Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ հանձնարարականն ու չորացած այգին

Ոսկեհատի ջրբաշխները, չարաբաստիկ  հանձնարարականն ու չորացած այգին
25.06.2013 | 11:50

Բաց նամակ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

Պարոն նախարար, խնդիրը, որ պետք է ներկայացնեմ Ձեզ, արդեն ծանոթ է. ես մեկն եմ այն բազմաթիվ գյուղացիներից, ովքեր 2012 թ. ապրիլ ամսին բաց նամակով դիմել էին Ձեզ, ահազանգելով, որ «Մուսալեռ» ՋՕԸ-ի ղեկավարության, մասնավորապես, ընկերության գործադիր տնօրեն Գ. Խաչիկյանի և նրա կամակատար, Ոսկեհատի տեղամասի կառավարիչ Շ. Սարգսյանի հանցավոր գործողությունների պատճառով Ոսկեհատում հարյուրավոր հեկտար զբաղեցնող այգիներ վերածվել են անապատի։ Պատկերը մոտավորապես նույնն է հարևան գյուղում, որտեղ ոռոգման ջուրը սպասարկում է «Մուսալեռ» ընկերությունը։

Ձեզ նորից տեղյակ պահել այն խնդիրների մասին, որոնց լուծումը Դուք չուզեցիք կամ չկարողացաք տալ, անիմաստ կլիներ, եթե այսօր խնդիրը տեղափոխված չլիներ ուրիշ հարթություն։ Ի՞նչն է բանը, պարոն նախարար։ Ըստ ջրբաշխ Մեսրոպ Համբարձումյանի, որը ոռոգման ջրով սպասարկում է ինձ, Դուք մի հրաման եք արձակել, որով իբր արգելում եք ոռոգման ջրի պարտք ունեցողներին ջուր տրամադրել։ Այդ մասին Համբարձումյանին ասել է Ոսկեհատի տեղամասի կառավարիչ Շ. Սարգսյանը, ու այդ թուղթը նրանց համար դարձել է հաղթաթուղթ։ Ես չգիտեմ, թե ինչքան են ճշմարտացի նրանց ասածները, որ ձուկը գլխից է հոտած, որ նախարարն է արգելում, բայց եթե դա այդպես է, պարոն նախարար, Դուք, որպես ՋՕԸ-ների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ, պետք է բոլորից լավ իմանայիք, որ ընկերություն-ջրօգտագործող հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, որն առկա է, գոյություն ունի, բայց որի վրա, մեղմ ասած, թքած ունեն վերը հիշատակածս ընկերները։
Պարոն նախարար, խնդիրը հետևյալն է. վերջին 8-9 տարիներին «Մուսալեռ» ընկերությունն իմ ընտանիքին, ամենահամեստ հաշվարկներով, 10 մլն դրամի վնաս է հասցրել, չհաշված հոգեկան այն վիճակները, որում հայտնվում էինք ես ու իմ ընտանիքի անդամները` կինս ու չորս անչափահաս երեխաներս։
2005-ին, երբ Գ. Խաչիկյանին նշանակեցին ընկերության գործադիր տնօրեն, ընկերության վարչական խորհրդի նախագահն էր Ոսկեհատի գյուղապետը։ Նրանք ամբողջ տարվա կտրվածքով ջրազրկում իրականացրին այն բանի համար, որ ես պահանջում էի ջրաչափում իրականացնել, որովհետև նախորդ տարիների համեմատ կրկնակի ավելի ժամանակում էի ջրում իմ այգին։ Նրանք ոչ ջրաչափում իրականացրին, ոչ էլ ջուր էին տրամադրում, պատճառաբանելով, որ եղբայրս ընկերությանը պարտք է։ Հարցին էլ` եթե պարտք է, ինչո՞ւ չեք դիմում դատարան, Գալուստ Խաչիկյանը պատասխանում է` առջևում ընտրություններ են, պետք չէ դատարանում շոուներ սարքել։ Արդյունքում, պարոն նախարար, ես զրկվեցի իմ եկամուտի հիմնական աղբյուրից` տանձենու այգին ամբողջովին չորացրին։ Խաչիկյանը դատարան դիմեց 2005-ի դեկտեմբերի երկրորդ կեսին, իհարկե, դատարանը (եթե կարելի է դա դատարան համարել) չբավարարեց նրա պահանջն այն չափով, ինչ չափով ինքն էր ուզում, բայց ամեն ինչ արդեն ավարտված էր` այգին չորացել էր։
2007-ին վարչապետ Ս. Սարգսյանի խոսքերն այն մասին, որ կարգուկանոն է լինելու գյուղում, ինձ հուսադրեցին, և մենք ընտանիքով որոշեցինք զբաղվել անասնապահությամբ. ես պարտք վերցրի ու եղբայրներիս հողերի վրա (նրանք հրաժարվել էին հողի մշակումից)` 1,5 հա տարածքում առվույտ ցանեցի։
2009-ի ոռոգման սեզոնի սկսվելուն պես (ասեմ, որ ինձ համար ոռոգման սեզոնը սկսվում է մայիս ամսին) ջրելու հայտ ներկայացրի, ջրբաշխ Մ. Համբարձումյանը խոստացավ, որ մայիսի 13-ին ջուրը կտրամադրի, բայց խորքային հորը խափանվեց, ու ինձ առաջարկեց հունիսի 1-ին։ Այդ ժամանակ առվույտի դաշտն ամբողջությամբ խանձվել էր, բնականաբար, նրանից պահանջեցի, որ գրավոր կամ պլան-ժամանակացույցի մեջ ֆիքսի կատարվածի մասին, որ ես կարողանամ ստանալ հասցված վնասի փոխհատուցում։ Նա հրաժարվեց, ասելով, որ Գ. Խաչիկյանն արգելում է որևէ գրավոր տեղեկանք տալ, միաժամանակ խոստանալով, որ ոռոգման սեզոնի ավարտին դուրս է գալու գործից, այդ ժամանակ կտա։ Դրանից հետո ես համաձայնեցի ջրել առվույտի դաշտը։ Շուտով փողի պահանջ ներկայացրեց, ասելով, որ Գ. Խաչիկյանն արգելում է ջուր տալ, քանի որ նախորդ վարձը չեմ վճարել։ Հարգարժան նախարարին ասեմ, որ ամեն տարի առաջին բերան խոտը, որն ընդամենը մեկ անգամ ջրելուց եմ հավաքում, վաճառում եմ, որ այդ գումարով, որն ընդհանուր առմամբ կազմում էր 350-360 հազար դրամ, հոգամ ամբողջ տարվա կտրվածքով ջրի, դեղորայքի, հունձի տեղափոխման և այլ ծախսերը, ու քանի որ ընկերության մեղքով կորցրել էի այդ գումարը, բնականաբար, չունեի, որ վճարեի։ Մեսրոպը գործից դուրս չեկավ, ջրազրկումն էլ տևեց մինչև 2012-ի գարուն։ Գարնան սկզբին նա մոտեցավ ինձ ու ասաց, որ ընկերությունում որոշել են քեզ ջուր տալ, ու ոչ մի խոսք իմ «պարտքերի» մասին։ Ես նրան հիշեցրի գրավոր տեղեկանքի մասին, որը խոստացել էր տալ, նա պատասխանեց, որ Խաչիկյանն ասում է, թե դրա վաղեմության ժամկետն անցել է, ու իմաստ չունի հիշել այդ մասին, ամեն ինչ կանենք, որ լավ լինի։ Ես էլ` միամիտս, հավատացի, տնկիներ ձեռք բերեցի ու արդեն ինձ պատկանող 0,5 հեկտար հողի վրա փորձեցի այգի հիմնել։ Ամբողջ 2012 թ. ջրել եմ։ Ջրի վարձի մի մասը մուծել եմ, մյուս մասը` ոչ, քանի որ, ինչպես վերը նշեցի, ինձ հսկայական վնաս էր հասցված, և ընկերությունը պարտավոր էր ինչ-որ ձևով փոխհատուցել։ Պարոն նախարար, ասեմ, որ 2012 թ. ընթացքում ոչ մի անգամ ինձ նույնիսկ ակնարկ չեն արել, որ ես պարտք եմ ընկերությանը։ Հիմա նոր եմ հասկանում, որ այդ ժամանակ էլ Խաչիկյանը նորից ընտրություն-ընտրություն էր խաղում, նախընտրական տարի էր։ 2013-ին նորից Մեսրոպ Համբարձումյանը նույն երգը երգեց, ասելով, թե պարտք եմ ընկերությանը, Գալուստն արգելում է ինձ ջուր տրամադրել։ ՈՒ այս ամենը և՛ ջրբաշխ Մեսրոպը, և՛ տեղամասի կառավարիչ Շ. Սարգսյանը կապում են Ձեր արձակած հրամանի հետ։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի Գալուստ Խաչիկյանի և նրա ենթակաների աշխատաոճը, բերեմ ընդամենը մեկ օրինակ. թիվ 15 խորքային հորից, որը սպասարկում է Մեսրոպ Համբարձումյանը, մինչ 2005 թ. օգտվում էր մոտ 60 ջրօգտագործող։ Այսօր այդ հորից միայն Մեսրոպն է օգտվում, ինչն անհասկանալի է ինձ համար. եթե ջրբաշխը, որպես աշխատավարձ, իր հավաքագրած գումարի 20 %-ն է ստանում, այդ դեպքում որտեղի՞ց է գոյանում Մեսրոպի աշխատավարձը։ Սրան էլ եթե գումարենք փաստը, որ բոլոր ջրազրկումներից հետո իմ հողի գնորդներ են հայտնվում, պատկերը, կարծես, հասկանալի է դառնում։
Պարոն նախարար, կխնդրեի ստորև բերված իմ հարցադրումներն ընդունեիք որպես դիմում` ուղղված ՋՕ ընկերությունների գործունեությունը համակարգող հանձնաժողովի նախագահին, այսինքն` Ձեզ, ու ընկերության վերջին տարիների ֆինանսական գործունեության ստուգում անցկացնեիք։
1. Եթե պարտք եմ ընկերությանը, ինչո՞ւ ընկերությունը չի դիմում դատարան մինչև ոռոգման սեզոնի սկիզբը։
2. Ի՞նչ իրավունքով է Գալուստ Համբարձումյանը ջրբաշխներին արգելում գրավոր տեղեկանք տալ ջրօգտագործողներին` կատարված փաստի մասին։
3. Արդյոք ընկերությունը, ի դեմս Գալուստ Համբարձումյանի, իրավունք ունի՞ առանց պայմանագիր կնքելու մարդկանց աշխատեցնելու, ու դրամի փոխարեն ջրի վարձի կտրոններ տրամադրելու։
4. Արդյոք ընկերությունը, ի դեմս Գալուստ Համբարձումյանի, իրավունք ունի՞ տնօրինելու աշխատանքի դիմաց ինձ հասանելիք աշխատավարձը` առանց իմ ստորագրության, եթե ընդունենք, որ 60 մետր մայր ջրագծի մաքրման աշխատանքն արժեցել է 2000 դրամ։
5. Արդյոք ընկերությունը, ի դեմս Գալուստ Համբարձումյանի, իրավունք ունի՞ իմ ջրի վարձի գումարից անդամավճար գանձելու, իմ փոխարեն մուծելու, ու ես այդ ամենից պետք է գուշակեմ, որ ընկերության անդամ եմ։
Պարոն նախարար, ես համոզված եմ, որ 2004-ին էն սիրուն թղթի վրա լիքը սիրուն բաները, որ գրված են ընկերության անդամի իրավունքների մասին, դրանք եվրոպացիներին ցույց տալու համար են ու որևէ կապ չունեն մեր իրականության հետ։ Որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի իրավիճակը, Ձեզ հրավիրում եմ Ոսկեհատ, որը Ձեր աշխատավայրից ընդամենը 20 կմ-ի վրա է, միասին հաշվելու «Մուսալեռ» ընկերության անդամների թիվը, որը 2005-ին կազմում էր 2615 ջրօգտագործող, ու փորձենք հասկանալ, թե ովքեր են մեղավորները, և ինչու այսօր ամբողջ գյուղում երկու-երեք ջահել չես կարող գտնել, որ հույսները կապեն հողի հետ։ Պարոն նախարար, ընկերության վարչական խորհրդի հանցավոր անգործությո՞ւն ասենք, թե՞ հանցավոր համաձայնության եկած մարդկանց մի խումբ, նույնն է, խնդիրը չի լուծվելու, քանի դեռ այս մարդիկ ինչ ուզում անում են ու մնում են անպատիժ։ ՈՒ դրա պատճառն այն է, որ ոլորտում թագավորում է ոչ թե օրենքը, այլ նորին մեծություն անպատժելիությունը։ ՈՒ եթե Դուք խնդիրը լուծեք, ինչպես 2012-ի նախընտրական տարում (եկան, հեռախոսի համարներ թողեցին, գնացին), կնշանակի, որ Դուք, պարոն նախարար, ինձ և ինձ նման շատ գյուղացիների ուղղակի ասում եք, որ այն, ինչ խոստանում է երկրի նախագահը, կապված կոռուպցիայի, ատկատների և նմանատիպ հանցավոր երևույթների դեմն առնելու հետ, դրանք հեքիաթների ժանրից են ու որևէ կապ չունեն մեր իրականության հետ։
Պարոն նախարար, այսօր հունիսը կիսվել է արդեն, ու ինձ Ձեր հրամանով ոռոգման ջուր չեն տալիս։ Ես ու իմ անչափահաս երեխաները սպասում ենք, թե երբ է չորանալու մեր նորատունկ այգին։
Հուսով եմ` հրավերս չեք մերԺի ու կգաք Ոսկեհատ։


Հրայր ՂՈՒԿԱՍՅԱՆ
Արմավիրի մարզի գյուղ Ոսկեհատ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ