«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ճակատագիր

Ճակատագիր
02.07.2013 | 11:55

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Չորս մանկահասակ երեխաների, ծեր մոր հետ փախչում էր Ռազմելա Բալայանը: Փախչում էր` տնային հողաթափերը հագին, սարերով, անտառներով, հեկեկոցը կոկորդում խեղդելով, ուշքն ու միտքը` գյուղում թաքնված ամուսնու կողմը:
Թալիշի աղջիկ է եղել, ամուսնացել, գնացել է Չայլու: Լավ, հարգված ու ունևոր տան հարս է եղել, շատ է սիրել ամուսնուն: ՈՒ հիմա փախչում էր` ադրբեջանցիներին թողած շեն տունը, կթու անասունները, հավ ու ճիվը: Ամենափոքրը` երկու տարեկան դստրիկը, ոչ մի կերպ չէր հանգստանում, ձայնը գլուխը գցած լաց էր լինում: Հասան մի մեծ բնով ծառի, նստեցին քիչ շունչ առնեն: Ծեր մայրը , առանց Ռազմելայի կողմը նայելու, կարծես հենց այնպես, օդի մեջ ասաց.
- Էդ երեխային արի թողնենք էս ծառի տակ, թե չէ էս լացի ձենից թուրքերը մեր տեղը կիմանան, բոլորիս կմորթեն:
Ռազմելայի վախից մեծացած աչքերն ավելի մեծացան, լացող երեխային ամուր սեղմեց կրծքին ու վեր կացավ.
-- Գնացինք:
Չի հիշում, ե՞րբ, քանի ժամ, գուցե օր հետո, հասան Արցախ, հայ կամավորների ջոկատին: Այստեղ Երևանից սալյարկա տեղափոխած մի մեքենա կար, Երևան պիտի վերադառնար: Նշանի տասը գրամանոց մատանու դիմաց հրազդանցի վարորդը համաձայնեց նրանց էլ իր հետ Երևան հասցնել, այնտեղից էլ Հրազդան, բարեկամի տուն:
ՈՒ չորս մանկահասակ երեխաների հետ ապրեց Ռազմելան Հրազդանում: Վատ ապրեց, ծանր ապրեց` աչքի առջև ունենալով հոգեկան խանգարում ստացած սիրելի ամուսնուն, որն արդեն ոչինչ չէր հիշում ու չէր ճանաչում` ոչ Չայլուն, ոչ իրենց գեղեցիկ տունը, ոչ կնոջն ու երեխաներին:
Մեծացան երեխաները: Որդին գնաց Ռուսաստան, աշխատեց, բերեց, Հրազդանում բնակարան գնեցին, հարսանիքներ արեցին:
ՈՒ հիմա հիվանդասենյակիս կողքի մահճակալին պառկած է Ռազմելա Բալայանը: Նա նույնպես վիրահատվել է: Այսօր արդեն լավ է: Հարազատները եկել, շրջապատել են, սիրունիկ հարսը ուրախ-ուրախ պատմում է տան փոքրիկներից: Երբ տեսակցությունը ավարտած դուրս էին գալիս, Ռազմելան ձայնեց նրբագեղ կազմվածքով, բնական աչքի ընկնող խալով գեղեցկուհուն: Երիտասարդ կինը հետ նայեց, բայց մայրը հասկացրեց, որ գնա:
-Մելանյա ջան, այն երկու տարեկան աղջիկս է, որ չթողեցի ծառի տակ:

Դիտվել է՝ 150209

Մեկնաբանություններ