Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե աշխատավորի իրավունքը ոտնահարվում է, նրան անզոր է պաշտպանելու անգամ ՄԻՊ-ը»

«Եթե աշխատավորի իրավունքը ոտնահարվում է,  նրան անզոր է պաշտպանելու անգամ ՄԻՊ-ը»
02.07.2013 | 11:31

Արհմիությունների ներկա գոյավիճակը լուրջ տագնապներ է հարուցել հանրության կյանքում։ Մեր հրապարակումների շարունակությունն է հարցազրույցը «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի նախագահ ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ։

«ԱՌԱՆՑ ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԱՅՍԻՆՔՆ` ՄՏԱՎՈՐ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՄԵՆՔ ԱՊԱԳԱ ՉՈՒՆԵՆՔ»
-Արհմիութենական գործը ամենասերտ առնչությունն ունի տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։ Հայաստանն այսօր դժվար օրեր է ապրում։ Ձեր գնահատականը։
-Իմ գնահատմամբ, սոցիալ-տնտեսական իրավիճակը ցավալի անկում է ապրում, և սա գաղտնիք չէ որևէ մեկի համար։ Սակայն մեր տնտեսական ներուժը գնահատելիս էական բաներ են անտեսվում, հիմնականում այն, որ Հայաստանը շուկայական լուրջ ռեսուրսներ չունեցող երկիր է։
-Այսինքն` ինչպես հասկանալ. մենք քսան տարուց ավելի է, ինչ անդադրում ընթանում ենք շուկայական բարեփոխումների տատասկոտ ճանապարհով և, եթե հիշողությունս չի դավաճանում, շուկայական ազատականության և այլ չափորոշիչների համադրմամբ բավականին առաջատար երկիր ենք։
-Վատ չէ, բայց աշխարհում ընդունված է այսպիսի վիճակագրություն, եթե որևէ երկրի հանքային պաշարները չեն գերակշռում Մենդելեևի աղյուսակի տարրերի 7 տոկոսը, այսինքն` ապահովված չեն օգտակար հանածոներով և էներգետիկ պաշարներով, այդ երկիրը հումքային կցորդ երկիր է։ Հայաստանում առկա է Մենդելեևի աղյուսակում, այսինքն` այդ պարբերական համակարգում նշված տարրերի 1,8-1,9 տոկոսը, այսինքն` մենք հումքային կցորդ երկիր ենք և չափազանց շատ բան ենք ներկրում, երբեմն ամենասովորական, կենցաղային իր արտադրելու համար։ Մեզ մոտ արտադրանքը դեռ չծնված արդեն մրցունակ չէ, քանզի նրա ինքնարժեքը ձևավորող ցուցանիշներում առկա են ճանապարհածախսը, մաքսային վճարները և այլն։
-Մի քիչ վախեցրիք (չնայած մեր վախը վաղուց է չափվել)` ի՞նչ անել, ի՞նչ արտադրել և դառնալ մրցունակ։
-Միշտ եմ սա ասել. առանց գիտական մտքի հեղափոխության, այսինքն` մտավոր պաշարների օգտագործման, մենք ապագա չունենք։ Գիտության մեջ ներառում եմ նաև մշակույթը, մեր ազգային կերպարվեստը, գրականությունը, երաժշտությունն ու թատերարվեստը ¥նկատի չունեմ, անշուշտ, սերիալային արտիստներին¤, որոնք անսպառ պաշարներ են։ Գիտության և մշակույթի յուրաքանչյուր գործիչ հայտնագործություն է։ Իսրայելը, Ճապոնիան, Սինգապուրն ու Հարավային Կորեան բնական պաշարների առումով «խեղճացած» են, սակայն նրանց մոտ գիտությունն առաջին հորիզոնականում է, ազգային պետական գերակայություն է ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը, ինչը պայմանավորված չէ մեծ գումարներով ու բնական պաշարներով։
-Երկրի էներգետիկ անվտանգության ահազանգը հնչեցնում էր երևելի գիտնականն ու հայրենասերը` Պարիս Հերունին, հելիոֆիկացիայի ներդրման խնդիրներն է առաջ քաշում Վահան Համազասպյանը, երիտասարդ գիտնականները հրապարակում են բազմաթիվ ուշագրավ առաջարկներ, մենք դարձյալ տանուլ ենք տալիս մեր պետական անվտանգությունը` մեր ձեռքով մեր էներգետիկ անվտանգությունը հանձնելով օտարի կամայականություններին։
-Նշվածի հետ դժվար է չհամաձայնել, այսօր գազի թանկացումը լուրջ խնդիրներ է առաջ բերելու, և, հավատացեք, խփելու է ոչ միայն աշխատավորին, այլև գործատուին։ Իհարկե, քաջ հայտնի է, որ գործատուները կնվազեցնեն աշխատավորների վճարումները և կպահպանեն իրենց դիրքերը։ Ի վերջո, տնտեսական բոլոր վրիպումները, որոնք հարվածում են սեփականատիրոջ շահերին, «շտկվում են» աշխատավորության շահերի ոտնահարմամբ։ Գործատուն աշխատում է զարգացած տեխնոլոգիաներ չկիրառել, ներդրումներ չկատարել, ռիսկի չգնալ։ Հատկապես գյուղական վայրերում նա ավտոմատացված մի հաստոց գործարկելու փոխարեն բանվորական աշխատուժը կօգտագործի չնչին գնով։
-Հաճախ այդ չնչին գինը կենսական նշանակություն է ստանում մարդու համար, առողջ և ընտանիքի հոգսերով ապրող հայ տղամարդը անելանելիությունից պատրաստ է անգամ նվաստացուցիչ վճարի դիմաց աշխատելու։
-Գործատուն էլ դրանից օգտվում է։ Շատ մարզերում եմ անմիջականորեն շփվում աշխատավոր մարդու հետ, ամենուր «սևը» գերազանցում է «սպիտակին», անասնապահական և թռչնաբուծական ֆաբրիկաներում «թղթի վրա» աշխատում է, դիցուք, 30 հոգի, իրականում նրանց թիվը 60-ն է։ Այսինքն` շահում է գործատուն, կորցնում է պետբյուջեն, կորցնում է աշխատավորը, նրա շահերը պաշտպանված չեն, այսօր առանց որևէ վավերացման նա աշխատում է որևէ ագարակում, վաղը նրան կարող են առանց որևէ հիմնավոր պատճառաբանության ազատել աշխատանքից։
-Մոտեցանք մեր հանդիպման շարժառիթին` Հայաստանի արհմիութենական կյանքին։
-Անկեղծ ասած, չեմ կամենում քննարկել ներկա իրավիճակը, այն բավականին բարդ է, ավելի շատ տեղին եմ համարում ապագային նայելը։ Վիճակագրական տվյալներով` հանրապետությունում կա շուրջ 1 մլն աշխատավոր, այնինչ միայն 230 հազարն է արհմիության անդամ։ Ի դեպ, նրանցից շատերը` ձևականորեն։
-Նրանցից շատերը, հավանաբար, տեղյակ էլ չեն, որ արհմիության անդամ են։ Դիցուք, վաճառատան աշխատողը արհմիության անդամ է, սակայն նրա շահերը ոտնահարվում են ամեն քայլափոխի, լուսաբացից արևամուտ մարդը «դախլի» հետևում կանգնած է, աշխատում է չնչին օրավճարով, առանց ընդմիջման իրավունքի, մեր խանութներում մոռացել են ընդմիջում ասվածի մասին։
-Կա միջազգային կոնվենցիայով հաստատված ժամային աշխատանքի գաղափարը։ Բայց 12-14 ժամից պակաս աշխատաժամ չունենք որևէ վաճառատան, իսկ տաքսու վարորդները մինչև 17-18 ժամ ղեկին են, քնում են մեքենայում, սնվում անկանոն, սակայն գործատուները մայիսմեկյան խանդավառությամբ ներկայացնում են 8-9 աշխատանքային ժամ և բարվոք աշխատանքային պայմաններ։
-Սա, ցավոք, համատարած է, պարբերական ավտովթարները, հաճախ աղետալի հետևանքներով, մի՞թե այս բիրտ շահագործման հետևանք չեն։
-Միանգամայն, սակայն պատկերը շատ ավելի տխուր է, եթե խմբավորենք մահացածներին, հատկապես վաղաժամ կյանքից հեռացածներին, կտեսնենք, որ ճնշող մասը նման ծանր պայմաններում աշխատած, տարիներով չհանգստացած մարդիկ են։
-Որքան հասկանում եմ, արհմիությունները ոչ պակաս անհրաժեշտ են գործատուներին, հարուստ խավին։
-Պեռնո Ռիկարին` աշխարհահռչակ գործարարին, երբ հարցնում են, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, պատասխանում է` արհմիությունները. նրանք օգնում են ինձ բարելավելու աշխատողներիս պայմանները, բարձրանում է նրանց աշխատանքի որակը, շահում է իմ գործը։

«ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՑՐԻՆ ԴՐՈՇՆ ՈՒ ՀԱՂԹԵՑԻՆ»
-Արհմիությունը շատերիս մտապատկերներում կապվում է լայնածավալ գործադուլների հետ։
-Տեղին է մտապատկերվում, սակայն, եթե արհմիություններն են ղեկավարում գործադուլները, դրանք խաղացկուն չեն, լուրջ պայքար են։ Չզարմանաք, երբեմն գործատուներն են արհմիությունների միջոցով գործադուլներ կազմակերպում։ Հիշենք աշխարհահռչակ Լի Յակոկային` «Ջեներալ Մոթորս» ընկերության նշանավոր կառավարչին։ Նրա ամենալուրջ խաղաքարտերից մեկը օգնություն ստանալն էր ԱՄՆ-ի կառավարությունից։ Դա եզակի մի բան էր, ԱՄՆ-ի կառավարությունն առանձին ընկերության չի աջակցում, երկրի շուկայական ներդաշնակությունը չխախտելու նպատակով։ Յակոկան համոզեց, որ «Կրայսլերի» կանգառը կնշանակի հարյուրհազարավոր գործազուրկներ երկրում և հարված ամերիկյան տնտեսությանը։ Նա արհմիությունները դարձրեց շարժիչ ուժ` իր նպատակին հասնելու համար։ Արհմիությունները փողոց էին ելել, ԱՄՆ-ի սենատում անգամ անհանգստություն էր տիրում։ Ինչն է էականը, եթե «Կրայսլերի» ղեկապետերը լինեին շարժման հարթակում, խնդիրն իր պահանջված հնչեղությունը չէր ունենա, արհմիությունները վերցրին դրոշը և հաղթեցին։
-ԱՄՆ-ը, առհասարակ, արհմիութենական զարմանալի մշակույթի երկիր է։
-Պատմական փոքրիկ շրջայց կատարենք։ ԱՄՆ-ը 1938-39 թթ. խոր ճգնաժամ հաղթահարեց արհմիությունների միջոցով։ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը` ԱՄՆ-ի 32-րդ նախագահը, աշխարհահռչակ Հուվերի միջոցով կանխեց ոչ միայն ահագնացող ճգնաժամը ¥միլիոնավոր մարդիկ գործազուրկ էին¤, այլև ծնկի բերեց գանգստերական խմբավորումներին, ի վերջո, փրկեց ամերիկյան պետությունը։ Ինչ արեցին նրանք, դիմեցին Վանգերի օրենքին, այն ժամանակավոր գործածության վերցնելով։ Վանգերը սահմանում էր, որ նախ անհրաժեշտ է օրենք` արհմիությունների մասին, և դրանով երկրով մեկ արհմիությունները դարձան պարտադիր, պետական օրենքի համաձայն` ԱՄՆ-ի յուրաքանչյուր ձեռնարկություն պիտի ունենար իր արհմիությունը։ Ինչ արեցին ամերիկյան արհմիությունները` նախ աշխատանքային օրը սահմանափակեցին 8-9 ժամի սահմաններում ¥մինչ այդ 12-14 ժամ էին աշխատում¤։ Այնուհետև մտցրին հավելավճարներ` երեկոյան աշխատանքի դիմաց, արգելեցին երեխաների աշխատանքը։ Ամենակարևոր բաներից մեկն էլ այն էր, որ արհմիությունները ստացան վերահսկողական գործառույթներ և ընկերության եկամուտների հաշվարկի ժամանակ դրանց մասնակից էին, ավելին, առանց նրանց համաձայնության անհնար էր որևէ աշխատակցի հեռացնել։ Շատ գործատուների համար շատ ավելի լավ էր գործ ունենալ դատարանի, քան արհմիության հետ։
-Տարոսը մեզ։ Ի՞նչ է կատարվում այսօր աշխարհում։
-Դրանք երկրի երկրորդ, երբեմն էլ առաջին ուժն են։ Հիշենք, թե ինչ ասաց Բարաք Օբաման, պատասխանելով ենթատեքստ պարունակող մի հարցի` արդյո՞ք հիմնավորված էր նրա հաղթանակը ընտրություններում. «Հաղթանակս տրամաբանական եմ համարում, քանզի իմ թիկունքում ամերիկյան արհմիություններն են»։
-Դարձյալ տարոսը մեզ։ Ի՞նչ վիճակում է «արհմիութենական Եվրոպան»։
-Եվրոպան շատ է զարգացել, արդեն մեկ ձեռնարկությունում առկա են 2-3 արհմիութենական կազմակերպություններ։ Վերցնենք Անգլիայի օրինակը, պահպանողական կուսակցությունը սատարում է այս արհմիությանը, մյուս քաղաքական ուժը` այն մեկին։ Սա` միանգամայն օրինական հիմքերով։ Սա բնավ չի ենթադրում արհմիության քաղաքականացում, քաղաքական ուժերը սատարելով արհմիությանը` իրենք են որոշակի աջակցություն ստանում նրանից։ Լեհաստանը հիշենք, Լեխ Վալենսան` «Սոլիդարնոստի» առաջնորդը, միաժամանակ լեհական արհմիության ղեկավարն էր։ Եվ «Սոլիդարնոստը» հաղթեց, ապավինելով արհմիություններին։
-Այսինքն` քաղաքակիրթ աշխարհում «և՛ ոչխարներն են անվնաս, և՛ գայլերն են կուշտ»։
-Երբ որևէ հարց է ծագում աշխատավորի և գործատուի միջև, այն լուծում է արհմիությունը։ Ահա գործատուն ինչ-ինչ խնդիրներ ունի և անհրաժեշտ է, որ 15 րոպե ավելի աշխատեն մարդիկ, նա դիմում է արհմիության ղեկավարին, վերջինս հավաքում է մարդկանց և բացատրում գործատուի առաջարկի ճշմարտացիությունը` առաջնորդվելով ընդհանուր շահով։
-Հանրային մտապատկերում արտասահմանյան արհմիությունները կապված են ինչ-ինչ գործարքների, ծախու լիդերների, աշխատավորաց շահին դավաճանելու հետ։
-ԱՄՆ-ում Վիտո Ջենովեզեի, Լակի Լուչիանոյի և Շուլցի` ամերիկյան գանգստերական աշխարհի պարագլուխների գաղափարն էր` իրենց յուրայիններին ներմուծել արհմիություններ և կառավարել նրանց, չէ՞ որ գանգստերները նոր շուկաների բռնազավթման խնդիրներ էին փորձում լուծել։ Սակայն Հուվերի կողմից այս գործընթացը շատ արագ կանխվեց, ավելին` պարագլուխները ձերբակալվեցին։

«ԱՌԱՋ ԵԿԱՎ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԳԱՂԱՓԱՐԸ»
-Ժամանակն է վերադառնալու «մեր հայրենիք` թշվառ-անտեր»։ Ի՞նչ է կամենում ձեր շարժումը։
-Ժամանակին ես «Արդարության և անհավասարության հաղթահարումը մայր հայրենիքում» ՀԿ-ն էի ստեղծել, այն հնչեղություն ձեռք բերեց, սակայն ինքնաբերաբար վերածվեց փաստաբանական գրասենյակի, մեզ դիմում էին հիմնականում անապահով, աշխատավոր մարդիկ, որոնց շահերը ոտնահարվում էին։ Բազում էին նման դեպքերը, մարդը, օրինակ, երկար ժամանակ աշխատել է գործարանում, բայց տնօրենի առանձնասենյակում ի հայտ է գալիս մի մանկամարդ գեղեցկուհի, և մարդուն, առանց որևէ հիմնավորման, ազատում էին աշխատանքից, ընդունում աղջկան։ Այսինքն, աշխատավորը ենթարկվում էր սեփականատիրոջ քմահաճույքին։ Առաջ եկավ արհմիութենական շարժման, վերածննդի գաղափարը։ Ինչն է զարմանալի. եթե աշխատավորի իրավունքը ոտնահարվում է, նրան անզոր է պաշտպանելու անգամ ՄԻՊ-ը, քանզի մասնավոր-աշխատավոր փոխառնչություններում ՄԻՊ-ն անելիք չունի, ա՛յ, երբ աշխատավորի իրավունքն է խախտվում պետական ատյանի կողմից, ՄԻՊ-ը ինչ-ինչ քայլեր է ձեռնարկում։ Այնինչ արհմիությունը կարող է իրապես պաշտպանել մարդու իրավունքներն ու շահերը։

«ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՊԻՏԻ ԸՄԲՈՍՏ ԼԻՆԻ, ԳՈՐԾԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
-Հայաստանում արհմիության գործունեության իրական դրսևորույթի հանդիպե՞լ եք։
-2008-ին Կապանում շատ ակտիվ էր «Գոլդեն մայնինգ» ընկերության արհմիության նախագահը, նա մեծ գումարներ վերադարձրեց ընկերության աշխատավորությանը, նրան, սակայն, հեռացրին աշխատանքից, նրա փոխարեն արհմիությունը սկսեց ղեկավարել շատ ավելի չափավոր մեկը։ Այսինքն` արհմիության առաջնորդը պիտի լինի ըմբոստ, ընդդիմադիր, կարողանա գործել ընդդիմադիր հարթությունում, և սա մի փակ տարածքում, որն է որևէ ձեռնարկության միջավայրը։ Նա չպիտի խնդրի, նա պիտի պահանջատեր լինի, պիտի ներկայացնի միջազգային կոնվենցիայի պահանջները, երկրի համապատասխան օրենսդրությունը և պարտադրի դրանց շրջանակներում գործել ցանկացած գործատիրոջ։
-Ձեր համագործակցության շրջանակներում պետական մի նշանակալից կառույց կա` ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը։
-Շատ եմ կարևորում նրա դերն ու անելիքը։ Մենք բոլոր կուսակցություններին և շատ պետական կառույցների փոխգործակցության առաջարկներ հղեցինք, ընդառաջ եկավ միայն ՀՀ ԱԱԽ քարտուղար պարոն Արթուր Բաղդասարյանը։ Նա հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված էր, որ ոչ միայն սատարելու է մեր նախաձեռնությանը, այլև ԱԱԽ-ում ստեղծելու է աշխատանքային համապատասխան խումբ։ Սա, անշուշտ, բավականին լուրջ քայլ է, հուսադրող քայլ։
-Ձեր գլխավորած շարժման գերնպատակը։
-Հայաստանի բոլոր աշխատավորներին ներգրավել գործուն արհմիության կազմում։ Պետք է վերջնականապես կոտրել գործատուների մեջ ձևավորված կարծրատիպը` թե իրենք արհմիության կարիքը չունեն։ Այժմ աշխատանքային խմբեր ենք ստեղծում, ուսումնասիրում արհմիութենական դաշտը, ուր կենսունակ են արհմիությունները, ուր ձևական բնույթ են կրում և, ուր, առհասարակ, չկան։ Իրական պատկերն ունենալուն պես ավելի համընդգրկուն գործունեություն կծավալենք, ամենը պարբերաբար լուսաբանելով մամուլում։
-ՌԴ-ում կարծես իրավիճակը շտկվում է։
-Այս ոչ այնքան ժողովրդավարական երկրում արհմիությունները, այնուամենայնիվ, պահանջում են վերահսկողական գործառույթներ` ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման ժամանակ։ Նախագահ Պուտինը մի առիթով ասաց, որ իր ամենազորեղ վերահսկողները արհմիություններն են, քանզի հենց նրանցից է ստանում ամենահավաստի տեղեկությունները։ Սա, կարծում եմ, ուշադրության արժանի մոտեցում է։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2857

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ