«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)

Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)
02.07.2013 | 11:45

(սկիզբը` այստեղ)

Հաջորդ` դեկտեմբերի 4-ի առավոտյան պարետը հայտնեց, որ պիտի տեղափոխվենք քաղաքի պարետատուն: Մենք ափսոսեցինք, որ այդ բանուկ փողոցից ու մաքուր կացարանից պիտի հեռանայինք: Ժամը 9-ին քաղաքի պարետը` նախկին ծանոթ սպաներից գնդապետ Մուսայելյանը, ավտոմոբիլով եկավ ու մեզ տեղափոխեց իր շենք:
Մեր նոր բանտավայրը ոչ մի գրավչություն չուներ: Մեզ տվեցին մի փոքրիկ, բավական կեղտոտ, բակ նայող պատուհանով սենյակ: Պարետը ներողություն խնդրեց, որ ավելի լավ սենյակ չունեն, ավելացնելով, որ միայն մի գիշեր պիտի մնանք, հաջորդ օրը պիտի տեղափոխվենք ոչ հեռվում գտնվող միլիցիայի պահեստատեղի կոչվող շենք, ուր նախկինում էլ տեղավորում էին նոր բանտարկյալներին: Մեզ համար կարևորը բանտային ռեժիմն էր, այսինքն այն, որ չզրկեին արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հնարավորությունից: Բարեբախտաբար այդտեղ ևս ունեցանք բավարար թվով այցելուներ:
Մեզ հայտնեցին, որ Շահումյանին նշանակել են քաղաքային պարետության կոմիսար:
-Ոչինչ,- դարձա Օվուն,- ձեր նախկին ճախարակագործը իր թափած եռանդի արժանի գնահատումը գտել է:
Մենք տեղավորվեցինք նոր սենյակում և շարունակեցինք ընթերցումը: Քիչ անց մեզ մոտ եկավ նոր կոմիսար Շահումյանը: Օվին դարձավ նրան.
-Մի՞թե ես չպիտի իմանամ, թե ինչու եք ինձ բանտարկել:
-Ոչինչ, պարոն Տեր-Միքայելյան, դատարկ բան է, Ձեզ շուտով բաց կթողնեն, Ձեզ համար բոլորն էլ երաշխավորում են:
Ապա դառնալով ինձ, ասաց.
-Ձեզ համար շատերը դիմում են առաքելությանը և խնդրում ազատել ձեզ: Առաքելությունը իմ միջոցով դիմում է Ձեզ և խնդրում պատասխանել երկու հարցի: Առաջին, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Հայաստանի խորհրդայնացման կամ խորհրդային դառնալու փաստի վերաբերյալ: Երկրորդ, կցանկանա՞ք, արդյոք, գործել Խորհրդային Հայաստանում:
Ես խոստացա պատասխանել և, հիրավ, նույն կոմիսարի միջոցով ուղարկեցի հետևյալ գրությունը. «Հայաստանում Խորհրդային Ռուսաստանի առաքելությանը:
Ես, որպես Կաուցկու ու Պլեխանովի հետևողական աշակերտ, բոլշևիզմի դեմ գրավոր ու բանավոր արտահայտվել եմ սոսկ գաղափարական պայքարի շրջանակներում, որպես գաղափարական շիտակ հակառակորդ:
Սակայն ես սիրում եմ իմ ժողովրդին, և նրա գոյության շահը, որի համար պատրաստ եմ մեռնելու յուրաքանչյուր վայրկյան, շատ ավելին է, քան իմ զգացմունքները և նվիրական համոզմունքները: Երբ տեսնեմ, որ իրերի անողոք դասավորությամբ կյանքի կոչված խորհրդային իշխանությունը, հենված խորհրդային Ռուսաստանի ուժեղ բազկի վրա, Հայաստանում ի վիճակի կլինի փրկելու դժբախտ հայ ժողովրդի վերջին բեկորների ֆիզիկական գոյությունը, ապահովելու նրա առաջադիմության ուղիները, ապա ոչ միայն դեմ չէի լինի, այլև խորհրդային Հայաստանին ի սպաս կդնեի բոլոր ուժերս սիրածս ասպարեզներում, գիտակցելով, որ դրանով դարձյալ ծառայում եմ հայ ժողովրդին: Ես իմ բնավորության խառնվածքով ավելի շուտ առանձնասենյակի, քան աղմկալի հրապարակի մարդ եմ: Կուզենայի, որ ինձ հնարավորություն տրվեր նվիրվելու Հայաստանի բազմաէջ կյանքի տնտեսավիճակագրական ուսումնասիրության գործին
Երևան, 1920 թ., դեկտեմբերի 4»:
Այս գրության պատճենը ուղարկեցի դուրս, իմ ընկեր Դավիթ Անանունին` ի պահպանություն:
Բոլշևիկները, հատկապես մեզ արդեն հայտնի Աշոտ Հովհաննիսյանը, քաղաքում լուր էին տարածում, թե, իբր, ես «մեղայական եմ ուղարկել» առաքելություն, որով հետ եմ վերցնում բոլշևիկների մասին իմ բոլոր ասածները, այսուհետ հրաժարվում եմ նրանց դեմ դուրս գալ, և նույնիսկ, օ՜վ Աստված, Աշոտ Հովհաննիսյանը իր բարեկամ Վահան Նավասարդյանին ուղղված նամակում այնքան է ուրանում խիղճն ու ամոթը, որ գրում է. «Իշխանյանն իր գրության մեջ հրաժարվում է Երկրորդ ինտերնացիոնալից»:
Ես գիտեի, որ ստախոսության, խաբեբայության, բացարձակ կեղծիքի և մանավանդ հրապարակային դեմագոգիայի մեջ բոլշևիկները` սկսած իրենց գաղափարական ուսուցիչ Լենինից մինչև վերջին ստահակն ու սինլքորը, ճիզվիտների դպրոցն ավարտած չնաշխարհիկ վարպետներ են, հենց այդ պատճառով էլ հարկ համարեցի պատճենն ուղարկել Դավիթ Անանունին, որն իր հերթին ցաքանում էր լպիրշ ստախոսների բերանները ու եռանդով հերքում տարածվող լուրերը` ձեռքի տակ ունենալով գրավոր փաստաթուղթ:
Օ՜, եթե իմ վերոհիշյալ գրությունը պարունակեր նրա հեղինակին վարկաբեկող «մեղայականի» գեթ մի պտղունց, Ա. Հովհաննիսյանը չէր վարանի այն ամբողջ թափով մամուլի շահատակման նյութ դարձնել, կհրապարակեր իրենց «Կոմունիստում» ընդարձակ մեկնաբանություններով, կշտապեր հեռագրով հայտնել Մոսկվա: Չէ՞ որ նույն պարոնը, որպես առաքելության տեղեկատվական բաժնի վարիչ, չէր զլանում Մոսկվա հեռագրելու անգամ բոլշևիկների հասցեին իմ դասախոսություններում եղած քննադատությունը և մեր կուսակցության` քաղաքական ընթացքի մասին տպագրած թռուցիկների բովանդակությունը: Իսկ այս անգամ, պատկերացնում եմ, նա առանձին բավականությամբ կհաղորդեր իմ «մեղայականի» բովանդակությունը և հաղթական շեշտով կհայտարարեր. «Անգամ Իշխանյանը մեր առաջ պարտվեց հոգով, մտքով ու բարոյապես»:
Բայց հակառակորդներս չհանդգնեցին մի խոսքով անգամ իմ գրությունը մամուլի նյութ դարձնել, շատ լավ ըմբռնելով, որ այդ գրությունը բարոյական ապտակ է իրենց հասցեին և բարոյական պարգևավճար` նրա հեղինակին:
Ես համաձայն չեմ իմ մի քանի ընկերների ու ծանոթների հետ, ովքեր անպատեհ էին համարում այդ գրությունը: Ես նրանց հասկանում եմ. տվյալ պահին տարածված ստահոդ լուրերի անախորժ տպավորության տակ ներելի էր այդպես դատելը:
Ի՞նչն էր այդ գրության իմաստը:
Թուրքական սպանիչ պատերազմի պատճառով Հայաստանը հայտնվել էր փակուղում: Եթե նա չընդուներ ուժով` վերջնագրի պահանջով, իր շլինքին փաթաթած խորհրդային վարչակարգը կամ բոլշևիկների իշխանությունը, ապա թուրքական մահացու վտանգին կավելանար ռուսականը: ՈՒստի Հայաստանի Հանրապետությունը գերադասեց ընդունել հյուսիսային ուժերի պահանջը, որպես չարյաց փոքրագույնը:
Ստեղծված քաղաքական կացության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող յուրաքանչյուր հայ գործիչ պիտի մտածեր հետևյալ կերպ` տվյալ պահին, երբ իրերի անողոք դասավորությամբ հայ ժողովրդի քաղաքական բախտը հանձնված էր կամ գտնվում էր բոլշևիկների ձեռքում, իմ գործնական դիրքորոշումը դեպի Խորհրդային Հայաստանը պիտի բխի այն գերագույն սկզբունքից, որի անունն է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և առաջադիմության շահ, անկախ այն հանգամանքից, թե տեսականորեն ինչպիսի համոզմունքներ ունեմ բոլշևիզմի մասին և անհատականորեն ինչ պայքար եմ մղել նրանց դեմ անցյալում: Ես պայման էի դնում. եթե դուք` եկվոր ուժերդ, ի վիճակի եք արդարացնելու հայ ժողովրդի հույսերը, ապա համեցեք ձեզ իմ ծառայությունը: Անշուշտ, այդ պայմանն ինձ ազատ գործելու հնարավորություն էր տալիս` փոխելու գործնական դիրքորոշումս դեպի խորհրդային իշխանությունը, եթե վերջինս չարդարացներ տածած հույսերն ու ակնկալիքները:
Ահա սա էր իմ գրության իմաստը:
Գոհունակությամբ պիտի շեշտեմ, որ հետո Հայաստանում գործող բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները` դաշնակցականները, սոցիալիստ-հեղափոխականները, սոցիալ-դեմոկրատները, հնչակյանները և անգամ ժողովրդականները, իրենց պատրաստակամությունը հայտնեցին խորհրդային կառավարությանը` աջակցելու նրան և ծառայելու նոր վարչակարգի օրոք այնպես, ինչպես առաջ: Իհարկե, ոմանք, օրինակ հնչակյանները և դաշնակցության ծոցից ելած «ձախ» երիտասարդները չափն անցան նոր տերերի հանդեպ իրենց շողոքորթ արտահայտությունների մեջ, ինչի համար հետագայում զղջացին:
Ինչպես տեսնում է ընթերցողը, խաղաղությամբ Հայաստանը «նվաճած» պարոնները երկրի ներսում չունեին իրենց դեմ կանգնած որևէ թշնամի` հանձին այս կամ այն քաղաքական հոսանքի:
Այս փաստը շատ կարևոր է և պետք է նշվի առանձնապես: Պետք է բարձրաձայնվի այս փաստը, որպեսզի մեկընդմիշտ պապանձվեն մոլորված թե վարձված լեզուները, որոնք տքնում են տխրահռչակ հերոսների հետագայում գործած ոճիրները մեղմել կամ նրանց պատասխանատվությունը թեթևացնել` մեղադրելով մյուս կուսակցություններին:
Դեկտեմբերի 4-ին մեր լսած նորությունն այն էր, որ հեղկոմի նախագահ Կասյանը և զինվորական կոմիսար Ավիս Նուրիջանյանը Դիլիջանից եկել են Երևան:
Կասյանը նախկին հնչակյան էր` վաղուց անցած բոլշևիկների շարքերը: Նա բնավորությամբ բարի ու չափավոր, Հայաստանի առանձնահատկություններն ըմբռնող ու գնահատող մարդ էր: Բայց ի՞նչ նշանակություն ունեին այդ բարեմասնությունները, եթե նա չափազանց կամազուրկ, մտավախ ու թուլամորթ էր, բացարձակապես զուրկ որևէ ազդեցությունից սեփական ընկերների շարքերում, ուր «հայր սարկավագ» ծաղրական մականունն էր վաստակել: Կարծես նրան կառավարության գլուխ էին նշանակել` ավելի շուտ հարգելով տարիքը, քան շնորհքն ու ընդունակությունը:
Այլ տիպ էր Ավիսը: Նա Հայաստանի Հերոստրատն էր: Մշտաբորբոք ուղեղի ազդեցության տակ գործող մի հիվանդ դեմք ¥երիտասարդ ուսանող¤, կատարյալ սադիստ ու դեգեներատ, մինչև 1918 թ. կեսերը դեռևս մոլեռանդ դաշնակցական, իսկ հետո, ռուսադավանություն ընդունած հրեայի նման, աշխատում էր ամեն մի լպիրշ ու ստորաքարշ արարքով իր ծնող ռուսներին ցույց տալ, որ ինքը ուղղափառից էլ ավելի մոլեռանդ ու հավատարիմ անդամ է: Ավիսները կառավարեցին Հայաստանը ու կանխորոշեցին նրա քաղաքական բախտը, այլ ոչ կասյանները: Եվ ավիսների նման տիպերն էին խրախուսանքի ու գովքի արժանանում կենտրոնից, որովհետև ինքը` բոլշևիկյան վարչակարգը, որպես տիրող համակարգ, հիմնվել և առաջ էր ընթանում ավիսների միջոցով:
Հաջորդ օրը` դեկտեմբերի 5-ին, մեզ, իրոք, տեղափոխեցին նոր շենք, տեղավորեցին մի քանի պատուհաններով, բայց շատ ցուրտ, դահլիճի չափ մեծ սենյակում. միակ մխիթարանքն արեգակի ճառագայթներն էին, որոնք ուղիղ նայում էին պատուհաններին ու փոքր-ինչ ջերմացնում մեզ: Փայտ երբեմն տալիս էին, երբեմն` ոչ, նայած ինչ զինվորներ էին պահակում մեզ: Բոլոր պահակ զինվորները հայեր էին, որոնք, չնչին բացառությամբ, շատ լավ տղերք էին, մեզ ընդառաջում էին ամեն հարցում, այցելուներին առանց խոչընդոտի ներս էին թողնում, իսկ մենք լիուլի ստացած մեր ուտելիքից բաժին էինք հանում նրանց: Օվու համար նարդի էին բերել, այնպես որ, կարդալուց բացի, մենք այլ զբաղմունք էլ ունեինք:
Այդ օրը մեզ մոտ բերեցին Երևանի նախկին պարետ, սպա Շահխաթունյանին` մեր հայտնի դերասան Շահխաթունյանի եղբորը: Խեղճը ծառայել էր բոլշևիկների մոտ` Ռուսաստանի զանազան ծայրերում, որպես ցարական բանակի նախկին սպա, և ամիսներ առաջ նրանց ձեռքից հրաշքով ազատվել-եկել էր Հայաստան: Այժմ այդ տանջված, դառնություններ ապրած մարդուն ինչ-ինչ անհիմն կասկածանքներով նորից բռնել էին: Նրա հաճախակի լացը, մանավանդ իր ռուս կնոջ ներկայությամբ, մեզ վրա ծանր տպավորություն էր թողնում: Երեք օր անց նրան տեղափոխեցին Բաքու` այնտեղ գործը քննելու: Մեկնելու նախընթաց երեկոյան նրա մոտ եկավ մյուս եղբայրը` հայկական բանակի զինվոր, մի հաղթանդամ երիտասարդ:
-Բավական է, թույլ տուր գնամ այդ սրիկային սպանեմ, ինչ ուզում է թող լինի: Ես գիտեմ, որ Բաքվից հետ չես գա:
Խոսքը վերաբերում էր Ավիսին, որի հրամանով եղբորն ուղարկում էին Բաքու:
Շահխաթունին մի կերպ հանգստացրեց զինվոր եղբորը և տուն ուղարկեց:
Հաջորդ օրը մեզ մոտ բերեցին երկու օտարերկրացիների` մի անգլիացի գնդապետի, որ վերջին 2-3 ամիսների ընթացքում ծառայության էր անցել հայկական բանակում, և մի թուրք սպայի, որին խմբապետ Սեպուհը գերի էր վերցրել ռազմական վերջին ընդհարումների ժամանակ, Ղարաքիլիսայի մատույցներում:
Անգլիացի սպան` հազիվ 26 տարեկան մի երիտասարդ, ինքը` թատերագիր, պարզապես զոհ էր գնացել իր միամտությանը:
«Շատ էի լսել և ինձ շատ էին պատմել բոլշևիկների մասին,-դիմեց նա ինձ կոտրատված գերմաներենով:- Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլշևիկները Հայաստան են գալիս խաղաղ, առանց կռվի, և որ անմեղ մարդկանց, մանավանդ օտարերկրացիներին, ձեռք չեն տա, ես որոշեցի մնալ Երևանում ու տեսնել, թե նրանք ինչ տեսակի մարդիկ են և որքանով են ճշմարիտ նրանց մասին լսածներս: Այժմ, երբ ընկել եմ այս բարբարոսների ձեռքը, տեսնում եմ, թե որքան եմ սխալվել: Փողոցում ինձ բռնեցին և առանց բացատրության, առանց ասելու, թե մեղքս որն է, բերեցին այստեղ»:
Անգլիացի սպային պահեցին մի քանի շաբաթ, որպեսզի փոխանակեին անգլիական ենթակայության տակ գտնվող երկրներում որևէ բանտարկված ռուս բոլշևիկի հետ: Թեև անգլիացին շատ էր մտատանջվում, բայց գոհ էր, որ գնդակահարվելու փոխարեն ի վերջո իրեն կազատեն:
Թուրք սպային պահեցին մեկ օր: Թուրքերի դաշնակից բոլշևիկները չհանդգնեցին նրան երկար պահել և Ղարսում գերի մնացած բազմաթիվ հայ սպաներից գոնե մեկի հետ փոխանակել. նրան ազատեցին առանց այլևայլի և ուղարկեցին Ալեքսանդրապոլ` հրամանատար Կարաբեքիր փաշային:
Հաջորդ առավոտ պահակախմբի զինվորներից մեկը, որպես հաճելի անակնկալ, մեզ հրամցրեց բոլշևիկների պաշտոնական օրգան «Կոմունիստի» առաջին համարը: Թե տգետ աշակերտների և ուսանողների ձեռքով խմբագրված այդ վտիտ թերթուկում ինչ «մտքեր» էին քարոզում Լենին-Տրոցկու համհարզները, այստեղ անդրադառնալու հարկ չկա:
Առաջին համարում բոլշևիկներն ինձ պատիվ էին արել, խոշոր տառերով տպելով. «Բ. Իշխանեանը բանտարկուած.
Ձերբակալուած է յայտնի հակայեղափոխական Բախշի Իշխանեանը»:

(շարունակելի)


Բախշի ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ