Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մայրիկիս և տատիկիս համեմատ ինձ ավելի մեծ հնարավորություններ են տրվել»

«Մայրիկիս և տատիկիս համեմատ ինձ ավելի մեծ հնարավորություններ են տրվել»
27.06.2013 | 18:30

Մելիսա Բրաունի ղեկավարած «Շահխաթուն» հասարակական կազմակերպությունը զբաղվում է կանանց հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնասիրություններով:

Հունիսի 29-ին էլ «Շահխաթուն»-ը հրավիրել է ՀՀ-ում կանանց քաղաքական իրավունքների իրացման հիմնախնդիրներին վերաբերող սոցիոլոգիական հետազոտության շնորհանդես:

Irates.am-ի հարցերին պատասխանում է «Շահխաթուն» ՀԿ-ի ղեկավար ՄԵԼԻՍԱ ԲՐԱՈՒՆԸ:
-Տիկին Բրաուն, ժամանակ առ ժամանակ գենդերային քաղաքականության թեման դառնում է հանրային քննարկումների առիթ, խոսվում է, որ կանայք ունեն սահմանափակ իրավունքներ: Այսօր կանայք ակտիվորեն ներգրավված են հասարակական կազմակերպություններում, զանգվածային լրատվության միջոցներում, կուսակցություններում, պետական կառավարման համակարգում, ունենք «տղամարդկային» մասնագիտությունների ոլորտ ներթափանցած կին փաստաբաններ, կին դատավորներ և այլն: Ո՞րն է այս դեպքում խնդիրը:
-Համաձայն եմ, որ կանայք ակտիվ են, լավ են ներգրավված ՀԿ-ներում, ԶԼՄ-ներում, որոշ ղեկավար պաշտոններում, բայց կուսակցություններում այդպես չէ: Քանի՞ կուսակցություն կա Հայաստանում:
-Երևի յոթ տասնյակի հասնող:
-Նրանցից քանի՞սն են կանայք ղեկավարում: Միայն ՍԴՀԿ-ն էր ղեկավարում կին` Լյուդմիլա Սարգսյանը, այդ կուսակցությունն էլ Հայ ազգային կոնգրեսին էր մաս կազմում: Ես չգիտեմ, ուզում եմ հասկանալ, թե հենց Ձեր նշած ոլորտներում, որտեղ կանայք ակտիվորեն ներգրավված են, որքանո՞վ են կարողանում ազդել որոշումների վրա: Ասենք` ԶԼՄ-ներում ունենք կին խմբագիրներ կամ տնօրեններ, բայց երբ ծանոթանում ենք թերթերին, ավելի շատ տղամարդիկ են ներկայացված, նրանց գործունեությունը, նրանց լուսանկարներն են, նրանց հետ հարցազրույցներ: Միայն` տղամարդ, տղամարդ, տղամարդ:
-Ձեր կազմակերպությունն անցյալ նոյեմբերին ֆիլմ էր նկարել գյուղական բնակչության, նրանց հիմնախնդիրների մասին: Դուք այսօր տեսնո՞ւմ եք մտածողության, արժեքների ընկալման տարբերություն գյուղաբնակ կնոջ և քաղաքաբնակ կնոջ միջև:
-Ես ապրում եմ Երևանում, հստակ պատասխան տալ չեմ կարող: Որքան հասցրել եմ ճանաչել` չեմ տեսնում այդպիսի ընդգծված տարբերություն: Ընդհանրապես բոլոր երկրներում էլ եղել է այդ խնդիրը: Երբ ես համեմատում եմ իմ, իմ մոր և իմ տատիկի փորձը, տեսնում եմ, որ իմ հնարավորություններն ավելի մեծ են: Ասենք` մայրս, որ ավարտել էր համալսարանը, մտածում էր ուսուցչուհի դառնալու մասին: ՈՒրիշ բաների, օրինակ, բժիշկ, փաստաբան դառնալու մասին չէին մտածում: Երբ ես ավարտեցի երեսուն տարի առաջ, ավելի մեծ հնարավորություններ էին բացվում քո առջև (հիշեցնենք, որ Մելիսա Բրաունը ծնվել և կրթություն է ստացել ԱՄՆ-ում): Հիմա, երբ համեմատում եմ երեսուն տարի առաջվա հետ, գրեթե տարբերություն չեմ տեսնում:
-Դուք երկար տարիներ ապրել եք ԱՄՆ-ում: Ի՞նչը կցանկանայիք, որ ընդօրինակեին հայ կանայք ամերիկացիներից:
-Մեծ տարբերություններ չկան: Այնտեղ մի քիչ ավելի զարգացած է, այսպես կոչված, «քույրությունը», երբ կանայք միմյանց օգնում են, սատարում, չկա խանդ: Ես չէի ասի, թե այնտեղ կանայք ավելի լավ են վարձատրվում կամ ավելի շատ են ներգրավված հասարակական կյանքում, քան այստեղ:
-Բայց, օրինակ, Արևմուտքում կանայք իրենց թեկնածությունն են առաջադրում նաև երկրի նախագահի պաշտոնում:
-Այստեղ էլ կային նման խոսակցություններ, ունենք կին քաղաքական գործիչներ, որոնք ակտիվ են, օրինակ, ԱԺ-ում: Բայց ԱՄՆ-ում էլ չկա հրաշք (ժպտում է- Թ. Հ.):
-Իսկ Ձեզ համար անակնկա՞լ չէր, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևի կինն առաջադրվեց երկրի նախագահի պաշտոնում:
-Ամենապատրիարխալ երկրներում էլ եղել են նման օրինակներ` Գանդի, Բենազիր Բհուտո: Ինչ-որ զարմանալի բան չկա, կարծում եմ:
-Մենք տեսել ենք, թե քաղաքական լարված իրավիճակներում ինչպես են առաջին գծում հայտնվում կանայք, ինչպես են նրանք պայքարում անարդարությունների դեմ, հաճախ ենթարկվում բռնության: Սակայն քաղաքական որոշումներ կայացնելիս այդ կանանց ձայնը գրեթե չի հնչում, նրանց կարծիքը հաշվի չեն առնում:
-Երբ, օրինակ, ես եմ գնում այդ բռնությանը դեմ, ինձ համար դա նույն վտանգը չի ներկայացնի, ինչ քսան տարեկան երիտասարդի դեպքում: Մենք շատ ենք շփվել ոստիկանների հետ և համոզվել, որ կանանց նկատմամբ ավելի կոռեկտ են բոլոր դեպքերում: Համաձայն եմ, շատ քիչ կանայք են իրենց ձայնը տեղ հասցնում:
-Քանի որ ԱԺ-ում, կառավարման համակարգում ունենք օլիգարխներ, փոքր թիվ չեն կազմում կանանց նկատմամբ ոչ բարեհաճ վերաբերմունքով աչքի ընկնող տղամարդիկ, չե՞ք կարծում, որ հենց տղամարդկային հատկանիշներով օժտված կանայք կարող են մեր երկրում հասնել հաջողության:
-Եթե կինն օժտված է կանացիությամբ, դա չի նշանակում, թե ինքը թույլ է: Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ, բայց չեմ կարծում, թե պետք է նմանվեմ տղամարդու: Ասենք, ո՞րն է խնդիրը, կինը չի՞ կարող խոսել, օրինակ, Սամվել Ալեքսանյանի հետ: Լավ կլինի, որ կին, թե տղամարդ իրար չվիրավորեն ԱԺ-ում:
-Սովորաբար անդրադառնում են կանանց` քաղաքական իրավունքների իրացման խնդրին: Չե՞ք կարծում, որ կինը կարող է նույն խնդիրներին բախվել նաև գիտության, մշակույթի ոլորտներում:
-Համամիտ եմ, բոլոր ոլորտներում էլ կան այդ խնդիրները: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ես դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում, ունեմ փայլուն, խելացի ուսանողներ: Երբ համեմատում եմ, իմ ուսանողների հնարավորությունները հավասար են` անկախ սեռից: Աղջիկ, թե տղա` ունեն նույն հետաքրքրությունները, միմյանց հետ շփվում են հավասարը հավասարի պես, ունեն նույն նպատակները: Ես իսկապես չգիտեմ, թե որ տարիքից են կանայք սկսում զիջել տղամարդկանց:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ