Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»

«Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը»
12.07.2013 | 13:50

Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր և ռեժիսոր, թատերագիր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում:
«Խավարումը» պատմում է 1915-ին Արևմտյան Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին: Դեպքերը տեղի են ունենում Կարմիր խաչի ճամբարում, ուր բերում են ծնողազուրկ երեխաների: Նրանց զգեստափոխում են, կերակրում, հետո ուղարկում տարբեր երկրներ:
«Պատմությունը պետք Է հենց այսպես պատմել, առանց արյունահեղության տեսարանների»,- համոզված է դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: Նրա կարծիքով` ողբերգությունը որբերի աչքերում շատ ավելի խոր է արտահայտվում, քան դաժանություններ պատկերող տեսարաններում: Ֆիլմը նկարահանվել է Աշտարակից Նոր Երզնկա տանող ճանապարհին, այն օրերին, երբ կարկուտը մեծ ավերածություններ գործեց մեր երկրում: Կարելի է ասել` եղանակն էլ մասնակցեց մեր ֆիլմին իր «էմոցիաներով»: Նկարահանման երեք օրերին տարվա բոլոր եղանակները զգացինք»:
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում են ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ և ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Ցեղասպանությունն ապացուցված է պատմական փաստերով, բայց Հայկական հարցի լուծման առումով դեռևս տեսանելի տեղաշարժեր չկան: Ի՞նչ կարող է և ի՞նչ պետք է ասի կինոն միջազգային հանրությանը:
Ա. Ե.- Նույն բանը պետք է կինոլեզվով ասվի: Լենինը (ինչքան էլ նրան փնովենք) ասում էր` կինոն ամենաազդեցիկ արվեստն է: Կինոյի միջոցով շատ ավելին կարելի է անել, քան դիվանագիտական լծակների: Այն էմոցիաներ է առաջացնում և ազդում է մեծ զանգվածների վրա:
Ա. Հ.- Կինոն շատ ճիշտ լեզու է այս թեման ներկայացնելու, ուղղակի այնպես պետք է խոսել, որ հակառակ ազդեցությունը չունենա: Միջազգային հանրությունը միայն մենք չենք, որ ունենք ցավ, էմոցիաներ, որ մեր կաշվի վրա զգացել ենք ցեղասպանությունը: Որքան էլ հարուստ է կինոյի լեզուն, պետք է զգույշ և նրբանկատ լինել, մի բան, որ փորձել ենք անել, իսկ թե որքան է հաջողվել, ցույց կտա ֆիլմի ճակատագիրը: Համենայն դեպս, պրեմիերայից հետո հետաքրքիր արձագանքներ են եղել:
-Ինչպե՞ս եք գնահատում ցեղասպանության թեմայով հայ ռեժիսորների մինչ օրս ստեղծած ֆիլմերը:
Ա. Ե.- Կինոն արվեստ է, իսկ արվեստի լեզուն ուրիշ է, ոչ թե փաստը պետք է արձանագրես, այլ վերաբերմունքը: Շատ պարզունակ ենք ուզում տեսնել այդ ամենը, Ցեղասպանություն ասելիս մենք անպայման ուզում ենք տեսնել արյուն, հղի կանանց, որոնց բռնաբարում են: Դա արդեն ցուցադրվել է և առանձնապես էմոցիա չի առաջացնում, առավել ևս հայ հանդիսատեսի շրջանում: Եթե մենք ավելի սթափ նայենք հարցին, կինոն դրանից կշահի:
-Հրեաների ստեղծած ֆիլմերի մասին ամբողջ աշխարհն է խոսում, մեր ֆիլմերից ո՞րը կարող ենք առանձնացնել:
Ա. Հ.- Մենք հրաների պես չենք կարող ամբողջ աշխարհին ցույց տալ այն, ինչ ուզում ենք: Դա խոսում է հրեաների համախմբվածության մասին, ազգային գաղափարախոսության, որ մի ամբողջ ուժ է ներկայացնում: Ես չեմ ուզում թերագնահատել մեր ուժը, աշխարհասփյուռ հայությանը, բայց, կարծում եմ, մենք ունենք այդ խնդիրը` ավելի կազմակերպվելու, համախմբվելու ինչ-որ գաղափարի շուրջ:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կարո՞ղ ենք ներկայացնել լավ ֆիլմ` մեր ուժերով: Թե՞ անպայման դրսի կինոգործիչների մասնակցությունն է պետք:
Ա. Հ.- Անհրաժեշտություն չկա դրսից մարդ հրավիրելու, որ խոսի մեր ցավի մասին, պատմի մեր պատմությունը: Մեզ մոտ կան մարդիկ, որ կարող են պատմությունը ներկայացնել այնպես, որ հասնի նպատակակետին, դիպչի մարդկանց սրտերին: Պետք չէ, որ դրանով հեղափոխություն արվի:
-«Խավարումը» ի՞նչ ճանապարհ է անցնելու, կներկայացվի՞ արդյոք միջազգային փառատոների:
Ա. Հ.- Անշուշտ, որովհետև իսկապես ցանկություն կա, որ ֆիլմը ներկայացվի միջազգային հանրության դատին: Եվ կարծում եմ, այս ֆիլմի պարագայում երկրորդ կարծիք չի կարող լինել, անկախ ազգությունից: Ինչպե՞ս կարող է որևէ մեկը կողմ լինել պատերազմին ու դրա հետևանքներին:
-Ֆիլմում հայ որբուկներից մեկը կորցնում է գաղթի ճանապարհից իր հետ բերած փամփուշտները, որով սպանել էին ծնողներին: Երբ փորձում են գտնել փամփուշտները` մեղմելու համար տղայի աղեկտուր լացը, պարզվում է` բոլոր փոքրիկներն իրենց մոտ փամփուշտներ ունեն` մեկ, երկու և ավելի: Իրական որևէ հիմք ունի՞ այս պատմությունը:
Ա. Ե.- Ոչ, հնարովի է, բայց գուցե և նման բաներ տեղի են ունեցել:
Ա. Հ.- Այս երեխաները կորցրել են ամեն ինչ` ծնողներին, հարազատներին, բնակավայրը, ապրում են օտար ափերում, օտար մարդկանց մեջ: Աշխարհասփյուռ հայերը նման ճակատագիր ունեցող մարդիկ են: Այդ փամփուշտների մեջ են ողբերգությունը, վրեժը, հիշողությունը:
-Համացանցն այսօր ապահովում է մեծ դիտում, ֆիլմը կտեղադրվի՞ վիրտուալ տարածքում:
Ա. Հ.- Մի քանի փառատոների մասնակցելուց հետո անպայման կհայտնվի համացանցում` իր պաշտոնական էջով:
-«Խավարում» ֆիլմի ստեղծմանը էական մասնակցություն է ունեցել Արշալույս Հարությունյանը: Կարծում եմ` ընթերցողին կհետաքրքրի` ո՞րն է այդ դերը:
Ա. Հ.- Չէի ուզենա ինձ առանձնացնել: Նախագծի ընթացքում, սկսած սցենարի ընթերցումից, ստեղծագործական կազմը, տեխնիկական անձնակազմը, բոլորն այնպիսի էներգիայով են աշխատել, այնպիսի հոգեկան ներդրումով, որ ուղղակի աննկարագրելի է: Մենք երեխաներին հեքիաթ պատմելով կադր էինք ստանում, նրանք չէին գիտակցում, թե ինչին են մասնակցում, երևի զգացիք` ինչպիսի՜ աչքեր կան այդ ֆիլմում, ի՜նչ երեխաներ: Տեսախցիկի մի կողմում դերասաններն էին, մյուս կողմում` սպասարկող անձնակազմը, մոտ 40 հոգի, բոլորը լաց էին լինում: Իմ անձը առանձնացնել չէի ուզենա, կարևորը ֆիլմի ստեղծման ընթացքն էր, շատ անկեղծ էր ու ազնիվ:
Ա. Ե.- Արշալույսի դերը դժվար է ներկայացնել, նախապատրաստական աշխատանքներից մինչև վերջ եղել է իմ կողքին և, անգնահատելի է իր դերը: Ամեն ինչին լավ իմաստով խառնվում է և շատ արդյունավետ:
-Այսինքն` Ձեր օգնակա՞նն է:
Ա. Ե.- Իմ երկրորդ ես-ը:
-Պարոն Երնջակյան, ցեղասպանությանը նվիրված Ձեր մյուս ֆիլմը լիամետրաժ է լինելու: Նախագիծը ներկայացված է մրցույթի: Սցենարին մի փոքր կծանոթացնե՞ք:
Ա. Ե.- Ֆիլմը կոչվելու է «Ջրհեղեղ»: Դեպքերը տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, որտեղ հայաբնակ գյուղի բնակիչներից մեկը տապան է պատրաստում: Ավելին չեմ ասի:

Հարցազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2185

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ