Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան»

«40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի  ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան»
12.07.2013 | 13:29

Երևանում հունիսի 22-ին բացվել է պրոֆեսոր Էդուարդ Ավետիսովի անվան «Աչքի միկրովիրաբուժության և երեխաների տեսողության պահպանման կենտրոնը», որը ստեղծվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ և համարվում է այդ ինստիտուտի մասնաճյուղը:
«Էդուարդ Ավետիսովը համաշխարհային մեծության մանկական ակնաբույժ է: Կարելի է ասել` շլության բուժման, մանկական ակնաբուժության հիմնադիրներից մեկն է: Կենտրոնի մանկական բաժանմունքը գործում է ռուսական ակնաբուժության լավագույն ավանդույթների հիման վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ակնաբուժական կենտրոնի ղեկավար, ակնաբույժ, լազերային վիրաբույժ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նշելով, որ կենտրոնի գլխավոր առանձնահատկություններից մեկը բացառիկ սարքավորումներն են: «Ակնաբուժության մեջ կարևոր նշանակություն ունեն սարքերը, որովհետև գործ ունենք փոքր օրգանի հետ, փոքր միկրոհյուսվածքների, որոնք ունեն մանրամասն զննության կարիք: Իհարկե, ես չեմ ուզում նվազեցնել մասնագետների դերը, դա ամենակարևորն է, շեշտում եմ, որ մեր կենտրոնը գործում է Ռուսաստանի ինստիտուտի հետ համատեղ, և մեր բոլոր մասնագետները վերապատրաստվում են այդ ինստիտուտում»:
Ակնաբուժական կենտրոնը հագեցած է Carl Zeiss, Alcon, Tomey և հայտնի այլ ընկերությունների ժամանակակից սարքավորումներով:
«Այստեղ կան նոր սարքավորումներ, որ չկան հայաստանյան որևէ այլ կլինիկայում, մասնավորապես Ambliocor կոչվող սարքը, որը հնարավորություն է ստեղծում կատարելու տեսողության վերականգնում հատուկ վարժությունների միջոցով»,- հավելեց Նազելի Բաղդասարյանը:
Նորագույն սարքավորումները չեն ազդելու գնային քաղաքականության վրա` կենտրոնի ակնաբուժական ծառայությունները կարժենան այնքան, որքան մյուս կլինիկաներում: Կգործեն նաև պետպատվերով նախատեսված ծառայություններ:
Նորագույն տեխնիկան հնարավորություն կտա վաղ հայտնաբերելու աչքի հիվանդությունները, կանխարգելելու և բուժելու դրանք, ինչպես նաև իրականացնելու Հայաստանում երբևէ չկատարված վիրահատություններ:
Մասնագետները փաստում են, որ ակնաբույժի պետք է դիմել մշտապես, մանկությունից մինչև խոր ծերություն, 40 տարեկանից հետո` պարտադիր, եթե նույնիսկ հարյուր տոկոսով առողջ են:

-Ի՞նչ տարածում ունեն աչքի հիվանդությունները մեր օրերում:
-Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գնալով ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից չնախատեսված, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Եթե տասը տարի առաջ անգամ մեծահասակներից շատերը բջջային հեռախոսից չէին օգտվում, հիմա շատ փոքր տարիքից բջջային հեռախոս ունեն, էլ չենք խոսում համակարգչի ազդեցության մասին, հեռուստացույցի և այլն: Արդյունքում` տեսողական խնդիրներն ավելացել են, և սկսել են դրսևորվել ավելի վաղ տարիքից:
-Կարո՞ղ ենք ասել, որ երիտասարդացել են աչքի հիվանդությունները:
-Բոլոր հիվանդություններն են երիտասարդանում, այդ թվում` աչքի հիվանդությունները` տեխնիկայի այս գլոբալ զարգացմանը զուգընթաց:
-Իսկ գենետիկ նախատրամադրվածության մասին ի՞նչ կասեք:
-Ցանկացած գենետիկ գործոն սկսում է դրսևորվել, եթե կան նպաստավոր պայմաններ: Ասենք, եթե երեխան ունի գենետիկ նախատրամադրվածություն և ապրում է ժամանակակից միջավայրում, բնականաբար, խնդիրներ կունենա: Եթե նույն երեխան ապրեր քաղաքակրթությունից հեռու, հնարավոր է, տեսողական որևէ խնդիր չունենար:
-Ժամանակակից միջավայր ասվածը միայն տեխնոհագեցվածությամբ չի սահմանափակվում: Հավանաբար հիվանդությունների ավելացման ու երիտասարդացման նաև ա՞յլ պատճառներ կան:
-Մասնագետները տարբեր կարծիքներ են հայտնում, հիվանդությունների հաճախացումը հատկապես կապվում է էկոլոգիական պայմանների վատթարացման հետ` օդի աղտոտվածության, էկոլոգիապես անմաքուր, ոչ լիարժեք սննդի և այլն:

-Թե՛ կենցաղում, թե՛ աշխատավայրում գրեթե անհնար է խուսափել համակարգչից, ի՞նչ կարելի է անել տեսողությունը հնարավորինս պաշտպանելու համար:
-Կարևոր նշանակություն ունի օգտագործման տևականությունը: Համակարգչով աշխատելիս պետք է հնարավորություն տալ աչքերին հանգստանալու: Ժամը մեկ ընդմիջել աշխատանքը, ժամանակ առ ժամանակ աչքերը հեռացնել էկրանից և նայել հեռու։ Բացի նրանից, որ համակարգիչը ազդում է աչքերի վրա որպես սարք, տեսողական խնդիրների պատճառ է դառնում նաև համակարգչի էկրանին երկար ժամանակ մոտ տարածությունից անթարթ ու լարված նայելը: Առաջանում են աչքերի չորություն, հոգնածություն: Այսօր լայն տարածում ունի «չոր աչքի» սինդրոմը, որին նպաստում են նաև մեր երկրի չոր կլիման, ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը (որպես բարձրադիր գոտի), փոշոտ միջավայրը, աղտոտված օդը: Սրանք բոլորը փոխկապակցված են: Առաջանում են մրմուռ, տհաճության զգացում (հատկապես առավոտյան), օդի հոսքից սառչելու զգացում: Նման դեպքերում կարելի է օգտագործել խոնավացնող կաթիլներ` արցունքաբեր պրեպարատներ:
-Աչքի հիվանդություններն իրենց հերթին ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:
-Տեսողության միջոցով մարդը ստանում է արտաքին միջավայրի մասին ինֆորմացիայի 80 տոկոսից ավելին, ինձ թվում է, դրանով ամեն ինչ ասված է: Տեսողական խնդիրներն ազդում են նյարդային համակարգի, տրամադրության, հոգեբանության, տարածության մեջ կողմնորոշվելու, սոցիալական ադապտացիայի և շատ օղակների վրա` մեծապես իջեցնելով մարդու կյանքի որակը:
-Ինչպե՞ս պետք է կողմնորոշվել` ո՞ր կենտրոնի ծառայությունից օգտվել, ո՞ր մասնագետին դիմել: Կարծում եմ` շատերին կհետաքրքրի այս հարցը:
-Մեր քաղաքացիները չեն զլանում, պտտվում են բոլոր կլինիկաներում, հարցեր են տալիս, ճշտում են ամեն մի մանրուքը և վերջում կատարում են իրենց ընտրությունը: Իհարկե, այս դեպքում մեծ դեր ունի նաև շրջապատի կարծիքը: Երբ մարդը որևէ ծառայությունից գոհ է լինում, ուզում է հայտնել այդ մասին ընկերներին, բարեկամներին:

Ժամանակակից ակնաբուժության մեջ մեծ տեղ է զբաղեցնում լազերային վիրաբուժությունը: Վիրահատություններ են կատարվում նաև, այսպես ասած, «առողջ աչքի» վրա` շտկելու համար հեռատեսությունը, կարճատեսությունը, աստիգմատիզմը: Ի՞նչ կասեք այս մասին: Լազերային վիրահատության միջոցով հնարավոր է իրականացնել տեսողության լազերային շտկում և ազատվել կորեկցիայի մյուս տարբերակներից` ակնոցներից, լինզաներից: Կան դեպքեր, երբ ո՛չ ակնոցները, ո՛չ լինզաները կիրառելի չեն, և լազերային կորեկցիան տեսողության շտկման միակ միջոցն է:
-Վիրահատությունն այս դեպքում ծայրահեղ միջոց չի՞ համարվում:
-Ծայրահեղ միջոց չէ, ունի բարդությունների շատ փոքր տոկոս:
Լազերային կորեկցիայի պարագայում ոչ միշտ է անհրաժեշտ բժշկական ցուցում: Դա հիվանդի որոշումն է:
-Իսկ ո՞րն են ընտրում մեր քաղաքացիները հիմնականում:
-Նկատվում է լազերային կորեկցիայի ընտրության միտում:
-Ի՞նչ կասեք աչքերի ամբողջական հետազոտության ժամանակակից մեթոդների մասին:
-Աչքերի մասին ընդհանուր, ճիշտ պատկերացում կազմելու համար, տեսողությունը ստուգելուց զատ, հարկ է դիմել քննության այլ մեթոդների: Պետք է ուշադրություն դարձնել աչքերի ճնշմանը: Գոյություն ունեն աչքերի ճնշման չափման տարբեր ձևեր` կոնտակտային և ոչ կոնտակտային: Նախապատվությունը տրվում է ոչ կոնտակտային մեթոդներին, քանի որ յուրաքանչյուր կոնտակտ ինֆեկցիայի վտանգ է ներառում, նաև տհաճություն է պատճառում հիվանդին: Մեր կենտրոնում հնարավոր է աչքերի ճնշումը չափել ոչ կոնտակտային մեթոդով, օդի միջոցով: Կա այսպիսի հասկացություն` աչքի անհատական անվտանգ ճնշում: Մեկի համար դա 10 մմ սնդիկի սյունն է, մյուսի համար` 20-ը, դիապազոնը շատ մեծ է: Միայն մեր կենտրոնում կա սարք, որ կարող է որոշել տվյալ մարդու ներակնային անվտանգ ճնշումը և որոշել` իր համար այդ պահին անվտանգ ճնշումը որքա՞ն է տարբերվում փաստացի ճնշումից: Օրինակ, չափում ենք այցելուի ներակնային ճնշումը, այդ պահին աչքն ունենում է 20 մմ սնդիկի սյան ճնշում, բայց անհատական անվտանգ ճնշումը 12 է: Այդ տարբերությունը հիմք է տալիս ենթադրելու, որ աչքի ճնշումը վնասում է տեսանյարդին:
-Ի՞նչ պետք է անել կարգավորելու համար աչքի ճնշումը:
-Աչքի ճնշման իջեցման համար կան հատուկ դեղորայքներ, որ կարելի է կաթեցնել և դրանով հարցը լուծել: Միայն այն դեպքում, երբ դեղորայքը ազդեցություն չի ունենում, դիմում ենք վիրահատական միջամտության:

-Ե՞րբ են դիմում ակնաբույժին մեր քաղաքացիները, աչքի ո՞ր հիվանդություններն են տարածված, և ո՞ր ախտանիշների դեպքում պետք է հատկապես անհանգստանալ ու դիմել մասնագետին:
-Սովորաբար դիմում են նախադպրոցական տարիքում, եթե ծնողները մինչ այդ որևէ խնդիր չեն նկատում: Դրանից հետո տարին մեկ նախատեսվում են պրոֆիլակտիկ ստուգումներ բոլորի համար: Աչքի հիվանդություններից ուզում եմ առանձնացնել գլաուկոման` աչքերի ճնշման բարձրացումը և դրանով ուղեկցվող հիվանդությունը, որովհետև գլաուկոմայից առաջացած տեսողության իջեցումը չի վերականգնվում: Աչքերի ճնշման բարձրացումը չի ուղեկցվում որևէ զգացողությամբ, հիվանդությունը զարգանում է աննկատ, առանց նշանների: Ճնշման պատճառով տեսադաշտը նեղանում է կողքերից, խնդիրը նկատվում է, երբ մոտենում է կենտրոնին, երբ տեսանյարդի մեծ մասն արդեն վնասված է լինում, և մենք կարող ենք պահպանել միայն եղած փոքր տեսադաշտը: Մանավանդ, եթե կա գենետիկ նախատրամադրվածություն, պետք է շատ զգույշ լինել, գլաուկոման պետք է վաղ հայտնաբերել, վաղ միջամտել, եթե դրա անհրաժեշտությունը կա, և ամբողջ կյանքում հետևել հիվանդին: Պրոֆիլակտիկան այս դեպքում շատ ակտուալ է, մանավանդ 40 տարեկանից հետո բոլոր մարդիկ պետք է իրենց աչքի անվտանգ ներակնային ճնշման մասին պատկերացում ունենան: Լայն տարածում ունի նաև կատարակտը, որը համարվում է տարիքային հիվանդություն: Բուժումը միայն վիրահատական է: Վիրահատությունը տևում է 5 րոպե, տեղադրվում է արհեստական թափանցիկ ոսպնյակ, որ մնում է ամբողջ կյանքում:
-Աչքի հիգիենա ասվածը ի՞նչ է ենթադրում:
-Մեր օրերում մեծացել է աչքի ուլտրամանուշակագույն ճառագայթման գումարային մակարդակը: Օզոնային շերտը, որ պաշտպանում է երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, հիմա շատ բարակ է, որոշ տեղերում բացակայում է, իսկ այդ ճառագայթները խիստ բացասական ազդեցություն ունեն աչքի ցանցաթաղանթի վրա: Պետք է խուսափել արևից, կրել մուգ, պաշտպանիչ ֆիլտր ունեցող ակնոց: Լույսի աղբյուր են նաև վերոնշյալ տեխնիկական սարքերը: Համակարգչի մոտ ողջ օրը աշխատող մարդիկ նույնպես պետք է կրեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոցներ:
Նաև պետք է լրացվեն օրգանիզմի այն վիտամինները, որոնք պաշտպանում են աչքերը այդ ճառագայթներից: Լյուտեինի մասին է խոսքը. եթե սննդի մեջ լյուտեինի քանակը բավարար չէ, բնական անջրպետը, որ այդ նյութն առաջացնում է աչքի մեջ, պետք է անընդհատ վերականգնել: Սննդամթերքներից խորհուրդ եմ տալիս օգտագործել սպանախ, որն ունի լյուտեինի մեծ քանակություն, նարնջագույն պղպեղ, մանդարին, գազար: Առհասարակ նարնջագույն մթերքները օգտակար են տեսողության համար:
-Կոսմետիկ միջոցների մասին ի՞նչ կասեք: Դիմահարդարները վկայում են, որ համակարգչի առջև երկար նստելը նպաստում է կնճիռների առաջացմանը ճակատի վրա և աչքերի շուրջը: Որպես ակնաբույժ` ի՞նչ կասեք:
-Խորհուրդ չի տրվում կոսմետիկա օգտագործել կոպեզրի վրա:
Աչքն ունի ճարպային գեղձեր, որոնց ծորանները բացվում են կոպեզրի վրա, պետք է ազատ թողնենք, որ աշխատեն: Դրանց աշխատանքից է կախված արցունքային շերտի բավարար լինելը: Իսկ դրսի շպարը, եթե ալերգիա չի առաջացնում, որևէ վտանգ չի ներկայացնում աչքերի համար:
-Աչքի բորբոքային հիվանդությունների մասին ի՞նչ կասեք, օրինակ, ինչպե՞ս տարբերել դրանք «չոր աչքի» սինդրոմից:
-Շատ տարածված են աչքի վիրուսային բորբոքումները, որոնք փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, և կոնտակտային` ձեռքերի միջոցով: Առաջացնում են աչքերի կարմրություն, թեթևակի արտադրություն, ցավ և պահանջում են ճիշտ ախտորոշում: Նշված ախտանիշների դեպքում պահանջվում են մասնագետի խորհրդատվություն և հատուկ դեղորայք:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 9784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ