«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տանջվի՛ր, տառապի՛ր, բայց եղիր այն, որ կոչվում է Մարդ

Տանջվի՛ր, տառապի՛ր,  բայց եղիր այն, որ կոչվում է Մարդ
25.06.2013 | 01:22

Մեր զրուցակիցը ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է, նախկինում դատախազ, այսօր գյուղապետ և «Իրատես de facto»-ի հրապարակախոս։

-Պարոն Հովսեփյան, բազմազբաղ մարդ եք, կյանքի մեծ ճանապարհ անցած։ Այս ամենը, սակայն, Ձեզ չի խանգարում պարբերաբար և բավականին ուշագրավ հրապարակումներով հանդես գալու մեր եռօրյայում։ Եվ հարցս` «Իրատես de facto»-ն որքա՞ն է ազատ, որքա՞ն է անկախ և որքա՞ն անկողմնակալ։
-Ես այն եզակի մարդկանցից եմ, ով կարդում է հանրապետության գրեթե բոլոր թերթերը։ Բնականաբար, կարդում եմ նաև «Իրատես de facto»-ն։ Մասնավորապես, ինձ գրավում է վերլուծական միտքը, գրավում են հոգևոր աշխարհի խորհուրդների բացահայտումները, առհասարակ հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշումը։ Ինքս խառնվածքով նման տեսակ եմ և, բնականաբար, պիտի «Իրատես de facto»-ն ընտրեի։
-Եռօրյային դեռ կանդրադառնանք, մյուս լրատվամիջոցների մեջ ունե՞ք ընթերցողական նախապատվություններ։
-Բարեբախտաբար, այո։ Ինձ գրավում է «Ազգը», հատկապես երկու շաբաթը մեկ հրապարակվող մշակութային հավելվածը։ ՈՒշադրությամբ և հաճույքով եմ կարդում Արամ Աբրահամյանի «Առավոտում» տպագրվող առաջնորդողները և արդեն կարելի է ոչինչ չկարդալ նշյալ թերթում, ամեն բան ասված է։ Հայտնի գրողի խոսքերը` «Իսկ ես փորձում էի մարդ մնալ», միշտ էլ արդիական են: Իսկ նրանից շատ առաջ, հայ գրողի կերտած Պատրիկյանը իսկական չափանիշ պետք է լինի (որը անշուշտ, մեր օրերում գրեթե անհնարին է) մտավորականի, առավել ևս լրագրողի համար: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Իրատես de facto»-ի ողջ կոլեկտիվը (հավանաբար դա գալիս է գլխավոր խմբագրից) այսօր իր աշխատանքային գործունեությունն իրականացնում է հավատարիմ Պատրիկյան-մտավորականի էությանը, կամ ինչպես Ռոմեն Ռոլանն է ասել «Ժան Քրիստոֆ»-ում` տանջվի՛ր, տառապի՛ր, բայց եղիր այն, որ կոչվում է Մարդ: Իսկ Մարդ մնալը նշանակում է հավատարիմ լինել հայրենիքին, պետությանը, իր տեսակին, առօրյա կյանքին:
-Համաձայն եմ։ Շարունակենք մեր զրույցն արդի մամուլի շուրջ։
-Մի կարևոր բան կա. ընթերցողը թերթում պիտի գտնի այն, ինչի հոգևոր և բարոյական պահանջն ունի։ Ասենք «Իրատեսում» նա հոգևոր դաստիարակության դպրոց է անցնում, զանազանում թացն ու չորը, առհասարակ թերթը պահպանում է հիմնարար խոհեմությունը` մնալով անհաշտ և արմատական պայքար մղող հանրային և պետական կյանքն արատավորող երևույթների դեմ, անկախ նրանից` ընդդիմությա՞ն մասին է խոսքը, թե՞ իշխանության։ Սա շատ եմ կարևորում։ Այսինքն, թերթն իսկապես ազատ է, անկախ և անկողմնակալ։ Այստեղ ավելացնեմ, որ հաճախ կարդում եմ գրական էջերը, հաճախ էլ նոր և հետաքրքիր, ուսուցանելի բան գտնում ինձ համար։ «Իրատես de facto»-ն, անկասկած, համալրված է իր բնույթին համապատասխան լրագրողներով և հրապարակախոսներով։
-Դուք Այգեստանի գյուղապետն եք, Այգեստանում եղել եմ, ուրախ եմ, որ շեն համայնք է, անկախ առկա դժվարություններից։ Գյուղն ինչպե՞ս է անդրադառնում յուր գյուղապետի մամլո ընդվզումներին։
-Ինչպես երկրում են հազվադեպ մարդիկ թերթ կարդում, այնպես էլ Այգեստանում։ Ընթերցողներ ունենք, իհարկե, հրապարակումներիս վերաբերվում են կարծես թե հետաքրքրությամբ։ Բայց ինչո՞ւ են շատերը թերթ վերցնում ձեռքերը։ Ինձ հետ կատարվածի նախապատմությունը սա է։ Օրաթերթերից մեկը զանգահարեց և հետաքրքրվեց` արդյոք վաճառե՞լ եմ գյուղի մանկապարտեզի շենքը։ Պատասխանեցի, որ այո, անցյալ տարի գյուղի հիմնանորոգված մանկապարտեզի բացումն էր, ներկա էր հանրապետության վարչապետը, այն 160 երեխայի համար է նախատեսված և հիանալի պայմաններ ունի։
-Վկա եմ, հաստատում եմ։
-Այո, եղել եք և ծանոթ եք իրականությանը։ Մանկապարտեզից անջատ և նորոգման կարիք ունեցող հատվածը վաճառել եմ Հայաստան ներգաղթած սիրիահայ մի ընտանիքի, բազմանդամ ընտանիք է, հող է գնել, հաստատվել է հայրենիքում։ Անկեղծ ասած, իմ ձեռքը լիներ, անվճար կհատկացնեի։ Շենքը վաճառել ենք աճուրդով, 3,5 մլն դրամ էր նախնական գինը, աճուրդով վաճառվեց 4,2 մլն դրամով, ամեն բան օրենքի սահմաններում էր։ Օրեր անց թերթի կրպակում աշխատողը հարցնում է. «Պարոն Հովսեփյան, այդ ինչ են գրել Ձեր մասին, որ ընդհանրապես թերթ չգնած գյուղացիները մոտենում և հենց այդ թերթն են գնում»։ Ահա թե լայն հասարակության շրջանակներում ինչ վերաբերմունք է ձևավորվել հանդեպ մամուլը, իրենց գյուղը հիմնանորոգած, բազում խնդիրներ լուծած մեկն եմ, բայց ինչ-որ հերյուրանք պատճառ է հանդիսացել ահա նման բուռն ընթերցասիրության։ Սա գրավոր մամուլը, իսկ հեռուստատեսությո՞ւնը։ Տեսեք, թե ինչ են քարոզում ռուսական սերիալները, իրենց երկիրը, իրենց ինքնությունն ու հզորությունը։ Մենք վատաբանում ենք մեր երկիրը, ամենուր ողբ ու կական է, քրեական տարրերի հաղթարշավ և այլն։ Ցավոք, դա բարձրացել է պետական աստիճանի: Պետականորեն վարկաբեկվում է ամեն ինչ: Թայֆաբազայական շահերով ուղղորդվող խմբերը մեկ էլ տեսար «քացու» տակ կգցեն, իհարկե ոչ առանց գրչակների, այս կամ այն պաշտոնյային: Առանց խղճի խայթ զգալու, առանց մտածելու, որ այդ մարդը հայրենիքին ծառայած, երկար ճանապարհ է անցել: Նշեմ կոնկրետ մեկ դեպք: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին ճանաչում եմ ավելի քան քսանհինգ տարի: Եղել եմ նրա հսկող դատախազը: Տեսել եմ նրա չափավորությունը, ապրելակերպը, ընտանիքը, աշխատաոճը, հայրենիքին մատուցած նրա ծառայությունները, շարքային ՊԱՏ-ծառայող լեյտենանտից մինչև գեներալի աստիճան և համոզված եմ, որ այսօր որոշ լրատվամիջոցներ որոշ ուժերի պատվերով փորձում են վարկաբեկել նրան: Ասեմ, որ երեք աշխատանքային տարում նա Արարատի մարզում այնքան բան է արել, որքան չեն արել իր նախորդները միասին: Կամ ինչի է նման այն անբարո հոգեբանական մթնոլորտը, որ տիրում է երկրում: Վարչապետ, տերտեր և օֆշորներ: Եթե ճիշտ է, վարչապետը պետք է հեռանա, եթե ոչ` նրան այդ խաղի մեջ քաշողները պիտի նստեն մեղադրյալի աթոռին: Ինչի են նման Վերաքննիչ պալատի ստուգումների քննարկումները ԱԺ-ում: Այդ մասին կուզեի Իշխան Զաքարյանին հիշեցնել մի պատմություն` կապված ձեռքի հինգ մատների հետ: Մատները վիճում են, թե տերը բոլորից շատ ում է սիրում: Ցուցամատը` թե ինձ, երբ տերն ուզում է մեկին ասել` գող ես, իսկույն ինձ է դիմում: Միջնամատը` թե ինձ, եթե ես չլինեմ, տեսեք որքան տգեղ կլինի ձեռքը: Մատանու մատը, թե` ինձ, որովհետև մատանին ինձ վրա է կրում: Մեջ է մտնում բթամատը, որը լուռ լսում էր մյուս մատների ինքնագովքը: Տերս, եթե ուզում է ցույց տալ որևէ գողի, իր ուսի վրայով ասում է` բռնեցեք, գողը փախավ: Բոլոր մատները մեկեն հետ են դառնում, թե` ճկո՛ւյթ, դո՞ւ ինչ կասես: Ճկույթը փքվում է մի պահ և օրիորդական կուսությամբ, թե` տերս բոլորից շատ ինձ է սիրում և դրա համար էլ ինձ քիչ է օգտագործում: Հավանաբար ոչ մեկը չի էլ նկատում, որ ամբիոնից խոսելիս նա գոտկատեղի մեջ խրած ձեռքի ճկույթով աննկատ խփում է իրեն` ասելով. «Պարոնայք, մեր մեջ կան գողեր, ավազակներ, սրիկաներ, կոռումպացվածներ, ովքեր պետության բյուջեն լափում են, լափում»:
Ես կասեի, որ Իշխան Զաքարյանը ձեռքի բոլոր մատները ԱԺ-ում վարպետորեն օգտագործում է: Կեցցե՜ Իշխան Զաքարյանը, թեպետ այդ ներկայացումից ԱԺ-ում, կամ ընդհանրապես երկրում ոչինչ չի փոխվում, որովհետև երբ նրա կազմած նյութերն ուղարկվում են համապատասխան տեղ, հալվում են, հալվում, ինչպես ԽՍՀՄ-ում Կըղհհ-ի ուռճացրած նյութերը դատախազությունում:
Խորհուրդ կտայի Իշխան Զաքարյանին` ԱԺ-ում դերասանություն անելուց հետո այդ դերասանությունը շարունակեր քննչական մարմնում և գոնե կազմած մեկ նյութ հասցներ մինչև դատական ավարտի: Այն էլ ասեմ, որ սեփական առանձնատուն կառուցող ներդրողին չմոռանաք: Չեմ ցանկանում շարունակել, քանզի համոզված եմ, որ դիալեկտիկական զարգացումները մեր երկիրը դեպի լավն են տանում: Պտուղն ընկնում է, երբ հասունանում է: Ասածիս հաստատումը ԱԺ-ում կատարվող պրոցեսներն են: Վերջապես ժողովուրդը չի կարող միշտ դիտորդի դերում լինել:
-Սա մեր համապետական ցավն է, երբեմն տագնապով ես հայկական որևէ ալիք դիտում, ինչ-որ ներքինու դեմքեր են և հարեմական կրքեր։ Վերջերս Մաշտոցի ոստիկանական բաժանմունքում էի, և թվաց մի պահ, թե ոստիկանական կյանքը միայն լուսավոր ներկայացնող ֆիլմի նկարահանման հրապարակում եմ. կիրթ և վայելուչ վերաբերմունք, միանգամայն դրական, կասեի` գեղեցիկ հայկական դեմքեր։ Ասեմ, որ այցելել էի որպես քաղաքացի, ինձ չէին ճանաչում, և դա նրանց առօրյան էր։ Բայց ոստիկանի ի՞նչ կերպար է մեզ մատուցվում, կարծես ողջ համակարգը միայն թամամյանակերպերից է բաղկացած։
-Համաձայն եմ լիովին, և՛ ոստիկանությունում, և՛ դատախազությունում գերակշռել և գերակշռում են ազնիվ և նվիրված պրոֆեսիոնալները, սա համակարգային խնդիր է, եթե համակարգը բաղկացած լինի միայն բթամիտներից ու կաշառակերներից, այն կփլուզվի։ Այսինքն, շատ լրատվամիջոցներ, գուցե պարտադրված, գուցե թե տարված մեր իրականությունը միայն սև, մռայլ գույներով տեսնելու մղումով, ապակողմնորոշում են հանրությանը։ Բայց երբ քաղաքացու տունը թալանում են, նա հենց ոստիկանությանն է դիմում և հույսեր կապում նրա հետ։ Հաճախ եմ շփվում ոստիկանության, դատախազության, դատարանների հետ: Ինքնամաքրման պրոցեսը շարունակվում է: Կան հիանալի ոստիկանապետեր, դատախազներ, դատավորներ, բայց երբ գյուղացին տեսնում է մի վիժվածք դատավորի (ասեմ, որ ես գիտեմ 5000 դրամ կաշառք վերցնող դատավորի), որը, որպեսզի վճիռ կայացնի, որ Սվետը նույն ինքը Սվետան է, այդ հայցվորին այնքան է տանում-բերում, մինչև 50 հազար դրամ չի շորթում, որոշումը չի տալիս:
Ո՞վ է այստեղ մեղավոր, կաշառակեր դատավո՞րը, թե՞ XXI դարում, բայց XIX դարի հոգեբանությամբ ապրող հայ գյուղացին: Դժվար է ասել, որովհետև երկրի կառավարման բոլոր ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ կադրերը (ԱԺ-ն` վառ օրինակ) տնօրինում են Հայաստան երկրի բախտը: Այ հենց այստեղ է, որ պիտի գործի, և օբյեկտիվորեն, առանց թույնի ու չարակամության, չորրորդ իշխանություն կոչված ուժը և ուղի հարթի հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալ կադրերի համար:
-Պարոն Հովսեփյան, մենք դեյուրե ազատ, անկախ և ինքնիշխան հանրապետություն ենք, մեր մամուլն ազատ է, սահմանադրությունը սահմանում է այս ամենը, օրենքի գերակայությամբ էլ պետական մարմինները պիտի անդրադառնան մամուլում հրապարակված այն բոլոր փաստերին կամ ահազանգերին, որոնք հանրային և պետական կյանքի արատավորմանն են վերաբերում։ Մեր պատկան կառույցները սովորաբար լռում են։
-Խորհրդային տարիներին մամլո հրապարակումներին արձագանքում էին անհապաղ և, հավատացեք, հաճախ կարգավորվում էին բավականին կարևոր խնդիրներ։ Այսօր ի՞նչ ենք տեսնում։ Գրում են, թե այսինչ պաշտոնատարը գող է, նաև ինչ-ինչ հիմնավորումներ են բերում, և այս ամենը մնում է անհետևանք։ Այնինչ չէ՞ որ նման հրապարակումը հաղորդում է քրեական հանցագործության մասին, չէ՞ որ, առհասարակ, մամուլը համարվում է 4-րդ իշխանություն, սա հենց էնպե՞ս է ասված։ Այնպես որ, այնքան էլ դյուրին ժամանակներ չեն անկախ և ազատ մամուլի կայացման համար։ Եվ հենց այս պայմաններում է առավել կարևորվում լրջախոհ, հավասարակշիռ և, անկասկած, հետևողական լրատվամիջոցի դերը։ Ինչպիսին է «Իրատես de facto»-ն, որին էլ մաղթում եմ գալիք տարիներին լինել էլ ավելի անաչառ և բարձրորակ, այսինքն` իրատեսորեն լավատես և հանուն գեղեցիկի ու ճշմարիտի պայքարող։


Զրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ