդրումներով, ընդգծելով դրանց կարևորությունը համամարդկային առումով, աշակերտների մեջ հրահրելով ազգային հպարտության զգացումը: Գրականության ու պատմության ծրագրերում պետք է ընդգրկել այն ամենը, ինչը կարող է նպաստել մեր ազգային ոգու հզորացմանը, հավերժական զոհի համախտանիշի հաղթահարմանը, համաշխարհային քաղաքակրթության մեջ հայի անցյալի ու ներկայի կարևոր դերակատարման գիտակցության ձևավորմանը: Անհրաժեշտ է սերնդին թերարժեքության բարդույթից ազատագրող կրթական մեթոդաբանություն մշակել, դրա համար ընդգրկելով համապատասխան մասնագետների՝ հոգեբանների, սոցիոլոգների, պատմաբանների, գենետիկների, բժիշկների, հոգևորականների:
Ինչպես նշվեց վերևում, ազգային գաղափարը ազգային ոգի ստեղծողն է: Հայրենասիրությունը, ազգայնականությունը (որից շատ վախենում են, և որի դեմ անհաշտ պայքար էր մղվում խորհրդային երկրում) այդ ոգին սնուցող հզոր գործոններ են: Ինչպե՞ս: Ո՞րն է դրա գործունեության մեխանիզմը: Հայրենասիրությունը վեհ, անձնազոհության մղող զգացում է, որն իր շուրջը ստեղծում է հզոր էներգիական դաշտ, որը կարող է տարածվել, ընդգրկելով ավելի մեծ տարածքներ, վարակելով մարդկային ավելի խոշոր զանգվածների: Այդ էներգիան չի կորչում, այլ կուտակվում է Երկրագնդի ընդհանուր էներգաինֆորմացիոն դաշտում` նոոսֆերայում, որը Երկրագունդ կոչվող կենդանի օրգանիզմի բանականության ոլորտն է: Որոշակի հստակ գաղափարով առաջնորդվող ազգի բոլոր անհատները (անկախ այն բանից` հայրենիքում են նրանք, թե արտերկրում) մտածելով միևնույն ուղղությամբ, համախմբվելով միևնույն գաղափարի շուրջը, ռեզոնանսի սկզբունքով ստեղծում են հզոր էներգաինֆորմացիոն դաշտ, որը սնում ու ամրացնում է ազգի նոոսֆերան: Պատահական չէ, որ Անդրանիկ զորավարը հորդորում է բոլորիս` «Երբ գլուխդ բարձին կդնես, որ քնանաս, մի քիչ մտածիր ազգիդ մասին»:
Չինացիները երկուսուկես հազարամյակ է` առաջնորդվում են Կոնֆուցիոսի մշակած գաղափարով այն մասին, որ իրենք քաղաքակրթություն ստեղծող ազգ են և, որ աշխարհը պետք է գնա իրենց հետևից: Պետական պաշտոնի հավակնող չինացին քննություն է հանձնում, որի ժամանակ ստուգվում են նրա գիտելիքները Կոնֆուցիոսի փիլիսոփայության մոտ հարյուր հիսուն հարցերի իմացության վերաբերյալ: Այսինքն, պետական պաշտոնյան, տարբեր հմտություններից ու անհրաժեշտ գիտելիքներից բացի, անպայման պետք է ունենա ազգային մտածելակերպ, առաջնորդվի ազգային գաղափարախոսությամբ: Ճի՞շտ է դա, թե՞ սխալ, կարելի է դատել Չինաստանի ներկայիս հաջողություններով:
Այս ամենից հետևում է, որ ազգը որպես կենդանի ֆունկցիոնալ համակարգ տիեզերական երևույթ է, օժտված է այդպիսիներին բնորոշ երեք հատկանիշներով. ա) ֆիզիկական գոյությամբ (ազգի անհատների զանգվածը), բ) որոշակի էներգիական պաշարով, գ) ինֆորմացիայով` ազգային գաղափարն իրականացնելու համար:
Այս ամենից հետևում է, որ հայ ազգի գոյությունը խիստ վտանգված է. ա) ազգային գաղափարը հայտարարված է օրենքից դուրս, բ) ազգային ներուժը` էներգիան, մսխում ենք ընտրությունների ու տարատեսակ անկարևոր հարցերի պարզաբանման վրա, գ) ազգի ֆիզիկական զանգվածն արդեն հատում է կրիտիկական շեմը: Այս մասին ազգովին պետք է մտածենք, և որքան հնարավոր է շուտ:


Մարիետա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կենսաբանական գիտությունների
թեկնածու, դոցենտ, ԵՊՀ

Դիտվել է՝ 5364

Մեկնաբանություններ

w">Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 26.04.2024