Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մի՛ հարստացրեք թշնամուն»

«Մի՛ հարստացրեք թշնամուն»
24.06.2013 | 15:55

«Մի՛ հարստացրեք թշնամուն, օգտվեք տեղական արտադրանքից». այսպիսին է ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ «Բոյկոտ» ֆիլմի կարգախոսը: Կարճամետրաժ ֆիլմը պատմում է, թե ուր է գնում այն գումարը, որը մենք ծախսում են թուրքական ապրանք գնելիս: Ֆիլմի պրոդյուսերն ամերիկաբնակ Արման Գրիգորյանն է, օպերատորը` Դավիթ Հարությունյանը:

-«Բոյկոտը» շրջանառվում է համացանցում և մեծ արձագանք է գտել. հեռուստատեսությամբ կցուցադրվի՞:
-Չգիտեմ, ճիշտն ասած, ես չեմ պատրաստվում դրա համար էլ վճարելու: Եթե իրենք կամենան ցուցադրել, դա ուրիշ հարց է:
-Ֆիլմի հիմնական ասելիքը, նպատակը ո՞րն է:
-Խթանել տեղական արտադրությունը, բացել աշխատատեղեր` կրճատելով սարսափելի ծավալների հասնող արտագաղթը: Այդ դեպքում երկրի տնտեսությունը իրապե՛ս կաճի, ոչ թե սուտ թվերով:
-Չե՞ք կարծում, որ հենց նրանք, ում ուղղված է ֆիլմը, կբոյկոտեն «Բոյկոտը»: Շատերի համար Թուրքիան աշխատանքի աղբյուր է, և դժվար թե «ազդվեն» ֆիլմից:
-Ես սպառողին եմ դիմում, ոչ թե առևտրականին:
-Դիմել եք հայտնի արտադրողների` ընդամենը մի քանի օրով բեռնատար միկրոավտոբուս տրամադրելու խնդրանքով, իմանալով, որ հարյուրավոր ավտոբուսներ ունեն: Ոչ մի պատասխան չի եղել: Բայց, որքան գիտեմ, ֆիլմը նաև մեծ թվով համակիրներ ու աջակիցներ ունի:
-Ֆիլմի ստեղծմանը շատերն են աջակցել: Արման Գրիգորյանը ԱՄՆ-ից` հայրենասեր մի անձնավորություն, ով, իմ ֆեյսբուքյան էջում կարդալով սցենարը, անմիջապես ցանկություն հայտնեց և ոչինչ չխնայեց նախագիծը իրականացնելու։ «Անկախության սերունդ» ՀԿ-ն, պաշտպանության նախարարությունը` տրամադրելով մեզ անհրաժեշտ սպառազինություն, համազգեստներ և տարածք` համապատասխան նկարահանումների համար, ինչպես նաև մի խումբ զինվորներ և հրամանատարներ, ովքեր նույնպես օգնեցին իրենց մասնակցությամբ: Անհատ քաղաքացիների շարքում կային նաև այլազգի ներդնողներ` հնդիկ, սերբ:
-Չե՞ք կարծում, որ այս ֆիլմը կարող է ոչ թե հարցեր լուծել, այլ սրել հայ-թուրքական հարաբերությունները:
-Թուրքիան մեզ արդեն երկար տարիներ փաստացի շրջափակման մեջ է պահում: Առևտուրը մենք երրորդ երկրի միջոցով ենք կատարում: Երբ ինչպես միակողմանի փակել է, այնպես էլ կբացի սահմանները, հրապարակավ կընդունի իր սխալները, կհատուցի ցեղասպանության պատճառած վնասները, նոր կարելի է մտածել որոշակի հարաբերությունների մասին: Դա իմ անձնական կարծիքն է:
-Ձեր նախորդ` «Կինը» ֆիլմը նույնպես պատերազմի մասին էր: Հաջորդիվ էլի՞ պատերազմի թեման է լինելու:
-Այո, իմ ֆիլմերի հիմնական թեման պատերազմն է, քանի որ այն դեռ չի ավարտվել: Հաջորդ ֆիլմը հայ-վրացական հարաբերությունների մասին է, որը, Թուրքիայի և Ադրբեջանի թեթև ձեռքով, գնալով վատանում է` ծառայելով նույն նպատակին` մեզ մեկուսացնելու, տնտեսապես ոչնչացնելու, երկիրը դատարկելու և տիրանալու: Մենք էլ նրանց նվագի տակ ծափ ենք տալիս ու, սթափ մտածելու փոխարեն, որ վրացու հետ պետք է լավացնել հարաբերությունները, մատի փաթաթան ենք դարձրել «վրացին ավելի վատն է» արտահայտությունը:


Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հ. Գ.- Մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Youtube սոցցանցում տեղադրված «Բոյկոտ» ֆիլմը օգտատերերի բողոքների պատճառով հնարավոր է արգելափակվի:

Տեսանյութ

Բոյկոտ. ՄԻ ՀԱՐՍՏԱՑՐԵՔ ԹՇՆԱՄՈՒՆ
Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ