Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ընդդիմությունն իրավունք չունի ճիշտ չգնահատելու իրավիճակը»

«Ընդդիմությունն  իրավունք չունի ճիշտ չգնահատելու իրավիճակը»
02.07.2013 | 00:23

Չնայած քաղաքականապես պասիվ շրջան է, բայց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ամենևին էլ համաձայն չէ, որ քաղաքականությունն ամռանը «մեռնում» է, քանի որ Հայաստանում քաղաքական համակարգից բխող ամեն ինչ կայուն չէ: «Իրատես de facto»-ի հետ զրույցում ԱԴԿ-ի ղեկավարը ներկայացրեց ներքաղաքական զարգացումների շուրջ իր դիտարկումները:
-Իրար հաջորդող ընտրությունների ժամանակ Հայաստանում իմիտացիոն քաղաքականություն վարվեց,- ասաց Քոքոբելյանը:- Որքան էլ ասեն, թե ծրագրերի մրցակցություն կար, իրականում այդպես չէր, հասարակությանը պարզ չեղավ, թե դրանից հետո ինչ է ստանալու: Փաստ է, որ այդ ընտրություններից հետո և՛ հայաստանցու, և՛ երևանցու կյանքում ոչ մի փոփոխություն չեղավ, ինչի անհրաժեշտությունը շատ կար: Չեմ կարծում, որ Հայաստանում կա մի գիտակից քաղաքացի, որը չկարևորի իրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ակնհայտ է, որ օրեցօր մեր քաղաքացիների կյանքը վատանում է:
-Այդ փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին ընդդիմությունն ինչո՞ւ է պասիվություն ցուցաբերում, ինչո՞ւ է մի կողմ քաշված:
-Չեմ կարծում, որ ընդդիմությունը պասիվություն է ցուցաբերում: Ընդդիմությունն անում է` ինչ կարող է: Պարզապես ընդդիմությունից միշտ ավելին են սպասում, ինչի համար ուրախ եմ: Մեր ժողովուրդը, ցավոք, այն վիճակում չէ, որ իշխանության հետ հույսեր կապի: Լավ կլիներ` այնպիսի երկրում ապրեինք, որ փոփոխություններ սպասեինք հենց իշխանությունից: Ընդդիմության պասիվությունը երբեմն շատ է ուռճացվում:

Անգամ իշխանությունը հաճախ է հիշատակում «ընդդիմության ճնշումների արդյունքում» արտահայտությունը: Այսինքն, եթե ճնշում չլինի, զարգացում չի՞ լինի: Քաղաքական դաշտում իշխանական համակարգը մրցակությունը վերացրել է: Իհարկե, ընդդիմությունն իր մեղքի բաժինը ևս ունի: Երբեք չեմ փորձել ընդդիմության մեղքը գցել իշխանության վրա: Մեղքը միայն կազմակերպչական թերացումները չեն, այլև գաղափարական մոտեցումները: Հայաստանում քաղաքական դաշտի հարցերի հարցն այն է, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում ունենալ, կերտել: Այսօր թիվ մեկ խնդիրը Եվրամիության և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ճշգրտումն է: ՈՒր է ուզում գնալ Հայաստանը, ինչպիսի կյանք պետք է ունենա ՀՀ քաղաքացին: Մեր խորին համոզմամբ, Հայաստանը պետք է գնա Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհով: Պետք է հնարավորություն ստեղծենք, որ Հայաստանը դառնա Եվրամիության լիարժեք անդամ, և ՀՀ արժանապատիվ քաղաքացին կարողանա ապրել այդ ստանդարտներով:
-Նշեցիք, որ պետք է ճշգրտում անենք, թե ուր ենք գնալու…
-«Ազատ դեմոկրատներ»-ն արդեն ճշտել է: Մեզ համար հստակ է` Եվրամիությունը պետք է լինի գերակա ուղղություն: Իմ համոզմամբ, ազատ մրցակցությունը, արևմտյան արժեհամակարգը մեր տիպի երկրների համար այլընտրանք չունեն:
-Այս առումով ո՞ր ուժերին եք համարում ձեզ գաղափարակից:
-Ընդդիմությունը միայն քաղաքական դաշտում գործող ուժերը չեն, այլև բոլոր այն մարդիկ, որոնք այսօրվա իշխանության վարած քաղաքականությանը համաձայն չեն: Մեր քաղաքական գործիչները երբեք չպետք է մոռանան, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի ողջունում իշխանության վարած քաղաքականությունը:
-Այդ դեպքում ընդդիմությունն ինչո՞ւ նրանց չի համախմբում:
-Դա արդեն այլ խնդիր է: Զուտ համագործակցության առումով նկատեմ, որ Հայաստանում շատ անհատներ կան, որոնք հայտնի չեն, բայց պակաս ազատական գաղափարներ չունեն, քան դաշտում գործող քաղաքական գործիչները: Այս առումով Հայաստանում դեռ ջրերը կպարզվեն, կգա մի նոր քաղաքականության դարաշրջան: Երբեք այն կարծիքին չեմ եղել, որ Հայաստանում քիչ ռեսուրսներ կան, մեր ամենամեծ կապիտալը ՀՀ քաղաքացին է:
-Դուք նշեցիք, որ հասարակությունը սպասելիքներ չունի իշխանությունից, սակայն իրականում չի էլ վստահում ընդդիմությանը:
-Համակարծիք չեմ, որ ընդդիմությանը չեն վստահում: «Մաքուր» ընտրություններ չեն եղել, ու չի կարելի միայն դրա արդյունքներով եզրահանգումներ անել: Բոլորս էլ գիտենք, թե ինչ վերաբերմունք կա իշխանության հանդեպ:
-Դուք համամիտ չե՞ք, որ, այդուհանդերձ, ընդդիմությունից հիասթափվել են:
-Անշուշտ: Դրա համար էլ նշեցի, որ ընտրությունների ժամանակ իմիտացիոն պայքար եղավ: Շատ արհեստական եմ համարում այն գործընթացը, որ եթե ընդդիմություն են` պիտի միավորվեն: Պիտի միավորումը լինի Հայաստանի ապագայի պատկերացումների շուրջ: Չեն կարող տարբեր աշխարհաքաղաքական, տնտեսական պատկերացումներով ուժեր համախմբվել, չնայած համագործակցություն կարող է լինել:
-Անդրադառնանք Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությանը ու մասնավորապես ՎՊ-ի հաշվետվության առնչությամբ գնահատականներին. Դուք ինչպիսի՞ տպավորություն ունեք, «պատժվածներ» կլինե՞ն:
-Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ, որ չհասկանա, թե մեզանում ինչ-որ բան այն չէ: Սակայն այդպես էլ չիմացվեց, թե որը ինչից հետո է: Այսօր Հայաստանի բոլոր բնագավառներում գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման համակարգի հետ: Չկա մի ոլորտ, որտեղ կոռուպցիա չլինի: Մենք հեռու ենք դեռևս այն պետությունից, որտեղ խնդիրները լուծվում են բացառապես օրենքների շրջանակում, ավելին, առկա համակարգում կոռուպցիան խեղդում է օրենքին: Իշխանությունները պարտավոր են հետևողական լինել և կոռուպցիոն դեպքերը բացահայտել փաստերով:
-Աշնանն ինչպիսի՞ վերադասավորումներ կարելի է ակնկալել:
-Հայաստանում այսօր էլ ուժերի վերադասավորում կա, որովհետև դա պետք է տեղի ունենա զուտ քաղաքական գործընթացների և գաղափարախոսական հենքին հարիր: Այսօր Հայաստանն արտաքին քաղաքականության երկու կարևոր խնդիր ունի` ԵՄ հետ համագործակցության` «և-և, կամ-կամ» քաղաքականություն և ղարաբաղյան հիմնախնդիր: Հաջորդ խնդիրների «փաթեթն» էլ ներքին հիմնահարցերն են: Այս հարցերում քաղաքական ուժերը չպետք է հարմարվողական քաղաքականություն վարեն, ինչպես շատ շատերը մինչ հիմա իրականացրել են: Հնարավոր չէ անվերջ թաքնվել ու սեփական տեսակետները չհնչեցնել:
-Ընդդիմադիր միասնական ճակատի ձևավորում հնարավո՞ր է:
-Արհեստական միավորումները չեմ ընդունում: Բայց մշտապես կողմնակից եմ ընդդիմադիր ուժերի միասնական ճակատի ձևավորմանը: Ընդդիմադիր դաշտում այսօր ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու առկա խնդիրները: Ընդդիմությունը պիտի խոհեմ լինի ու իրար հարվածելու փոխարեն երբեմն միասնական հանդես գա խնդիրները լուծելու համար: Ընդդիմությունը քիչ ռեսուրսներ ունի և պարտավոր է իր ընտրազանգվածին շատ խնամքով վերաբերվել, չփոշիացնել: Ակնհայտ է, ընդդիմադիրների ռեսուրսները բավարար չեն իրավիճակը փոխելու համար, բայց դա չի նշանակում, որ ապաշնորհ իշխանությունները կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանան:
-Դուք այն քաղաքական գործիչներից եք, որ «բեմում» եք դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից: Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունն ի՞նչ դասեր պիտի քաղի նախորդներից:
-Ընդդիմությունն իրավունք չունի ճիշտ չգնահատելու իրավիճակը: Երբեք չպետք է այնպիսի նշաձող սահմանի, որն իր համար անլուծելի է: Ընդդիմությունը պիտի ղեկավարի իր ռեսուրսները և այնպիսի խնդիրներ ձևակերպի, որ լուծելի են: Ընդդիմությանը Հայաստանում մշտապես պարտության է տարել հոռետեսությունը, ոչ թե պրագմատիկ մոտեցումները: Ընդդիմադիր քաղաքական գործիչները հոռետեսությունից պիտի տեղափոխվեն պրագմատիկ դաշտ: Միայն քննադատելով չէ, նաև ցույց պիտի տաս հարցերի լուծման ճանապարհը: ՈՒ չպետք է վախենալ այդ մասին խոսելուց: Ցավոք, մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք Բիսմարկ են:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ