Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմավենին տեղացիների ընտանիքի անդամն է

Արմավենին տեղացիների  ընտանիքի անդամն է
02.07.2013 | 11:40

Մինչև ԱՄԷ տեղափոխվելը երբեք չէի տեսել ծաղկած կամ պտուղը վրան արմավենի. առատ ու խիտ ողկույզներով դրանք կախվում են ծառերից: Պտուղը, հասունանալով, գորշ գույն է ստանում, որից հետո սկսվում է բերքահավաքը, սակայն մինչ այդ, քամուց պաշտպանելու համար, ողկույզների վրա ցանցեր են անցկացվում: Փողոցում էլ կտեսնես պտղատու արմավենիներ: ԱՄԷ-ի կառավարության հոգածության տակ գտնվող այս արմավենիներից և ֆերմաներում աճեցվող արմավենիներից տարեկան տոննաներով բերք է ստացվում, ինչը սպառվում է թե՛ տեղական, թե՛ արտերկրյա շուկաներում: Հնուց ի վեր արմավը հայտնի է իր բուժիչ հատկություններով և անկրկնելի համով: Գուցե սա է պատճառը, որ պտուղն այդքան սիրված է երկրում: Այստեղ ամենուր ձեզ կհյուրասիրեն տեղական սուրճ-արմավ: Այս համադրությունը շատ համեղ է: Տեղական շուկաներում, առևտրի կենտրոններում գնորդին առաջարկվում են թարմ արմավ և պարզ կամ ընդեղենով լցոնած արմավի չիր: Վաճառվում են նաև արմավենուց ստացված յուրահատուկ մեղր, արմավի խյուս, օշարակ, որը կարելի է գործածել թխվածքաբլիթներ և տեղական կերակրատեսակներ պատրաստելու համար:
Կար ժամանակ, երբ արմավը տեղի բնակչության հիմնական սնունդն էր և սպառվում էր աներևակայելի քանակությամբ: ՈՒստի մարդիկ ստիպված էին պտղի բերքահավաքից հետո այն նաև չորացնել և պահել ամբողջ տարվա համար: Պտուղը չորացրել են հիմնականում արևի տակ: Արմավի չրի պատրաստման այս մեթոդը կիրառվում է մինչև այսօր: Արմավի ծառը ամբողջությամբ է օգտագործվել: Ամբողջությամբ ասելով` նկատի ունեմ բնափայտը, տերևները, մազը, պտուղը, կորիզը: Թեև տերևները բավական կոշտ են, սուր ծայրերով, երբեմն նույնիսկ վտանգավոր, սակայն տեղացիները դրանք լայնորեն կիրառել են զամբյուղների, գորգերի, հովհարների պատրաստման համար։ Եթե այցելեք ավանդական շուկա, հաստատ կգտնեք արմավենու տերևներից պատրաստված կենցաղային իրեր: Գործելու ժամանակ տերևները սկզբում բաժանվում են շերտերի, դրվում ջրի մեջ, որ փափկեն, որից հետո սկսվում է դրանցով աշխատանքը: Իսկ ճյուղերից փոքրիկ ձկնորսական նավակների մասեր են պատրաստել: Մինչև պատրաստելն այդ ճյուղերը ևս թրջել են, հետո իրար միացրել արմավենու մազերից հյուսված պարաններով: Քանի որ այդ նավակները ջրանցիկ են, գործածվել են կարճ տարածությունների համար: Հասանք վերջապես այդքան հայտնի պտղին` արմավին կամ խուրմային: Վերը նշեցի դրանից պատրաստված օշարակի, մածուկի, խյուսի մասին: Չի նետվում նույնիսկ արմավի երկարավուն կարծր կորիզը: Դրանից տեղական սուրճ, օճառ և աչքի «մատիտ» է պատրաստվում, որը տեղացիներն անվանում են քոհլ:
Գիտնականների պնդմամբ` արմավի մշակությամբ ԱՄԷ-ի տարածքում ավելի ուշ են սկսել զբաղվել, մինչդեռ, ըստ 1998 թ. Աբու Դաբիի էմիրության Դելմա կղզու հնագիտական պեղումների, առաջին անգամ այս բնակավայրում պտուղը հայտնվել է դեռևս Ք.ա. 5110 թ.: Ենթադրվում է, որ արմավը այդ ժամանակ բնակավայր մուտք է գործել առևտրական ճանապարհով: Այն աճեցվում էր Ինդոսի հովտում, Միջագետքում, Նեղոսի հովտում, Հյուսիսային Պարսկաստանում, միջերկրածովյան բնակավայրերում և «Աֆրիկյան եղջյուր» թերակղզում: Սակայն այսօր ԱՄԷ-ն նույնպես արմավի մշակությամբ զբաղվող երկիր է: Պետությունը խթանում է արմավի մշակությունը, հոգ է տանում բերքի իրացման մասին: Երկրում աճեցվում են արմավի բազմաթիվ հայտնի տեսակներ, այդ թվում` դաբբաս, խունայիզի, բու մաան, խալաս, ֆարդ և ալ նեխբա: Կա ավելի քան 199 տեսակի 44 մլն արմավենի, որոնք ամեն տարի տալիս են 76000 տոննայից ավելի պտուղ: ԱՄԷ-ի արմավի գիտահետազոտական ինստիտուտը բազմիցս անդրադարձել է արմավի մշակության աճը խթանող պայմաններին. «Ամեն տարի մենք տեսնում ենք արմավի արտադրության կայուն ցուցանիշներ: Ֆերմերները պտղի աճեցման հարցում հետևում են փորձագետների խորհրդին»: Այդ խորհուրդները վերաբերում են փոշոտմանը, ծառերի տեղափոխության ժամանակահատվածին, տնկիների տեղադրմանը. «Տեղափոխությունը նուրբ գործընթաց է, և պետք է հետևել, որ ճիշտ կատարվի, այս ընթացքում արմատների ամրանալուց են կախված ծառի հետագա աճն ու բերքի որակը»: Ֆերմերները ստիպված են արմավի մշակության գործում շատ խնդիրներ հաղթահարել, բացի նշվածներից, նրանք նաև պետք է պայքարեն հիվանդությունների և միջատների դեմ: Մասնագետների խորհրդով է կազմակերպվում նաև ծառերի ջրումը: Բայց բոլորը վստահ են, որ ֆերմերները հասնում են հաջողությունների ոչ միայն մասնագետների խորհուրդների, այլ նաև արմավենու նկատմամբ ունեցած վերաբերմունքի շնորհիվ, քանի որ արմավենուն վերաբերվում են որպես ընտանիքի անդամի: Արմավենին սերնդեսերունդ փոխանցված մշակութային ժառանգություն է և իրենց եկամտի աղբյուրը:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ արմավի մասին, այցելեք ԱՄԷ` Արմավենու ամենամյա միջազգային փառատոնին, որը կազմակերպում է Թարեթ Մեդիա ընկերությունը Աբու Դաբիի սննդի վերահսկողության բաժանմունքի հետ համատեղ (ԱՄԷ վարչապետ, ՆԳ շեյխ Բանսուր Բին Զայեդ ալ Նահյանի բարձր հովանու ներքո): Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի այն տեղի է ունենալու նոյեմբերի 24-29-ին` Աբու Դաբիի ազգային ցուցահանդեսային կենտրոնում: Փառատոնի կազմկոմիտեի ղեկավար Մուհամմեդ Ջալալի խոսքով. «Փառատոնը ներառում է միջոցառումներ, որտեղ կներկայացվեն արմավի մշակությունը, նրա կիրառությունը տեղական կենցաղում և խոհանոցում: Նաև այցելուները կարող են տեսնել, թե ինչպես է հավաքվում արմավենու բերքը: Վստահ ենք, որ սա կգրավի արմավի սիրահարներին, մշակութային ժառանգության նվիրյալներին»: Այցելուները կարող են փորձել տարածաշրջանից և արտերկրից բերված արմավի լավագույն տեսակները: Փառատոնը կազմակերպվում է յոթերորդ անգամ և տարեցտարի ավելի սիրելի ու սպասված է դառնում հանրության համար, ամրապնդելով իր տեղը ԱՄԷ-ի տոնական օրացույցում: Նախնական կանխատեսումներով` այս տարի փառատոնը կունենա ավելի քան 20000 այցելու:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 11739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ