Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայաստանի խնդիրն է լավագույնի փնտրտուքում թշնամիներ չվաստակելը»

«Հայաստանի խնդիրն է լավագույնի  փնտրտուքում թշնամիներ չվաստակելը»
12.07.2013 | 12:13

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը այսօր, ի՞նչ հեռանկարներ ունի, և ի՞նչ հեռանկարներ կտա Հայաստանին անդամակցությունը Եվրասիական միությանը:
-«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը համագործակցելով մի քանի ազդեցիկ գիտակրթական հաստատությունների և վերլուծական կենտրոնների հետ` արդեն ութ ամիս հայ իրականության մեջ Եվրասիական միությանը նվիրված քննարկումներ է կազմակերպում: Երեք կոնֆերանս է կազմակերպվել, որոնց արձագանքները Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, բալթյան երկրներ ու Վրաստան են հասել: Մեր կայքում զետեղված հարյուրից ավելի վերլուծական հոդվածները համակողմանի տեղեկություններ են տալիս հետխորհրդային տարածքի գործընթացների մասին: Հայաստանի եվրասիական հեռանկարի մասին խոսելիս երկու հարց պետք է քննարկել` քաղաքական նպատակահարմարություն և տնտեսական նպատակահարմարություն: Քաղաքական նպատակահարմարությունը հենված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա, որը կազմում է մեր ազգային անվտանգության համակարգի առանցքը: Մերձավոր Արևելքում պատերազմներ են, և մենք անվերջանալի բռնությունների, դաժանության, նաև ցեղասպանության դրսևորումների ականատեսն ենք: Վերջին 200 տարում իր քաղաքակրթության ճանապարհին կարևոր փորձ ու իմաստնություն կուտակած հայ ժողովուրդը չի կարող նորից հայտնվել ապակայունացման խառը մթնոլորտում, որից մեկ անգամ 19-րդ դարում դուրս ենք եկել:
-Եվ ի՞նչ տնտեսական նպատակահարմարություն կարող ենք ունենալ այդ «խառը» տարածքում:
-Ռուսաստանը Եվրասիական միությանը նախորդող Մաքսային միությանն ամեն գնով մեր անդամակցության ուլտիմատիվ պահանջ չի դնում: Ռուսաստանը փորձում է օգնել Հայաստանին` գտնելու Եվրասիական միության և այսօր արդեն գործող Մաքսային միության հետ լավագույն հարաբերություններ կառուցելու ձևը:
-Ի՞նչ ձևեր կարող են լինել աշխարհագրական մեր կտրվածքում:
-Առաջին` լիարժեք անդամակցություն Մաքսային միությանը, երկրորդ` ասոցացված անդամություն, որի նախադեպը Եվրոպայում կա. օրինակ, Շվեյցարիան և Նորվեգիան ԵՄ անդամ չեն, բայց համագործակցում են, և երրորդը` պահպանել այսօրվա վիճակը, եթե պարզվի, որ տնտեսական նպատակահարմարությունը դա է պահանջում: Նաև մեր օգնությամբ առաջիկա ամիսներին հասարակությանը կմատուցվի որակյալ, փաստարկված տեղեկատվություն Մաքսային միության և Հայաստանի ինտեգրման լավագույն բանաձևի վերաբերյալ: Դա եվրասիական ինտեգրման ուժեղ կողմն է` ի տարբերություն եվրոպական ինտեգրման, որի մասին հասարակությունը տեղեկացված չէ: Եվրասիական միության քաղաքական և տնտեսական սկզբունքները հռչակված են, բաց, թափանցիկ մթնոլորտ է, ԵՄ-ի ասոցացման պայմանագիրը որոշ տեղեկություններով 200 էջ է, որոշ տեղեկություններով` 800, ոչ ոք չի տեսել, իրենք էլ չեն շտապում հասարակությանը ներկայացնել:
-Ձեր գնահատականով` ո՞ր միությունն է ընտրելու Հայաստանի իշխանությունը:
-Հայաստանի իշխանությունների այսօրվա դիրքորոշումը սկզբունքորեն շատ ճիշտ է` ոչ թե «կամ, կամ», այլ «և, և»: Սա մեր հավատամքն է, որովհետև մենք փոքր երկիր ենք Հարավային Կովկասում, որտեղ խաղում են երեք հիմնական աշխարհաքաղաքական ուժեր` ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Ռուսաստանը: Մեր տարածաշրջանում ինտեգրման գործընթացները հնարավոր են, եթե այդ գլխավոր խաղացողները միմյանց հետ համագործակցեն և քիչ հակասություններ հարուցեն: Առճակատման պայմաններում մենք անդառնալի կորուստներ կարող ենք ունենալ: Եթե Հայաստանը կանգնի «կամ, կամ» բանաձևի առաջ և ներսում կողմնորոշումների առճակատում լինի, մենք մեծ կորուստներ կունենանք` ընդհուպ տարածքային: Պատմությունը նման օրինակներ մեզ տվել է: Եվրասիական գործընթացների ընդհանուր քաղաքական հռչակագրերը իրականացվել են, կա ՌԴ նախագահի քաղաքական կամքը հետխորհրդային տարածքը համախմբելու Ռուսաստանի լիդերությամբ: Այդ քաղաքական կեցվածքը կոնկրետ բովանդակությամբ լցնելու գործընթացներին կարող ենք մասնակցել և մենք, քանի դեռ կարծրացած ու անդառնալի որոշումներ չեն կայացվել: 2013 թ. լեցուն է լինելու այդ գաղափարների փնտրտուքով:
-Այդ փնտրտուքը միայն Հայաստանո՞ւմ եք տեսնում:
-Ոչ միայն: Հիանալի կլիներ, եթե Հայաստանը եվրասիական ինտեգրման ճանապարհին երկխոսություն սկսեր Վրաստանի հետ, որովհետև եթե նույնիսկ Վրաստանը շարունակելու է շարժվել դեպի Արևմուտք, նորմալ տնտեսական-քաղաքական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի ու հետխորհրդային տարածքի երկրների հետ մեզ միայն օգուտ է տալու, հնարավորություն է ստեղծվելու լրջորեն քննարկել աբխազական երկաթուղու վերագործարկման հարցը, որի լուծումը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման դիվիդենդները կբարձրացնի: Մասնակի շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի կարող կանգնել դաժան երկընտրանքի առաջ, որից տնտեսական վնասներ է ունենալու և քաղաքական կորուստներ: Եվրասիական ինտեգրացիային հիմա պակասում են աշխարհայացքային համակարգին վերաբերող քննարկումները: Ռուսաստանն արդեն նախկինը չէ: Ընդունեք, որ Ռուսաստանն այսօր հզոր տնտեսություն ունի, նոր մակարդակի հեռուստատեսություն, նոր մակարդակի հաղորդակցային քաղաքականություն է վարում, Ռուսաստանը թափ է հավաքում, որը ավելի է մեծանալու: Եթե Վիետնամը, Սիրիան, Նոր Զելանդիան ցանկանում են դառնալ Մաքսային և Եվրասիական միության անդամ, մենք, որ 200 տարուց ավելի այդ տարածքում ենք եղել, պետք է օգտվենք ընդհանուր զարգացման նախագծերից:
-Մշուշապատ չէ՞ Ձեր ուրվագծած հեռանկարը:
-Բնավ: Համոզվելու համար տնտեսական լուրջ հաշվարկներ են անհրաժեշտ. նախ` առաջիկա 5-10 տարում ի՞նչ կտա Եվրասիական միությանն անդամակցելը, երկրորդ` հեռանկարում Ռուսաստանի տնտեսության զարգացումից, ռուսական շուկայի բարիքներից ի՞նչ կստանան մեր զավակները և թոռները: Ի՞նչ արժեհամակարգ պիտի ստեղծել, որ մրցունակ լինի ժամանակակից աշխարհում: Եվրասիական տարածքի գրավչության փնտրտուքը նոր է սկսվելու: Այս մեկ տարվա քննարկումներում 20 տարում կուտակվածը միանգամից ասացինք, բայց ի՞նչ է լինելու հետո: Աշխարհում երկու կարգի գործընթացներ են տեղի ունենում` համագործակցության և մրցակցության: Համագործակցությունը թելադրում է շահը, դա պրագմատիզմ է, մրցակցությունը թելադրում են աշխարհաքաղաքական իրողությունները, աշխարհի ուժեղներն ունեն իրենց շահերը, որոնք միշտ բախման մեջ են: Հայաստանի խնդիրն է լավագույնի փնտրտուքում թշնամիներ չվաստակել, որպես փոքր և սահմանափակ ռեսուրսներով երկիր` մեր կեցվածքը պետք է հասկանալի լինի և Հյուսիսում, և Հարավում, և Արևմուտքում: Մեզ համար մեծ շռայլություններ են կողմնորոշումների պատերազմը, քաղաքացիական խժդժությունը, քաղաքական դեբատները պատեհ-անպատեհ առճակատման վերածելը, միջկուսակցական, խմբակային կամ կլանային բախումները: Եվրաինտեգրման ճանապարհի մեր քայլերը համահունչ պետք է լինեն Եվրասիական ինտեգրման մեր քայլերին, ոչինչ չպիտի արվի հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի հաշվին:
-Հայաստանի ազգային անվտանգության խնդիրների՞ց էր բխում մեկ միլիարդ դոլարի հարձակողական զինատեսակների վաճառքը ռազմավարական գործընկերոջ հետ չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրին:
-Չլինելով անվտանգության ոլորտի մասնագետ, բայց կյանքիս զգալի մասը քաղաքական գործունեությանը նվիրելով, այդ թվում` ՀԱՊԿ անդամ երկրների և ՌԴ-ի հետ համագործակցության զարգացմանը, համոզված եմ, որ ոչ այսօր, ոչ տեսանելի հեռանկարում Ադրբեջանին չի հաջողվի խախտել ռազմական հավասարակշռությունը և գերազանցության հասնել Հայաստանի նկատմամբ: Եթե, իհարկե, մենք աններելի սխալներ չգործենք:
-Եթե Հայաստանը անդամակցում է Մաքսային միությանը, դա չի՞ նշանակում, որ ԵՄ ասոցացման համաձայնագիրը ինքնին օրակարգից դուրս է մղվում: Հայաստանը «և, և»-ի կողմնակից է, բայց «կամ, կամ» է պահանջում Եվրոպան:
- Սխալ գործած կլինեն նրանք, ովքեր կփորձեն Հայաստանը անելանելի դրության մեջ դնել, որովհետև այդ դեպքում չի կարելի Հայաստանից կառուցողական կամ օգտակար քայլեր սպասել: Պետք չէ առանց այդ էլ դժվար վիճակում գտնվող Հայաստանը դնել ծանր երկընտրանքի առաջ, որը կխարխլի կայունությունը ոչ միայն երկրի ներսում, այլև Հարավկովկասյան տարածաշրջանում: Դա ազնիվ չէ մեր երկրի նկատմամբ: Հայաստանի ծանր աշխարհաքաղաքական վիճակը թեթևացնելու ուժային կենտրոնների քայլերը նախորդ տարիներին ոչ մի արդյունք չեն ունեցել, այսօր Հայաստանին վերաբերվել այն ստանդարտներով, որոնցով վերաբերվում են բարվոք ու բաց սահմաններ ունեցող եվրոպական երկրներին, ազնիվ չէ: Հայաստանի աշխարհաքաղաքական, պատմական, ողբերգական առանձնահատկությունը հաշվի չառնելը նշանակում է, որ մեզ ուղղակի չեն սիրում:
-Սերը, ազնվությունը քաղաքական կատեգորիա չեն:
-Շատ քաղաքական են: Դանիացին, ֆրանսիացին, լեհը ասում են` մենք եվրոպացի ենք, նշանակում է` նրանք սիրում են իրենց համատեղ նոր հայրենիքը, որ խորթ մոր հայացքով չպիտի նայի իր այն զավակներին, որ անելանելի վիճակում են:
-Հեռանկարում հնարավո՞ր է, որ Եվրասիական միությունը և Եվրամիությունը համագործակցեն:
-Համոզված եմ, որ այո: Երբ ասում են, որ արժեհամակարգով մենք եվրոպական ենք, ուզում եմ հիշեցնել, որ միասնական արժեհամակարգը իրավական մտածողության շրջանակներում ձևավորում է Եվրոպայի խորհուրդը, որ ունի հստակ ստանդարտներ, որոնք կիրառվում են Դուբլինից Վլադիվոստոկ: Կա ԵԱՀԿ-ն` եզակի կառույց, որի անդամ են եվրոպական երկրները, Ռուսաստանը, Ղազախստանը, Կանադան ու ԱՄՆ-ը: Ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են ստեղծել տրանսատլանտյան առևտրի գոտի, որը կլինի ամենահարուստ ու ամենաուժեղ գոտին, նպատակը Չինաստանի ազդեցության դեմ արդյունավետ պայքարն է: Բոլորն էլ հասկանում են, որ 2016 թ. Չինաստանը դառնալու է աշխարհի առաջին արտադրողը, իսկ 30 տարի հետո թիվ մեկ տնտեսությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական միության մասին իր հոդվածն ավարտում է այն մտքով, որ Եվրոպական միության հետ Ռուսաստանն ուզում է ունենալ այնպիսի հարաբերություններ, որ վերջում ձևավորվի մեծ Եվրոպան` Լիսաբոնից Վլադիվոստոկ: Այս տեսլականի խոչընդոտը աշխարհաքաղաքական տարբեր բևեռների` ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի, քաղաքական շահերն են: Համոզված եմ, որ Պուտինի նախագահության ընթացքում, իսկ նա երկար է նախագահելու, ճկուն քայլեր են ձեռնարկվելու և Եվրոպայի, և Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանն այսօր մտածում է բազմաբևեռ աշխարհի կատեգորիաներով և ուզում է աշխարհի 1/6-ում ունենալ իր ազդեցության և ձգողականության դաշտը: Մեզ համար, որ գալիս ենք 20-րդ դարից, ամեն ինչ պարզ է, բայց նրանց համար, ովքեր 21-րդ դարում են ծնվել, նոր փաստարկներ են պետք բարեկամության ու համերաշխության, շփման նոր ստանդարտներ են պետք մրցակցային աշխարհում: Եվրասիական միության ստեղծումը հետխորհրդային տարածքում իրականություն է դառնալու, որովհետև կա և քաղաքական կամքը, և տնտեսական նախադրյալներ կան: Բայց կան և խոչընդոտներ, որոնք քիչ չեն:
-Հայաստանի Եվրասիական միության անդամակցության գլխավոր խոչընդոտը, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Ղազախստանի դիրքորոշումն է, որը դեմ է Հայաստանի անդամակցմանը ԼՂՀ-ի հետ, այդպե՞ս է:
-Ես չգիտեմ դա հաստատող որևէ պաշտոնական փաստաթուղթ, Ղազախստանի դեսպանությունը ևս նման տեղեկություն չունի: Ղազախստանը և Բելառուսն ունեն իրենց մոտեցումները Եվրասիական միությանը, որոնք նույնպես պետք է հաշվի առնվեն, որովհետև մեր քննարկումներն ավելի շահեկան ու բազմակողմանի են դարձնում: Եթե Լեռնային Ղարաբաղին որևէ վտանգ սպառնա, բոլոր այս խոսակցություններն ի չիք են դառնում: Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի անելու, որը սպառնա ԼՂՀ անվտանգության այսօր գոյություն ունեցող երաշխիքներին:
-ՈՒկրաինան Եվրասիակա՞ն միությանն է նախապատվությունը տալու, թե՞ գնալու է եվրաինտեգրման ճանապարհով:
-Մինչև տարեվերջ հստակ պատասխան կունենանք` ռուսակա՞ն, թե՞ եվրոպական ազդեցությունն է գերակշռելու: Ես կարծում եմ` ՈՒկրաինան հիմա դժվարին կացության մեջ է` մի կողմից ունենալով եվրապարտավորություններ, մյուս կողմից` Ռուսաստանը: Եվրասիական միությունն ՈՒկրաինայի անդամակցությամբ մեկ կառույց է, առանց ՈՒկրաինայի` մեկ այլ: Եթե ՈՒկրաինան դառնա Եվրասիական միության անդամ, Եվրասիական միությունը երբևէ կունենա իր մրցունակ տարադրամը, եթե չդառնա, ընդհանուր տարադրամի մրցունակության հնարավորությունը ներքին շուկայի փոքրության պատճառով վիճելի ու խոցելի է լինելու: Մեզ համար գլխավոր հարցը` որ մենք չսխալվենք, որովհետև եթե տարբեր ազդակներով կեղծ արժեքները իրական արժեքներից չտարբերենք, մեծ անհաջողություն կունենանք: Ավելի լավ է երկար քննարկել, հետո որոշում ընդունել:
-Իսկ մենք այդքան ժամանակ ունե՞նք:
-Մինչև տարեվերջ: Եվրասիական միությանն ավելի սերտ համագործակցելու տարբերակների փնտրտուքը Հայաստանում կավարտվի աշնանը և շնորհիվ մեր գիտնականների ուսումնասիրությունների, կարծում եմ, կկարողանանք պատասխանել այն հարցին, թե Եվրասիական միությանն անդամակցելու շահավետությունը որքան է: Եթե պարզվի, որ տնտեսապես շահավետ չէ, այս խոսակցություններն իմաստ չունեն:
-Նայած խնդրի ձևակերպման` ո՞րն է ելակետը. պարզել անդամակցության օգուտներն ու վնասնե՞րը, թե՞ պարզել անդամակցությունից հետո հնարավոր օգուտներն ու վնասները:
-Իրական որոշումների ընդունման համար օբյեկտիվ հիմքեր են պետք, Ձեր ասածը քարոզչության դաշտից է, որը իրական քաղաքականության հետ կապ չունի: Իրական քաղաքականությունը հենվում է սթափ քաղաքական ու տնտեսական հաշվարկների վրա: Ես կարծում եմ, որ և՛ Եվրոպական միության, և՛ Ռուսաստանի համար իրենց հետագա հարաբերությունները միմյանց հետ կարգավորելու գործընթացում շատ հետաքրքիր մոդել կարող է լինել Հայաստանին երկու կողմից էլ քարտ բլանշ տալը: Հայաստանն այսօր Եվրասիական տարածաշրջանում ամենաանպաստ դրության մեջ է գտնվում, բայց բարի կամքի արտահայտության պայմաններում կարող է դառնալ բաց տնտեսական գոտու օրինակ: Կոռուպցիայի խնդիրները կարգավորելը երկու քաղաքական բարձրագույն նպատակահարմարության պարտադրանքով բարդ չէ: Բայց այդ նպատակահարմարությունը մեկ դեպքում կարող է դրսևորվել` եթե իսկապես ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Ռուսաստանը ցանկանան Հայաստանն ունենալ որպես բաց, համարձակ գործընկեր: Հայաստանը կարող է դառնալ բաց տնտեսական շուկայի հիանալի օրինակ:

Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ