Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2100-ից ավելի տղաներ դուրս են մնացել այդ բարոյական գնահատականից

2100-ից ավելի տղաներ  դուրս են մնացել այդ  բարոյական գնահատականից
21.06.2013 | 01:34

Գեներալներ Մանվել Գրիգորյանի, Սեյրան Սարոյանի, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հեղինակած` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն ընդունվեց երրորդ ընթերցմամբ և միաձայն։ Իրենց ուրախությունը գեներալներն արտահայտեցին ԱԺ նիստի ընդմիջմանը` փոքրիկ սեղանի շուրջ։
Սակայն հարկ է նշել` գեներալների զինակից ընկերները սոցիալական կոնկրետ խնդիրներ էին բարձրացրել, որոնք այդպես էլ մնացին ձայն բարբառո հանապատի։ Ըստ էության, ստացվեց, որ «կուշտ փորով» գեներալները «սովածներին մանր փրթեցին»։ Մեր այս հարցադրմանը չհամաձայնեց պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։

-Օրինագիծը բարոյական խնդիր է լուծում առաջին հերթին,- եզրակացրեց նա։
-Բայց Ձեր զինակից ընկերները ոչ թե բարոյական գնահատականի կարիք, այլ հացի խնդիր ունեին։
-Լսե՛ք, բայց շատ շատ տղաներ, մոտ 2100-ից ավելի, դուրս են մնացել այդ բարոյական գնահատականից, ուզում ենք նրանց ճանաչում տալ, կարգավիճակ։
-Բայց Ձեր նշած նույն տղաները, ովքեր կարգավիճակ չունեն, նույնպես հացի խնդիր ունեն, ինչը և կցանկանային լուծված տեսնել։ Նրանց համար դա շատ ավելի կարևոր հարց էր։
-Այո, հիմա հաշվառում կսկսենք` բոլորին կբերենք ընդհանուր դաշտ, նոր հետո մյուս խնդրին կանդրադառնանք։
-Ինչո՞ւ բոլոր գեներալները, կներեք, այդ թվում նաև` Դուք, ամեն ինչ ունեցաք, անգամ պատգամավոր դարձաք, բայց շատ շատ կռված տղաներ մնացին սոված։
-Ոնց որ հարցնեք, թե ինչո՞ւ բոլոր զինվորները գեներալներ չեն, և գեներալները զինվոր չեն։
-Ընդամենը հարցնում եմ` արդյո՞ք մեր պետության սխալ քաղաքականության արդյունք չէ այն, որ որոշ մարդկանց ամեն ինչ տրվեց, իսկ...
-...որ գեներալ ու զինվոր են լինո՞ւմ։
-Ո՛չ, իմ հարցը Դուք շատ լավ հասկացաք։ Ես խոսում եմ կոնկրետ մարդկանց մասին։
-Մարդիկ մի ասեք։ Դուք խոսում եք զինվորի ու գեներալի մասին։ Եթե դրա տարբերությունը չեք իմանում, դա շատ վատ է։
-Գեներալի ու զինվորի տարբերությունը շատ լավ գիտեմ։ Ես կուշտի ու սովածի տարբերությունն եմ ընդգծում (մեր այս հարցը մնաց անպատասխան` գեներալը «շտապեց» նիստերի դահլիճ։ Ըստ երևույթին, նստած տեղը հարցը ծանրութեթև էր արել։ Ընդմիջմանը նա մոտեցավ և մեզ խոստացավ, որ իրենց զինակից ընկերների խնդիրներին աշնանն անդրադառնալու են)։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2288

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ