Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Գազային պատերազմներն» ու աշխարհի «ամենաարդար» դատարանը

«Գազային պատերազմներն» ու  աշխարհի «ամենաարդար» դատարանը
12.07.2013 | 13:06

Այսօր անհնար է գտնել թեկուզ մեկին, որը համակրանք տածի «Հայռուսգազարդ»-ի հանդեպ։ Այնինչ պիտի այդպես լիներ, քանզի շուրջ մեկ տասնամյակ կապույտ վառելիքի կարոտ հանրության ուսերին գազը, իր պատժիչ սակագնով, բարդվեց որպես ոչ այլընտրանք, ընդամենը որպես չարյաց փոքրագույն։ Սակայն պարզվում է, որ գազամատակարար մենաշնորհատերը` «Հայռուսգազարդը», զարմանահրաշ գործեր է իրականացնում, մասնավորապես ներքոհիշյալի մեջ հանդես է գալիս քրեաբնույթ քաղաքականություն իրագործող։ Զարմանալի է «Հայռուսգազարդ» ՓԲ և «ՀաՍաՌ» ՍՊ ընկերությունների միջև չավարտվող պատմությունը, ավելի ստույգ` զարհուրելի, գործի մարդու գործունեությունը խափանում է հենց այն կազմակերպությունը, որը, իր իսկ շահից ելնելով, պիտի ցանկացած գնով խթաներ այն։ Բանն այն է, որ «ՀաՍաՌ»-ը սպառողն է «Հայռուսգազարդի»։ Սակայն մեր հեղհեղուկ իրականությունում հաճախ գլխիվայր է շրջվում բանականն ու բարոյականը։ Եվ ցավալիորեն դրության տեր է դառնում հակաբանականն ու ապաբարոյականը։ Սակայն հետևենք «ՀաՍաՌ»-ի հիմնադիր և նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ոդիսականին։

-Գործարարությունը ամբարված է հայի գենոտիպում։ Դուք ինչպե՞ս սկսեցիք։
-Վանաձորից եմ ծնունդով, բանակից զորացրվելուց հետո անցա գործարարության։ Միտքը հասունացել էր զորանոցում, երբ կարդացի Ջեկ Լոնդոնի «Մեծ տան փոքր տիրուհին»։ Հերոսը զրոյից ֆերմերային տնտեսություն է ստեղծում, փորձեցի գնալ նրա ճանապարհով։ Նախ Վանաձորում հիմնեցի կուղբերի և խոշոր եղջերավոր անասունների բուծման տնտեսություն։ Ի դեպ, ուսանում էի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական բաժնում։ Երբ կուղբերիս գլխաքանակը հասավ 400-ի, առաջացավ ընդարձակվելու խնդիրը։ Այդ օրերին ծանոթ բժիշկներից մեկը նվիրեց Լուի Պաստորի գիրքը և ասաց, թե Լուի Պաստորը դարձավ բժշկության հայրը` լինելով քիմիկոս, դու շինարար ես, կդառնաս ճանաչված կենդանաբույծ։ Եվ խորացա կենդանաբանության հիմունքներում, արդեն իսկ գործնական լուրջ փորձ ունենալով թիկունքիս։ Մի խոսքով, փոխադրվեցի Ստեփանավանի շրջանի Գարգառ գյուղ, ավելի մոտ հումքային բազային։ Գետի ափին անօգտագործելի տարածք հատկացրին, ընտանյոք հանդերձ անցանք գործի։ Աշխատում էի գյուղի դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, երկար տարիներ զբաղվել եմ ազատ ոճի ըմբշամարտով։ Խորհրդային Միությունում սկսվել էր պարենային ծրագրի շրջափուլը, պետությունից խոզեր և խոզակեր վերցրի և ընդլայնեցի գործունեությունս։ Հետո հավի ճուտ էի աճեցնում, բրոյլեր ճուտիկներ, մի քանի հազար։ Վերակառուցման օրերին արդեն մեկ հա տարածք էինք մշակել և բազմաճյուղ տնտեսություն ստեղծել։ Մինչև երկրիս անկախացումը ունեի 1000 գլուխ կուղբ, խոզեր, ճտեր, շուրջ կես միլիոն դոլար գումարային արժեքով տնտեսություն։ Եվ հարգանք գյուղում ու շրջանում։

-Մեզ այցելեց «փափագելի հյուրը»` երկրի անկախացումը։
-Անկախության արշալույսը մեծ ոգևորությամբ դիմավորեցի, պատրաստ էի ողջ փորձս, հավատացեք` նաև ողջ ունեցվածքս ծառայեցնելու երկրիս։ Կառուցել էի բավականին տարողունակ ջերմոցներ, սակայն էներգետիկ ճգնաժամը վրա հասավ, բայց ի՜նչ իմանայի, որ այն խաղ ու պար էր համեմատած մարդկային ճգնաժամի հետ, որին դեռ առնչվելու էի։ Այդ տարիներին դյուրին մի բան էր ամենը վաճառել և Ռուսաստանում լուրջ գործարարությամբ զբաղվել։ Սկսեցի աճեցնել որակյալ պտուղ-բանջարեղեն ամառային ամիսներին, սպասելով ավելի բարվոք ժամանակների։ Կուղբերի ժամանակն անցավ, դա թանկ հաճույք էր օր օրի սնանկացող մարդկանց համար։ Փոխարենը զարգացրի խոզաբուծությունը, կովերի և ոչխարների գլխաքանակն էի ավելացնում, և աշխատում-ապրում էինք արժանապատիվ կյանքով։
-ՌԴ-ում աշխատեիր, որքա՞ն կշահեիր։
-Տասնապատիկը տնտեսապես, սակայն ինձ համար դա խորթ բան է, չէ՞ որ երկրի քաղաքացի լինելուց զատ, եղեռնին զոհ գնացած տոհմի շառավիղ եմ և հայրենիքի շենացումն ինձ համար առանձին խորհուրդ ունի։ Էներգետիկ ճգնաժամի ավարտից հետո ֆերմերային տնտեսությանս հիման վրա ստեղծեցի «ՀաՍաՌ» ՍՊԸ-ն, գազիֆիկացրի տնտեսությունս, աշխատեցի «Հայռուսգազարդի» հետ, երկար տարիներ փոխշահավետ համագործակցեցինք, նրանք գազ էին մատակարարում կանոնավորապես, ես կանոնավորապես սպառում էի և վճարում։
-Գումարային իմաստով որքա՞ն էր «ՀաՍաՌ»-ի սպառումը։
-Տարեկան շուրջ 25 հազար դոլարի գազ ենք սպառել, շրջանի ամենախոշոր գազ սպառողն էի։
-Հակամարտության ծագման մասին խոսենք։
-2007-ին մահացավ կինս, ծանր տարի էր առհասարակ, անասունների լուրջ անկում եղավ, բայց դիմագրավեցինք այդ ամենին։ Այնուհետև այցելեցի Լոռու ԳԳՄ-ի տնօրեն Վարդան Բաղդասարյանին մի խնդրանք-առաջարկով` թույլ տալ 2 մլն դրամը մուծել, մնացած տույժ-տուգանքը վճարել համաձայն ժամանակացույցի։ Կնոջս մահվան օրը Վարդան Բաղդասարյանը ինձ առաջին անգամ տուգանեց 1 մլն դրամի չափով, դիմելով դատարան։ Ես այդ պահին պիտի կռահեի, որ նա հետին մտքեր ունի, ես նրա հետ ընկեր էի, մենք երբևէ որևէ խնդիր չէինք ունեցել ոչ մարդկային, ոչ էլ գործնական հարաբերություններում։
-Որքա՞ն էր վճարելիք գումարը և որքա՞ն` տույժ-տուգանքը։
-5 մլն 300 հազար դրամ մայր գումարն էր, 1 մլն-ից քիչ ավելի` տույժն ու տուգանքը։ Ասացի ունեմ 2 մլն դրամ, վճարեմ դա, մնացածը մեկ ամսվա ընթացքում, բերքս պիտի վաճառեի և բավականին գումարներ ունեի ստանալու։ Գիտե՞ք` ինչն է գլխավորը. սեպտեմբերի վերջին օրերն էին, բույսերը ջերմության կարիք ունեին վերջնական հասունացման համար։ Ավելին, առաջարկեցի համապատասխան հանձնաժողով ձևավորել, ստուգել իրավիճակը և դրա համաձայն գործել։ Պատասխանեց. «Երևանցոց հարցնեմ, նոր պատասխանեմ, մենք ախպեր ենք, բայց չլինի, հանկարծ գազը չբացես...», որ էրեխեքս անհաց մնան։
-Ձեր առաջարկը օրենքի շրջանակներո՞ւմ էր։
-Լիուբոլ։ Դատարանը որոշել էր, որ սպառած գազի գումարները պարտավոր եմ վճարել, ուրիշ ոչինչ։ Այսպիսով չընդառաջեցին, բայց ինձ հաջողվեց գալիք բերքից և՛ պարտքերս մարել, և՛ տույժն ու տուգանքը, և՛ արդեն 2008-ի հոկտեմբերի 10-ի դրությամբ անգամ գերավճար ունեի։ Զարմանալին այն է, որ ցրտահարվելուց հետո միայն գազը միացրեց, սա ինչ-որ բանի մասին, իհարկե, հուշում է։

-Սևով սպիտակի վրա գրված է` կանխակալ վերաբերմունք է առկա։ Հետո։
-Նրանց էլ խնդրեցի գազի մատակարարումը վերսկսել, քանզի որևէ պարտք չունեմ և, ինչպես միշտ, վճարունակ եմ։ Առավոտյան գազամատակարար խողովակը զոդիչ սարքով տարանջատված էր, իմ տնտեսությունից զատ ևս 5 գյուղ մնացել էր առանց գազի, քանզի իմ գազամատակարարումը դադարեցնելու նպատակով 5 գյուղ նախ գազազրկեցին, զոդման միջոցով իմ խողովակը կտրեցին, հետո նոր վերականգնեցին գյուղերի գազամատակարարումը։ 10-12 ժամ գյուղերը մնացին առանց գազամատակարարման։ Սա բացահայտ կամայականություն էր։ Կռահելով, թե ինչ է կատարվում իրականում, ինչպես վերը նշեցի, վճարեցի բոլոր գումարները և 100 հազար դրամի չափով գերավճար ունեի։ Այստեղ հիշեցնեմ, որ «Հայռուսգազարդի» և «ՀաՍաՌ»-ի միջև կնքված պայմանագրի համաձայն նման դեպքերում ընդամենը փակվում է գազամատակարարումը` փականը փակելով, ոչ ավելի։ Նույն պայմանագիրը հստակ սահմանում է` գումարը վերականգնելուց հետո, ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, գազամատակարարումը պիտի վերականգնվի։ Եղա Վանաձորի Լոռու ԳԳԸ-ում, ներկայացրի անդորրագիրն ու խնդրեցի վերականգնել գազի մատակարարումը։ Ինձ Վարդան Բաղդասարյանը չընդունեց, նրա ժամանակը շատ էր թանկ։ Բարեհաճեց ընդունել վերջինիս տեղակալ Սերժիկ Մալաքյանը, որը առանց այլևայլության հայտարարեց, թե Երևանը 5 մլն դրամ է ուզում։
-Դա պայմանագրո՞վ է ամրագրված։
-Իհարկե ոչ, նման բան գոյություն չունի, դա բացահայտ ապօրինի պահանջ էր։ Բնականաբար, նամակով դիմեցի Վ. Բաղդասարյանին` նշելով, որ հոկտեմբերի 9-ին վճարել եմ 2 մլն դրամը և փաստաթղթերը ներկայացրել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ին և խնդրում եմ վերականգնել գազամատակարարումը։ Գրեցի երկրորդ նամակը և խնդրեցի պարզաբանել, թե այդ ո՞ր օրենքով են ինձնից պահանջում 5 մլն դրամ կանխավճար։
-Ի՞նչ կանխավճարի մասին է խոսքը։
-Բանավոր կերպով պահանջեցին 5 մլն դրամ կանխավճար մուծել։
-Հասկանալի է, տնտեսավարողին փորձել են գումարային բռնաճնշման ենթարկել։
-Իհարկե։ Գրեցի երրորդ նամակը առ այն, որ կամայականություն և ապօրինություն են թույլ տալիս։ Դարձյալ միևնույն պատասխանը։
-Բարի, թերևս մեջբերումներ կատարենք առկա փաստաթղթերից։


«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի տնօրեն Վ. Բաղդասարյանին նույն մարզի Գարգառ գյուղի «ՀաՍաՌ» ՍՊԸ-ի տնօրեն Ս. Հարությունյանից
Դիմում
(16.10.08 թ.)
Համաձայն Ձեր 13.10.08 թիվ 29.09.05/1000 գրության` մեզ պահանջ եք ներկայացրել, ըստ որի մեր ՍՊԸ-ի կողմից պետք է կատարվի կանխավճար, բանավոր պահանջել եք նաև, որ այն պետք է լինի 4,5 (չորս միլիոն հինգ հարյուր հազար) դրամի չափով, որը 8 ամիսների վճարի գումարն է` հոկտեմբերից մայիս։ Պահանջել եք նաև, որ պետք է գրավադրվի շարժական կամ անշարժ գույք։ Հիշատակել եք, որ Ձեր պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածից, սակայն 226-րդ հոդվածի առաջին, երկրորդ կետերը խոսում են գրավի հասկացության մասին, իսկ 335-րդ հոդվածի 1-ին մասը խոսում է նախավճարի հասկացության մասին։ Նշված հոդվածներից և ոչ մեկը մեր միջև կնքված պայմանագրի հետ չի առնչվում և չի հասկացվում օրենսդրությամբ, որ կետից է բխում Ձեր պահանջը։ Այն չի բխում մեր պայմանագրից և չի կարող օրինական համարվել։ Ավելին, Ձեր պահանջը չի բխում Ձեր իսկ հիշատակած 395 հոդվածից, քանի որ այն չի համապատասխանում նախավճարի մասին համաձայնության ձևին։ Բոլոր անհրաժեշտ վճարները մեր ՍՊԸ-ի կողմից կատարվել են։ Դուք պարտավոր էիք վճարումը կատարելուց հետո 6.6 կետի համաձայն` ոչ ուշ, քան 36 ժամվա ընթացքում, այսինքն` ոչ ուշ, քան 16.10.08 թ. վերականգնել մեր ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։ Հայտնում եմ, որ ջերմոցի ցանքսը ամբողջությամբ կատարված է, աշխատանքները կատարվում են ժամանակին և բույսերն առողջ են։ Գազամատակարարումն ուշացնելու դեպքում կարող է վնասվել ամբողջ բերքը, որի ողջ պատասխանատվությունը կընկնի Ձեզ վրա։

***
«Հայռուսգազարդ» ՓԲԸ
Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղ
21.10.2008 թ.
«ՀաՍաՌ» ՍՊԸ տնօրեն
Պարոն Ս. Հարությունյանին

Ի պատասխան Ձեր դիմումի (Լոռու ԳԳՄ-ում գրանցված 17.10.2008 թ.) կից ներկայացնում ենք կանխավճարի վերաբերյալ գրավոր համաձայնությունը (լրացուցիչ համաձայնագիր)։
Առաջարկվում է 3-օրյա ժամկետում ստորագրել (կնքել) այն։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ, բնական գազի մատակարարման պայմանագրի 6.9 կետի համաձայն, «բաժանորդի դրամական պարտավորությունների կատարումը կողմերի գրավոր համաձայնությամբ կարող է ապահովվել ՀՀ օրենքներով սահմանված եղանակներով։
Մատակարարի նախաձեռնությամբ կարող են սահմանվել մատակարարման ենթակա բնական գազի համար նախապես վճարելու կամ կանխավճարը կատարելու պայմաններ»։

Վերոհիշյալ ժամկետում համաձայնագիրը չկնքելու (չստորագրելու) կամ գրավոր առարկություն չներկայացնելու դեպքում պայմանագիրը կհամարվի կնքված։
Հարկ է նշել, որ Ձեր ընկերության կողմից դեռևս չեն վճարվել 192804 դրամ հաշվարկված տույժի և 42420 դրամ մեր կողմից նախապես վճարված պետտուրքի գումարները։ Այսուհանդերձ նշված գումարները վճարելուց, կանխավճարի վերաբերյալ համաձայնագիրը կնքելուց և համաձայնագրով նախատեսված չափով կանխավճարը վճարելուց հետո միայն Ձեր ընկերության գազամատակարարումը կվերսկսվի։
Տնօրեն` Վ. Բաղդասարյան

-Թողնելով եզրահանգումները դատական վերին ատյանին, այսուհանդերձ չեմ կարող չնշել, որ «Հայռուսգազարդը» խոշոր գազ սպառողի հանդեպ այնքան էլ բարեկամաբար չի տրամադրված և աջակցելու փոխարեն ընտրել է բյուրոկրատական քաշքշուկի մարտավարությունը։ Սա իր հերթին։ Սակայն Ձեր դեպքը արդյո՞ք եզակի է։
-Գյումրու ջերմատներից մեկը լուծարվեց նման հետևողական քաշքշուկի և ճնշումների պատճառով։ Նա ձմռան շեմին մնաց առանց գազի, ողջ բերքը ոչնչացավ, ջերմոցների ապակեպատ մակերեսները փլուզվեցին, վերջնարդյունքում սեփականատերը ստիպված էր ջերմոցները վաճառել մաս-մաս, որպես մետաղի ջարդոն։
Ահա մի հատված բնական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագրից.
ա) նախքան իրեն պատկանող ջերմոցային տնտեսության գազամատակարարումը վերսկսելը Բաժանորդը Մատակարարի համապատասխան բանկային հաշվին է փոխանցում 4 մլն 400 հազար դրամ` որպես կանխավճար կամ Մատակարարի մոտ գրավադրում է ջեռուցման սեզոնում սպառվելիք բնական գազի արժեքին համարժեք գույք` այս դեպքում գույքի գրավադրման հետ վճարելով նաև կանխավճար` 1 մլն դրամի չափով, ընդ որում` գույքի վիճակը պետք է համապատասխանի մատակարարի առաջադրած պահանջներին։
բ) Կանխավճարն ամբողջությամբ վճարելուց և այդ մասին պատշաճ տեղեկացնելուց հետո (գույքի գրավադրման դեպքում նաև գրավի պայմանագիրը կնքելուց և գրավի առարկան հանձնելուց հետո) Մատակարարը 36 ժամվա ընթացքում վերսկսում է Բաժանորդի գազամատակարարումը։
(շարունակելի)


Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ