Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկրի օրենքը` երկրի դեմ (տրագիֆարս կառավարական տանը)

Երկրի օրենքը` երկրի դեմ (տրագիֆարս կառավարական տանը)
21.06.2013 | 11:46

«Ամենը վերք է աշխարհում,
Աբորտ է դժնի...»։


«Արնոտ սպի»,
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԿԵՑՑԵ՛Ս, ՀԱՅՆՐԻԽ
(ֆելիետոնաբույր նախաճաշ` «մաննի կաշա»)
Հրեական ծագումով գերմանացի հանճար Հայնե Հայնրիխը Գյոթինգեն համալսարանական քաղաքի մասին ասել է. «Գյոթինգենի բնակիչները բաղկացած են պրոֆեսորներից, ուսանողներից, ֆիլիստերներից և անասուններից։ Դրանից նշանավորը անասունների դասն է»։ Ես անտեղյակ եմ, թե ինչն է նման խարազանման պատճառը, սակայն գիտեմ, թե ովքեր են ֆիլիստերները, դրանք են` սուտ ճգնավորները, փարիսեցիներն ու քաղքենիները։ Թե ինչ ցուցանե առակս, կկռահեք նյութի ընթերցմանը զուգահեռ, կամ ժամեր, օրեր, շաբաթներ անց, զի օրեր, ժամեր ու տարիներ է, որ ավարտ չունի այս եղերական զավեշտախաղը` երկիրը երեկոյան, երբեմն էլ կեսգիշերին ցնորական ցնցումների մեջ է հայտնվում, զի հանրապետության քաղաքատնտեսական վերնակույտի որոշ կուտակումները զվարճանքի կիզակետում հրթիռակոծում են երկինք ու երկիր, հրթիռակոծում են` խեղանդամելով մի քանի հարյուր հազար ոչվերնակույտային քաղաքացիների և՛ առողջականը, և՛ հոգեկանը։ Սա, ի վերջո, ինչ է, եթե ոչ անտերության զգացողության արմատավորում երկրի բնակչության հոգում։ Այո, զավեշտը դաժան նկարագիր ունի, քանզի պետական բարձր ատյաններն են անթաքույց հովանավորում մի խումբ գործամոլ-հրոսակներին` հետևյալ դավադիր շղթայում. ներկրողներ-վաճառողներ-իրականացնողներ և այս ամենից գերագույն բավականություն ստացողներ։ Այս պարագայում մնում է ենթադրել, որ կառավարությունը հույժ գաղտնի ծրագիր է իրագործում, ուղղակիորեն չի կարող ծրագրի դրույթները բացահայտել և անուղղակի ձևով յուղում է գլուխներս։ Փորձեմ կռահել ծրագրի երկու հիմնական դրույթը.
ա) մենք (Տերը փրկի) պատրաստվում ենք պատերազմի և, ահավասիկ, ամենօրյա հրթիռակոծությամբ մեզ վարժեցնում ենք դիվային աղմուկին, այսինքն` բթացնում ենք մեր նյարդերը,
բ) վերնակույտի որոշ կույտեր կերուխումի բարձրակետում (կերուխումը լուկուլոսյան պերճանք ունի) լիցքաթափման ծանրագույն խնդիր ունեին։ Զորօրինակ, մեկը նրանցից ստիպում էր պանդոկի անձնակազմին լվանալ իր ոտքերը և ջուրը խմել (շամպայնի բաժակով), մյուսը պարտադրում էր պանդոկի սոխակներին ճիշտ ժ. 24.00-ին դայլայլել Չադ Հանրապետության օրհներգը։ Այո՜, այս ամենը հակասում է հանրապետության տնտեսական աճի տեմպերին, արտագաղթի նվազեցմանը, և ընտրվել է չարյաց փոքրագույնը` հրթիռակոծությունը։ Մարդիկ դղրդացնում են և հանդարտվում։

ԳԼՈՒԽ ՅՈՒՂԵԼԸ` ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ
(պամֆլետամերձ ճաշկերույթը` հին քյալամի ապուրով)
Եվ այսպես, կռահել եմ գլխայուղման խորհուրդը և հաճույքով իրազեկում եմ արգո ընթերցողացս։ Իմ դյուրամիտ նամակներին կառավարությունը պատասխանում է հնարամիտ յուղումներով։ Վերջին ընդվզումս առ կառավարական տուն 2013-ի ապրիլի 29-ին էր։ Սույն նյութի գրման պահին, այսինքն` հունիսի 20-ին, պատասխան դեռևս չկա։ Սակայն ինձ բանավոր ծանուցել են, որ այս անգամ պատասխանը կստանամ ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այո՜, մինչ այդ նամակներիս պատասխանում էր ՀՀ ԱԻՆ-ը, ահա նման բուժական յուղումներով. «Ի պատասխան ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին և ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին ուղղված Ձեր դիմումի` հայտնում եմ, որ հրագործական նյութերի որակին, ներմուծմանը, վաճառքին և հրավառությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջների կարգավորման գործում խիստ շահագրգռված է նաև ՀՀ կառավարությունը»։ Սա գլխայուղման սկզբնախաղն է, որին հետևում է բուն բուժումը. «ՀՀ օրենքների թվով 7 նախագծեր քննարկվել են ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2012-ի հունիսի 28-ի նիստում»։ Տեղին է փաստել, որ որոշ հակաժողովրդական երկրներում բռնում ու արգելում են հրթիռակոծումներն ու հրավառությունները, քանզի լիասիրտ ուրախանալ չգիտեն, ծնունդ են նշում, կնունք, բարեհաջող գործարք, առանց հանրային իրազեկման, այսինքն` չթնդացնելով երկինք ու գետին։ Իրենց գործն է, մեզ մեր անկախական փորձն է հուշում ամեն բան անել ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ։

Քիչ շունչ առնենք. հնագույն հռոմեական ավանդազրույցները հավատացնում են, որ տավիղների քաղցր նվագի ներքո վարդի կոկոններն աչքի առաջ փթթում են։ (Սա ցիտոպլազմայի շարժման հետևանք է)։ Դարեր անց ամերիկացի գիտնականները փորձեցին որոշ բույսերի աճն արագացնել դասական և ռոք երաժշտությամբ։ Դասական երաժշտության ներքո եգիպտացորենի և դդմիկի աճը բարգավաճել է, ռոքի տակ` նվազել։ (Հայտնի է, որ կետերն ու դելֆինները ստորջրյա պայթեցումներից և սուզանավերի շարժիչների աղմուկից ափ են նետվում և ինքնասպանություն գործում)։ Բայց ահա թե ինչ են հայտնագործել ԱՄՆ-ի Կարոլինա նահանգի համալսարանի գիտնականները։ Պարզվում է, որ ռեակտիվ շարժիչի աղմուկն արագացնում է շաքարի ճակնդեղի և շաղգամի սերմերի ծլումը։ Ռուսաստանը, որն ամեն բանում ձգտում է սահանկել ԱՄՆ-ին, ավտոմոբիլային ազդանշանների միջոցով խթանում է բույսերի աճը։ 1960-ին Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքի այգեգործ միսս Բրաունն ամեն առավոտ 30-րոպեանոց համերգ է կազմակերպել և էապես խթանել յուր բանջարեղենի և պտուղների աճը։ Իսկ ահա Հնդկաստանի կառավարությունը բարձրախոսներից երաժշտական ուղերձներ է հղում և, խնդրեմ, բրնձի բերքատվությունը կրկնապատկվում է։ (Իրազեկում ՀՀ գյուղնախ արգո Սերգոյին. Արմավիրի կարկտահարության դրդապատճառը տեղական (ոչ ցեղական) իշխանիկների բորբ զկռտոցն էր, դրա փոխարեն Րաֆֆու թեզիսները հեռարձակեք և կարկուտը կփոխարինվի շերեփուկների անձրևով)։

Կառավարությունը 2010-ից սկսած փորձում է կասեցնել բորբոքված երևակայության արգասիք մղումս` կտրականապես արգելել պայթուցիկների զվարճանքն Ամանորին, և հրթիռակոծությունները տարին բոլոր։ Ահավասիկ ինչ են ինձ հղել դեռ 2011-ի դեկտեմբերին` ՀՀ ԱԻՆ-ից. «ՀՀ ԱԻՆ նախարարի 2011-ի մայիսի 20-ի թիվ 63-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ (թվարկվում են ՀՀ յոթ նախարարություններ), որն ուսումնասիրել է եվրոպական երկրների և ՌԴ-ի փորձը և թվով 7 օրենքներում մշակել է մեծածավալ փոփոխություններ կատարելու նախագծեր»։ Նույն 2011-ի հոկտեմբերին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԻՆ-ի գլխավորությամբ և բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պիտի ապահովի բնակչության անվտանգությունը։ Ոչ պակաս խորագետ են ՀՀ ֆիննախում, որտեղից ինձ վստահեցնում են, որ հրագործական ապրանքների լիցենզավորումը յուր ընթացակարգով համարժեք է, զորօրինակ, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությանը։ Այո՜, պնդաճակատությունս հասավ սահմանագծին. 2012-ին ստորագրեցի ՀՀ նախագահին ուղղված բաց նամակի տակ` սույն հուզատառ վերտառությամբ. «ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին` հայ հանրության տագնապն արտահայտող բաց նամակ»։ Այո, բթամտությունս գերազանցում է խավարամտությունս և արգելակում ՀՀ կառավարության ազգապետափրկիչ ծրագրի իրականացումը, այն է` անսպասելի հրթիռակոծությամբ և անկասելի պայթուցիկաշորշոփով նպաստել ՀՀ անապահով և կիսով չափ ապահով խավի առողջական, բարոյական, հոգեկան և մնացյալ բոլոր ձևաչափերի անշեղ աճին։ Զորօրինակ, երբ Ամանորին սեղան ես նստել հյուրերիդ սիրաշահ ներկայությամբ և հանկարծ պատուհանիդ տակ պայթուցիկն է որոտում, հավատացեք, դա նպաստում է մարսողական գործընթացի ակտիվացմանը և թութքի անհետացմանը։ Իսկ հրավառությունների անսպասելի դղրդյունն էապես նպաստում է կերակրափողի սեղմմանը (մի բան, որ նշանակալից է ներկա և սպասվող թանկացումների համատեքստում), առաջ է բերում ցնորական ժպիտ, ինչին, բնականաբար, հետևում է ցնցակաթվածային խրխինջը։ Զորօրինակ, չափազանց օգտավետ էին ԱԺ ընտրություններին հաջորդող առավոտյան, ճիշտ ժ. 5.00-ին թնդացող հրավառությունները` հանրապետությունով մեկ։ Պատկերացրեք, ժողովուրդը խոր քնի մեջ է, երազում տեսնում է, որ խորհրդարանի գործարար երեսփոխանները, այսինքն, օլիգարխները, բերանացի արտասանում են սեփական հանձնաժողովի անվանումը և ԱԺ ճաշարանում օգտվում են պատառաքաղից և անձեռոցիկից, ու խնդրեմ, վեր է թռչում ահը սրտում, վարդագույն երազը հօդս ցնդեց, իսկ սա խորապես ջատագովում է ազգի մշտարթունությունը, տեսեք, թե ինչեր են կատարվում մեզնից հարավ Սիրիայում և Թուրքիայում, հո քնաթաթախ չե՞նք դիմագրավելու ոսոխին։

Երևանի ավագանու ընտրության գիշերը, եթե չեք մոռացել, մայրաքաղաքը մոլեգնում էր և մղկտում։ Իսկ երբ արգո քաղաքագլուխը իր վերապաշտոնավարումն էր նշում «Փարվանա» ռեստորանում, 13 րոպե 20 վրկ զորընդեղ հրթիռակոծություն էր։ Եվ գաղտնիքը` բնակչությանը հեռակա կարգով պատվաստել են ընկալիչ-բաշխիչ սարքեր։ Երբ անսպասելի թնդյունից քաղաքացին վեր է թռչում, սարքը կլանում է վերթռչման էներգիան և բաշխում գերգաղտնի կայանին։ Սա նշանակում է, որ ապահովված է երկրի էներգետիկ անվտանգությունը, թե չէ հայ հելիոֆիկացիա՜, հայ Հերունի՜, հայ աթարի ատոմակայա՜ն։

ԼՐՋԱԽՈՀ ՎԵՐՋԵՐԳ
(իրիկնահացին միայն չորաթան)
«Անապատի սպիտակ արևը» ֆիլմի ազնվական ներաշխարհ ունեցող հերոսը հակադրվում էր հրոսակներին. ես կաշառք չեմ վերցնում, տերությանս համար եմ ցավում։ Վիրավորական է լացի աստիճանի. պետականազրկվում ենք, վերնակույտը կապիտալ է դիզում` ժողովրդի անարգման հաշվին։ Զարհուրելի է, ինչու Հանրային խորհուրդը (խնդրի պատասխանատու` գեներալ Կառլոս Ղազարյան), յուր պատվարժան նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, կներեք, բայց «մարաղ է մտել»։ Ինչո՞ւ է արգո ոստիկանությունը շրջանցում «Լռության մասին» օրենքի դրույթները։ Ինչո՞ւ են պետականաշինական հույժ կարևոր խնդիրներ բարձրաձայնող հեռուստամեկնաբանները պապանձվել։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ։ Ի՞նչ է մեզ մնում, գուցե գիշերակեսին թնդանոթաձգությո՞ւն կազմակերպել վերնակույտերի պատուհանի տակ, ովքեր ուշ երեկոյան դղրդացնում են շրջակայքը` տագնապ և հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում։ Գուցե։ Իսկ ինձ մնում է պայքարի հրավիրել «Սարդարապատ» նախաձեռնությանը, ՄԻՊ Անդրեասյանին, առհասարակ, ՀՀ քաղաքացիներին, որոնց համար ցավալի է երկրի նման ստորացումը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Հասկանալի է, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանն ստանալուն պես կիրազեկեմ Ձեզ։

Դիտվել է՝ 2020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ