Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը

Ո՞րը պետք է լինի  հաջորդ քայլը
02.07.2013 | 03:08

Հունիսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի և «ARI» շարժման հետ համատեղ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունները» թեմայով քննարկում էր կազմակերպել: «ARI» շարժումը ներկայացնում էին 9 թուրք երիտասարդ գիտնականներ: Նրանցից երկուսի հետ հնարավորություն ունեցա զրուցելու:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԻ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԱՏԱՐԵԼ Է ՀԱՅԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

ՈՒՄԻՏ ՔՈՒՐՏ («Turkish Review» պարբերականի գրական խմբագիր, ԱՄՆ-ի Քլարք համալսարանի դասախոս)
-Ձեր և Ձեր գործընկերոջ` Մերթ Խայհանի խոսքի մեջ հստակ տարբերություն կար. նա ներկայացնում է անհատի տեսակետը, Դուք` պետության: Երկուսդ էլ հարցնում եք` ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը, իսկ ո՞րը պետք է լինի ձեր հաջորդ քայլը` արդյո՞ք Թուրքիայում տեսակետներն ընդհանուր հայտարարի բերելուց հետո միայն մեր տեսակետը չպետք է պարզեք:
-Իմ կարծիքով` Թուրքիայի հաջորդ քայլը պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչումը, Թուրքիան պետք է վերականգնի իր պատմությունը և ընդունի այն ամենը, ինչ կատարել է հայերի նկատմամբ: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման համար չի կարելի ասել, թե Ցեղասպանության հարցը թողնում ենք մի կողմ, բարելավում ենք հարաբերությունները, հետո ենք անդրադառնում այդ հարցին: Դա անընդունելի է և՛ էթիկական առումով, և՛ իրավական: Թուրքիան պետք է Հայաստանի ուսերից իր վրա վերցնի այդ ծանր բեռը` ցեղասպանությունը ճանաչելու միջոցով:
-2015 թ.` իրադարձությունից 100 տարի հետո, դա հավանակա՞ն է:
-Ես կարծում եմ` ոչ: Թուրքիայի ներկայիս կառավարությունը կշարունակի մերժել ցեղասպանության ճանաչման խնդիրը և փնտրել միջոցներ` ազդելու եվրոպական հանրության վրա, ստեղծելու բացասման մթնոլորտ Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, հայերը շարունակելու են իրենց զոհ զգալ, իսկ դա երկուսիս էլ խանգարելու է:
-Չճանաչման պատճառ համարում եք հետևանքնե՞րը` հողային պահանջ, փոխհատուցումներ, թե՞ այլ հարցեր կան:
-Տարածքային խնդիրը մեծ հարց է: Հայերի լքած տարածքների ու ունեցվածքի հաշվին շատերն են Թուրքիայում հարստացել, և հասարակությունում շատերն են այդ պատճառով մերժում ցեղասպանության ճանաչումը: Ես կարծում եմ, որ ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբար կհանգեցնի տարածքների խնդրին, ինչը նորմալ է, քանի որ մարդիկ փախել էին այդ տարածքից, իսկ ուրիշները հարստացան նրանց հաշվին: ՈՒնեցվածքի ու տարածքի խնդիրն է խոչընդոտում ճանաչմանը:
-Հայաստանի ու հայերի հետ շփումներից ի՞նչ տպավորություններ ունեք, արդյո՞ք հայերը պատրաստ են թուրքերի հետ հարաբերվելու:
-Հայերը պատրաստ են թուրքերի հետ բանակցելու և շփումներ ունենալու: Ես արդեն երկրորդ անգամ եմ Հայաստանում, առաջին անգամ եկել եմ հինգ տարի առաջ և հիմա էլ նույն դրական զգացումներն ունեմ, ինձ այստեղ ոչ ոք թշնամի չի համարում: Ես կարծում եմ, որ շեշտը պետք է դնել ընդհանուր հատկանիշների վրա, որ մենք ունենք: Ես չեմ խոսում ցավի մասին: Հայերն ու թուրքերն ունեն ընդհանուր ցավ, բայց այդ ցավը տարբեր է: Երբ հայերն ու թուրքերը շփվում են անձնական հարթության մեջ, շատ թուրքեր ընդունում են, թե ինչ դաժանություններ են կատարվել ժամանակին, իսկ մեր կառավարությունները պատրաստ չեն այդ մասին խոսելու:
-Կարծում եք` հասարակությունները պատրա՞ստ են:
-Հասարակությունները կարող են խոսել անձնական մակարդակներում, բայց հանրային մակարդակում` դեռ ոչ: Թուրքերի ու հայերի միջև պատ կա, արգելք, բայց այդ պատը չեն ստեղծել թուրքերը կամ հայերը, ստեղծել են քաղաքական գործիչները, քաղաքական կուսակցությունները և հատկապես թուրք կառավարությունը: Ես կարծում եմ, որ հայերը պետք է այցելեն Թուրքիա, մասնավորապես իրենց տարածքները` Անատոլիա, ուր իրենց տներն են եղել, և այդ ճանապարհով գուցե հայկական սփյուռքն էլ փոխի իր վերաբերմունքը: Թուրքիան ավանդաբար հայկական սփյուռքը համարում է խանգարող գործոն, իսկ այցելությունները կփոխեն նրանց վերաբերմունքը:
-Շատ կասկածում եմ, որ այդ այցելությունները վերաբերմունք կփոխեն, գուցե հակառակը լինի: Իսկ Դուք հայերեն գիտե՞ք:
-Հայերեն հասկանում եմ, բայց քիչ եմ խոսում ¥մեր խոսակցությունը շարունակվեց հայերեն-Ա. Ա.¤:
-Որտե՞ղ եք սովորել:
-Բոստոնում, նաև հայկական եկեղեցում:
-Ձեր ականջին հայերենը թշնամո՞ւ լեզու է:
-Ո՛չ, հայերենը իմ մայրենի լեզվի նման է հնչում, իմ ընկերներն ասում են, որ ես հայկական հնչերանգով եմ թուրքերեն խոսում:
-Ձեր նախնիների մեջ հայ եղե՞լ է:
-Իմ պապը եկել է Հալեպից: Վստահ չեմ, գուցե իմ ցեղում հայեր եղել են:

«ՍՈԿՐԱՏԵՍԻՆ ԹՈՒՅՆ ՏԱԼՈՒ ՓԱՍՏԸ ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՅՍՕՐ ԱԶԱՏ ՄՏԱԾԵՆՔ»

ՄԵՐԹ ԽԱՅՀԱՆ (Լոնդոնի Ռոյալ Հալլոուեյ համալսարանի միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի տնօրեն)
-Ձեր ելույթում Դուք հիշատակեցիք Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքը և փայլուն համեմատություն արեցիք, բայց չե՞ք կարծում, որ ծովը փոխվել է:
-Մեր ձեռքին է ծովը փոխելը: Քանի դեռ մարդիկ շարունակում են պատմել ծերունու պատմությունը, ծովը նույնն է: Միայն կետի տեսակետից խոսող մարդիկ կարող են փոխել ծովը:
-Այդ պատմության մեջ ինձ միշտ էլ գրավել է կետը:
-Այդ դեպքում Դուք մեկն եք այն մարդկանցից, ովքեր նպաստել են ծովի փոփոխությանը:
-Դուք շփվում եք հայերի հետ, հանդիպումներ եք ունենում, քննարկում եք ցավոտ հարցեր, ի՞նչ է մնում Ձեր մեջ:
-Հիմնականում ոչինչ չի փոխվել, ես հայերի նկատմամբ կանխատրամադրվածություն չեմ ունեցել, որ փոփոխություն լինի: Որևէ ազգի, որևէ անհատի նկատմամբ ես նման տրամադրվածություն չեմ ունեցել ու չունեմ: Ես հարաբերականության տեսակետից եմ մտածում աշխարհի մասին, թույլ չեմ տալիս, որ դոգմաները ինձ շրջապատեն կամ իշխեն: Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է իրավունք ու հնարավորություն ունենան հավատալու այն ամենին, ինչ ցանկանում են, նրանք կարող են ունենալ ցանկացած ցեղային, կրոնական պատկանելություն, ապրելակերպ: Ժողովրդավարական մտածողությունը դա է պահանջում: Այլապես դա դառնում է ուժերի խաղ և հիերարխիկ ինչ-որ կառույց:
-Ձեզ չի՞ մտահոգում, որ դեմոկրատ Սոկրատեսին իր ցեղակիցները, ի վերջո, ցիկուտա տվեցին:
-Հենց Սոկրատեսին թույն տալու փաստը թույլ է տալիս, որ այսօր ազատ մտածենք: Ի՞նչ արժեք կունենար կյանքը, եթե մենք չձգտեինք ազատ ապրել:

Զրույցները` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ