«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Առողջություն նրանց, որ կարողանան պիտանի լինել ժողովրդին»

«Առողջություն նրանց, որ կարողանան պիտանի լինել ժողովրդին»
25.06.2013 | 11:39

«Չնայած բոլոր բուժաշխատողներն արժանի են ամենօրյա գնահատանքի և շնորհակալական խոսքերի, սակայն ես խոստանում եմ տարին մեկ անգամ մեծ շուքով գնահատել ձեր բարդ և մարդասիրական տոնը»,- շնորհավորելով բուժաշխատողներին ասաց առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը հունիսի 21-ին հյուրընկալել էր առաջին տիկնոջը` Ռիտա Սարգսյանին, բարձրաստիճան հյուրերի, ճանաչված բժիշկների, առաջատար կլինիկաների ղեկավարների և, իհարկե, մարզերի բժիշկների: Բժշկի մասնագիտական տոնը ՀՀ-ի անկախությունից հետո առաջին անգամ էր մեծ շուքով տոնվում նախարար Դերենիկ Դումանյանի նախաձեռնությամբ: Նախարարության կողմից սահմանված 13 անվանակարգերի հաղթողներին պարգևներ հանձնեցին նաև նախարարները: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը առաջարկեց. «Հաջորդ տարի սահմանեք նոմինացիա բժիշկ, որը երբեք չի աշխատել բժիշկ»: Հավանաբար, նախարարը ցանկություն ունի հաջորդ տարի դառնալու նոմինանտ: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պարգևը հանձնելով «լավագույն զինվորական բժիշկ» անվանակարգի հաղթողին, ասաց. «Հույս ունեմ, որ լավագույն գինեկոլոգ-ակուշեր նոմինացիան կհանձնեմ»: Դահլիճի երկակի ժպիտից հետո նախարարը հավելեց. «Նրանց ձեռքերի միջոցով է մեզ փոխանցվում մեր ապագա զինվորը»: Մի խոսքով, օրը տոնական էր բուժաշխատողների համար, և մենք մեր զրուցակիցներից փորձեցինք ճշտել` բժիշկը մասնագիտությո՞ւն է, թե՞ բնավորություն:
ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆ («Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ, պրոֆեսոր)
-Սկզբում մասնագիտության նկատմամբ սերն ու հետաքրքրությունն է: Երևի թե վերջում է մասնագիտությունը վերածվում բնավորության:
-Հիմա Ձեր բնավորության մեջ ի՞նչն է փոխվել, որը յուրահատուկ է միայն բժշկին:
-Դարձել եմ ավելի իմաստուն:
-Այսինքն, որ ես բժիշկ չեմ, իմաստուն չե՞մ դառնա:
-Ձեր իմաստուն լինելուն չեմ կասկածում: Իմաստուն ասելով նկատի ունեմ, որ տարիների ընթացքում բժիշկը դառնում է հոգեբան: Սրտացավ լինելով` ձեռք է բերում սառնասրտություն: Դրանք շատ կարևոր հատկություններ են բժշկի համար:
-Կներեք, Ձեր տոնն է, բայց պիտի հարցնեմ` առողջապահության ոլորտում ո՞րն է այսօրվա լուրջ խնդիրը:
-Դրանք բազմաթիվ են: Սակայն եթե մենք ձգտում ենք հասնել համաշխարհային չափանիշների, ապա դրանցից ամենակարևորը ֆինանսավորումն է, որը, ցավոք, մեզ մոտ խնդիր է: Կարծում եմ` այս խնդիրը բնորոշ է ոչ միայն մեր, այլև բոլոր ոլորտներին:
ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆ (առողջապահության փոխնախարար)
-Պարոն Խաչատրյան, բժիշկ լինելը Ձեր բնավորության մեջ ի՞նչ է փոխել:
-Ոտքի վրա այդ ի՞նչ լուրջ հարց տվիք:
-Լավ, այդ դեպքում բժիշկը մասնագիտությո՞ւն է, թե՞ բնավորություն:
-ՈՒրիշի ցավը, հոգսը դարմանելով, կարիքները հոգալով` այն վերածվում է ապրելակերպի:
-Բժիշկները կարծում են, որ ոլորտի կարևոր խնդիրը ֆինանսավորումն է:
-Խնդիրներից մեկն է:
-Կարևոր խնդիրներից:
-Այո, կարևոր խնդիրներից մեկն է:
-Հիմա չե՞ք ասում, թե Ձեր մասնագիտությունը ինչպես է փոխել Ձեր բնավորությունը:
-Գիտե՞ք` որն է բժշկի մասնագիտության յուրահատկությունը. ցանկացած այլ մասնագիտության տեր մարդը կարող է այլ ոլորտներում աշխատել, իսկ բժիշկը իր ոլորտը փոխելու հնարավորություն չունի:
ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆ (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար)
-Պարոն նախարար, եթե կողքից դիտենք բժշկի մասնագիտությունը, ապա, ըստ Ձեզ, այն մասնագիտությո՞ւն է, թե՞ բնավորություն:
-Ծանոթացեք, իմ կինն է` Մարինեն, նա թերապևտ է:
-Ինչ լավ ստացվեց, ուրեմն, ասեք` բժշկի հետ ապրելը հե՞շտ է թե՞ դժվար:
-Հաճույք է:
-Որոշ դեպքերում, երբ ինչ-որ հարցերում իրար չեք հասկանում, Ձեր կինը մուռ չի՞ հանում, երբ հիվանդանում եք:
-Ո՛չ, փա՜ռք Աստծո, ո՛չ:
-Տիկին Մարինե, Ձեզ համար բժիշկը բնավորությո՞ւն է, թե՞ մասնագիտություն:
-Երկուսն էլ։ Եվ կոչում -, հավելեց նախարարը:
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ (ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ)
-Բժիշկը призвание է, ո՞նց է դա հայերեն:
-Կոչում:
-Կոչում... ՈՒրեմն ավելի լավ է` բնավորություն:
-Բժիշկների կարծիքով` ոլորտում լուրջ խնդիրը եղել և մնում է ֆինանսավորումը:
-Ո՛չ: Կազմակերպվածությունն է, որովհետև եղած ֆինանսական միջոցները պետք է կարողանան արդյունավետ տնօրինել:
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (կրթության և գիտության նախարար)
-Պարոն նախարար, Ձեր մեջ բժշկից ի՞նչ է մնացել:
-Մտածելակերպը: Բժշկական կրթությունը միայն դիպլոմ չէ, մասնագիտական գիտելիք չէ, այլ աշխարհայացք:
ԱՐԱ ԱՍՈՅԱՆ (Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, ԱՆ գլխավոր մասնագետ)
-Կարծում եմ` բժիշկը ապրելաձև է,- համոզված է պարոն Ասոյանը։
-Համաձա՞յն եք, որ ֆինանսավորումն է ոլորտի հիմնական խնդիրը, շատերն այդպես են կարծում:
-Շատ ճիշտ է: Լավ բժիշկը չի կարող սոված լինել, և լավ առողջապահությունը լուրջ ներդրումներ է պահանջում:
-Ի՞նչ եք ցանկանում բժիշկներին:
-Հույս, հավատ, որ իրենք էլ լավ ապրեն, նաև իրենց հիվանդները:
ԱՐՇԱԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (Էրեբունի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի ծառայության ղեկավար, պրոֆեսոր)
-Ոչ մասնագիտություն է, ոչ էլ ապրելակերպ: Նվիրվածություն է այդ ծանր ծառայությանը,- եզրակացնում է պարոն Զոհրաբյանը:
-Եվ այդ ծանր ծառայությունից ի՞նչ եք ձեռք բերել:
-Ճշտապահություն և հետևողականություն:
-Որո՞նք են ոլորտի ձեռքբերումն ու խնդիրը:
-Դեռ չի գործում ապահովագրությունը: Ձեռքբերումներից համարում եմ այն, որ վերջին տարիներին ծննդօգնությունը դարձավ անվճար, հիվանդանոցային տեխնիկան արդիականացվում է:
-Ի՞նչ եք ցանկանում Ձեր գործընկերներին:
-Առողջություն, որ կարողանան պիտանի լինել ժողովրդին:


Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ