Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նավթը, խավիարը և հայկական դիվանագիտությունը

Նավթը, խավիարը և հայկական դիվանագիտությունը
05.07.2013 | 14:39

Երեկ քաղաքական, լրատվական դաշտն ու Ֆեյսբուքը մոլեգնել էին հայոց խորհրդարանում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի զեկույցից, որում նա Հայաստանն անվանել էր «ագրեսոր երկիր»: Բանն այն է, որ նույնիսկ այդ զեկույցին հաջորդել էին ոմանց ծափահարությունները ԱԺ-ում:
Հեռուստաընկերություններից մեկով ցույց տվեցին, թե ինչպես է մոլդովացի օմբուդսմենը ձայնագրել իր ելույթը, և հայ լրագրողները նրանից պահանջում էին, որ ցույց տա ձայնագրված տեքստը, իսկ տիկին Աուրելիան էլ հրաժարվեց:
Եվրախորհրդում վերջին տարիներին փորձառություն ձեռք բերած ԱԺ իշխանամետ պատգամավորներն անմիջապես հիշեցին Բաքվի նավթն ու խավիարը. այդ մասին հեռուստաեթերում ափսոսանքով հայտարարեց Դավիթ Հարությունյանը, ով ամենաքաջատեղյակն է հավանաբար ԵԽ-ում կաշառքի և դրա թողած ազդեցության մասին:
Հասկացանք, կաշառքը՝ կաշառք, Հայաստանին էլ «ագրեսոր» երկիր անվանողներ էլ էլի են եղել, բայց ոչ՝ ՀՀ ԱԺ-ում, և այն էլ ծափահարությունների ուղեկցությամբ: Այ, սրա նկատմամբ մենք դեռևս ձեռք չենք բերել իմունիտետ: Հակառակ դեպքում, միայն ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը չէր փորձի շփոթահար կանխել այդ ոտնձգությունը՝ կոչ անելով մոլդովացի օմբուդսմենին չօգտագործել ԱԺ ամբիոնը ադրբեջանամետ հայտարարություններ անելու համար:
Հետաքրքիր է, որևէ մեկը կհանդգնե՞ր Ադրբեջանում հրավիրված որևէ համաժողովի ժամանակ նման զեկույցով հանդես գալ, և ի՞նչ քայլեր կանեին մեր հարևանները նման դեպքում: Չէ, չեմ ասում անպայման նմանվենք, օրինակ վերցնենք:
Բայց արժե, չէ՞, հետևություններ անել, թե ինչ օրի է հասել մեր դիվանագիտությունը, ԱԺ գործունեությունը միջազգային կազմակերպություններում:
Իսկ դուք ասում եք՝ խավիար, նավթ… Բայց այդ ամենն արդեն ազդեցիկ չի հնչում նույնիսկ մեր երկրում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ