Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»

«Ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները»
12.07.2013 | 23:24

«ՖԻԼՄԻ ՌԵԺԻՍՈՐՆ ԻՆՁՆԻՑ ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՑ ՈՒ ԻՆՔՆ ԷԼ Է ԼՌՈՒՄ»

Անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին բնութագրել են իբրև կինոբանաստեղծության, կինոպոեմի վարպետ, կինոգեղագետ: Սերգեյ Փարաջանովը նրան անվանել է բացառիկ հանճար: «Փելեշյանի լռությունը» ֆիլմի ռեժիսոր Պիետրո Մարչելլոն ` փորձելով բացահայտել ռեժիսորի լռության գաղտնիքը, հետաքրքիր եզրահանգման է եկել. Փելեշյանի լռության մեջ գաղտնիքներ չկան, գաղտնիքը նրա հանճար լինելու մեջ է:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հետահայաց ցուցադրությունների միջոցառման շրջանակում ներկայացվեցին Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», և «Կյանքը» ֆիլմերը: Տեղի ունեցավ նաև հանդիպում անվանի ռեժիսորի հետ: Մաեստրոն պատասխանեց լրագրողների հարցերին: Իր խոսքը նա սկսեց հումորով, նկատեց, որ ցուցադրվում են իր այն ֆիլմերը, որոնք երիտասարդ տարիներին է նկարահանել, 30, 40, 50 տարի առաջ: «Այն ժամանակ երիտասարդ էի, գանգուր մազեր ունեի, սանր չունեի, հիմա սանր ունեմ, մազեր չունեմ»,- ասաց նա: Տեխնիկական խնդիրներին էլ անդրադարձավ, ասաց` և ժապավենն է բերել, և dividi-ն, ժապավենով ձայնն է վատ, dividi-ով`պատկերը:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԹԵԿՈՒԶ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ ԼԻՆԻ»

Արդեն երկար տարիներ կինոսիրողները սպասում են Փելեշյանի նոր ֆիլմին: Հարց է առաջանում`«Վերջը» ֆիլմը վերջակե՞տ է, թե՞ ստորակետ: Շարունակություն է` ասում է ռեժիսորը: Եթե նորից նկարահաներ «Տարվա եղանակները», ոչինչ չէր փոխի, ֆիլմը մարդկանց է վերագրվում, իսկ մարդիկ չեն փոխվել` համոզված է նա:

Եթե այսօր ֆիլմ նկարահաներ Հայաստանի մասին, կանդրադառնար բնությանը:
«Ըստ Ձեզ` 21-րդ դարի առաջին տասնամյակի ամենամեծ նվաճումը ո՞րն է» հարցին պատասխանեց հումորով` «Որ կենդանի ենք մնացել»:

Կինոաշխարհում գոյություն ունեցող փելեշյանի փիլիսոփայություն արտահայտությունը փորձեց բնորոշել մեկ բառով` «Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես պետք է լինի, թեկուզ ընդհակառակը լինի»:

«Պիետրո Մարչելլոյի Ֆելեշյանի լռությունը նայե՞ լ եք, համաձա՞ յն եք այնտեղ նկարագրված ձեր լռության հետ» հարցին անդրադառնալով` ասաց. «Գիտեք ինչ, նայել եմ այդ ֆիլմը: Վերնագիրը` «Փելեշյանի լռությունը», պահանջում է, որ փոքր ինչ մոտեցում, բացատրություն լինի, թե ինչո՞ ւմ է կայանում լռության գաղտնիքը, բայց ֆիլմի ռեժիսորը ինձնից օրինակ է վերցրել ու ինքն էլ է լռում: Դա իր լռությունն է, ոչ թե Փելեշյանի»:

Փելեշյանի ֆիլմերում տեղ գտած ազգային տարրերը խոսակցությունների առիթ չեն տվել: Միայն մի դիպված է եղել. ռեժիսորին հասկացրել են, որ անհամեստություն է նման վերնագիր դնելը` «Մենք»: «Իմ կարծիքով նեղ են մոտեցել հարցին, ֆիլմին վերաբերվելով` մենք` հայերս, ես նկատի եմ ունեցել` մենք` մարդիկ, մարդկությունը, որի մի մասն են հայերը»,- ասաց նա:

ԲԱՌԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Իմ ֆիլմերում բառեր չկան, որովհետև դրա կարիքը չի եղել: Բայց բառերը շատ կարևոր են: Գիտե ՞ք ես ինչու չեմ օգտագործել բառեր: Բառը օգտագործելը պահանջում է այնքան տևողությամբ պատկեր, որքան կտևի խոսակցությունը: Իսկ դա խանգարում է կերպար ստեղծելուն, դրա համար ես հրաժարվել եմ բառերից:

Պատկերները, գործողությունը, ձայները, հնչյունը, աղմուկը, երաժշտությունը միասին խոսում են ավելի շատ, քան բառերը:

Օգտագործելով երաժշտություն, պատկերներ և այլն, այսպես ասեմ` ես ստեղծում եմ էմոցիոնալ դաշտ ֆիլմի շուրջը, ոչ թե տվյալ հատվածի, այլ ընդամենը ֆիլմի շուրջը:

ՓԵԼԵՇՅԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆԱՅԵԼԻՍ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԵՍ ԳՏՆՈՒՄ

Գիտե՞ ք դա ինչի հետևանք է: ես չգիտեմ բառերով ինչպես արտահայտեմ, բայց ասեմ հետևալը. ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները: Դա է պատճառը, որ դուք յուրաքանչյուր անգամ նայելիս` նոր բան եք տեսնում: Հետևաբար ամբողջ ֆիլմը կառուցված է, ֆիլմի կեսը, պատկերները բացակա են, բայց մոնտաժի, երաժշտության և պատկերների շնորհիվ նրանք ենթագիտակցության մեջ ներկա են: Ենթադրենք, եթե ես այսօր դրանք ներկայացնեմ, բացակայությունը կվերանա, կստացվի ներկայություն: Հետևաբար խոսքն իսկական բացակայության մասին է:

ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆԴՕՐԻՆԱԿՈՒՄ ՄԱԵՍՏՐՈԻՆ

Գիտեք, կրկնօրինակելը դժվար բան է: Ոչ թե վերցրել են փելեշյանի մեթոդը, ավելի լավ բառ կա, այդ մարդիկ ոգևորվել են իմ արածից (անհամեստ եմ ասում) և փորձել են մոտավորապես այդ ոճի ֆիլմեր անել, բայց դա չի նշանակում` կրկնել են Փելեշյանին, նրանք կրկնել են իրենք իրենց, բայց օգտվել են, ասենք, այդ մեթոդից:


ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՊԵՏՔ Է ՍՑԵՆԱՐ ՈՒՆԵՆԱ

Սցենարը ձեռքիդ պետք է լինի, պետք է նախօրոք որոշես ֆիլմի գաղափարը, թե ինչի՞ ես ուզում նկարահանել, ինչի՞ մասին և դա պետք է գրես: Պարտադիր չէ, որ բոլոր դետալները համապատասխանեն, և դու կրկնես, դա քեզ է պետք` որպես ռեժիոր, որ հիշես, ինչ ես ուզում նկարահանել: Իսկ իրականությունը կօգնի քեզ, դրվագներ, դետալներ, էպիզոտներ կբերի, որը դու կվերցնես, բայց կվերցնես այն գաղափարների համար, որ դու նախօրոք մտածել ես:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ